6 դար ընդմիջումից հետո – Աննախադեպ փաստ, որ գուցե եւ հզոր լծակ դառնա – Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային…

Անկախ այն հանգամանքից, թե հայության արիադավանհեթանոս, աթեիստ կամ այլահավատ հատվածներն ինչ կարծիք ունեն քրիստոնեության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասին, պետք է արձանագրել, որ սա այն դեպքն է, երբ մասնակցում են աշխարհասփյուռ հայության (որ ապրում են ավելի քան 100 երկրներում) հոգեւոր կրոնական ներկայացուցիչները, ովքեր կարող են նշյալ քանակի երկրներում համահայկական հարցեր լուծել:

Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային, այլ շոշափեն իրապե՜ս համազգային տիրույթի հիմնախնդիրներ

«Սեպտեմբերի 24-27-ը Ս. Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի օրհնությամբ եւ ներկայությամբ տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը,- հայտնել են Էջմիածնի լրատվական ծառայությունից, եւ հավելել,- երկար տարիներ անց հայրենիքում հանդիպել են Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչները: Սա արդեն իսկ կարեւոր փաստ է, քանի որ եպիսկոպոսաց ժողովն ի սկզբանե՝ առաքելական հայրերի ժամանակաշրջանից սկսած, դիտվել է որպես եկեղեցու բարձրագույն իշխանության մարմին: Սուրբ Իգնատիոս Անտիոքացին եպիսկոպոսին համեմատում է Քրիստոսի հետ եւ եպիսկոպոսական իշխանության հետ է կապվում  եկեղեցու առկայությունը: Եվ այսօր, այս մարմնի ներկայացուցիչները իրավասություն ունեն եկեղեցու գործունեության բոլոր ոլորտներում ընդունելու ցանկացած տեսակի որոշում՝ դավանաբանական, ծիսական, հոգեւոր-քարոզչական, վարչական-կառուցվածքային եւ այլ­ն»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ժողովը եւ ընդգծել, որ հայ եկեղեցու համար պատմության մեջ նոր փուլ է բացվում: Եպիսկոպոսաց այս ժողովն առաջինն է, որին ներկա են Հայ Եկեղեցու ամբողջական եպիսկոպոսաց դասը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսության եպիսկոպոսները: Եպիսկոպոսաց ժողովի փոխնախագահներն էին Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքները:

Սա, իրոք, աննախադեպ իրադարձություն է հայության ներկայիս կրոնա-հոգեւոր ոլորտում, եւ առավել կարեւոր կդառնա իր նշանակությամբ, եթե կարողանա ընդունած որոշումները կյանքի կոչել: Իսկ դրանք առնչվում են հայության ոչ միայն կրոնական, այլեւ քաղաքական, բարոյական եւ այլ խնդիրների: Օրինակ՝ քննարկվել է նաեւ «սեքսի» ազատության հարցը: «Ա1+»-ի հետ զրույցում Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նշել է, որ «ժողովի ընթացքում քննարկվել են հայ եկեղեցու առջեւ ծառացած մի շարք խնդիրներ, որ վերաբերում են դավանաբանական, ծիսական հարցերին: Կան նաեւ խնդիրներ, որոնք առկա են ոչ միայն Հայաստանում, այլեւ սփյուռքու­մ»: Երբ հայ երիտասարդներն ամուսնանում են օտար ազգերի ներկայացուցիչների հետ, այդ ժամանակ բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որ «անպայման հայ եկեղեցին պիտի կարողանա գոնե սկիզբը դնել այդ հարցերի կարգավորման, որպեսզի ընթացքը լինի ավելի սահուն եկեղեցական գործունեության մե­ջ»:

Հոգեւորականները մտահոգված են, քանի որ Հայաստանը վխտում է աղանդավորական տարաբնույթ շարժումներով, մեր երկիր է եկել այսպես կոչված «գենդերային շարժման ողբերգությունը», սեռական ազատության, իրականում սանձարձակության խնդիրը, որ խղճի ազատություն, մարդու իրավունքների ազատություն անվան տակ այլասերում ու այլանդակում են մեր ազգային կերպարը: Այս հարցերը, ըստ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի տրամադրության, «անքակտելիորեն առնչվում է հայ եկեղեցու հե­տ»: Այդ խնդիրները բարձրացնելով՝ կրոնական պատասխանատուներըինչոր կերպ ուզում են նպաստել վաղվա ավելի առողջ ազգային դեմքի ստեղծմանը:

Ընդհանրապես, եպիսկոպոսաց ժողովների ընթացքում քննարկվում են ժամանակի մարտահրավերները, «թե ինչ խնդիրներ են ծառացած Հայ Առաքելական Եկեղեցու, հավատացյալների առջեւ, եւ դրանց լուծումն առաջնային նշանակություն ունի՝ եկեղեցու եւ հավատացյալների միջեւ կապն ամրապնդելու համար, որպեսզի ավելի արդյունավետ ծառայեն ժողովրդին»: Բարձրաստիճան եպիսկոպոսների գլխավորությամբ ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը կազմել էր ժողովի օրակարգը: Նախապատրաստական աշխատանքներում ընդգրկված էին նաեւ «Մայր Աթոռի այլ միաբաններ ու աշխարհականներ, ովքեր այս օրերին ժրաջան կերպով աշխատում են՝ ամեն բան ըստ պատշաճի եւ լավագույնս անելու համար»: Սա հայ քրիստոնյաների համար պատմական ժողով է, եւ «ամենամանրակրկիտ աշխատանքն է կատարվել, որպեսզի նաեւ կազմակերպչական առումով արտահայտվի եպիսկոպոսաց ժողովի վայելչությունն ու գեղեցկություն­ը»:

Հատկապես կարեւորվել են երկու հարցեր. «Մկրտության միօրինակ ծեսի որդեգրումը, Հայ Եկեղեցում սրբադասման ավանդության վերականգնումը եւ այդ շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման խնդիր­ը»:

Մեծ եղեռնի զոհերի սրբադասման համար ստեղծված էր հատուկ հանձնախումբ, որը մի քանի տարի շարունակ աշխատել է այս ուղղությամբ: Հանձնախումբը բերել էր իր առաջարկները՝ «հավաքականորե՞ն պետք է սրբացնել, որոշ խմբերի՞, թե՞ անհատներ­ի»:

Ըստ Էջմիածնի պատասխանատուների. «Եկեղեցին բաղկացած է երկու մասից՝ զինվորյալ եւ հաղթական:  Սրբերը ներկայացնում են հաղթական եկեղեցին, եւ բարեխոս են մեզ համար: Սրբեր ունենալը Եկեղեցու կենդանության նշան է, եւ մեր Եկեղեցին միշտ ունեցել է սրբեր, սակայն պատմական տարբեր իրավիճակների եւ խնդիրների պատճառով ժամանակի ընթացքում հնարավորություն չի եղել այս հարցերին անդրադառնալու. 17-րդ դարից ի վեր մեր եկեղեցում սրբադասում տեղի չի ունեցե­լ»:

Մկրտության հարցի առնչությամբ քննարկվել է այլ եկեղեցիների կողմից կատարված մկրտության ճանաչման խնդիրը, որի շուրջ հավատացյալներից բազմաթիվ նամակներ եւ գրություններ են գալիս, օրինակ, իրավունք կա՞ ճանաչել այն անձի մկրտությունը, որ կատարվել է Բողոքական Եկեղեցու ներկայացուցչի կամ կին քահանայի կողմից եւ այլն: Առավելապես այսօրինակ հարցեր լինում են սփյուռքի հայության հետ, ուստի պետք է հարաբերակցության մեջ լինել այլ կրոնների, այլ եկեղեցիների ներկայացուցիչների հետ, որովհետեւ մարդիկ կարող են տարբեր հարանվանությունների անդամ դառնալ, եւ կամ խառնամուսնությունների խնդիրներ են լինում: Սրանք լուրջ խնդիրներ են առաջացնում կրոնական եւ ազգային հարցերում: Այստեղ մի կողմից կարեւոր է մեր ազգային արժեքներին, ավանդություններին հավատարիմ մնալը, մյուս կողմից՝ երկխոսության ոգին եւ այլ եկեղեցիների հետ հարաբերությունները պահպանելը:

Ահա այս երկու գլխավոր հարցերն են հիմնականում եղել ժողովի օրակարգում, սակայն ինչպես հոգեւորականներն են նշել, «ապրում ենք բազմամշակութային հասարակությունում, որ իր հետ բազմաթիվ մարտահրավերներ է բերում», ուստի եղել է անդրադարձ նաեւ այլ խնդիրների:

Մայրավանքի տեսուչ Արարատ եպիսկոպոս Գալթակճյանի կարծիքով՝ երկու կարեւոր հարցերից առաջինը հեշտ լուծվող հարց է եւ առաջին ընթերցմամբ կանցնի, մի փոքր փոփոխություններ կլինեն: «Կարեւորը երկրորդն է, որը ավելի դժվար է այն իմաստով, թե ինչպիսի որոշում պիտի ընդունվի սրբադասման համար: 600 տարի է, դա տեղի չի ունեցել, եթե եղել է, մոռացել ենք ձեւերը, կանոններ եւ օրենքներ են հարկավոր, որի հիման վրա այդ սրբադասման գործընթացը վերջնական ձեւի մեջ մտն­ի»: Առհասարակ սրբադասման հարցն է դրվել, իսկ քանի որ «շուտով Հայոց Ցեղասպանության 100-ամյակն է, այդ նահատակների սրբադասման հարցը պետք է լինի առաջին­ը»: Անշուշտ գալիք տարիներին այդ հարցը կհստակեցվի եւ կանդրադառնան նաեւ 15-16-րդ դարերից այս կողմ, որովհետեւ Տաթեւացուց հետո նոր սրբեր չեն եղել, իսկ պատճառն, ըստ եկեղեցականների, այն է, որ չեն կարողացել մեկտեղվել:

Այժմ շատ հոգեւորականներ են բարձրաձայն խոսում, որ այն հարցերը, որոնք համահայկական բնույթ են կրում, կարող են առաջացնել Եպիսկոպոսական ժողով հրավիրելու անհրաժեշտություն:

Պետք է անդրադառնալ այն հրատապ հարցերին, որոնք հուզում են հայ ժողովրդին, եկեղեցուն՝ հայ ժողովրդի միաբանության, արտագաղթի վերաբերյալ եւ այլն: Այս հարցերը արծարծվել են նաեւ այս ժողովում, բայց դրանք լուրջ խնդիրներ են, եւ պետք է երկար զբաղվել այդ հարցերի լուծմամբ:

Հուսանք, որ հայության ազգային, ավանդական ու ընտանեկան արժեքների եւ կեցակարգի բոլոր հարցերը այսուհետ կարժանանան եկեղեցականների առավել համակ ուշադրությանը եւ չեն համատեղվի, ավելին՝ ձուլվի եվրա-ասիա-աֆրիկա-ամերիկյան տարաբնույթ արժեքների հետ:

Անի  Մարության

Հ.Գ. – Անկախ այն հանգամանքից, թե հայության արիադավանհեթանոս, աթեիստ կամ այլահավատ հատվածներն ինչ կարծիք ունեն քրիստոնեության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասին, պետք է արձանագրել, որ սա այն դեպքն է, երբ մասնակցում են աշխարհասփյուռ հայության (որ ապրում են ավելի քան 100 երկրներում) հոգեւոր կրոնական ներկայացուցիչները, ովքեր կարող են նշյալ քանակի երկրներում համահայկական հարցեր լուծել:

Մնում է, որ այդ հարցերը չլինեն բացառապես եկեղեցական արարողակարգային, այլ շոշափեն իրապե՜ս համազգային տիրույթի հիմնախնդիրներ:

«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի«Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.