Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը… Ամերիկյան միջուկային եւ ոչ միջուկային խաղերը – ԱՄՆ-ն կատարելագործում է Եվրոպայում առկա իր միջուկային զենքը… ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի դեմ կարող է կիրառել նոր հիպերձայնային հրթիռներ…

Իսլամականներին եւ թուրքերին ձեռնտու չէ «քիմիական» հաշտությունը

Սիրիական հակամարտությունը թեւակոխում է նոր փուլ, որտեղ հակամարտության երկու կողմերում կանգնած ներքին եւ արտաքին ուժերը այլեւս հաշտության եզրեր են փնտրում: Բայց կա մի հատված, որը ձգտում է հակամարտության շարունակմանը: Դա ահաբեկչության կողմնակիցներն են, որ կարող են գոյատեւել միայն սպանդի ու թալանի հաշվին: Իսկ Սիրիայի ապստամբների գրեթե կեսը ծայրահեղ իսլամիստներ են: Նախագահ Ասադի դեմ պայքարող զինյալների թիվը հասնում է մոտ 100.000-ի եւ հենց նրանց կեսն է այդ ծայրահեղ իսլամականների մասը: Ավելի քան 2 տարի տեւող պատերազմում ձեւավորվել են 1000-ից ավելի խմբավորումներ: Ըստ ուսումնասիրությունների, վերոնշյալ 50.000-ի մոտ 10.000-ն առավել ծայրահեղական ջիհադական խմբավորումներից են՝ «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ից ու «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն»-ից, կան նաեւ օտարերկրացի վարձկաններ, ովքեր սերտ կապ ունեն «Ալ-Քաիդ­ա» ահաբեկչական կառույցի հետ: 30.000-35.000-ը իսլամիստներ են, ովքեր ավելի շատ կենտրոնացած են Սիրիայի պատերազմի, այլ ոչ թե մեծածավալ միջազգային պայքարի վրա: 30.000 զինյալ պատկանում է չափավոր իսլամիստական խմբավորումներին, եւ շատ քչերն են, որ մտել են աշխարհիկ ընդդիմության շարքերը: Իսլամական գաղափարներ ունեցող խմբերի մեջ այժմ ընդվզումներ են, իսկ աշխարհիկ ընդդիմությանը չեն աջակցում:

Այսօրինակ ուժերի դեմ պայքարում կան պնդողներ, որ սիրիական իշխանությունները կարող էին նաեւ քիմիական զենք գործածել: Չնայած իշխանությունները հերքում են իրենց կողմից գործածման լուրերը եւ մեղադրում են ընդդիմությանը: Քիմիական զենքի գծով ՄԱԿ տեսուչները հաստատել են, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Արեւելյան Ղուտա շրջանում զարին տեսակի գազ է կիրառվել: Նշվում է, որ ՄԱԿ փորձագետները հետաքննություն են անցկացրել պարզելու՝ արդյոք Դամասկոսում քիմիական զենք կիրառվել է, թե ոչ, բայց չի նշվում, թե ով է կանգնած դրա հետեւում, չնայած ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան դրանում Բաշար Ալ-Ասադին են մեղադրում: Փորձագետների խումբը հարցաքննել է 50 փրկվածի, ականատեսների ու հիվանդանոցների աշխատակիցների, գնահատել են ախտանիշները եւ հավաքել կենսաբժշկական նմուշներ՝ մազերի, մեզի ու արյան, ինչպես նաեւ հողի եւ զինամթերքի: Այս ամենն ուսումնասիրվել են ՄԱԿ հատուկ լաբորատորիաներում: «Շրջակա միջավայրի եւ կենսաբժշկական նմուշների անալիզները վկայում են այդ հարձակումների լայնամասշտաբ լինելու մասին: Արյան նմուշների 85%-ում հաստատվել է զարինի առկայությունը»: Եվ խումբը եկել է այն եզրակացության, որ Ղուտայում կիրառվել են «երկիր-երկի­ր» դասի հրթիռներ՝ նյարդակաթվածային զարին նյութով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ ավելացնելով, որ սա ծանր հանցագործություն է, եւ բոլոր նրանք, ովքեր պատասխասնատու են դրա համար, պիտի հնարավորինս արագ պատժվեն:

Սիրիայի նախագահը կրկին հերքելով իրենց կողմից զարինի կիրառված լինելու հանգամանքը՝ նշել է, որ պատրաստ են կատարել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու միջազգային պայմանավորվածության պայմանները: Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտավախություն ունի, որ «Ալ-Ասադը չի կատարի իր խոստումը: Նախագահը, կարծես դրական վերաբերվեց այս առաջարկին, սակայն միեւնույն ժամանակ զգում եմ, որ միջազգային հանրությունը անվստահության զգացում ունի: Ես այն կիսում ե­մ»: ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսքերով՝ այժմ կարեւոր է, որպեսզի «Սիրիայի իշխանությունները ցուցադրեն իրենց հայտարարած պարտականությունների անկեղծ լինելը, որպեսզի ապացուցեն, որ իրենք եւ նախագահ Ալ-Ասադը արդար ե­ն»:

Այլ բան են հայտարարում հակառակ կողմից ու՝ ոչ միայն Սիրիայից: «Օգոստոսի 21-ի իրավիճակը, երբ Դամասկոսի մոտ իբր քիմիական զենք էին կիրառել, բեմադրված է­ր»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը՝ Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպման ժամանակ: «Կան պրոֆեսիոնալ գնահատականներ, որոնք տվել է միջազգային հանձնաժողովի անդամ Կարլ դել Պոնտեն: Նա տվյալներ ունի զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ: Ոչ վաղ անցյալում մեծ հարցազրույց էր տվել նաեւ մայր Ագնեսը՝ օգոստոսի 21-ին նախորդած իրադարձությունների եւ այն բանի վերաբերյալ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի քրիստոնյա թաղամասերում,- հավելել է ռուս նախարարը եւ շարունակել,- վերջապես կան փաստեր, որոնք վերաբերում են օգոստոսի 21-ի իրադարձություններին եւ որոնք խոսում են մեր գնահատականներով այդ պատահարի բեմադրված լինելու մասին»:

Արդեն հայտնի է, որ այս իրավիճակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով Կոնգրեսից Սիրիայում ռազմական ուժ կիրառելու թույլտվություն էր խնդրել, այժմ Սենատին խնդրել է սպասել որոշման հարցում: Նշենք, որ Պենտագոնը ծրագրել էր հրթիռային հարվածներ հասցնել Սիրիային:

Այս հրադադարը Անկարայի սրտով չէ, եւ թուրքական կառավարությունը ամերիկյան իշխանություններից պահանջել է մշակել Սիրիայի վերաբերյալ գործողությունների այլընտրանքային ծրագիր, եթե Սիրիայի նախագահը «հրաժարվի կատարել քիմիական զենքի արսենալները միջազգային վերհսկողությանը հանձնելու ստանձնած պարտավորություններ­ը»: Անկարան իր ծավալապաշտական նկրտումները թաքցնելու պատրվակով մտավախություն է հայտնել, որ «սիրիական ռեժիմը կօգտվի ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածություններից, որպեսզի շարունակի սիրիական ժողովրդի ցեղասպանությունը»…

Եվ ո՛վ է խոսում ցեղասպանությունից…

Ինչեւէ, թուրքական կառավարության դիրքորոշումը ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ներկայացրել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներին Փարիզում հանդիպման ժամանակ:

Իսկ Սիրիան պնդում է, որ պատրաստ է կատարել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի կողմից համաձայնեցված նախագիծը, որով նախատեսվում է ոչնչացնել երկրում առկա քիմիական զենքի պաշարները: Իսկ վերջերս պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր, որ միացել է «Քիմիական զենքի արգելման» կոնվենցիային՝ սեպտեմբերի 14-ին ՄԱԿ-ին հանձնելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Կոնվենցիան Սիրիայի տարածքում ուժի մեջ է մտնելու 2013թ. հոկտեմբերի 14-ին՝ այսինքն՝ հայտը ներկայացնելուց 30 օր անց:

Արամ Ավետյան

Ամերիկյան միջուկային եւ ոչ միջուկային խաղերը.

- ԱՄՆ-ն կատարելագործում է Եվրոպայում առկա իր միջուկային զենքը

Ըստ բելգիական զլմ-ների, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ 2010թ. ԱՄՆ-ի հետ գաղտնի պայմանագիր են ստորագրել իրենց տարածքներում տեղադրված ամերիկյան մարտավարական միջուկային զենքի կատարելագործման վերաբերյալ: Տարածած տեղեկությունը հիմնված է միջուկային զենքի ամերիկացի հանրահայտ փորձագետ Հանս Քրիստենսենի պնդումների վրա: Վերջինս ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի անդամ է:

Համաձայնագրով նախատեսված է կատարելագործել ամերիկյան մարտավարական Բ-61 տիպի միջուկային զենքը: Եվրոպական զլմ-ների տվյալներով՝ նմանատիպ մոտ 200 ռումբ դեռ 1960թ. գտնվում է Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Իտալիայում եւ Թուրքիայում: Ամերիկացիները մտադիր են այդ ռումբերը փոխակերպել Բ-61-12 տիպի ռումբերի, որոնցում առկա է GPS տեղեկատվական համակարգ:

Անկախ փորձագետների պնդումներով՝ Բելգիայի ռազմաօդային Կլայն-Բրոգել բազայում 10-20 ամերիկյան Բ-61 տիպի միջուկային մարտագլխիկ է առկա: Իշխանությունները պաշտոնապես ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել են այս պնդումները:

- ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ի դեմ կարող է կիրառել նոր հիպերձայնային հրթիռներ

«Հանուն միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամ»-ի միջուկային քաղաքականության բաժնի ավագ գիտաշխատող Ջեյմս Էկտոնի զեկույցում նշված է, որ սեպտեմբերի սկզբին ԱՄՆ-ում հայտնվել է նոր հիպերձայնային զենք: Այն մշակվել է «Ակնթարթային գլոբալ հարված» (CPGS) ծրագրի շրջանակում: Այդ մասին տեղեկություններն ասում են, որ խոսքը ոչ միջուկային զենքի մասին է, որը կարող է Երկրի վրա ցանկացած թիրախ խոցել հրամանի ստացումից հետո 1 ժամվա ընթացքում: Ի դեպ, նշվում է, որ դրա մշակման ընթացքում, որպես առաջնահերթ թիրախներ, համարվել են հյուսիսկորեական միջուկային օբյեկտները:

Նոր զենքի ստեղծման աշխատանքներն իրականացվում են 2000թ.-ից եւ այն թույլ կտա արագ գլոբալ հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքից արձակվող թեւավոր հրթիռի տիպի անօդաչու թռչող սարքի միջոցով: Հասնելով հիպերձայնային արագության՝ այն կարող է այնուհետեւ ծրագրել թիրախները՝ մեկ կամ մի քանի մարտագլխիկներով դրանք խոցելու համար: Նոր հրթիռն առանձնանում է բարձր ճշգրտությամբ:

Զեկույցում ասվում է, որ հիպերձայնային «X-51A Waverider» առաջին հրթիռի բարեհաջող արձակումը կատարվել է 2011թ.: Այս տարվա մայիսին կատարվել է երկրորդ բարեհաջող փորձարկումը, այժմ դեռեւս հաստատված չէ այդ համակարգի ներմուծման ծրագիրը, սակայն ներկա աշխարհաքաղաքական վիճակը կարող է ստիպել համակարգը շուտափույթ սպառազինության կազմ ընդգրկել:

Արման Դավթյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։