Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին… Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը)…

- Ցավոտ կետեր Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Ամենացավալին այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է…

- Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ (ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը (հանքավայրերում) կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար)…

«Լուսանցք»-ը «Ցավոտ կետե­ր» խորագրով շարք է սկսում, որում կխոսվի մեր այն խնդիրների մասին, որոնք դանդաղեցնում են տնտեսական եւ, ըստ այդմ, երկրի զարգացումը: Սրանք խնդիրներ են, որոնք մշտապես իմ ուշադրության եւ ուսումնասիրության կենտրոնում են եղել լրագրողական գործունեությանս 15 տարիների ընթացքում: Խնդիրներ, որոնք պարզապես չեն արծարծվում, դրանց լուծումներ են առաջադրվում, եւ որոնց արդյունավետ ելքի համար անպայմանորեն միասնական ջանքեր են պահանջվում՝ պետության, մասնավորի, անհատի կողմից: Ու գուցե ոչ պատահաբար «Ցավոտ կետե­ր»-ը բացում եմ Հայաստանի սողանքներին առնչվող թեմայով (այս եւ այլ խնդիրներից շատերի մասին խոսել ու հոդվածներ եմ հրապարակել «Հայաստանի Հանրապետությու­ն» օրաթերթում, «Լուսանցք»-ում դրանք կհրապարակվեն մասնակի փոփոխություններով եւ լրացումներով): Խնդրո մի առարկա, որ անընդհատ եւ հատկապես վերջին տարիներին շատ աշխուժացած, լոկալ երկրաշարժի պես պարբերաբար խոցում է մեզ:

Բայց որի մեղավորը նաեւ մենք ենք: Սա ասում եմ, որովհետեւ սխալը գիտակցելով եւ ուղղելով կշտկենք վիճակը: Մանավանդ որ մենք այնքան հող չունենք, որ կեսն էլ սողանքի պատճառով կորցնենք:

Սողանքներ են սկսվել Տավուշի եւ Լոռու մարզերում, Հաղարծին տանող ճանապարհին, նաեւ Սյունիքում, Վայոց ձորում, նաեւ… հիշու՞մ եք 2011 եւ 2012թթ. ինչքան էինք լսում սողանքների մասին կամ դրանց ականատեսը լինում: Այո, սողանքը տարերային աղետ է, բայց որի դեմ կարելի է պայքարել: Այնպես, ինչպես ասենք Ճապոնիայում են սովորել ապրել երկրաշարժերի, սողանքների եւ արտակարգ այլ իրավիճակների հետ: Օրինակ՝ «Ֆուկուսիմա»-ի դեպքը ապշեցրել էր ինձ. մարդկանց շրջանում ոչ մի խուճապ չեղավ, հանրությունը անընդհատ պատկան մարմիների կողմից հրահանգի էր սպասում՝ այս կամ այն քայլն անելու: Տարերային աղետին դիմագրավելն ու հնարավոր  զոհերի թիվը առավելագույնս նվազեցնելը յուրաքանչյուր ճապոնացի սովորում է դպրոցից: Մեզ մոտ այդպես չէ, չնայած մեր երկրին էլ տարերային աղետներ են բնորոշ: Ու քանի որ խնդրո առարկան սողանքն է, նախ փորձենք հասկանալ, թե ինչու են մեր երկրում վերջերս հաճախակի «զարթնում» սահող հողերը, ինչ է սողանքն ընդհանրապես, ինչպես են մեր երկրում պայքարում դրա դեմ, պայքարի ինչ տարբերակներ են առաջարկում մասնագետները, արդյունավե՞տ են արդյոք այդ պայքարի միջոցները, թե՞ դրանք պարզապես վատնված ժամանակ ու ֆինանսներ են:

Անդրադարձի առիթը եղավ այն, որ ընթացիկ տարվա մայիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) փորձագետները եկել էին Հայաստան եւ մեր շահագրգիռ պատկան մարմինների հետ խորհրդակցություն անցկացրել սողանքների թեմայով:

Ընդ որում, Ճապոնիայի մասնագետների այցը ՀՀ առաջին անգամը չէր: Արդյո՞ք այս ոլորտում էլ մենք միջազգային խորհրդատվության կարիք ունենք, ի՞նչ վիճակ է մեր երկրում սողանքային առումով. հարցերը բազմապիսի են:

Հստակ է մի բան. երկրի առջեւ ծառացած է լուրջ խնդիր, բայց լուծման ուղիներն են տարատեսակ: Ու չգիտես ինչու ոչ մի կերպ չի գտնվում ընդհանուր հայտարարը:

Այս ամենը հասկանալու համար նախ հասկանանք, թե ինչ է սողանքը: Սահքը ոչ մասնագիտական լեզվով ասած, ըստ էության բնության պատիժն է մարդուն այն բանի համար, որ վերջինս մի ժամանակ իր լեզուն չի հասկացել ու վատ է վարվել իր հետ: Սողանքի առաջացման պատճառներն են ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները։ Սողանքներից տուժում են բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւ այլն: Օրինակ, ԱՄՆ-ում սողանքների հասցրած տարեկան վնասը կազմում է մոտ 1 մլրդ դոլար: Եվ այս թիվը տարեցտարի աճելու միտում ունի։

Սակայն, ըստ արտակարգ իրավիճակների հանրագիտարանային տվյալների, այս աղետը չի բավարարվում միայն նյութական վնասներ պատճառելով։ ԱՄՆ-ում ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Ճապոնիայում այդ թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50 տոկոսը, ու սա դեռ այն դեպքում, երբ ճապոնական կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են: Աշխարհում այնպիսի սողանքներ են եղել, որ տարածքներ են ոչնչացրել: 1920թ. Չինաստանի Գանսու գավառում այնպիսի սողանք եղավ, որ 240×280 կմ տարածքում գտնվող 10 քաղաք եւ բազմաթիվ գյուղեր ամբողջովին ծածկվեցին հողի հաստ շերտով։ 1949թ. Պամիրի լեռներում առաջացել է խոշոր սողանք-հոսք, որը 10 կմ տարածության վրա ոչնչացրել է բոլոր գյուղերը եւ շրջկենտրոն Խաիտ քաղաքը։ Զոհերի թիվն անցել է 10 հազարից։ 1963թ. Հյուսիսային Իտալիայում, Վայոնտ գետի կիրճում այնպիսի մի սողանք եղավ, որ համարվեց Եվրոպայում 20-րդ դարի ամենակործանիչ սողանքը՝ 360 մլն խմ ծավալով: Սողանքը սահել է Վայոնտի ջրամբարը՝ գրեթե ամբողջությամբ դուրս մղելով 114 մլն խմ ծավալով ջուրը։ 246 մ բարձրությամբ ալիքը հարձակվել է հովտում գտնվող 5 քաղաքի վրա՝ բնաջնջելով դրանք։ Միայն 1990-1992թթ. ամբողջ աշխարհում սողանքների զոհ է դարձել մոտ 600 մարդ։

Հայաստանում ամենամեծ սողանքը գրանցվել է 1840թ. հուլիսին, երբ հայտնի Արարատյան երկրաշարժից Արարատ լեռից պոկվել է մոտ 3 խոր. կմ ծավալով զանգված եւ անցնելով 28 կմ՝ իր ճանապարհին ոչնչացրել է Ս. Հակոբի վանքը, Արալիք քաղաքը, Երեւանի սարդարի ամառային նստավայրը, մի քանի գյուղ՝ իրենց բնակիչներով, նաեւ պատնեշել է Սեւջուր գետը։ Հայտնի են նաեւ այլ հսկա սողանքներ՝ սկսած 1-ին դարի Արարատյան երկրաշարժից մինչեւ Անիի (1022 եւ 1064), Գառնիի (1679) եւ Ծաղկաձորի (1827) սողանքները։

Այս աղետը մեր երկրին այսօր էլ է պատուհասել: Եթե ասենք, որ ունենք ավելի քան 3 հազար օջախ, որն ընդգրկում է 65 հազ հա տարածք, ապա պատկերն ավելի ակնհայտ կդառնա:

Սողանքներից ժամանակին խաթարվել են (եւ այսօր էլ խաթարված են մնում որոշ տարածքներ) Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղհամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003թ. մեր երկրի տարածքում գրանցվել է 18 սողանքային մարմինների ակտիվացում: Զուր չէ, որ սողանքները նաեւ լոկալ երկրաշարժեր են համարվում: Բայց ի տարբերություն երկրաշարժերի, սողանքը կանխատեսել կարելի է:

Ավելին՝ կանխել կարելի է:

Մասնագետներից շատերն են ցավով նշում, որ չկանխվեց Ողջաբերդի համարյա անկումը:

Ինչեւէ, ամենացավալին այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։ «Բանն այն է, որ (դարձյալ ըստ հիշյալ աղբյուրի,- Ա.Մ.) հաճախ առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների, ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն։ Հողի լեզուն չհասկանալով, նրա սորուն մարմնին շարունակում ենք նոր ծանրություն ավելացնել՝ դարավանդներ մխրճել ու ջրել, չթողնելով, որ ջուրը բնականոն հեռանա, բեռնել ու գերբեռնել քարաբետոնային ծանր կառույցներով՝ զրկելով հողը հավասարակշռությունից։ Մինչդեռ հողը չի սիրում իրեն չսիրողին, իր լեզուն չհասկացողին. կամ ամլանում է, կամ՝ փախչու­մ»:

Սա է սողանքի իրական նկարագրությունը: Հիմա մեր հողը փախչում է մեր ոտի տակից ու ակտիվ սողանքային գոտիներ ունենք՝ Հաղարծին, Գոշ, Գնիշիկ, Օձուն, Նուբարաշեն, Կապան, Դիլիջան… Ու պետք է ամեն ջանք գործի դնել, որպեսզի Ողջաբերդի անկման «դասական օրինակ­ը» չկրկնվի այլեւս, երբ ավերվում է ոչ թե չոր ու անմշակ, այլ՝ հարուստ մի գյուղ՝ մոտ 2 հազ բնակիչ ունեցող:

Մասնագետները բացատրում են, որ այստեղ սողանք ստեղծելու համար արվել էր ամեն ինչ՝ լանջը կտրատել էին, բետոնապատ դարավանդներով ծանրացնել, հողն իբր առավել արդյունավետ օգտագործելու նպատակով էլ կտրատել էին թեք լանջերը, տեղադրել բետոնե կամ քարե հենապատեր եւ այլն:

Մի խոսքով, հողը գերբեռնվել էր, խախտվել էր ձնահալոցքային եւ անձրեւային ջրերի բնական հոսքը լանջերով ներքեւ։ Վար հոսելու փոխարեն, ջրերը ներծծվել էին լանջերի խորքը, հողը գորխոնավացել էր՝ կորցնելով դիմադրողականությունը:

Հետեւանքը եղավ այն, ինչն արդեն արձանագրված է՝ հողերի կործանարար սահք:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

……………………………………………………………………………

Ինչու՞ ենք մենք հարուստ, բայց աղքատ

ՀՀ-ի ընդերքի օգտակար հանածոների արժեքը (հանքավայրերում) կազմում է ավելի քան 4 տրիլիոն դոլար: Այս թիվը ներկայացրեց ԳԱԱ տեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:

Այդպիսով մասնագետը վերջ տվեց այն թյուր ըմբռնմանը, թե մեր հայրենիքի ՀՀ-ի հատվածը բնական ռեսուրսների տեսակետից աղքատ երկիր է: Ի դեպ, նա հաշվարկը կատարել է թանկարժեք տարրերի եւ մետաղների միջազգային շուկայական գների հիմամբ: Մասնագետի տվյալների համաձայն՝ Քաջարանի հանքավայրի վերջին ուսումնասիրությունների արդյունքում ընդերքում հայտնաբերվել է սկանդիում, որի 1 տոննան արժե ավելի քան 5 մլն դոլար: Բացի այդ, նույն հանքավայրում հայտնաբերվել են նաեւ թանկարժեք այլ հանածոներ, ինչպես վանադիում, կապար, ցինկ, պիրիտ:

Միեւնույն ժամանակ, ՀՀ-ի հանքանյութերից ամենատարածվածը երկաթի հանքավայրն է, որոնք դեռ չեն շահագործվում: «Մենք ունենք երկաթաքարի 6 հանքավայր, դրանցից 4-ն ուսումնասիրվել են, եւ դրանց արժեքը գնահատվում է ավելի քան 2,5 տրիլիոն դոլա­ր»:

Այսքան հարստության մեջ մենք մի մեծ խնդիր ունենք:

Ճիշտ է, ընդերքը մեր երկրում համարվում է պետական սեփականություն, բայց ընդերք շահագործողն օտարերկրացի է: Ու քանի որ այս եւ այլ ոլորտներում պետական վերահսկողությունը շատ թույլ է, շահագործողը թքած ունի մեր ընդերքի վրա, նրա խնդիրը բացառապես իր հարստությունն է, եւ նա իսկապես անխնա է վերաբերում մեր ընդերքին ու բնությանը:

Փաստն այն է, որ, ըստ գիտնականի, ՀՀ-ում շահագործվող հանքավայրերից ստացվող շահույթի ընդամենը շուրջ 20%-ն է պետբյուջե, մնացածը շահագործող օտարերկրացունն է:

Մինչդեռ պիտի հակառակը լիներ:

Ի դեպ, գիտնականը պարզել է, որ ոսկու բազմամետաղային հանածոների խոշոր ծավալ կա Սոտքի հանքավայրում, որը գնահատվում է ավելի քան 74 մլրդ դոլար: Հետախուզված հանքավայրերի մեծ մասը պիտի շահագործվի: Սակայն Հայաստանում հանքավայրերի շահագործման դեպքում կորզվում է մետաղների միայն 60-70%-ը, մինչդեռ պետք է կորզվեր ավելի քան 94%-ը: Չկորզված մետաղները թափվում են պոչամբարներ, որը մեծ կորուստ է, եւ միաժամանակ վտանգավոր շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար: Մինչդեռ նորմալ կորզումը կթանկացներ մեր մետաղը՝ ավելի շատ եկամուտ բերելով երկրին:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։