– Սհաթները չօրհնելու՜ ժամանակները – Վերլուծելու կարողությա՞ն պակաս.
…Մինչդեռ պիտի գոնե ճշմարիտն ասեն, օրինակ, ժողովուրդ ջան, մենք սովոր ենք միանգամից հարստանալու ու արագ փողեր աշխատելու…
– Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին.
…Այսպես՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար…
Սհաթները չօրհնելու՜ ժամանակները
Մեր գործարարաները երբեմն այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ապշում ես: Վերջերս էլ բոլորը միաբերան ողջունում են Մաքսային միություն մտնելու հանգամանքը ու բացատրում դա այն հանգամանքով, որ մենք Եվրոպային ծախելու ապրանք չունենք, որովհետեւ Եվրոպան շատ է որակի վրա շեշտադրում անում: Ու մեր գործարար պատգամավորները օրհնում են էն սհաթը, երբ մեր ոտը կմտնի ռուսական շուկա, որովհետեւ այստեղ այդքան էլ որակ չեն ուզում: Եվ ուրեմն՝ մերոնք եվրոպացիների հետ առ եւ տուր անել չեն ուզում:
«Մենակ Հայաստանը չի, եվրոպական ցանկացած խանութ մտեք, արեւելաեվրոպական ոչ մի ապրանք էլ չեք գտնի…Պեռնո Ռիկարը՝ մեր կանյակի սեփականատերը ֆրանսիական ընկերություն ա, եւ կարող եք ինքներդ ստուգել, եվրոպական ոչ մի խանութում ցավոք սրտի մեր կանյակը էս 20 տարում չկա»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը:
«Իմ ընտանիքին պատկանող բիզնեսը շինարարական բիզնեսն է, իսկ ամենամեծ շուկան էլի Ռուսաստանն է այսօր»,-ասում է ԲՀԿ-ական Արագած Ախոյանը:
«Եվրոպայում մեր ապրանքները երբեք էլ եվրոպացին չի գնել, այլ այնտեղ ապրող ռուսը: Եվրոպա գնում ա գինի, կոնյակ, գյուղմթերքներ, բանջարեղեն, թարմ բանջարեղեն, 99 տոկոսը վաճառվում ա էն խանութներում, որոնք պատկանում ա ռուսին»,- սա էլ ասել էր Ալեքսան Պետրոսյանը, ով ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, ու հավելում է. «Ռուսների հետ հնարավոր է պայմանավորվել բանավոր, եվրոպացիներն աշխատում են պայմանագրերով եւ պատժամիջոցներով»:
Այնուամենայնիվ, ուզում եմ բացատրել մեր գործարարներին, որ խոսելիս մտածեն ու հիշեն, որ կողքները կարող է իրենց գյուղից մարդ լինել ու հերքել իրենց ասածները: Եվ այսպես՝ Եվրոպայում արեւելաեվրոպական, ասենք, լեհական, ռումինական ապրանք կարելի է գտնել, եթե իհարկե որակով է:
Կամ՝ ֆրանսիական «Պեռնո Ռիկար»-ը մեր կոնյակի գործարանը չի գնել հայկական կոնյակը Եվրոպայում վաճառելու համար: Ֆրանսիական ընկերության համար կարեւորը իր ազգային կոնյակի համբավն ավելացնելն է, այն է՝ ամբողջ աշխարհը կոնյակ ասելով պիտի հասկանա ֆրանսիական: Իսկ հայկականի համբավը թող գրողի ծոցը կորչի, ռուսական շուկան էլ հերիք է: Ի՛նչ է, մերոնք սա չգիտե՞ն…
Կամ՝ դատելով մեր պատգամավորների ասածից՝ ռուսը գիշեր-ցերեկ չի քնում, որ հենց հայկական ապրանք տեսնի, վերցնի իր խանութում դնի ու իրացնի:
Մի խոսքով, ծիծաղելի մեկնաբանություններ են: Մինչդեռ պիտի գոնե ճշմարիտն ասեն, օրինակ, ժողովուրդ ջան, մենք սովոր ենք միանգամից հարստանալու ու արագ փողեր աշխատելու, դրա համար էլ որակի մասին չենք մտածում:
Կամ՝ որակի մասին որ մտածենք, լիքը ներդրումներ ու տեխնոլոգիաներ պիտի կիրառենք, դրա ոչ հավեսն ունենք, ոչ՝ ժամանակը:
Կամ՝ եվրոպացին որակ, ծավալ ու ժամկետներ է ուզում: Էդ ամեն ինչն էլ ֆիքսել է ուզում պայմանագրով: Իսկ ռուսների հետ մենք ախպերավարի, գեղական, բանավոր կպայմանավորվենք, որ չկարողանանք էլ՝ ոչ թուղթ կա, ոչ թանաք:
Չնայած, գործարարներից մեկն այս առումով անկեղծացել է:
Ես երկնքից ընկած չեմ եւ հասկանում եմ՝ ինչ է կատարվում:
Հասկանում եմ, որ պետք է Մաքսային միությանը կողմ արտահայտվեն պատգամավորները: Բայց ոչ այսպես՝ անմտածված, չպատճառաբանված կամ չտրամաբանված: Կարելի է այլ ձեւեր մտածել, փաստարկներ ու հակափաստարկներ գտնել:
Մի խոսքով, խորհրդատվություն կարող եմ կազմակերպել եւ, ի դեպ, անվճար:
Ի վերջո, երկրիս պատիվն է, քանզի խոսացողը երկրիս ոչ բարով պատգամավոր-գործարարն է:
Ամաչել չեմ ուզում…
Արմենուհի Մելքոնյան
Իսկ տուժողը փնտրում է պատվիրատուին
Այս գործը նախաքննության փուլում խոստանում էր լինել աղմկահարույց, բայց վերջացավ ինչպես մի հերթական դատավարություն: Դեռ վերջերս կարծիք կար, որ կբացահայտվի պատվիրատուն(ները), որ հնարավոր է արտերկրի ուժեր լինեն: Բայց վճիռը կայացվեց Հայաստանի սահմաններում:
Մինչ դատավճիռը Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վստահ էր, որ կապացուցի իր պաշտպանյալի անմեղությունը, չնայած կարծիք ուներ, որ «մեր դատարաններից ամեն ինչ սպասելի է»: Նա նաեւ ասել էր, «ո՛նց նայում եմ, Սեդրակյանին դատում են Խաչիկի զոքանչի ցուցմունքով», բայց այլ փաստերի առկայությամբ դատավճիռը ծանր ստացվեց եւ դատապաշտպանը ստիպված հայտնեց. «Դատավճիռը ստանանք, տեսնենք ինչ են «ստեղծագործել» ու կզրուցենք մի քանի օրից»: Կենտրոնի դատարանով կյանքը չի վերջանում, նշել է նա եւ հայտնել, որ «Էպոսագետի գործով» կհասնի մինչեւ Եվրադատարան: Իհարկե, դեռ բողոք կներկայացնեն, եւ եթե Վերաքննիչ դատարանում հաջողություն չունենան, կդիմեն Վճռաբեկ, այնուհետեւ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Այսպես՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվել է 14 տարի ազատազրկման՝ նախկին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար:
«Շատ խիստ պատիժ էր»,- կարծում են «էպոսագետի» կողմնակիցները, քանզի համոզված են, որ Վարդան Սեդրակյանն այս գործի հետ կապ չունի եւ պատիժը նշանակվել է «աչքաչափով»: Այս գործով ամբաստանյալներ էին նաեւ Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը, որոնց համար մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել էր համապատասխանաբար՝ 14 եւ 13 տարվա ազատազրկում: Դատարանի վճռով առաջինը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, իսկ երկրորդը՝ 13: Դատավճիռը շատ նորմալ ընդունվեց նիստերի դահլիճում նստած ամբաստանյալների հարազատների կողմից, իսկ «էպոսագետը» անգամ ժպտում էր դատավորի հրապարակած վճռից հետո:
Հետաքրքիր է, որ Պարույր Հայրիկյանը հայտնել է, թե իրեն չի հետաքրքրում այս դատավճիռը, քանի որ նա դեռ քննության փուլում բողոքել է, որ իրեն հայտնի է պատվիրատու կողմը, սակայն եւ՜ քննիչները եւ՜ դատարանը իրեն դատավարական գործընթացներից հեռու են պահել…
Համենայնդեպս պետք է հիմնավորվի եւ ըստ էության հասկանալի լինի այն դրդապատճառը, որի համար մի նախագահի թեկնածուն փորձում է սպանել մյուսին: Ո՞րն է պատճառը, գուցե անգամ՝ շահը… եթե այն կա նախընտրականի համապատկերում:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



