Ի՞նչ պետություն կունենանք ապագայում (սահմանադրական փոփոխությունների շեմին)… Աշնան անձրեւը կազդարարի՞ ներքաղաքական նիրհի ավարտը (հետզհետե քաղաքական կյանքը կմտնի աշնանային բուռն զարգացումների մեջ)…

…ՀԱՄ համակիր շրջանակների հավաքին մասնակցել են ինչպես հայ արիները, այնպես էլ հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր ու անհատներ: Մասնակցել են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ներկայացուցիչներ, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ելույթ է ունեցել «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործու­մ» ծրագրահենքով…

Ի՞նչ պետություն կունենանք ապագայում

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ»,- հայտնել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Երբ հայտնի դարձավ, որ իշխանական օղակներում, ՀՀԿ ղեկավար կազմում քննարկումներ են սկսվել երկրի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու շուրջ, զլմ-ներում հրապարակումներ հայտնվեցին, ըստ որոնց՝ սահմանադրական այս բարեփոխումների իրական նպատակն է լինելու Հայաստանը վերածել խորհրդարանական հանրապետության: Այսինքն՝ Հայաստանը հետեւելու է հարեւան Վրաստանի տարբերակին:

«Հանձնաժողովը՝ քննարկումներում համենայն դեպս, որեւէ կաղապար չունի: Սա առաջին փուլն է, սա մասնագիտական հանձնաժողով է: Այն անցնելու է բավականին լայն հանրային քննարկումների փուլ, որովհետեւ ամենալավ բանը, եթե անում ես, բայց հասարակությանը չես ասել, որ սա լավ բան է… պետք է հիմնավորել այդ ամբողջը, նոր դրանից հետո պետք է ընդունե­լ»,- ասել է նախարարը, սակայն, մանրամասներ չի հայտնել, թե ի՞նչ գաղափարներ են քննարկվելու, ինքն անձամբ ի՞նչ մոտեցումներ ունի: Բայց վստահեցրել է՝ կա կարողություն, կա ներուժ հանձնաժողովում՝ այս բոլոր խնդիրները քննարկելու եւ դրանից հետո ՀՀ նախագահին ներկայացնելու նախագիծ, որը, հանձնաժողովի կարծիքով, կլուծի այն խնդիրները, որոնք պայմանավորված են մեր Սահմանադրությունում առկա անհստակություններով:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մինչեւ խնդրի բացահայտումը նշել էր, թե սահմանադրական հանրաքվեի մասին լուրերը միայն խոսակցություններ են. «Ես ոչ մի փոփոխությունների վրա չեմ աշխատում, դեռեւս ոչ մի հանձնաժողով գոյություն չունի, միայն խոսակցություններ են եւ լրատվության տարբեր միջոցների այսպես կոչված՝ հավաստի աղբյուրների տեղեկություններ են»:

Այդ ժամանակ դեռ պաշտոնապես ոչ մի հանձնաժողով չէր ստեղծվել ու որեւէ մեկը նման փոփոխությունների վրա աշխատելու ցանկություն չէր հայտնել: Եվ ՍԴ նախագահը հավելել էր, թե «կառավարման ձեւը պարզապես դետալներից մեկն է, ինչը կարող է քննարկվել կամ չքննարկվել, իսկ սահմանադրական փոփոխությունների հարցը 90-ական թվականներից մինչեւ հիմա քննարկվում է, որոշ քաղաքական ուժեր արդեն 20 տարի է խոսում են խորհրդարանական պետության մասին, խորհրդարանական կառավարման ձեւի մասին, դրա վերաբերյալ ժամանակին ներկայացվեցին նախագծեր, եւ այս ամենը նորություն չէ»:

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր՝ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին. «Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ ստեղծել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»: Հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը, գործունեության կարգը եւ այլն: Հանձնաժողովը մինչեւ 2014թ. ապրիլի 20-ը ՀՀ նախագահին կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Ընդդիմությանը մտահոգում է այն, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերը դռնփակ են, ուստի ոչ մի երաշխիք չկա, որ երբ ավարտեն հանձնաժողովի աշխատանքները, երկրում իրական բարեփոխումներ կլինեն:

Կարեն Բալյան

Աշնան անձրեւը կազդարարի՞ ներքաղաքական նիրհի ավարտը

Դեռեւս ընդդիմադիր ուժերը փորձում են անցնել հանրահավաքային նոր քայլերի, որպեսզի կարողանան ընդդիմադիրի համբավը պահել, նաեւ ընդդիմադիր ոլորտում առաջնային դիրք գրավել: «Ժառանգություն»-ը ցանկանում է առաջինը լինել հանրահավաքների նախաձեռնության հարցում, բայց կուսակիցներից շատերը չեն ուզում կրկին խայտառակ լինել, քանզի հասկանում են, որ պարզապես հանրահավաք անելու համար մարդիկ այլեւս չեն գալիս:

Բայց, ըստ ամենայնի, ամերիկամետ ուժերը հրահանգ են ստացել աշխուժանալու, հատկապես Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկությունից հետո« ուստի պետք է հնարավորություններ գտնեն: Եվ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փորձել է Ազատության հրապարակում համատեղ հանրահավաքի կանչել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը կարծես մերժվել է, եւ ԱԻՄ առաջնորդը հավաք կանցկացնի մեկ այլ տեղ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Ամսի 20-ին նա առավելապես կխոսի անկախության եւ ինքնիշխանության թեմաներով: Այդ օրը «Ժառանգություն»-ը սեփական հանրահավաքով կնախաձեռնի 1-2 ամսով ամեն օր հավաք անցկացնելու գործընթացը:

ՀՅԴ-ն կարծես դեռ ներքին խնդիրներն է կարգավորում եւ չի շտապում գրավել ընդդիմադիր դաշտը, իսկ ահա ՀԱԿ վարչության նիստում վերադասավորումներ է կատարել՝ ըստ երեւույթին ակտիվանալու նպատակով: Նիստը նախագահել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով նաեւ ծրագրային ելույթ է ունեցել: Հաստատվել են Իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական եւ բնապահպանական հարցերի, Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաեւ Տնտեսական եւ բնապահպանական հարցերի եւ Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները: Փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների ու առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ: Մյուս փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի եւ դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Օրերս համակիր շրջանակների հավաք է կազմակերպել նաեւ Հայ Արիական Միաբանությունը: Աբովյանում փորձել են ի մի գալ հայ արիներն ու հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր եւ անհատներ: Մասնակցել են ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի ներկայացուցիչներ, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը ելույթ է ունեցել «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործու­մ» ծրագրահենքով, ինչը դարձել է հավաքի մասնակիցների քննարկման գլխավոր թեման: Հայ ազգայնականները քննարկել են նաեւ հայաստանյան ու սփյուռքյան ազգայնական ուժերի համախմբմանը նպաստող հարցեր:

Այսպես հետզհետե քաղաքական կյանքը կմտնի աշնանային բուռն զարգացումների մեջ:

Իմիջիայլոց, Պարույր Հայրիկյանը այս օրերին նշել է, որ իրեն դեսպանի պաշտոն չեն առաջարկել եւ ինքը թույլ էլ չի տա, որ առաջարկեն. «Ես մանր-մունր հարցերով չեմ զբաղվել եւ չեմ զբաղվի»: Հիշեցնենք, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնն է առաջարկվել ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին, ով ընդունել է առաջարկը: Ավելի շուտ Ղազախստանում Հայաստանի դեսպան էր նշանակվել ՀՀՇ-ական, նախկին ընդդիմադիր Արա Սահակյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է եզրեր գտնել ընդդիմադիրների հետ՝ համատեղ աշխատելու առումով: Նա նաեւ կոչ է արել իր թիմակիցներին. ավելի լավ ու ակտիվ աշխատել: 2014թ. հունվարի 1-ից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականություն է կիրառվելու: Վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաեւ պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, տարբեր համակարգերում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ: Նախագահը խոսել է բարեփոխումների մասին եւս, արդարադատության ոլորտի, ներքին եւ արտաքին քաղաքականության, կրթության, տրանսպորտի, սոցիալ-տնտեսական խնդիրների, պետական կառավարման գործընթացների թափանցիկության, մեր երկրի մարտահրավերների ու դրանց դիմակայելու հնարավորությունների եւ ուղիների մասին: Որոշակի պարզաբանումներ են տրվել նաեւ տարածաշրջանային զարգացումների մասով:

Երկրի նախագահը փորձելու է կառավարության եւ խորհրդարանի գործունեության միջոցով բարեփոխումների ծրագրերում ներգրավել ընդդիմադիր գործիչների եւս, ինչը դեռ միայն ցանկություն է:

Ընդդիմադիրները առայժմ չեն շտապում արձագանքել: Բայց նախկին ՀՀՇ-ական (եւ այն վերականգնելու ցանկություն արտահայտած) Արարատ Զուրաբյանի ծննդյան արարողության կենացասացը վերջերս եղել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներկա են եղել նաեւ ԱԺՄ-ականներ, նախկին ՀՀՇ-ականներ, այդ թվում՝ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՅԴ-կաններից եղել է Աղվան Վարդանյանն ու «Հայանտառ»-ի ղեկավար Մարտուն Մաթեւոսյանը: Հրավիրված են եղել ՀՀԿ-ականներ, ՕԵԿ-ականներ, ինչպեսեւ… թերթերի խմբագիրներ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։