1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը («Լուսանցք»-ի հետ շնորհավորում են նաեւ հայ արիներն ու ազգայնականները)… Հայկական տարածքների՝ թուրք-քրդական նոր «բազար»… Միջին Արեւելքի հայերը՝ վտանգի մեջ…

Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը

Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի ու Արցախի անկախության հոբելյանները:

Հայկական երկու հանրապետությունների ծնունդը պայքարի, զոհաբերությունների ու կամքի դրսեւորման, հայ նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք է:

20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները փաստացի վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիջեւան, Ջավախք եւ Արեւմտյան Հայաստան) վերականգնման:

Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության հերթական տարեդարձին մաղթենք, որ հայությունը հիմնավորապես հաջողի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:

Ազատությունն ու անկախությունը բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհի պետք  է ապրի ազա՜տ, պետք է ազատ ապրի իր անկա՜խ պետության մեջ, որն էլ պետք է հարատեւի հայի ազատագրվա՜ծ հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու:

Հայ Արիական Միաբանություն

«Լուսանցք» շաբաթաթերթ

Հայ Ազգայնականների Համախմբում

- Հայկական տարածքների՝ թուրք-քրդական նոր «բազար»…

Թուրքիայում քրդական հարցի լուծման շրջանակում ստեղծված՝ «Բանիմացների հանձնաժողով­ի» Արեւելյան Անատոլիայի խումբն ավարտել է իր աշխատանքները եւ զեկույց ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Խումբը գործել է հիմնականում քրդերով բնակեցված ներկայիս  Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում (Արեւմտյան Հայաստան)՝ Երզնկայում, Բիթլիսում, Էրզրումում, Մուշում, Կարսում, Արդահանում, Իգդիրում, Բայազետում, Դատվանում, Վանում, Հաքարիում, Դերսիմում, Մալաթիայում:

Խումբն ընդհանուր առմամբ այցելել է 171 բնակավայր եւ հանդիպել հազարավոր մարդկանց, լսել նրանց կարծիքը քրդական հարցի վերաբերյալ, նշել նրանց գրավոր եւ բանավոր առաջարկներն ու պահանջները: Սա փաստացի առաջին համալիր փաստաթուղթն է, որ ներառում է քրդերի բոլոր պահանջները: Զեկույցը բաժանված է 6 գլխի, որոնք ըստ ոլորտների ներկայացնում են քրդերի պահանջները Թուրքիայից: Պահանջները դասակարգված են՝ «սոցիալ-հոգեբանական առաջարկներ ու պահանջներ», «քաղաքական առաջարկներ ու պահանջնե­ր», «տնտեսական առաջարկներ եւ պահանջնե­ր», «սոցիալական արդարության պահանջներ», «մշակութային առաջարկներ եւ պահանջնե­ր»:

Թուրքիայում, քրդական ոչ պաշտոնական «մայրաքաղաք» Դիարբեքիրում այս երկրի պատմության մեջ առաջին անգամ կստեղծվի քրդական ինքնավար խորհրդարան (մեջլիս): Գլխավոր նպատակը Թուրքիայի էթնիկ փոքրամասնության ներկայացումն ու պաշտպանությունն է, ինչպես նաեւ՝ քրդական ու թուրքական իշխանությունների միջեւ երկխոսությունը: Նման մարմնի ստեղծման որոշումն ընդունվել է 2013թ. հունիսի 15-16-ը կայացած թուրք-քրդական համաժողովում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ քրդական մեջլիսը բաղկացած կլինի 9 հոգուց եւ կունենա տարածաշրջանային իշխանություն:

Այս ամենն առավել մտահոգիչ է դառնում, քանզի, ինչպեսեւ սպասվում էրբուն հայկական տարածքների վրա սեփական պետությունն են փորձում կերտել ոչ միայն թուրքերը, այլեւ քրդերը: Եվ Արեւմտյան Հայաստանի պահանջատիրության հարցն այլեւս անհետաձգելի է:

Վահագն Նանյան

- Միջին Արեւելքի հայերը՝ վտանգի մեջ…

Սիրիահայերի խնդիրը մնում է համահայկական հրատապ հարցերից մեկը: Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Բիքֆայայի վանքում բանակցել է Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Աբադիի հետ, եւ կողմերը իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Հայությունը կողմ է, որ հակամարտությունը լուծվի քաղաքական ճանապարհով: Արամ Ա կաթողիկոսը խիստ մտահոգություն է հայտնել, որ Հալեպի քրիստոնյա համայնքները հակադիր կողմերի միջեւ են գտնվում, քաղաքը պաշարված է, ու ժողովուրդն իր առօրյա կարիքները հոգալու հարցում լուրջ դժվարությունների առջեւ է կանգնած: Իրանի դեպանն էլ իր հերթին, ներկայացնելով սիրիական ճգնաժամը լուծելու վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը, խնդրել է, որ հայկական կողմը այլ եկեղեցիների հետ իր ունեցած կապերի միջոցով շեշտի տարածաշրջանը ռազմական բախումներից հեռու պահելու անհրաժեշտությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամադ Ռէիսիին եւ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին: Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին՝ Գարեգին Բ կաթողիկոսը հայտնել է, որ «Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ եւ ամեն ջանք գործադրում է՝ ի զորակցություն Սիրիայի ժողովրդի եւ սիրիահայ համայնք­ի»: Կողմերը պայմանավորվել են խաղաղասեր ջանքեր գործադրել, որպեսզի կարողանան ապահով եւ կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում:

Հիշեցնենք, որ Սիրիայում իսլամիստները գրավել էին քրիստոնեական Մաալուլա քաղաք տանող անցակետը, ինչը զոհերի պատճառ էր դարձել:

Սիրիահայերի հարցով G-20-ի ժողովի մասնակից պետություններին են դիմել Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդն ու Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը: Աշխարհի զարգացած 20 երկրներին դիմում է հղվել, որ պատերազմող կողմերը եւ նրանց աջակցողները հաշվի չեն առել եւ հաշվի չեն առնում Սիրիայի ժողովրդի, Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների անվտանգության, ֆիզիկական գոյության նվազագույն իրավունքը, ինչպես նաեւ նրանց ապագա ունենալու եւ զարգանալու նույնքան բնական իրավունքը: Հիշեցրելեն, որ Կիլիկիայի եւ Արեւելյան տարածաշրջանի բնիկ հայ ժողովուրդը, որպես տարածաշրջանի քրիստոնյա ժողովուրդ, 20-րդ դարի դարասկզբին արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել է ցեղասպանության ու բռնագաղթի: Ցեղասպանության եւ բռնագաղթի վտանգը կրկին կախվել է Սիրիայի ժողովրդի եւ Սիրիայում ապրող փոքրամասնությունների եւ բնիկների վրա, այդ թվում՝ Սիրիայի հայության:

Մտահոգություն է հայտնվել տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրադարձությունների բացասական զարգացման հեռանկարի առումով, ինչը հիշեցնում է 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայտնի սցենարները, որոնց պատճառով հայությունը ենթարկվեց ցեղասպանության եւ հայրենազրկվեց: Հայությանը հուզում են ոչ միայն Միջին Արեւելքում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, այլեւ Հայաստանի ու Արցախի անվտանգության խնդիրները, որոնք ուղղակիորեն կապված են Միջինարեւելյան ռազմա-քաղաքական զարգացումների հետ:

Եթե հաշվի առնենք նաեւ, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է պատերազմ սանձազերծել Սիրիայում եւ Արեւմուտքին դրդում է հարվածել Սիրիային եւ Ադրբեջանն էլ փորձում է վերսկսել ռազմական գործողությունները Արցախում, ապա տարածաշրջանում լրջորեն վտանգվում են հայության շահերը, ինչը պետք է համարժեք պաշտպանության արժանանա, անգամ համարժեք պատասխաններ տրվեն՝ ըստ անհրաժեշտության:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։