Հակամարտությունը Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա… Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն…

- Մերձավորարեւելյանից Կովկասյան չի՞ դառա – Կարծում ենք, պաշտոնական Երեւանը փորձում է Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններից բացի ձեւավորել լրացուցիչ ազդեցիկ հարաբերություն Չինաստանի հետ՝ հնարավորության դեպքում դրան ապավինելու համար…

- Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն

Անկարայի եւ Բաքվի անմիջական մասնակցությունը սիրիական խնդրում մի ահազանգ է, որ Դամասկոսի պարտության դեպքում այն կարող է տեղափոխվել ինչպես Իրան, այնպես էլ Կովկասի տարածաշրջան: Ադրբեջանի մասնակցությունը «Ալ-Քաիդ­ա» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ, հավաստում է, որ Սիրիայում այդ երկրի ահաբեկիչները նախապատրաստական փուլ են անցնում: Իսկ Թուրքիան դարձել է ահաբեկիչների հավաքատեղի, որտեղ հավաքվում են ահաբեկիչներ տասնյակ երկրներից: Սիրիան դարձել է նրանց փորձարկման վայրը:

Սա, ըստ ամենայնի, հասկանում են նաեւ Արեւմուտքն ու Ռուսաստանը, եւ հայտարարել են, թե Արցախյան խնդիրը չի կարող ռազմական ճանապարհով լուծվել, կա միայն խաղաղ կարգավորման հեռանկար: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Ադրբեջանի նախագահին, ԱԳ նախարարին եւ պաշտպանության նախարարին՝ (հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ) խաղաղ գործընթացը քննարկելու համար: Նա եղել է նաեւ Հայաստանում: Դիվանագետը Բաքու էր տարել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը՝ ուղղված Իլհամ Ալիեւին, որտեղ, մասնավորապես, արտահայտվում է ԱՄՆ անվերապահ աջակցությունը խաղաղ գործընթացին, այդ թվում՝ նաեւ կողմերի միջեւ ուղղակի շփումներին:

ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը եւս քննարկվել է Արցախի հարցը, եւ ՌԴ նախագահը ուղերձ է հղել կողմերին՝ հակամարտության լուծումը փնտրել խաղաղ բանակցություններում: Այսպիսին է նաեւ եվրոպական երկրների կարծիքը:

Սիրիայի խնդրով մտահոգ Չինաստանն իր պատվիրակությունն է ուղարկել Հայաստան՝ ՉԺՀ-ի ազգային ազատագրական բանակի հրամանատարական ինստիտուտի ռեկտորի տեղակալ, գեներալ-մայոր Գո Յանդունի գլխավորությամբ: Նա այցելել է Հայաստանի ՊՆ, եւ մի շարք հարցերի հետ քննարկվել են նաեւ ռազմական կրթության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության արդի խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

Վերջերս ՀՀ վարչապետն էլ եղավ Չինաստանում եւ, կարծում ենք, պաշտոնական Երեւանը փորձում է Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններից բացի ձեւավորել լրացուցիչ ազդեցիկ հարաբերություն Չինաստանի հետ՝ հնարավորության դեպքում դրան ապավինելու համար: Իհարկե նշվեց միայն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով էր մեկնել եւ Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումին:

Այս օրերին Ստեփանակերտ էին ժամանում պատվիրակներ տարբեր երկրներից, դիցուկ՝ վերջերս ժամանել էր դանիական խորհրդարանականների եւ լրագրողների պատվիրակությունը: ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է նրանց եւ նշել, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների եւ զլմ ներկայացուցիչների հետ պայմաններ է ստեղծում եվրոպական հանրության մոտ ԼՂՀ-ի եւ այստեղ տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ ու անաչառ պատկերացում ձեւավորելու գործում:

Նախարարը ներկայացրել է հյուրերին Ադրբեջանի եւ Արցախի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ պատասխանել է հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարներին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող բազմաթիվ հարցերին:

Եկել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նոր ջանքեր գործադրելու ժամանակը. ասում են Արեւմուտքում՝ նշելով նաեւ, որ եկել է նոր ջանքեր գործադրելու ժամանակը՝ բանակցությունների ժամանակ ձեռք բերվելիք փոխզիջման շրջանակներում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այսպես գերտերությունները եւ Կովկասյան տարածաշրջանում շահեր ունեցող երկրները հասկացնում են, որ սիրիական ճգնաժամը չի կարող դառնալ հայ-ադրբեջանական եւ իրենք հակված չեն ընդառաջել ադրբեջանական ռազմագոչ նկրտումներին: Բայց ինչպես միշտ պետք է հիշել՝ խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվի՜ր պատերազմի: Իսկ դրա համար հասունացել է այն պահը, երբ հայկական երկու պետություն ունենալը մեզ համար «ճոխություն» է: Սա պետք է մեկընդմիշտ լուծում ստանա, եւ Միացյալ Հայաստանով դեպի Մեծ Հայաստան քայլեր նախաձեռնվեն տարածաշրջանում…

Արտակ Հայոցյան

…………………………………………………………………………..

Ադրբեջանը՝ ահաբեկչության կենտրո՞ն

Համացանցում տեղեկություն եղավ, որ 2012թ. փետրվարին Ռուսաստանում ձերբակալված ծագումով ադրբեջանցի Շուքուրան Մամեդովը, ով մեղադրվում էր «Ալ-Քաիդ­ա»-ին անդամակցելու եւ ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, Վոլգոգրադի մարզային դատարանի կողմից կայացված վճռով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Մեկնաբանելով ռուսական իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցի իսլամականի ձերբակալությունն ու վերջինիս նկատմամբ իրականացված դատաքննության արդյունքները՝ իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանցին եղել է Աֆղանստանում, անցել լուրջ պատրաստություն «Ալ-Քաիդ­ա»-ի ռազմական ճամբարներում, կռվել կոալիցիոն ուժերի դեմ, այսինքն՝ ունի ջիհադական պայքարի լուրջ փորձ:

Ադրբեջանա-ռուսական սահմանը վերածվել է տարանցիկ գոտու, որտեղից Ադրբեջանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ անարգել անցնում են ծայրահեղ իսլամականներ: Ռուսաստանը վաղուց գրավում է ծայրահեղականներին, որի ավանդապես մուսուլմաններով բնակեցված հարավային շրջաններում իսլամական ծայրահեղական խմբավորումներն իրականացնում են հակառուսական գործունեություն՝ օգտվելով մի շարք մուսուլմանական երկրների, ինչպես ահաբեկչական խմբավորումների ֆինանսական, ռազմական եւ գաղափարական աջակցությունից:

Շուքուրան Մամեդովը կապեր է ունեցել կովկասյան «Իմարաթ Կավկա­զ» իսլամական ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի հետ եւ իրականացրել վերջինիս հրահանգները: Այս ծայրահեղականն իսլամական ահաբեկչական գաղափարներով տոգորված այն ջիհադականն է, ով արդեն հանդես է եկել 2014թ. Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերը «դժոխքի վերածելո­ւ» սպառնալիքներով, փորձում է Ռուսաստանի հարավային շրջաններում ստեղծել շարիաթի օրենքների վրա հիմնված իսլամական պետություն: Ադրբեջանցիները փորձում են դառնալ տարածաշրջանի ահաբեկչական կենտրոնը: Այսպիսով են պատկերացնում իրենց հարցերի լուծումը, հատկապես՝ Արցախի:

Ծագումով ադրբեջանցի ծայրահեղականները բավական ակտիվ ներգրավված են տարբեր տարածաշրջաններում, եւ մերթընդմերթ հիշեցնում են իրենց մասին Ադրբեջանում, Ռուսաստանում, Սիրիայում եւ աշխարհի այլ վայրերում. սա պետք է լրջորեն մտահոգի մեր պետության պատասխանատուներին, անվտանգության ոլորտի ղեկավարներին եւ ինչու չէ՝ համայն հայությանը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։