Նախարարությունում շվարած են – …Մաքսային միությունը եւ Հայաստանի սուվերեն իրավունքները… Իսկ եվրո-փոխնախարարը գոհ է…

«…Սակայն սուվերենության փոխանցումը տեղի է ունենում միայն մաքսային քաղաքականության մասով: Ինչ մնում է մյուս հարցերին՝ երկիրը պահպանում է իր սուվերեն իրավունքներ­ը…»

Մինչ, ինչպես ասել ենք, էկոնոմիկայի նախարարությունում շվարել են, թե ինչպես պետք է ցայժմ սարքած եվրոփաստաթղթերը շուռ տան Մաքսային միությանը պիտանի փաստաթղթերի, փոխանախարար Կարինե Մինասյանը, ով չնայած ռուսական մտածելակերպին, առավելապես եվրոկողմնորոշում ունի, կարծես գոհ է. համենայնդեպս, երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անթաքույց հրճվանքով ասում էր, թե ՄՄ-ին Հայաստանը միանալու է, եւ որոշումն անկասելի է:

Ինչեւէ, երեկ գործադիրը հավանություն տվեց մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Կարինե Մինասյանը պարզաբանեց, թե նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ՀՀ-ի համապատասխան իրավական դաշտի եւ ՀՀ կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկների նախապատրաստում:

Մաքսային միությանը միանալու աշխատանքները կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ կստեղծվի 7 աշխատանքային խումբ, որոնք գործելու են մի շարք բագավառներում ու նախապատրաստելու են բանակցային գործընթացը:

1-ին աշխատանքային խումբը իրավականն է, որը պետք է քննարկի ընդհանուր պայմանագրի դրույթները՝ հասկանալու համար, թե իրավական ինչ ճանապարհով Հայաստանը կարող է անդամակցել ՄՄ-ին:

2-րդ խումբը քննարկելու է սակագնային կարգավորման հետ կապված հարցեր:

3-րդ խումբը կարգավորելու է ոչ տարիֆային կարգավորման հետ կապված հարցերը, այն է՝ վերհանելու է տեխնիկական այն խոչընդոտները, որոնք կան այսօր եւ որոնք պետք է վերացվեն:

4-րդ խումբը պետք է զբաղվի տեխնիկական կարգավորման հետ կապված հարցերով:

5-րդ խումբը հարկային ու մաքսային հարցերով (ՄՄ-ում մաքսային կոդեքս կա, որին Հայաստանը պետք է միանա) է զբաղվելու:

6-րդ խումբը զբաղվելու է մաքսային գործունեության հետ կապված ենթակառուցվածքների խնդիրներն ուսումնասիրելով:

7-րդ խումբը մրցակցության եւ համագործակցության հետ կապված հարցերն է քննարկելու:

Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն չանդամակցի ՄՄ-ին, ինչպես դա արեց Ասոցացման համաձայնագրի պարագայում 4 տարվա բանակցություններից հետո, կամ՝ հնարավո՞ր է, որ չանդամակցի այն պատճառով, որ ՄՄ-ն դադարեցնի իր գոյությունը. հարցին ի պատասխան Կարինե Մինասյանը համառոտեց. «ՀՀ-ն կանդամակցի, որոշումը կայացված է»:

Ի դեպ, նա հատուկ շեշտեց, որ  աշխատանքային խմբերը միջգերատեսչական են, ուստի լրացուցիչ ծախսեր չեն պահանջվում՝ բացառությամբ իհարկե թարգմանչական աշխատանքների:

Իսկ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին լրագրողները հանգիստ չեն տալիս սուվերենության խնդրի հետ կապված. ի վերջո՝ ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելով զրկվու՞մ է սուվերենությունից, թե՞ ոչ: Նաեւ՝ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը (սուվերենության այնուամենայնիվ, մասնակի կորստի հետ կապված)՝ փոխարտգործնախարարը տեսնու՞մ է հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը: «Դա որոշում է պետության ղեկավարը, Ազգային Ժողովի համապատասխան մեծամասնությունը: Ես անձամբ չեմ որոշում, կա սահմանադրություն, կա կար­գ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Իսկ ինչ վերաբերում է սուվերենության կորստին, ապա, «Մաքսային միությանն անդամակցող ցանկացած պետություն իր սուվերենության մի մասը փոխանցում է այդ միության վերազգային մարմնին: Եվ դա հավասարապես վերաբերում է Հայաստանին, Ռուսաստանին, Ղազախստանին, Բելառուսին, կամ թեկուզ Եվրամիության անդամ պետություններին: Սակայն սուվերենության փոխանցումը տեղի է ունենում միայն մաքսային քաղաքականության մասով: Մնացած հարցերում երկիրը պահպանում է իր սուվերեն իրավունքներ­ը»,- ընդգծեց արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը: Լրագրողներս նրան կանհանգստացնենք նաեւ  կառավարության հաջորդ նիստից հետո՝ համոզի՜չ պատասխան ստանալու ակնկալիքով…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։