Ներիշխանական հեղաշրջման տեսլականը (նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական Հայաստան)… Փողոցը կբերե՞ն քաղաքակիրթ դաշտ… Փաստաբանները նոր նախագահ ունեն… Եվ ակտիվիստներն են սադրում եւ ոստիկանները…

Ներիշխանական հեղաշրջման տեսլականը

Մինչ ընդդիմադիր ուժերը փորձելու են վերադասավորվել, այն խոսակցությունները՝ թե Հայաստանում նախապատրաստվում է ներիշխանական հեղաշրջում, նորից սկսել են տարածվել: Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, թե հասարակական վերջին շարժումները մեր երկրում աննախադեպ իրավիճակ են ստեղծել, ինչն այլեւս անկասելի է:

Իհարկե ողջունելի է, երբ հասարակական շերտերը, սոցիալական տարբեր խմբեր աշխուժանում ու պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն հենց այդ պայքարողներն էլ նշում են, որ իրենց խնդիրը հնչող սոցիալ-տնտեսական հարցերին լուծում տալն է, եւ քաղաքական չէ: Իսկ իշխանափոխության ակնարկն ամեն մի ցույցից, այլ ուժերի ցանկությունն է պարզապես, եւ այդ ցույցերը իշխանությունների դեմ ուղղորդելը հաճախ վնաս է հասցնում հենց այդ սոցիալական խմբի պայքարին:

Մի կողմից ոստիկանությունը համակարգի հիմքերի ամրության նկատառումներով բերման է ենթարկում ակտիվ քաղաքացիների, ովքեր երբեմն նաեւ իրավական խախտումներ են կատարում՝ ելնելով իրավիճակից, մյուս կողմից զգացվում է, որ իշխանություններին դուր չի գալիս ստեղծված վիճակը, երբ քաղաքացիների պայքարը վերածում են ինչ-որ քաղաքական ուժի հակաիշխանական պայքարի: Այսպես տուժում են քաղաքացիական շարժումները, որոնց հաճախ իրավական ուժ է ցուցադրվում քաղաքական ազդեցության տակ ընկնելու համար: Բայց ակնհայտ է նաեւ, որ նույն իշխանության տարբեր օղակների կողմից գործում է մի անտեսանելլի հրահանգ՝ չթուլացնել հակաիշխանական կրքերը: Արդյո՞ք կան իշխանական հատվածներ, որ կարծում են, թե Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը լրանալուց հետո իրենք պետք է նստեն նախագահական աթոռին: Թերեւս իշխանության տարբեր թեւերի միջեւ միշտ էլ պայքար կա, բայց այժմ գրեթե հրապարակային բնույթ է ստացել:

Այս համապատկերին էլ, ինչպես աշնանային ամպրոպ, հնչեց սահմանադրական փոփոխություններ կատարելու հարցը: Եվ արդեն խոսում են նախագահական վարչակարգից խորհրդարանականի անցնելու մասին:

Սա թույլ կտա գործող նախագահին արդեն որպես վարչապետ մնալ երկրի ղեկավարի պաշտոնում:

Բնականաբար, իշխանության գահին ձգտող մյուս ուժերը խանդով են վերաբերվում սրան, եւ իշխանության ներսում ընթացող նոր գործընթացները դեռ կաշխուժանան: Քաղաքացիական անհնազանդության դրսեւորումներն էլ լավ առիթ են այդ մարդկանց համար՝ կառավարության ղեկավարի հետագա քաղաքական խնդիրներ լուծելու առումով:

Ահա այս ներիշխանական թավշյա հեղաշրջման մասին էլ խոսում են այսօր, բայց այս ամենը դեռ խոսակցական մակարդակներում է:

Անի Մարության

Փողոցը կբերե՞ն քաղաքակիրթ դաշտ

Հաճախ է նշվում, թե մեզանում արմատավորվում է զոռբայությամբ հասարակական հնչեղության ունեցող հարցերը լուծելու մշակույթը (եւ երբեմն էլ դա ուղղորդվում է համացանցում): Սակայն այս ամենը ստիպեց, որ իշխանություններն այսուհետ արձագանքեն այն մտահոգություններին, որոնք հնչում են հասարակության մեջ՝ հանգեցնելով երկխոսության:

Բայց երբ սոցիալական տարբեր խմբերի պայքարը միայն փողոցային ակցիաների միջոցով է ընթանում, առանց երկխոսելու ցանկության, ապա դա հանգեցնում է իրավապահ մարմինների հետ ընդհարման, ինչն էլ իշխանության երկխոսելու հնարավորությունը գրեթե բացառում է:

Երկխոսելու մեկ այլ հնարավորություն էլ բացառվում է, երբ քաղաքացիների կամ կազմակերպությունների նամակները, հայտարարությունները, բողոքները պարզապես անտեսվում են իշխանության կողմից: Նման գործելաոճը եւս հանգեցնում է ներհասարակական բախումների, ինչի ականատեսն ենք լինում ամեն օր:

Ինչ մնում է փողոցներում ցույցեր նախաձեռնած ակտիվիստների երբեմն ագրեսիվ պահվածքին, ապա այն հակառակ կողմին տրամադրում է համարժեք վերաբերմունքի եւ պատասխանի, ինչը հաճախ անվանում են ոչ համաչափ, բայց այստեղ նույնպես տարանջատելու պահեր կան:

Եթե հակամարտ կողմերը քաղաքացիներն ու գործարարներն են, ապա այստեղ էլ մեկ ուրիշ՝ ագրեսիվ, թե ոչ ագրեսիվ մեթոդներով պայքար է ծավալվում, ինչը շատ դժվար է հասնում երկխոսության: Անգամ չի էլ հասնում, եթե միայն պետության միջամտությունն առաջ չի գալիս: Այստեղ կոնֆլիկտի կողմերը քաղաքացիներ են՝ սպառողներ ու սպասարկողներ, ինչն ավելի է սրում հակամարտությունը, դա երբեմն վերածելով փողոցային ծեծկռտուքի: Իշխանությունները երեւույթներին հիմնականում արձագանքում են, երբ դրանց մասին ահազանգում են երիտասարդական խմբերը, ինչը նույնպես մտահոգիչ է: Թվում է՝ սա արվում է, որ ակտիվ երիտասարդության բողոքը փողոցից երկխոսելու քաղաքակիրթ դաշտ բերեն, բայց եթե նույնը չարվի ազատամարտիկների, թոշակառուների, ուժային կամ դատաիրավական մարմիններից բողոքողների կամ այլ սոցիալական խմբերի համար, փողոցային պայքարը չի դադարի եւ երկխոսելու հնարավորությունները կնվազեն իսպառ:

Հանուն պետության կայացման՝ ներքաղաքական կյանքում պիտի երկխոսեն եւ՛ քաղաքական ուժերը, եւ՛ իշխանությունն ու ընդդիմությունը, եւ՛ հանրային ամենատարբեր շերտերը:

Արտակ Հայոցյան

Փաստաբանները նոր նախագահ ունեն

Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի, այդ ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ. նրա օգտին են քվեարկել 713 ընտրող: Ձայների քանակով 2-րդ տեղում է Տիգրան Աթանեսյանը՝ 94 ձայն, իսկ Կրոմվել Գրիգորյանը, 87 ընտրողի ձայնով, 3-րդն էր: Անվավեր է ճանաչվել 19 քվեաթերթիկ: Ընտրությունների այս արդյունքները վերջնական են, որոնց մասին Հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրությամբ կազմվեց արձանագրություն:

Նորընտիր նախագահը իր պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 4-ից: Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էին «Հետաքննող լրագրողնե­ր» հ/կ-ն, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հ/կ-ն եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության CEELI Inc.-ի Հայաստանյան ներկայացուցչությունը:

«Ես չեմ հեռանում, ես մնալու եմ, ես չեմ կարող չօգնե­լ»,- ասել է Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ում լիազորությունները նախագահի պաշտոնում հոկտեմբերի 3-ին կդադարեցվեն: Նա համոզված է, որ պաշտոնից հեռանալով թողել է բավականին լավ ժառանգություն եւ մեծ փոփոխություններ են կատարվել Պալատում: Նշել է Փաստաբանների մասին օրենքի փոփոխությունը, Հանրային պաշտպանի գրասենյակի ձեւավորումը, որը տարիների ընթացքում թափ առավ, կայացավ: Կա փաստաբանական դպրոց, արդեն 2-րդ տարին է՝ գործում է: Իսկ մինչեւ տարեվերջ Փաստաբանների պալատի նոր շենք կունենան քաղաքի կենտրոնում:

Հուսանք, որ Փաստաբանների պալատը նոր նախագահի գլխավորությամբ ավելի մեծ ձեռքբերումներ կունենա եւ ավելի ազդեցիկ կդարձնի սովորակա՜ն քաղաքացիների պաշտպանության առաքելությունը:

Գոհար Վանեսյան

* * *

Վերջերս շատ են բողոքները, որ տարբեր քաղաքացիական շարժումների զարգացմանը զուգընթաց տեղի են ունենում խմբակային հարձակումներ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների անդամների, ակտիվիստների եւ հասարակական գործիչների նկատմամբ: Նշվում է, որ մասնավորապես իրավապաշտպաններն են ենթարկվում բռնությունների, եւ գնալով իրավիճակն ավելի է վատանում այս առումով:

Իհարկե, լինում են դեպքեր, երբ ակտիվիստներից են նաեւ սադրում ոստիկաններին, բայց իրավապահների՛ գործը չսադրվե՛լն է ու ամեն գործողություն օրենքի շրջանակներում կիրառելը: Այստեղ անելիքներ ունեն նաեւ փաստաբանները:

* * *

Իշխանությունները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հասարակության տարբեր շերտերի բողոքի ալիքը շարժվի դեպի երկխոսություն: Դրա համար ուժային կառույցները, իրավապահ մարմինները պիտի առավելագույնս ջանան, որպեսզի վերականգնվի հավատն ու վստահությունը իրենց նկատմամբ: Միայն այս դեպքում անգամ արագ ու կտրուկ կայացրած որոշումները կընկալվեն իբրեւ անհրաժեշտ միջոց եւ՝ ոչ թե անհամաչափ գործողություն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը դեռ գտնվում է պատերազմական վիճակում, հրադադար է միայն, արտաքին վտանգներն ամենուր եւ ամեն պահի առկա են, պետք է ամեն ինչ անել՝ ներքին կյանքը, երկրի ներքաղաքական իրավիճակը կայուն ու հավասարակշռված պահպանելու համար:

Բողոքներ եւ ցույցեր կարող են լինել, քանի դեռ մարդկանց սոցիալական վիճակը բարվոք չէ, բայց դրանք հակապետական ու հակազգային բնույթ պիտի չստանան… Արտաքին վտանգն ակնհայտ է:

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։