Նախնյաց սրբազան տոնն ամենեւին մեռելոց չէ,- ասում են հայ արիները… Նախնյաց տոնին նշեցին նաեւ վերամիավորված Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձը

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին՝ աշնանային գիշերահավասարի օրը, արցախյան Տիգրանակերտ հնավայրի տարածքում նշվեց Նախնյաց տոնը: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականներն այս անգամ տոնը նշեցին Արցախում, որպեսզի մեր փառահեղ նախնիներին վերստին հավաստեն տարիներ առաջ Հայ Արիական Միաբանության՝ ՀՀ եւ ԼՂՀ վերամիավորման ու մեկ պետություն դառնալու որոշումների ճանաչումը, որն էլ հիմնված է ՀՀ եւ ԼՂՀ պետական օրենսդիր մարմինների համապատասխան ճանաչումների վրա:

Արցախը վաղուց Հայաստանի կազմում է՝ ինչպես պատմականու ռազմա-քաղաքական, այնպես էլ իրավական ու բարոյական արդարությանը համապատասխան: Եվ հայ արիներն ու ազգայնականները Հայաստանի Արցախ աշխարհի Տիգրանակերտում վերահավաստեցին այս փաստը ու Նախնյաց տոնի հետ նշեցին նաեւ Վերամիավորված Հայաստանի 22-ամյա տարեդարձը: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների վերամիավորմամբ սկիզբ է դրվել հայոց հայրենիքի վերատիրման՝ ամբողջական կամ միացյալ Հայաստանի (…Նախիջեւանի, Ուտիքի, Ջավախք ու Արեւմտյան Հայաստանի) վերականգնմանը: Եվ Հայաստանի 3-րդ ու Վերամիավորված Հանրապետության անկախության հերթական տարեդարձին անդրադառնալով, հայ արիական քրմերը մաղթեցին, որ հայությունը պատմական արդարության պահանջով՝ ի վերջո ազդարարի Հայկական լեռնաշխարհում հայոց հողահավաքի ու ազգահավաքի լիակատար հաղթանակը:

Հայ արիները հիշեցին ու փառաբանեցին բոլոր նախնիներին՝ իրենց մեջ նորոգելով տիեզերահաս հավերժության ընթացքը, հայ տեսակի ինքնությունը, առաքելությունն ու շարունակականությունը: Նախնյաց տոնին արիադավան հայերը շփվում են Հայոց Հոգե-Ոգեղեն Տիեզերաշխարհի հոգիների հետ, ինչը կատարվում է Հայ Աստվածների կամոք եւ միջնորդությամբ… Ազատությունն ու անկախությունն էլ բնածին երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տ, պետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության մեջ, որն էլ պետք է ամրանա ու հարատեւի հայի ազատագրված ու վերամիավորված հայրենիքում… Սա է երաշխիքը՝ առանց շղթաների եւ բնականոն ապրելու, զարգանալու: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ծիսական եւ տոնական արարողություններից հետո ճաշակեցին հայոց ավանդական ուտեստներն ու խմիչքները, որ մատուցվեց հանուն հայ նախնյաց եւ ազգային նպատակների իրականացման:

Արիադավան-հեթանոս հայերը նախնյաց հիշում են այսպես՝ փառաբանելով եւ տոնախմբությամբ, եւ ո՛չ այսօրվա «մեռելոցների» արարողակարգով. ներկայիս պետա-վարչական ու կրոնա-հոգեւոր պայմանավորվածությամբ հայտարարված (պարտադրված) մեռելոցները դժգոհության ալիք են բարձրացնում մարդկանց մոտ, որովհետեւ այդ օրն առավելապես Քրիստոսին են հիշատակում, քան՝ հազարամյակներից եկող մեր նախնիներին կամ անմիջական ծնողներին ու հարազատներին…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

* * *

Նախնյաց տոնին զարթնում է հոգե-գենետիկ կանչը

(Հատվածներ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի «Բարի վերադարձ Հայ Աստվածներին» գրքից)

- Սիրում եմ քեզ կյանք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես՝ ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

 – Սիրում եմ քեզ մահ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս՝ հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ` հավերժության գիրկը…

Բարի վերադարձ Հայ Աստվածներին

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)` Արմանը կամ Արմենը… Փա՛ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Տիրոջ Եզերքը՝ Մեծ Եզերքը…

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք,

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՛մ ես Ձեզ

Փա՛ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Որդիների՝ Հայ Աստվածների…

Օ՛ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Զավակներ, Զորության, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…

Օ՛ Հայր Արա, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը),

Օ՛ Հայկ (եւ փառահեղ Նախնիք Հայոց), որ ծնունդն ես Հայր Արայի, եւ մեր Նախնին ես՝ Երկնի ու Երկրի Երկունքից Ծնված,

Օ՛ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների,

Օ՛ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու եւ բազկի Դու ապավեն, ազատության, ռազմի ու քաջության, մարտունակության տիպար,

Օ՛ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ կրակ շանթող ու շանթարգել,

Օ՛ Տիր, Հայոց ինքնության, մտքի ու դպրության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց,

Օ՛ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական ու տիեզերական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք,

Օ՛ Նանե, ողջախոհության անսպառ ամրոց, հարատեւելու պայման եւ ապավեն,

Օ՛ Վանատուր, Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան,

Օ՛ Հայոց բոլոր Աստվածներ ու Նախնիներ Հոգե-Ոգեղեն.-

Դուք, որ սիրում եք մեզ, բայց խռովել եք մեզանից, մեր նախնյաց մի հատվածի ժամանակավոր թուլակամության ու դաժան-դավադիր հավատափոխության համար, դարձե’ք դեպի մեզ՝ դեպի Ձեզ եկող նոր սերունդը, Ձեզնով ապրող, Ձեզնով սնվող Հայորդի – Արորդիներին դարձե’ք, զորացրե’ք մեզ մեր հավատքով եւ առաջնորդե’ք հանուն Հայի ու Հայքի… Փա՛ռք Հայ Աստվածներին եւ բարի վերադարձ դեպ մեր հոգիները…

Հայի Ոգուն

Օ՛ Հայի Ոգի…

Տիեզերքի անհունից եկած եւ երկրային բնության հետ ձուլված Հայի Ոգի: Դիմում եմ Քեզ՝ հայացքս ուղղելով իմ ներսը՝ Գենիս ԱրԱրչադիր եւ ԱրԱրչահաղորդ, որ Քո ԱրԱրչության Արգասիքն է: Ես զգում եմ Քեզ՝ Հայի Ոգի, զգում եմ Քո ջերմությունն ամեն մի բջիջովս, սակայն, տու’ր ինձ զորություն, որ զգալս ի նպաստ դնեմ Քո վերահաստատման համար: Հայության մեջ Քո հավերժական հաստատման համար:

Օ՛ Հայի Ոգի, տու’ր ինձ այդ զորությունը՝ Ազգիս հանդեպ Առաքելությանս հաջող ավարտի համար, եւ այնժամ տա’ր ինձ, որ միաձուլվեմ Քեզ, դառնամ մեկ հյուլեն Քո Զորության եւ մասնիկը՝ Ազգիս Ոգեղենության…

Նախնյաց Քավարանով

…Հուդա-քրիստոնեությունը հրով եւ սրով մտավ Հայք ու կատարեց իր դավադիր հայասպան առաքելությունը…

Չարը գրեթե ոչնչացրեց ամեն հայկական բան եւ Հայոց Ոգին առժամանակ ծնկեց, դարձավ աղերսող ու օտարադավան: Հայի Ոգին հեռացավ հայից ու հայի մարմինը Հայքում դարձավ ծանր բեռ՝ մեր ԱրԱրչական Բնօրրան-Հայրենիքի համար…

Ազգայինը մեծավմասամբ դուրս հանվեց հայի մարմնից, տեղը լցվեց ապազգային ախտ… Այլաբանորեն Ազգը նաեւ հոգի է, իսկ Հայրենիքը՝ մարմին, եւ Հայոց Մարմինը գրեթե անհոգի մնաց…

Օ՛ Նախնիք, ախր այդ ի՛նչ արեցիք, ինչպե՛ս ՄԵՐ տունը, հավատքը, մշակույթն ու պատմությունը կուրորեն նվիրաբերեցիք օտարին՝ թշնամուն: Ի՞նչ էին թողել ձեզ ձեր հայրերն ու պապերը, եւ ի՞նչ թողեցիք դուք մեզ… ու՞մ առաքելությանը ծառայեցիք… բայց արդեն բա’վ է:

Օ՛ Հայոց Աստվածներ, ես միանում եմ Րաֆֆու՝ (1) Ձեզ ուղղված կենացին, բայց նաեւ մեղանչում եմ իմ Նախնյաց ճակատագրական սխալների համար: Արդ, ի’նձ տարեք Ձեր քավարանով՝ որպես զոհաբերություն, թող արյունս լինի հատուցում՝ անցյալի մեղքերի, բայցեւ հետ եկե’ք, զորացրե’ք Ազգը Հայոց, վերամիավորե’ք Հայրենիք – Հայքը՝ ԱրԱրչության Օրրանը:

Հավերժ փա՛ռք, վասն Հայքի ու Հայության նահատակված՝ իրենց կյանքը զոհաբերած Հայորդիներին-Արորդիներին, եւ նոր ծնունդ նըրանց սրբազան հոգիներին՝ եկող սերնդի մեջ…

(1) - Ո՜վ հայրեր, ո՜վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի եւ անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:

Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի եւ մեր կանանց չէին հափշտակի

Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը եւ քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը եւ թագը, վերցրեց խաչը եւ մտավ Մանյա այրըճգնելու

Ո՜վ Հայոց հին աստվածներ, ո՜վ Անահիտ, ո՜վ Վահագն, ո՜վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ… (Րաֆֆի)

Խոստովանանք Եղբայրներիս Զորավոր

Օ՛ Վահագն, Աստված Հայոց Զորության, Քո ձեռքի հպումն եմ զգում ծոծրակիս՝ արդեն տարիներ շարունակ: Ինչքա՛ն են ջերմանում հոգիս ու մարմինս այդ հպումից, ի՛նչ զորավոր ես Աստվա’ծ իմ, Եղբա’յր իմ՝ Վահագն: Ինչքա՛ն եմ երազել տեսնել Քեզ արթմնի, լինել կողքիդ, Ինչքա՛ն եմ ցանկացել, որ Ավագ Եղբոր պես համբուրես ճակատս ու օրհնես Արահետս, Օ՛ Վահագն:

Ինչքա՛ն եմ զգացել Քո ներկայությունը, Քո ձեռքը՝ կռվազան տարիքում, իմ դժվարին օրերին, հատկապես պատերազմի տարիներին՝ ռազմադաշտում, նաեւ՝ այլուր… Քո հետ բարձրացա Արագածի գագաթը՝ խոսելու Հայ Աստվածների հետ, ազատորեն ու վեհության մեջ տեսնելու Մասիսները, հիշու՞մ ես, երբ ուժասպառ էի, հենց գագաթի տակ մի վերջին ճիգով Քեզ կանչեցի… Առաջին անգամ բարձրաձայն կանչեցի:

Օ՛ Վահագն, ապավեն եղիր մեր գործին, վասնզի այն եթերային մի անկտրելի ոգեղեն թել է՝ ՄԵՐ անցյալ, ներկա եւ գալիք սերունդների Առաքելության մեջ…

Ուժդ անսպա’ռ, Զորության Աստված:

Քաջազուն Եղբայր իմ՝ Գարեգին Նժդեհ, ինչքա՛ն եմ ձգտել նմանվել Քեզ, զենքի եւ գրչի ոգե-գաղափարական Եղբայր ու Ընկեր հարազատ:

Ներկայիս հայ նվիրյալ տեսակի համար յուրահատուկ «կաղապար» ես, որի մեջ ամեն հայ իր չափն ու դերը պիտի զգա…

Ինչքա՛ն եմ սնվել-սնվում Քո ցեղակրոն-արիական ուսմունքից, Քեզ պես երազել եմ խոսել Վահագնի հետ («Աստվածը հին՝ Արիական Հայության»), ինչքա՛ն եմ Քո հետ համաձայնել, որ «մի նոր Սուրբ Գիրք պիտի դրվի մեր ժողովրդի ձեռքը՝ Արիների Ավետարանը…» եւ այժմ էլ ես եմ ձգտում դրան:

Օ՛ Նժդեհ, ոգու, մտքի եւ զենքի ազգային եւ համամարդկային հսկա, Աստվածամարդ կամ Կիսաստվածային Եղբայր իմ, արդեն Վահագնացած Հայորդի, ու’ժ տուր ինձ՝ նույնպես հասնելու Վահագնին…

Թո՛ղ Տիեզերքի ԱՐԱՐԻՉՆ ու Հայր Արան լինեն ապավեն Ձեզ եւ մեզ բոլորիս: Փա՛ռք Ազգին եւ առա՛ջ դեպի Հայոց Առաքելություն

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։