Տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու են
Հանձնաժողովն էլ ձեւական են ստեղծել
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման համար հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել:
Երբ նայում ես հանձնաժողովի կազմը, պարզ է դառնում, որ՝ 1. ուղեվարձը թանկանալու է (տե՜ս այդ կազմը «Լուսանցք»-ի PDF թողարկումում): 2. Տարոն Մարգարյանն այդ թանկացումն անելու է հանձնաժողովի ձեռքով: 3. Թանկացումից հետո էլ տրանսպորտի վիճակը չի լավանալու: 4. Հիմա էլ շրջանառում են 250 դրամի տարբերակը, որ հանրությունը 150 դրամից մի բան էլ գոհ մնա:
Այս ամենից մի ելք կա՝ երկրի նախագահը պետք է ուղեվարձի թանկացման համար «կյանք տվող» Տարոն Մարգարյանին եւ քաղաքապետարանի որոշակի աշխատակիցների ստիպի օգտվել հանրային կանգառներից եւ հանրային տրանսպորտից: Սա կփոխի իրավիճակը նույնիսկ այդ պաշտոնյաների լիքը գրպանների դեպքում. նրանք շատ արագ կհասկանան, որ տրանսպորտի ներկայիս խայտառակ վիճակի պատճառը ոչ թե 100 դրամ ուղեվարձն է, այլ՝ հենց իրենք: Եվ փոխել է պետք ոչ թե սակագինը, այլ՝ իրենց:
Հիմա մանրամասնենք: Հանձնաժողովի ստեղծումը լրիվ ձեւական է, որովհետեւ երբ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը գագաթնակետին էր հասել, Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ հանձնաժողով է ստեղծվելու, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկվի հարցը: Բայց հազիվ թե դա քննարկվի, որովհետեւ այս ամբողջ ընթացքում այդ նույն քաղաքապետարանը չկարողացավ որեւէ հարց լուծել տրանսպորտի վիճակը բարելավելու համար, որպեսզի հիմա էլ ասի թե՝ տեսեք, այդ 150 դրամը լինելու է, որպեսզի ունենանք ա՜յս բարվոք վիճակը: Կամ՝ ի՛նչ հարց պիտի լուծի այդ հանձնաժողովը, եթե դրա գերակշիռ մասը աշխատելու է ինքնանպատակ՝ հօգուտ թանկացման:
Բանն այն է, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալն է Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը: Տարոն Մարգարյանը չկա: Հանձնաժողովի անդամներն են Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ Նաիրա Նահապետյանը, քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ում հրաժարականն էին (եւ են) պահանջում քաղաքապետարանի առաջ նստացույց անող ակտիվիստները: Մի խոսքով, հանձնաժողովի անդամ են քաղաքապետարանի այս ու այն պաշտոնյան, մի քանի անհայտ եւ հայտնի հ/կ-ների անդամներ: Եվ ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ականները կամ քաղաքապետարանի աշխատակիցները պիտի դե՞մ լինեն թանկացմանը: Միանշանակ՝ ոչ: Հա, հանձնաժողովի կազմում մի քանի գործիչներ էլ կան, բայց նրանք թեկուզ ոչ լայն հանրությանը, բայց մշտապես հայտնի են իրենց՝ իշխանական որոշումները հավանելու կեցվածքով:
Հանձնաժողովի որոշումը կայացվելու է անդամների կեսից ավելի ձայներով: Իսկ ովքե՞ր են այդ կեսից ավելին: Պատասխանը հստակ է՝ դես անցնողներն ու դեն անցնողները: Ուրեմն՝ պատրաստվենք ուղեվարձի թանկացման դեմ նոր պայքարին:
ԱստղինեՔարամյան
Ուկրաինան վարձով է տրվում
Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են իրենց մշակելի հողի 5%-ը վարձակալական հիմունքներով տրամադրել Չինաստանին՝ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու նպատակով: Որոշված է, որ հողերը վարձով են տրվելու 50 տարով, որի ընթացքում Չինաստանը կվերահսկի 3 մլն հա տարածք:
Շեղաչյաները մշակելու են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի արեւելյան հատվածի տարածքը, որն այդ երկրի գյուղատնտեսական նշանակության հողերի 9%-ն է: Վարձակալված հողերում խոզ կբուծեն ու հացահատիկ կաճեցնեն: Մթերքը ամբողջությամբ կուղարկվի Չինաստան՝ աճող բնակչության պահանջը բավարարելու համար:
Մեր որոշ միջին պաշտոնյաներ հիմա կնախանձեն, որ իրենք չկարողացան Սյունիքի արոտավայրերը իբր պարսիկներին, իրականում՝ ադրբեջանցիներին վարձակալության տալ: Թե մեր չկամնե՛րն ինչու չուզեցին. լիքը ոչխար կգար Հայաստան՝ ավելացնելով տեղի ոչխարների գլխաքանակը:
Հարուստ են, էլի՜
«Ալիանս» ապահովագրական ընկերությունը աշխարհի ամենահարուստ պետություն է ճանաչել Շվեյցարիան՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ծավալով: Շվեյցարիայում մաքուր ֆինանսական ակտիվների միջին չափը մեկ շնչի համար 2012թ. կազմել է 141.895 եվրո։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն է՝ (100.711 եվրո), իսկ 3-րդում՝ Ճապոնիան (83.610 եվրո):
Առաջին տասնյակում են Բելգիան, Նիդեռլանդները, Կանադան, Սինգապուրը, Թայվանը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան: Լավագույն քսանյակում տեղավորվել են Շվեդիան, Դանիան, Իսրայելը, Իտալիան, Ավստրիան, Գերմանիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան:
Հիմա՞ է վախենում
Շվեյցարայի առաջատար Credit Suisse բանկը հայտնել է, որ պատրաստվում է փակել իր հաճախորդների հաշիվները 50 երկրներում: Բանկն այսուհետ կկենտրոնանա միայն առավել հարուստ երկրների վրա:
Վարկային այս կառույցն իր որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ չի ցանկանում վտանգել հեղինակությունը՝ աշխատելով այնպիսի երկրներում, որտեղ դրամաշորթության, հանցավորության բարձր մակարդակ է տիրում: Վերջին կատեգորիայում կհայտնվեն Կոնգոն, Անգոլան եւ Թուրքմենստանը:
Միաժամանակ Դանիայում եւ Իսրայելում բանկը կկենտրոնանա միայն այն հաճախորդների վրա, որոնց ավանդների ծավալը կգերազանցի 1.1 միլիոն դոլարը: Բանկը, ներկայացնելով իր նախնական հաշվարկները, ասել է, թե մանր շուկաները լքելով, կտնտեսի 150 մլն ֆրանկ: Ի դեպ, Credit Suisse-ը ակտիվների ծավալով Շվեյցարիայի երկրորդ բանկն է, որի եկամուտը անցյալ տարի կազմել է 2.18 մլրդ շվեյցարական ֆրանկ: Հետաքրքիր է, որ բանկը տարբեր երկրներում բացվելիս «չգիտեր» դրամաշորթության մասին:
Ամենաերջանիկ երկրների ցանկը
ՄԱԿ-ը կազմել է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը, Հայաստանը զբաղեցրել է 128-րդ հորիզոնականը: Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում ընդգրկված է 150 երկիր: Վարկանիշային ցուցակը կազմվում է քաղաքական ազատությունների, բնակչության սոցիալական ապահովության համակարգի, կոռուպցիայի բացակայության եւ այլ չափանիշների հիման վրա: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դանիան, 2-րդ տեղում՝ Նորվեգիան է, այնուհետ հաջորդում են Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան եւ Կանադան: Ռուսաստանը 68-րդն է, Թուրքիան՝ 77-րդը, Իրանը՝ 115-րդը, Ադրբեջանը՝ 116-րդը, Վրաստանը՝ 134-րդը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



