2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք (Հայաստանի բյուջեի մասին)… Կախվելու տեղ շուտով չի ունենա (Ադրբեջանի բյուջեի մասին)… Լավություն չի անում, աղբն է հետ ուզում (Հայկական ԱԷԿ-ը եւ ռուսական քաղաքականությունը)… Բեգլարյանը ինչի՞ն է կողմ (խոսելու է Մաքսային միության մասին)…

2014թ. բյուջեի նախնական տարբերակն ունենք

Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակը կա: Գործադիր մարմինների ղեկավարները պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն առաջարկներ այդ տարբերակի վերաբերյալ:

Ըստ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, պետբյուջեի նախնական տարբերակով, ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ  955 մլն 463 հազար, եկամտային մասը՝ 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:

Այդ թվում՝ հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կկազմեն 1 տրլն 103 մլրդ 269 մլն 794 հազ դրամ:

Տնտեսության ֆինանսավորումը կկազմի 27,543,993.3 հազ դրամ: Այդ թվում՝ գյուղատնտեսության բաժինը 5,188,156.8 հազ դրամ է, ջրային տնտեսության պետական կոմիտեի բաժինը՝ 332,108.3 հազ դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությանը բաժին կհասնի 7,612,893.9 հազ, Էկոնոմիկայի նախարարությանը՝ 1,406,914.0 հազ, բնապահպանությանը՝ 1,216,637.4 հազ, էներգետիկայինը՝ 55,499.3 հազ, արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 932,743.2 հազ դրամ:

Սոցիալական պաշտպանության ոլորտին կտրվի 346,923,233.0 հազ դրամ: Ուժային կառույցներին կհատկացվի 229,219,304.6 հազ դրամ, որից՝ պաշտպանության նախարարությանը՝ 160,976,355.7 հազ դրամ:

Կախվելու տեղ շուտով չի ունենա

2011թ. ի վեր Ադրբեջանում կրճատվում է նավթարդյունաբերության ծավալը: Եթե 2010թ. արտադրվել է 50,8 մլն տ նավթ, ապա 2011թ. նավթարդյունաբերության ծավալը նվազել է 10.8%-ով՝ մինչեւ 45,4 մլն տ: 2012թ. այդ ծավալը նվազել է արդեն 5,3%-ով՝ մինչեւ 43 մլն տ: 2013թ. 6 ամսում Ադրբեջանի նավթարդյունաբերությունը կրճատվել է 1,6%-ով:

Նավթարդյունաբերության ծավալի կրճատման պայմաններում ավելանում է Ադրբեջանի տնտեսության եւ բյուջեի կախվածությունը նավթային սեկտորից: Պետական նավթային ֆոնդի տրանսֆերտի բաժինը բյուջեի եկամուտներում 2007թ.-ից աճում է, մինչդեռ նշված ֆոնդի տրանսֆերտը բյուջեի եկամուտներից կազմում էր 9%, իսկ 2013թ. պլանավորված տրանսֆերտն արդեն կկազմի բյուջեի եկամտի 59,3%-ը: Ընդհանուր առմամբ, 2013թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտը տնտեսության նավթային սեկտորից կկազմի ընդհանուր եկամտի արդեն 79%-ը:

Լավություն չի անում, աղբն է հետ ուզում

Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործունեության ժամկետը կերկարաձգվի 10 տարով՝ մինչեւ 2026թ.:

Այս մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2016թ. սեպտեմբերը: Եվ հաշվի առնելով այն, որ միջուկային էներգետիկան մեր երկրում այլընտրանք չունի եւ որ մեր ԱԷԿ-ը նաեւ միջազգային փորձագետների գնահատմամբ տեխնիկական եւ անվտանգության պահանջներին համապատասխան է աշխատում, կառավարությունը ցանկանում է այդ ժամկետը երկարաձգել 10 տարով: Մանավանդ, որ աշխարհում այդ կարգի փորձեր եղել են:

Ի դեպ, գործադիրը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին միջուկային նյութերի արտահանման լիցենզիա է տվել: Սրա կարեւորությունը հետեւյալում է. այժմ մեր ատոմակայանում են 7 միջուկային վառելիքի հավաքվածքներ։ Դրանք Հայաստան են բերվել դեռեւս 1977-1987թթ.: Ու քանի որ այդ հավաքվածքներն ունեցել են տեխնիկական դեֆեկտներ, չեն օգտագործվել: 7 հավաքվածքներից 3-ը 1979թ. են բերվել, 4 հատը՝ 1987թ.:

«Դրանք բավական մեծ խնդիր են ներկայացնում պահպանման տեսանկյունից: Տարիների ընթացքում փորձել ենք վերադարձնել գործարան, սակայն չեն համաձայնել, հիմա համաձայնել են, որ հետ տանք արտադրող գործարանին որոշակի գնով: Այսօր որպես հումք 0.7% հարստացված ուրանը վաճառվում է 40-50 ԱՄՆ դոլարով, մենք

պայմանավորվել ենք, որ 5000 դոլարով վաճառենք 1կգ-­ն»,- հայտնեց նախարարը՝ միաժամանակ հավելելով, թե «Հայկական ԱԷ­Կ»-ը պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ:

Փաստորեն, ԽՍՀՄ տարիներին, այդ տարիների հոգեբանությանը հարազատ, Մոսկվան իր աղբը (եթե պիտանի չէ գործածման, ապա աղբ է) «սաղացրել» է մեզ վրա, եւ հետո՝ հետխորհրդային տարիներին էլ չի ցանկացել շտկել վիճակը:

Այնուհետ մինչ այս (հասկանալ՝ մինչ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին հայտարարելը) Ռուսաստանը մեզ տված իր անորակ ապրանքը չի ցանկացել հետ վերցնել, մինչդեռ պարտավոր էր, ավելին՝ պահպանումն էլ թողել է մեզ վրա՝ քաջ գիտակցելով, որ դա խնդիր է մեզ համար: Իսկ հիմա ոչ միայն հետ է վերցնում, այլ՝ դրա դիմաց վճարում էլ է: Վստահաբար սա իբր հապճեպ քայլ է՝ համոզելու, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո շատ բան կփոխվի մեզ համար: Մինչդեռ լավություն չէ, որ անում է:

Պարզապես ինչպես միշտ՝ ռուսական քաղաքականություն է՝ վատ սքողված, գավառական լինելուց էլ՝ ծիծաղաշարժ:

Աստղինե Քարամյան

Բեգլարյանը ինչի՞ն է կողմ

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը համոզված է, որ Մաքսային միությանն անդամակցելը ՀՀ-ին առավելություններ կտա. «Լինելով տնտեսագետ, ես բավականին շատ, ստորագրման օրվանից աշխատել եմ այդ ուղղությամբ, միանալը շատ դրական տնտեսական առավելություն կարող է տալ: Բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն ­է»:

Ու քանի որ լրագրողներիս նրա սուբյեկտիվ կարծիքը չէր հետաքրքրում, շա՛տ «աղաչեցինք», որ իր տեսակետն իբրեւ նախարար արտահայտի: Անդրդվելի մնաց՝ սուբյեկտիվն է ուզում ասել: Լա՜վ, թող ասի. մի կերպ համաձայնեցին լրագրողները: «Հետագայում մանրամասն կներկայացնեմ»,- ասաց ու գոհ-գոհ գնաց:

Զարմանալի է, Բեգլարյանը ինչի՞ն է կողմ, երբ անգամ մեր էկոնոմիկայի նախարարության որոշ պատասխանատուներ շվարած են մնացել ու չգիտեն, թե այսքան տարիների իրենց պատրաստած եվրաինտեգրման փաստաթղթերը հիմա էլ ոնց են «շուռ տալո­ւ» Մաքսային միությանն անդամակցելու մասով սարքեն:

Ու շվարել են ոչ թե այն պատճառով, որ չգիտեն՝ ինչպես սարքել, այլ այն հիմնավորմամբ, որ Մաքսային միությունն էլ դեռ կարգին չգիտի, թե իր անդամ երկրներից տնտեսական առումով ինչ է ուզելու: Որովհետեւ ՄՄ-ն բացառապես քաղաքական նպատակ է հետապնդում: Կամ էլ՝ մինչեւ մենք կողմնորոշվենք, հնարավոր է ՄՄ-ն դադարի գոյություն ունենալ, քանզի արդեն լուծած կլինի իր հիմնական խնդիրը՝ կազմաքանդել եվրոպական Արեւելյան գործընկերության շրջանակը:

Հիմա՝ մասնագետները չգիտեն, գործարարները չեն կողմնորոշվում, բայց Բեգլարյանը գիտի՝ թեեւ հետո է խոսելու…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։