Մաքսային միությունը տնտեսական մահա՞կ Հայաստանի գլխին – Մենք պետք է լինենք սուբյեկտ, ոչ թե օբյեկտ… Ա՛խ այդ էներգակիրները…

Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը. այսպես էինք վերնագրել Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու Հայաստանի որոշման լուրը՝ ընդգծելով, որ ՄՄ-ն տնտեսական խնդիր չի լուծելու, եւ որ քաղաքական առումով էլ հարկ է զգույշ լինել, քանզի չենք հասկանում, թե օրինակ՝ ՄՄ անդամ Ղազախստանը Արցախյան ճակատում ինչպես է դուրս գալու Ադրբեջանի դեմ:

Եթե ՄՄ-ին անդամակցությունը քողազերծենք, ապա հնարավոր է, որ դա նույնիսկ տնտեսական մահակ լինի Հայաստանի գլխին: Համենայնդեպս, այդ են վկայում չոր թվերը:

Եվ այսպես՝ ՄՄ-ի ձեւավորման պայմանագրի կետերից մեկն ասում է, որ ՄՄ անդամ երկրները նույն դրույքաչափով պետք է մաքսազերծեն երրորդ՝ այն է՝ ՄՄ-ի մեջ չմտնող երկրներից ներմուծվող ապրանքները: Խնդիրն այն է, սակայն, որ այդ միասնական դրույքաչափերը բարձր են մեր երկրում գործող մաքսատուրքերի դրույքաչափերից: Այս պահի դրությամբ ՀՀ ներկրվող ապրանքները 0 կամ 10 տոկոս դրույքաչափով են մաքսազերծվում (մեր Մաքսային օրենսգրքի համաձայն): Մինչդեռ ՄՄ-ի դրույքաչափերը բավականին բարձր են՝ 5, 10, 15 կամ 20 տոկոս: Սա ենթադրում է, որ եթե ՀՀ-ն իսկապես մտնի ՄՄ, թանկացում է լինելու:

Այս մասով՝ ի՞նչ ապրանքներ ենք ներմուծում, դրանք ի՞նչ դրույքաչափերով են մաքսազերծվելու այստեղ եւ որո՞նք են լինելու ՄՄ դրույքաչափերը:

Կենդանի կենդանիներ ապրանքի ՀՀ-ում գործող դրույքաչափը 0% է, ՄՄ դրույքաչափը 5% է: Ներմուծվող կաթնամթերքի, ձվի, մեղրի մաքսազերծման դրույքաչափը ՀՀ-ում 10% է, իսկ ՄՄ դրույքաչափը՝ 15, 20, 25 %: Բանջարեղենի ՀՀ-ում գործող դրույքաչափը 10% է, ՄՄ–ինը՝ 15%: Դեղաբույսերի ՀՀ-ի դրույքաչափը 0% է, ՄՄ-ինը՝ 5%, բուսական նյութերինը՝ ՀՀ-ում 0%, ՄՄ-ինը՝ 15%, մսից, ձկից պատրաստի մթերքների դրույքաչափը ՀՀ-ում 10% է, ՄՄ-ինը՝ 20, 25%: Իսկ շաքարի եւ շաքարից հրուշակեղենի համար ՀՀ-ի դրույքաչափը 10% է, իսկ ՄՄ-ինը՝ 25%-ից ավելի (1 տոննայի դիմաց՝ 270 դոլար):

Եթե համապատկերում հավելենք էլ, որ մեր ներմուծման մեջ գերակշռում են բուսական ծագման արտադրանքը, պատրաստի սննդի արտադրանքը եւ այլն, ապա մեզ սպասվող վիճակն ավելի պարզ է դառնում: Ու եթե նաեւ ասենք էլ, որ ներմուծման մեջ միայն 15 տոկոսն է, որ ՄՄ անդամ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի բաժինն է, ապա պատկերն ավելի է հստակվում: Հետեւանքը՝ թանկացումն է, պահանջարկի պակասի պատճառով առեւտրի ծավալի նվազումը՝ բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Ինձ ծանոթ գործարարներից մեկը մի անգամ նույնիսկ թաքուն կատակեց, թե շուտով միայն «սովետական» ապրանքներ են շուկայում լինելու, եվրոպականն արդեն լայն զանգվածների համար անմատչելի է լինելու, դե իսկ «սովետականն» էլ՝ երեւի տակից ու թանկ:

Սա՝ տնտեսական մասով: Քաղաքական մասով «կա սահմանի խնդիր Մաքսային միության հետ, բայց նման խնդիր կա նաեւ Եվրամիության հետ, ունենք Արցախի խնդիր Մաքսայինի հետ, նույն խնդիրը կա նաեւ Եվրամիության հետ, ինչ էլ ասենք, երկուսն էլ մեզ համար բանի պետք չեն»,- այս տեսակետին է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Նրա համար անընդունելի է Հայաստանի դիրքորոշումը, որովհետեւ Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնում է գտնվում, որ շատ լուրջ դերակատարություն կարող է ունենալ. «Մեզ բոլորը շատ են կարեւորում, բայց մենք մեզ չենք կարեւորում, դրա համար մտածում ենք, թե որտեղ պետք է մտնել, իսկ դա անընդունելի է: Հայաստանի աշխարհաքաղաքական դերը քայլ առ քայլ մեծանում է, սա նշանակում է, որ մենք կարող ենք օբյեկտիվորեն դառնալ գործոն, բայց մենք հլու հնազանդ կարգավիճակը գցում ենք, դառնում ենք օբյեկտ, հետո մեղավորներ չփնտրենք։ Ցանկացած միավորման մեջ մտնելը սխալ է, մենք կարող ենք դառնալ սուբյեկտ, իսկ ընտրելով մեկին՝ դառնում ենք օբյեկ­տ»:

Հարություն Մեսրոպյանը զգուշացրեց նաեւ, որ արաբական գարունը Սիրիայով մոտենում է Հայաստանին, «անհրաժեշտ է զգոն լինել, ամբողջ պետությունը պետք է դիրքավորել»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ էլ արհեստածին է Հայաստանին դնել ընտրության առջեւ՝ ՄՄ, թե՞ ԵՄ, քանի որ Հայաստանը եւ՜ աշխարհաքաղաքական դիրքից, եւ՜ տնտեսական ու քաղաքական շահերից ելնելով, պետք է փորձի հարաբերությունները զարգացնել բոլոր երկրների հետ: Տնտեսագետն ըստ էության չի հերքում, որ ՀՀ-ի՝ ՄՄ-ին անդամակցելու որոշումը քաղաքական է, այս համագործակցությունն էլ է դրական գնահատում, բայց ուզում է, որ քաղաքական որոշումների հետ մեկտեղ կարողանանք տնտեսական ճիշտ հաշվարկներ կատարել: Ու եթե տնտեսական ճիշտ հաշվարներ չարվեն, ապա ՄՄ-ին անդամակցությունն ավելի շատ վնասներ կբերի, քան օգուտներ: Իսկ քաղաքական առումով ակնկալիքն այն է, որ Արցախի հարցում ստատուս քվոն կպահպանվի, եւ այդ աջակցությունը կլինի միանշանակ:

Եվ վերջում՝ մի առիթով ասել եմ, որ մեր տնտեսության շարժիչ ուժը հայկականացումն է: Շատերը թյուր ըմբռնմամբ դա ընկալեցին իբրեւ պետական-սոցիալիստական տնտեսակարգ՝ առանց տեղական ու օտարերկրյա մասնավոր ներդրողների: Ասածիս պարզաբանումը թողնելով հետոյին, այս պահին միայն կասեմ՝ ո՜չ, դա այդպես չէ:

Աստղինե Քարամյան

 

………………………………………………………………………….

Ա՛խ այդ էներգակիրները

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե գազի գնի խոստացված սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման հարցը շուտով կլուծվի. «Ամիսներ շարունակ ՀՀ կառավարությունը հայտարարում էր, որ գազի գնի սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարի հայթայթման համար բանակցությունները դեռ շարունակվում են, այդ հարցը շուտով կլուծվի՝ Մաքսային միության ներքո»:

Փաստորեն, այսքան երկար բանակցությունները կապված էին Մաքսային միության անդամակցության հետ: Լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան նախարարը համառոտեց. «Կապ չուներ, բայց հիմա արդեն այդ հարցը կլուծվ­ի»: Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը նա անձամբ դրական է գնահատում. «Իմ կարծիքով՝ դա Հայաստանի տնտեսության համար բավականին դրական քայլ կլինի, հատկապես էներգետիկայի ոլորտում, քանի որ հիմնական մեր էներգակիրները ներկրվում են Ռուսաստանի­ց»:

Արմեն Մովսիսյանի խոսքերն ապացուցում են, որ ՄՄ մտնելու մեր որոշումը քաղաքական է: Որովհետեւ էներգետիկայի բնագավառը աշխարհում վաղուց դադարել է տնտեսություն լինելուց: Այն բացառապես քաղաքական է, եւ հզոր էներգահամակարգ ունեցող երկրները թույլերին քաղաքական որոշումներ են պարտադրում: Սա է պատճառը, որ նույնիսկ Եվրոպան Ռուսաստանի հախից չի կարողանում գալ:

Ցավոք, բայց պիտի ընդունենք, որ ՀՀ-ն այլընտանք չի ունեցել, որովհետեւ ՀՀ-ի էներգահամակարգը ոչ թե ՀՀ-ինն է, այլ՝ ՌԴ-ինը: Բայց երբեք էլ ուշ չէ, միշտ էլ կարող ենք փոխել մեր քաղաքական այս կամ այն կուրսը՝ այն առավելապես հայաստանանպաստ դարձնելով:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։