Կդառնա՞նք պահանջատեր երկիր… Հայաստանը կարո՞ղ է լինել մրցակցային – Հայաստանը ՄՄ-ի հետ կարող է համագործակցել այնպես, ինչպես ԵՄ-ն ու Նորվեգիան…

Կդառնա՞նք պահանջատեր երկիր – Պահանջատիրությունը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց…

Սփյուռքահայության, հայ ազգայնական ու հայրենասիրական ուժերի պահանջատիրությանն ավելացել են մեր պետական ու հոգեւոր ոլորտների պատասխանատուների պահանջները: Թուրքիայի հետ տարածքային հարց բարձրացնող առաջին պաշտոնական հայտարարությունը հնչեցրեց Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը (ոչ պետության անունից, բայց որպես գլխավոր դատախազ): Սա խոսում է այն մասին, որ մեր բռնազավթված տարածքների խնդիրը պաշտոնական Երեւանը դիտարկում է իրավական հարթության մեջ: Հայտարարությունում հստակ է, որ բռնազավթած տարածքների մասին ՀՀ-ն չի մոռացել: Իսկ լուծումը կամ առաջին քայլը կարծես «Ուիլսոնյան Հայաստա­ն»-ի մեջ են տեսնում հայկական եւ թուրքական հանրությունները, քանզի հատկապես դա է արծարծվել ծագած քննարկումներում: Իսկ Անկարայի պաշտոնական արձագանքը կտրուկ ու հեգնական էր, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաները շտապեցին հայտարարել, որ ոչ ոք իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջել:

Նաեւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսներ Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը եղավ, որում պահանջ կա Թուրքիայից՝ վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին սա կարեւոր մոտեցում է, ինչը պետք է դարձնել միջազգային օրակարգի հարց:

Թուրք հասարակական ու քաղաքական որոշ գործիչներ եւս անդրադարձան խնդրին: Անգամ բերեցին Գերմանիայի օրինակը, որտեղ հասարակական կարծիքը պարտադրեց իշխանություններին հատուցել Հոլոքոսթի հետեւանքների համար:

Վահագն Նանյան

…………………………………………………………………….. 

Հայաստանը կարո՞ղ է լինել մրցակցային

Այն լուրերը, թե ԵՄ-ն չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ոչ Ասոցացման եւ ոչ էլ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը, կամ մտահոգություն էին, կամ կեղծ էին, կամ էլ չկամության դրսեւորում: Չնայած ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն հայտնել էր, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցության հետ, բայց չէր բացառել, որ Հայաստանի պարզաբանումները կարող են փոխել վիճակը:

Թե ինչ պարզաբանում եղավ, կարելի է ենթադրել, որովհետեւ Եվրոպայում հասկացան, որ ՀՀ իշխանության համար այս պայմանագիրն առավելապես քաղաքական բնույթ ունի, քան՝ տնտեսական, ինչը իրավիճակային լուծման հետեւանք է:

Եվ համաձայնեցված փաստաթղթերը ամենեւին էլ չեն բացառում Երեւանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ: «Հայաստանում պրոեվրոպական ուժերի ավելորդ էմոցիոնալությունը փոքր-ինչ արհեստական է թվում, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ու, ըստ այդմ, համաձայնեցված փաստաթղթերը ամենեւին էլ չեն բացառում Երեւանի համագործակցությունը ԵՄ անդամ երկրների հետ առանձին ուղղություններո­վ»,- պարզաբանելով ՀՀ եւ ՌԴ նախագահների մոսկովյան հանդիպման արդյունքները՝ ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշեւը:

Որ պարզաբանումից հետո Եվրոպայի վերաբերմունքը կտրուկ փոխվեց, ակնհայտ է: Շտեֆան Ֆյուլեն Ստրասբուրգում ՌԴ-ին փորձեց իր տեղը դնել՝ համարյա խորհուրդ տալով ամենուրեք ու ամեն ժամ սեւ կատուներ չփնտրել. «Փոխակերպում. ահա Ասոցացված համաձայնագրի խաղի կանոնը: Մենք շարունակում ենք պարզաբանել Ռուսաստանին, որ Արեւելյան համագործակցությունը ձեր հաշվին չի տեղի ունենում, այն ձեր դեմ չէ եւ ուղղված չէ ձեր շահերի դեմ: Մենք ամեն անգամ Ռուսաստանին պարզաբանում ենք, որ սա քաղաքական խաղ չէ, սա մեր գործընկերների ինքիշխան իրավունքն է ինքնուրույն որոշումներ կայացնելու»:

Ավելին՝ Շտեֆան Ֆյուլեն հեռուն է գնացել՝ ասելով, թե ՌԴ-ն դեռ ինքը գլոբալ աշխարհին ինտեգրվելու կարիք ունի. «Ռուսաստանը կարող է նաեւ զգալի օգուտ ունենալ հարեւան երկրների կողմից ասոցացման համաձայնագրերի կնքումից եւ դրանց ԵՄ ինտեգրացումից հետո, քանի որ դա կնպաստի հետագայում հենց Ռուսաստանի ինտեգրացմանը գլոբալ աշխարհի­ն»:

Համապատկերում նկատենք, որ Ռուսաստանի կողմից ճնշման գործադրման հարցով քննարկումների ժամանակ հանդես եկած եվրոպացի քաղաքական գործիչները Մոսկվայի գործողությունները համարել են անընդունելի եւ պնդել են, որ Ռուսաստանը պետք է կարմիր քարտ ստանա «խաղի արդար կանոնները խախտելու ու հարեւան երկրներին շանտաժի ենթարկելու համար, ովքեր փորձել են խորացնել ԵՄ հետ համագործակցությունը»: Մասնավորապես, Հայաստանում ստեղծված իրավիճակի ելք է համարվել հանրաքվեի անցկացումը, որը կլուծի Հայաստանի հետագա ինտեգրացման հարցերը:

Ի վերջո՝ ՀՀ նախագահը եւս նշել է, թե Երեւանի որոշումը եվրոպական ուղղության դեմ չէ: Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու ցանկությունը «ռացիոնալ որոշում է եւ եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չ­է»: Խոսելով այն մասին, որ Երեւանը մտադիր է միանալ ՄՄ-ին եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը՝ նախագահն ասել է. «Սա բխում է Հայաստանի ազգային շահերից, ինչպես երկխոսությունը՝ եվրոպական կառույցների հետ: Այս տարիների ընթացքում Հայաստանը, եվրոպական գործընկերների աջակցությամբ, անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Եվ այսօրվա Հայաստանը, այս իմաստով, շատ ավելի արդյունավետ ու մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ: Մենք մտադիր ենք եւ շարունակելու ենք բարեփոխումները»:

Վստահ չեմ, որ Եվրոպայի ասածը ազդել է Մոսկվայի վրա, բայց արձագանքներից ելնելով նա կարծես փոքր-ինչ հետքայլ է արել:

Ժամանակավոր իհարկե, քանզի Մոսկվան կացնային քաղաքականությունը երբեք չի փոխում:

Այնուամենայնիվ, «հետքայլից» հետո ասվում է, թե հաշվի առնելով Հայաստանի դիրքը՝ Հայաստանն ու ՄՄ-ն կարող են համագործակցել այնպես, ինչպես ԵՄ-ն ու Նորվեգիան:

Որպեսզի պարզ դառնա, բացատրեմ, որ սա նշանակում է, թե Հայաստանը կարող է մասնակցել ՄՄ մի շարք համաձայնագրերի՝ առանց մտնելու ՄՄ: Եվ այս մասին, ի դեպ, նշված է Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի (Սանկտ Պետերբուրգ) այս տարվա զեկույցում, որը  նվիրված է ՄՄ-ի ու հարեւան երկրների՝ Մոլդովայի, Տաջիկստանի ու Հայաստանի փոխհարաբերությունների կարգավորմանը:

Ու երբ շարունակում ես կարդալ զեկույցը, հասկանում ես հետքայլի պատճառը:

Բանն այն է, որ փաստաթղթում նշվել է, թե Հայաստանի արտահանող ճյուղերից մրցունակ է միայն մետաղագործությունը (պղինձ, մոլիբդեն, ոսկի): Արտահանվող մյուս ապրանքները ուժեղ մրցակցություն ունեն ՄՄ ներսում, քանի որ մյուս երկրների արտահանման կառուցվածքում նույնպես մեծ դեր ունեն:

Այսպիսով՝ ՀՀ-ն հայտնվել է ԵՄ-ի ու ՄՄ-ի արանքում:

Կկարողանա՞ հաջողել վաղուց որդեգրած փոխլրացման քաղաքական ուղեգիծը, որն այս դեպքում միակ հնարավորությունն է մրցակցային լինելու՝ դերակատար դառնալու հեռանկարով:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։