Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված (հայերին, հույներին եւ հրեաներին կոդավորել են)… Էրդողանը խոստացել է չմեկուսացնել ալեւիներին…

Թուրքիայում բնակվող ազգերը՝ վաղուց գաղտնածածկագրված

Թուրքիայում հրատարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ակոս» թերթը հայտնել էր, որ այդ երկրում փոքրամասնությունների համար գաղտնի «ազգության ծածկագրե­ր» են կիրառվել: Այս փաստը հայտնի էր դարձել, երբ մի կին, որի ընտանիքը 1915թ. բռնի իսլամացվել էր, հայկական եկեղեցում կնքվել ու ցանկանում էր իր երեխաներին հայկական դպրոց  ընդունել: Ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմ Հալավուրթի տեղեկացմամբ՝ նրանք Ստամբուլի նահանգային եւ Շիշլի քաղաքային կրթության վարչություններին էին դիմել՝ պահանջելով պաշտոնական գրություն տալ առ այն, որ  երեխայի հայկական դպրոց ընդունվելու համար որեւէ խոչընդոտ չկա: Ստամբուլի եւ Շիշլիի կրթության վարչությունների գրագրությունից հայտնի է դառնում, որ դիմողների համար անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք երեխայի ծնողները դատական որոշմամբ կրոն, անուն, դավանանք փոխել են, թե ոչ եւ երկրորդ՝ պետք է պարզեն բնակչության հաշվառման մեջ ազգության գաղտնի ծածկագիրը: Եթե այդ ծածկագիրը 2-ն է, ապա երեխան կարող է ընդունվել հայկական դպրոց:

Թուրքական «Ռադիկալ» թերթն էլ պարզել է, որ «ազգության ծածկագիր­ը» սկսվել է կիրառվել Լոզանի պայմանագրից հետո: Այդ գաղտնի ծածկագրերը կիրառվել են հույների, հայերի եւ հրեաների համար: Հույների կոդը եղել է 1-ը, հայերինը՝ 2-ը, հրեաներինը՝ 3-ը (1923-ից օգտագործվող ազգային փոքրամասնությունների ներկայիս ծածկագրերի համաձայն): Թերթը նշում է, որ, փաստորեն, եթե հայերից մեկը գրանցված չէ 2-րդ կոդի տակ, ապա չի կարող հայկական դպրոց ընդունվել:

Երբ հայտնի է դարձել, որ թուրքական իշխանությունները կոդավորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ազգությամբ հայ քաղաքացիները դիմել են պետական պատկան մարմիններին՝ հայ համայնքի թվի մասին ստույգ տեղեկություններ ստանալու պահանջով: Այդ մասին թուրքական «Թարաֆ» թերթին հայտնել է թուրքահայության հիմնադրամների խորհրդի նախագահ Նազարեթ Օզսահակյանը: Որպես անհրաժեշտություն՝ նշվել է այն հանգամանքը, որ շուտով ներհամայնքային ընտրություններ են լինելու եւ համայնքի ստույգ թվի իմացության կարիք կա: Հայ համայնքի անունից դիմումը հանձնվել է բնակչության եւ քաղաքացիության հարցերով Ստամբուլի նահանգային վարչություն: Նազարեթ Օզսահակյանը նշել է նաեւ, որ պետության կողմից տրվելիք հայ համայնքի անդամների ցուցակը կարեւոր է նրանց տարիքային խմբերի կազմը որոշելու, ընտանեկան կարգավիճակը պարզելու եւ մի շարք այլ հարցերի համար:

Սա մտահոգել է ազգային փոքրամասնություններին, չնայած Թուրքիայում հայերին ի սկզբանե ճանաչել են որպես կրոնական (քրիստոնեական) փոքրամասնություն՝ վախենալով անգամ հայերին հիշեցնել (նաեւ՝ որ իրենք չհիշեն), որ հայն ազգ է ու հայրենիք ունի…

Հայերի, հրեաների, հույների ծածկագրերի հարցը քննարկման նյութ դարձավ հանրության համար: Բազմաթիվ հոդվածագիրներ դատապարտեցին պետական մարմինների այդ մոտեցումը եւ դա համարեցին օրենքի առջեւ քաղաքացիների անհավասարության փաստ ու ռասիզմի դրսեւորում:

Թուրքական «Քոնիա» կայքի տեղեկացմամբ՝ այդ բացահայտումը ոչ բոլորի համար էր նորություն: Օրինակ՝ «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուփյանը պատմել է, որ մանկության տարիներից նա գիտեր ու լսել էր այդ մասին: 1830-ականներից սկսած շատերը գիտեին, որ ազգային փոքրամասնությունների հատուկ ծածկագրերի տակ են առնված: Իսկ ահա հրեա գրող Մարիո Լեւին ծածկագրերի գոյության մասին երբեւէ չի իմացել: Նա ծայրաստիճան մտահոգիչ ու տագնապալի է համարել այդ երեւույթը: Ստամբուլում Ֆեների հունական պատրիարքարանի խոսնակ Դոսիթոս Անաղնոսթոփուլոսը նշել է, որ դա խոր մտահոգության առարկա է դարձել բոլորի համար ու եւս մեկ անգամ ցույց տվել, որ Թուրքիայում քաղաքացիների միջեւ չկա հավասարություն:

Այս գաղտնահամարակալման «տեսությամբ» էլ Անկարան թուրքական պետության թշնամիների ցանկում նույն հերթականությամբ տեսնում է հույներին, հայերին եւ հրեաներին…

Սա ոչ միայն ներպետական, այլեւ լուրջ ու հետեւողական թշնամական քաղաքականություն է:

Վահագն Նանյան

Խոստացել է չմեկուսացնել ալեւիներին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերիում (Կեսարիա) տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ անդրադարձել էր նաեւ ալեւիների խնդիրներին, նշել էր, որ ալեւիական մշակույթը պահպանելու եւ ալեւիների խնդիրներին լուծում տալու նպատակով կառավարությունն իրականացնելու է կոնկրետ քայլեր: Այժմ Էրդողանի գլխավորած կառավարությունն աշխատում է «Ալեւիական նախաձեռնություններ-2» նախագծի վրա:

Թուրքիայում ոչ ոք իրեն մեկուսացված չպետք է զգա. ասել է թուրք վարչապետը եւ հայտնել, թե «Դավանանքի եւ մշակութային հիմնադրամներ­ի» մասին օրենքի նախագծի մշակումը եւս շարունակվում է: Իսկ ալեւիական աղոթատներ (ջեմեվի) կառուցելու համար կառավարությունն անվճար հողակտորներ է հատկացնելու:

2004թ. առաջին անգամ դպրոցական ծրագրերում ընդգրկված ալեւիականության դասընթացները կվերամշակվեն, եւ դասագրքերում ալեւիականությունն ավելի մանրամասն կներկայացվի: Իսլամի շիա ուղղության աղանդ համարվող ալեւիները կրոնական փոքրամասնություն են Թուրքիայում, բնակվում են հիմնականում երկրի հարավային նահանգներում: Ներկայում նրանց շրջանում էթնոկրոնական նոր գործընթացներ են ընթանում:

2010թ. նախաձեռնվել էր «Ալեւիական նախաձեռնություննե­ր»-ի 1-ին փուլը, որը, ըստ էության, ոչինչ չտվեց նրանց: Այնպես որ, դժվար է ասել, թե հերթական նախաձեռնությունը երբ կյանքի կկոչվի, առ այսօր ալեւիների պահանջները մնում են, հիմնականում մշակութային եւ կրոնական խնդիրներ են: Ալեւիների մի սրբատեղի էլ անգամ ցանկանում են ջրամբարի վերածել:

Իսկ զենքը վայր դրած քրդերին արդեն անհանգստացնում է թուրք վարչապետի անգործությունը՝ քրդական հարցի լուծմանն ուղղված: Այստեղ բավարար ջանքեր չեն գործադրվում: Իրավիճակը բարդացնում են մայիսի վերջին Թուրքիայում սկիզբ առած քաղաքացիական անհնազանդության գործողությունները:

Եվ Թուրքիայի վարչապետը ստիպել է ամեն գնով ազգային ու կրոնական փոքրամասնություններին զերծ պահել ցույցերի մասնակիցը դառնալու հեռանկարից, ուստի նորից շահարկվում են նրանց հարցերը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։