Զգոնության թիվ 1 հրամանը – Բաքուն ահաբեկչական ավանդույթներ է ձեւավորում…

…Իսկ սանձարձակ գործողությունները սահմանին կնպաստեն, որ ահաբեկչական փորձառությամբ զբաղվողները Սիրիայից վերադառնան եւ հայացքներն ուղղեն դեպի Հայաստան: Դրանց կազմում կարող են լինել Հայաստանից փախած ու հեռացած ադրբեջանցիներ, որ տիրապետում են հայերենին, ծանոթ են մեր երկրին: Կարող են լինել իրանահպատակ ադրբեջանցիներ, որ Հայաստան կժամանեն իրանցու փաստաթղթերով: Այս մասին ահազանգել ենք: Անգամ Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին տալու փորձի ժամանակ նշվեց, որ դա «անմեղ» պայմաններ կստեղծի ադրբեջանցի տարրի համար մեր երկիր թափանցելու առումով…

………………………………………………………

«Լուսանցք»-ը պարբերաբար անդրադարձել է ադրբեջանական ահաբեկչության հնարավոր ծավալմանը: Այստեղ էլ Բաքուն փողեր ու զոհեր չի խնայում, որպեսզի կարողանա փորձառու եւ դաժան ահաբեկչական ցանց ստեղծել, եւ հասկանալի է, թե այն հատկապես որ ուղղությամբ կուղղորդվի, եթե ցանցը հաջողացնեն իհարկե:

Վերջերս էլ Սիրիայում են հայտնվել ադրբեջանցիները, եւ այս երկրի իշխանության դեմ պայքարում չեչենական եւ կովկասյան այլ ազգությունների ահաբեկիչների հետ (թուրքական անմիջական օժանդակությամբ) մասնակցում են ահաբեկչական ու մարտական գործողությունների:

Մեր թողարկումներից մեկում նշել ենք, որ Թուրքիան ավելի քան 80 երկրից ահաբեկիչներ է հավաքագրել ու նրանց գործածում է Սիրիայի դեմ միջազգային կոչված պայքարում: Ավելի ճիշտ՝ Սիրիան պառակտելու եւ այդ երկրից որոշ տարածքներ կորզելու նպատակով:

Բաքուն սկզբում հերքում էր ադրբեջանցիների մասնակցությունն ահաբեկչական գործողություններին, սակայն շատ արագ դա ապացուցեցին հենց Սիրիայի իշխանությունները: Եվ այժմ ամեն ինչ բացահայտորեն է կատարվում: Վերջերս էլ Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող ադրբեջանցի զինյալների առաջնորդ Աբու Յահյան:

Այս մասին հայտնել են նաեւ ջիհադական խմբավորումների կայքերը: Աբու Յահյա ալ Ազերին ղեկավարել է Ադրբեջանից ժամանած զինյալների խումբը, որը կռվել է «Ալ Անսարի բանակ»-ի կազմում: Նա սպանվել է Համա քաղաքի մոտ իրականացված ավիահարձակման ժամանակ, այդ ընթացքում այս ադրբեջանցու ջոկատը պաշարման մեջ է պահել տեղի ռազմաբազան, ուր կենտրոնացած էր կառավարական զորքերի 66-րդ վաշտը:

Ահաբեկչական ավանդույթներ ձեռք բերելուն զուգահեռ Բաքուն հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում կրկին ավելացնում է հրադադարի խախտման դեպքերը: Զուգահեռ, նաեւ ապատեղեկատվական պատերազմն է ուժգնացրել, որտեղ եւս մեծ գումարներ են ներդրվում: Մեր պաշտպանության կամ ԱԳ նախարարությունները պարբերաբար հերքում են այդ ապատեղեկությունները: Բաքուն նաեւ մերժում է դիպուկահարներին սահմանագլխից հեռացնելու առաջարկները, սակայն երբ համարժեք հակահարվածներ է ստանում, ոռնում է իր էությանը շատ հարիր:

Օրերս «ՍալամՆյուզ» լրատվական կայքը լուրեր էր տարածել այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածից, հայ դիրքապահների կողմից արձակված գնդակից դաշտում աշխատող խաղաղ բնակիչ է վիրավորվել: Նաեւ նշվում էր, որ հայկական կողմից հրդեհվում են չեզոք գոտու խոտերը, իսկ հրդեհը տարածվում է սահմանի ադրբեջանական հատված: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել էր, որ զլմ-ների տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը. «Անկեղծ ասած, որեւէ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի այսպիսի քարոզչական «տրյուկները», այնպես որ առանձնապես մեկնաբանելու բան չեմ էլ տեսնում… Բաքուն պրիմիտիվ քայլերի է գնում, որով փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել իր սանձարձակ գործողությունների­ց»:

Անգամ անտեսելով Կարմիր խաչին, շարունակում է գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ կոպտորեն խախտել միջազգային իրավունքի մի շարք նորմեր, եւ սա եւս (իհարկե՝ միջազգային թողտվությամբ) դարձրել է ապատեղեկատվության տարածման գործոն:

Իսկ սանձարձակ գործողությունները սահմանին կնպաստեն, որ ահաբեկչական փորձառությամբ զբաղվողները Սիրիայից վերադառնան եւ հայացքներն ուղղեն դեպի Հայաստան: Դրանց կազմում կարող են լինել Հայաստանից փախած ու հեռացած ադրբեջանցիներ, որ տիրապետում են հայերենին, ծանոթ են մեր երկրին: Կարող են լինել իրանահպատակ ադրբեջանցիներ, որ Հայաստան կժամանեն իրանցու փաստաթղթերով: Այս մասին ահազանգել ենք:

Անգամ Սյունիքի արոտավայրերը իրանական կողմին տալու փորձի ժամանակ նշվեց, որ դա «անմեղ» պայմաններ կստեղծի ադրբեջանցի տարրի համար մեր երկիր թափանցելու առումով:

Վատ չէր լինի, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս՝ անվտանգության եւ ուժային կառույցների պատասխանատուների, ազդարարեին թիվ 1 զգոնության հրամանը…

Հայկ  Թորգոմյան

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։