Ցավոտ կետեր.- Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու…

…Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանու­մ» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքներ­ի» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները…

 Սկիզբը՝ թիվ 28-ում

Երբ պետությունը միջոցներ չի գտնում սողանքը կանխարգելելու, հետո շատ ավելի մեծ գումարներ է ստիպված լինում հատկացնել այդ աղետի հետեւանքները վերացնելու համար: Այն էլ՝ մասամբ վերացնելու: Սա՝ ընդհանրապես, իսկ մեր պարագայում ավելի վատ է, որովհետեւ բյուջեի միջոցները սուղ են, կանխարգելել չենք կարողանում, բայց ոչ էլ հետեւանքներն ենք մեղմել կարողանում: Հայտարարում մնում է կործանվող տարածքը: Գույները չեմ խտացնում. Ողջաբերդը ցավալի օրինակ է:

ԵՊՀ «Կայուն զարգացմանը կենտրոնը» նախորդ տարի, ուսումնասիրելով Հայաստանի սողանքների հիմնախնդիրները, վտանգավոր երեւույթների՝ փլուզումների, քարաթափումների, հողաշերտերի նստվածքների եւ սելավների շարքում սողանքները համարեց առավել վտանգավոր: Ըստ տեղեկատվության նշված աղբյուրի, սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է ՀՀ տարածքի սեյսմիկ ակտիվությամբ, երկրաբանական, հիդրոերկրաբանական կառուցվածքով, լանջերի թեքությամբ, գեոմորֆոլոգիական պայմաններով: Դեռ 2005թ. կազմած «Սողանքներ Հայաստանու­մ» հաշվետվությունում նշվում է, որ ՀՀ-ում հայտնաբերվել են 2504 սողանքային տեղամասեր, իսկ 2008-2009թթ. «Ջրհան» ՊՓԲԸ-ի ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված «ՀՀ տարածքի էկզոգեն (արտածին) երկրաբանական երեւույթների (սողանքների) մշտադիտարկումների եւ ամփոփագրի (կադաստրի) կազմման աշխատանքներ­ի» հաշվետվության մեջ, ՀՀ տարածքում փաստագրվել է 387 սողանք եւ կազմվել են նշված սողանքների ամփոփագրային տվյալները:

Ըստ 2005թ. հաշվետվության, ՀՀ-ում սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 122 հազ. քառ. կմ, սողանքային երեւույթներ են գրանցվել 233 համայնքներում, 280 սողանքային երեւույթների հետեւանքով ընդհանուր առմամբ վնասվել են 240 կմ երկարությամբ ճանապարհներ, 10 սողանքների հետեւանքով վնասվել է մոտավորապես 5 կմ երկարությամբ երկաթգիծ,  ըստ սողանքային տեղամասերի ուսումնասիրությունների արդյունքներում ստացված տվյալների, սողանքային երեւույթներից ուղղակի վնասը կազմել է մոտ 43 մլն ԱՄՆ դոլար, իսկ պոտենցիալ վնասը՝ շուրջ 54 մլն դոլար: Նախկինում հանրապետության տարածքում կատարվել են հսկայական ծավալի ինժեներաերկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական, գեոմորֆոլոգիական, հորատման, գեոդեզիական եւ այլ բնույթի աշխատանքներ՝ համապատասխան սողանքային տեղամասերի վտանգավորության աստիճանի: Արխիվային նյութերի հավաքագրումը եւ ուսումնասիրումը կենտրոնին հնարավորություն է տվել ամբողջական պատկերացում կազմել նախկինում կատարված աշխատանքների մասին, պարզել սողանքային տեղամասերի ուսումնասիրվածության աստիճանը, հասկանալ՝ տրվե՞լ են արդյոք առաջարկներ հակասողանքային միջոցառումների վերաբերյալ, կիրառվե՞լ են այդ առաջարկները, թե՞ ոչ, եթե կիրառվել են, ապա տրվե՞լ են արդյունավետության գնահատականները:

«Վերլուծելով սողանքային տեղամասերի նախկինում կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ կարելի է նշել, որ այսօր չունենք որեւիցե սողանքային դաշտ, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է եղել առաջարկել եւ ներդնել որեւէ արդյունավետ հակասողանքային միջոցառում, ինչի արդյունքում տվյալ տեղամասում նկատվեր սողանքային տեղաշարժերի դանդաղում կամ կայունացում: Ներկայումս հանրապետության տարածքում գրանցված ոչ մի սողանքային դաշտում չի կիրառվում հակասողանքային որեւէ միջոցառում: Նույնիսկ Դիլիջան քաղաքի սողանքային դաշտի տարածքում մոտ 2.5 կմ երկարությամբ կառուցված ցամաքուրդային թունելը չի շահագործվում սկսած կառուցման օրից մինչ այսօ­ր»,- փաստում է ԵՊՀ կայուն զարգացման կենտրոնը: Որը սողանքային դաշտերի օրինակով ցույց է տալիս, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել, որքանով է կատարվածը արդյունավետ եղել եւ ինչ ունենք ուսումնասիրություններից հետո:

Առաջին օրինակը Դիլիջանն է: Նախկինում  ուսումնասիրվել են սողանքային լանջերի ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, կազմվել են տարբեր մասշտաբի եւ բնույթի քարտեզներ, կտրվածքներ: Ներկայում գրունտների տեղաշարժի ակտիվությունները բնորոշ են ոչ միայն բուն Դիլիջան քաղաքի տեղամասին, որտեղ դրանք ակնհայտ են, այլեւ այդ տեղաշարժերը կան նաեւ այլ սողանքային տեղամասերում, որոնք ունեն խորքային բնույթ եւ դեռ ակտիվ չեն արտահայտվում մակերեսում: Պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություններ: Ընդ որում՝ չպետք է սահմանափակվեն միայն մեկ սողանքի տեղամասով, այլ իրականացվեն Մեծ Դիլիջանի ամբողջ տարածքով: Դա բացատրվում է նրանով, որ Դիլիջան քաղաքի եւ հարակից շրջանների սողանքները ընկած են մեկ ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, գեոմորֆոլոգիական կառուցվածք ունեցող գոտում, եւ եթե սողանքային տեղաշարժերը առաջացնող գործոնները չուսումնասիրվեն, չբացահայտվեն եւ Մեծ Դիլիջան տարածքի համար չառաջարկվի  արդյունավետ հակասողանքային միջոցառումների պլան, ապա դժվար թե մեկ տեղամասի սողանքի ուսումնասիրությամբ եւ հակասողանքային միջոցառումների կիրառմամբ կանխվի սողանքային երեւույթների զարգացումը եւ տարածումը Մեծ Դիլիջան քաղաքի ու հարակից տարածքներում:

Երկրորդը Ողջաբերդն է: Այս տարածքի սողանքային դաշտի հետազոտությունները սկսվել են դեռ 1967թ.: Այն հին սողանք է, որը կայունացել էր դարերի ընթացքում, եւ մարդիկ այնտեղ բնակություն հաստատելուց ի վեր, մինչեւ 1960-ական թվականները, սողանքային երեւույթներ, ռելիեֆի ձեւախախտումներ ու տեղաշարժեր չէին արձանագրել: Սողանքային երեւույթները ինտենսիվորեն ակտիվացան, երբ շահագործման հանձնվեց Ազատի ջրամբարը՝ Ազատ գետի վրա, որտեղից գյուղատնտեսական նպատակների համար ջուր էր տրվում նաեւ Ողջաբերդի համայնքին: 2000-2002թթ. դիտարկումների արդյունքում պարզվել է, որ սողանքային դաշտում շարժումները խիստ անհավասարաչափ են ըստ իրենց մեծության եւ արագության, հորիզոնական տեղաշարժի միջին արագությունը գնահատվել է 1 մ/տարի, իսկ ուղղաձիգ տեղաշարժի միջին արագությունը 1.5-2մ/տարի: Կազմվում է 1:2000 մասշտաբի վտանգների միկրոշրջանացման քարտեզ, ըստ որի տների 45.5%-ի հարակից տարածքները ենթարկված են հորիզոնական տեղաշարժերի, իսկ տների 57%-ի հարակից տարածքները՝ ուղղաձիգ տեղաշարժերի: «Չնայած այն հանգամանքին, որ Ողջաբերդի սողանքային տարածքում, 1970-ականներից մինչեւ 2005թ.-ն, կատարվել են բազմաբնույթ համալիր ուսումնասիրություններ, պետք է նշել, որ նրանք չեն տվել անհրաժեշտ տվյալներ, որոնք հիմք կդառնային հակասողանքային միջոցառումներ մշակելու: Ելնելով ստեղծված իրավիճակից, որպես հարցի լուծում է առաջարկվել համայնքի տեղափոխումը»: Կենտրոնը, ելնելով Ողջաբերդ գյուղի սողանքային տեղամասում կատարված աշխատանքների վերլուծությունից, հանգել է հետեւյալ եզրակացության: 1. Ցայսօր պարզված չէ ամբողջ սողանքային լանջի երկրաբանական կառուցվածքը՝ չնայած լանջի տարբեր հատվածների համար առանձին պրոֆիլներով կազմվել են երկրաբանական կտրվածքներ, 2. պարզված չէ սողքի հարթության (կամ հարթությունների) առկայությունը եւ թե կան արդյոք դրանց խորության եւ տեղադրման դիրքի պարամետրերը տարածության մեջ, 3. պարզված չէ ստորերկրյա ջրերի տեղադրման խորությունը եւ դրանց ներթափանցման առավելագույն խորությունը, ջրամերժ շերտի առկայությունը եւ նրա տեղադրման խորությունը տարածության մեջ, 4. ուսումնասիրությունների արդյունքում չեն պարզաբանվել սողանքային գրունտներում ստորերկրյա ջրերի հոսքերի ուղղությունները եւ դրանց սնման աղբյուրները, 5. չի պարզաբանված սահքի առկայության հարցը եւ դրա հետեւանքով հորիզոնական տեղաշարժերի առկայության խնդիրը: 6. Ամբողջապես պարզաբանված չէ, թե տվյալ տեղամասում գոյություն ունի արդյոք սողք հորիզոնական տեղաշարժերով, զարգացած են արդյոք հողաշերտերի նստեցումները, առանց խորքային հորիզոնական տեղաշարժերի: Այս հարցերի պատասխանների բացակայությունն է, որ, ըստ կենտրոնի, հիմք է դարձել, որպեսզի չտրվի հակասողանքային միջոցառումների պլան: Արդյունքում, օրինակ Երեւան-Գառնի ավտոճանապարհով երթեւեկությունն ապահովելու, ոչ թե անվտանգ դարձնելու համար, տարեկան ծախսվում են տասնյակ միլիոնավոր դրամներ: Այլ կորուստների մասին էլ չասած:

Երրորդ օրինակը Ուղեձորի տեղամասն է: Ուղեձորի սողանքային դաշտը, ի տարբերություն Դիլիջանի եւ Ողջաբերդի սողանքային դաշտերի, քիչ է ուսումնասիրված, եւ այստեղ սողանքային երեւույթների զարգացումներն ավելի շատ ունեն խորքային բնույթ, ինտենսիվ չեն արտահայտված մակերեսում: Ուղեձորի սողանքային դաշտի հետազոտման եւ հակասողանքային միջոցառումների կիրառման առաջնահերթությունը պայմանավորվում է նրանով, որ նշված տարածքով է անցնում Երեւան-Սիսիան-Գորիս-Մեղրի-Թեհրան պետական նշանակության միակ ճանապարհը: Բացի դա, ինչպես նշեցինք, սողանքային երեւույթներն այս տարածքում դեռեւս իրենց զարգացման նախնական փուլում են ու այդ տեսակետից հակասողանքային միջոցառումները ավելի քիչ ծախսատար եւ արդյունավետ կլինեն: Կենտրոնի կարծիքով, այս տարածքում արված հակասողանքային միջոցառումը (սողանքային զանգվածի ոչ մեծ հզորության վերեւի շերտից ջրի հեռացումը բետոնե տաշտակով) ժամանակավոր է եւ կարող է միայն մասնակիորեն սահմանափակել ջրի ներթափանցումը սողանքային մարմնի մեջ ու նվազեցնել մակերեւութային շերտերի տեղաշարժը ճանապարհի վրա: Սակայն ճանապարհը ձեւախախտվում է ոչ միայն այդ մակերեւութային զանգվածից, այլեւ սողանքային մարմնի ամբողջ զանգվածի տեղաշարժից: Այ հենց սրա ճշգրիտ պարամետրերը որոշելու եւ հակասողանքային միջոցառումներ մշակելու համար անհրաժեշտ է Ուղեձորի սողանքային տեղամասում կատարել համալիր եւ մանրամասն ուսումնասիրություններ:

Հիմա՝ տեսակետ կա, թե սողանքի դեմն առնել չենք կարող եւ իրականում կանխարգելելն էլ գումարի վատնում է: Իսկ եթե ճիշտ չէ այդ տեսակետը, ուրեմն՝ ո՞րն է լուծումը:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան (լուսանկարը՝ հեղինակի պահոցից)

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։