Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով… Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…

- Հակամարտությունը՝ նաեւ կրոնական երանգով – Հայ համայնքը եւ քրիստոնյա այլ համայնքներ ահազանգել են իսլամականների վայրագությունների առիթով…

- Անգլիական քայլ՝ տարածաշրջան վերադառնալու համար…

ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպմանը խոսել է Դամասկոսի մոտ քիմիական զենքի կիրառման մասին: «Կան պրոֆեսիոնալ գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլ դել Պոնտեն: Նա տվյալներ ունի զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում մեծ հարցազրույց էր տվել նաեւ մայր Ագնեսը՝ օգոստոսի 21-ին նախորդած իրադարձությունների եւ այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի քրիստոնյա թաղամասերու­մ»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել, որ վերջապես կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին եւ որոնք խոսում են մեր գնահատականներով այդ պատահարի բեմադրված լինելու մասին:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսից թույլտվություն էր խնդրել Սիրիայում ռազմական ուժ կիրառելու, եւ ԱՄՆ սենատում բանաձեւի առաջին քվեարկությունը կայացել էր հօգուտ ուժի կիրառման: Սակայն Մոսկվայի ու Թեհրանի հակազդեցությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ի նախագահը դիմեց սենատին՝ այս անգամ հարցի վերջնական քննարկումը երկարաձգելու համար: Անգամ եվրոպական որոշ երկրներ են հետ քաշել իրենց ռազմանավերը Սիրիայի ափերից:

Թուրքիան եւս շտապում է Սիրիայի դեմ պատերազմին, պատրաստ է ծառայություններ մատուցել Արեւմուտքին՝ ակնկալելով ներխուժման դեպքում տարածքներ խլել Սիրիայից: Անկարան արդեն սկսել է նոր ռազմաբազա կառուցել Սիրիայի հետ սահմանին: Ռազմական տեխնիկան բեռնատար մեքենաներով բերվել է հարավային Հաթայ նահանգից եւ այժմ տեղակայվում է Սիրիայի Լաթաքիա քաղաքին մերձակա Քելդաղ սարի վրա: Նշվում է, որ այս ռազմաբազան կլինի հենց այն վայրում, որտեղ 2012թ. թուրքական ինքնաթիռ էր ընկել:

ԱՄՆ-ն եւ նրա մի քանի դաշնակիցներ մտադիր են ռազմական սահմանափակ գործողություններ իրականացնել Սիրիայի դեմ՝ առանց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշման: Սա նման է Իրաք կամ Հարավսլավիա ներխուժելու տարբերակներին, սակայն այս անգամ Ռուսաստանը կարծես ավելի հաստատուն է պաշտպանում իր շահերը Մերձավոր Արեւելքում: Այդպես չարեց Արեւելյան Եվրոպայում եւ Միջին Ասիայում ու տանուլ տվեց: Կովկասում էլ տանուլ տալու ճանապարհին է, եթե Հայաստանն այդպես ցանկանա…

Թուրքիայի նեխուժումը անհանգստացրել է նաեւ տարածաշրջանի հայերին, եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Բիքֆայայի վանքում ընդունել է Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Աբադիին, ում մտահոգություն է հայտնել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նշվել է, որ Հալեպի քրիստոնյա համայնքները հակադիր կողմերի միջեւ են գտնվում, քաղաքը պաշարված է, ու ժողովուրդն առօրյա կարիքները հոգալու լուրջ դժվարություններ ունի: Անհրաժեշտ է առաջնահերթ կարեւորություն տալ Հալեպին՝ բախումներից հեռու պահելով ժողովրդին:

Իրանի դեպանն էլ իր հերթին, Արամ 1-ին կաթողիկոսին ներկայացնելով սիրիական ճգնաժամը լուծելու վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը, Վեհափառ Հայրապետին խնդրել է, որ վերջինս այլ եկեղեցիների հետ իր ունեցած կապերի միջոցով շեշտի տարածաշրջանը ռազմական բախումներից հեռու պահելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայում իսլամիստ գրոհայիները գրավել են նաեւ քրսիտոնեական Մաալուլա քաղաք տանող զինվորական անցակետը: «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման ջիհադիստները եւ իսլամիստ գրոհայինները հարձակվել են Մաալուլա քաղաքի մուտքի մոտ գտնվող բանակի անցակետի վրա՝ սպանելով զինվորներին: Մար Թեկլա եկեղեցու աշխատակցուհին, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ ապսատմբները հրթիռներ եւ հակաօդային զենք են կիրառել: «Սա առաջին անգամն է, որ մեզ վրա են հարձակվում»,- ավելացրել է նա: Մաալուլան գտնվում է Դամասկոսից 55 կմ հյուսիս: Այն բնակեցված է քրիստոնյաներով, ովքեր խոսում են արամեերենով: Ի դեպ, այս լեզվով է խոսել նաեւ Հիսուս Քրիստոսը:

Հայ համայնքը եւ քրիստոնյա այլ համայնքներ ահազանգել են իսլամականների վայրագությունների առիթով եւ ակնկալում են քրիստոնյա աշխարհի աջակցությունը, որը չի բացառվում, որ կուշանա, ինչպես հաճախ է լինում… Նաեւ հայերի ցեղասպանության ժամանակ: Ի միջի այլոց, Եգիպտոսն ու արաբական այլ երկրներ Անկարային փորձում են զսպել՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանության մասին, անգամ հայտարարել են, թե հնարավոր է ճանաչեն ու դատապարտեն այն:

Արամ Ավետյան

………………………………………………………………

Անգլիական քայլ…

Մեծ Բրիտանիան պատրաստ է Սիրիայի հարցում բանակցել Իրանի հետ. հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը: Հետաքրքիր է, որ նախարարի հայտարարությունը հնչում է այն օրերին, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ընդամենը օրեր առաջ դեմ արտահայտվեց կառավարության՝ Սիրիայի վրա ռազմական հարձակում գործելու մտադրությանը եւ հետ կանչեց բրիտանական ռազմանավը սիրիական ջրերից:

Վերջերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիին հղած նամակում հույս էր հայտնել, որ Իրանի նոր իշխանությունների օրոք Թեհրանի ու Լոնդոնի հարաբերությունները կբարելավվեն:

Անգլիացիները, որ վաղուց դուրս են մնացել այս տարածաշրջանի անցուդարձերը տնօրինելուց եւ դարձել են միայն ԱՄՆ-ի կցորդը, փորձում են շտկել վիճակը եւ ապակցվել…

«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։