ԱՊՀ-ում համաթուրքական դաշինք կա – Երբ արդեն նախագահն է շեշտադրում ՀԱՊԿ որոշ երկրների հակահայ դրսեւորումները…

Եվ ափսոս, որ չի հնչեցվել այն հարցը, որը հասունանում է այսքան խոսքերից հետո. եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրները, ըստ առկա պայմանագրերի, Հայաստանին են օժանդակելու՞, թե՞ համաթուրքական դաշինքում այլ բնույթի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ

Մաքսային միությանը միանալու Երեւանի կտրուկ դիրքորոշումը եւ Կիեւի ակնհայտ դիմադրությունը Մոսկվայի ճնշումներին, միջազգային ասպարեզում առավել հետաքրքական է դարձրել ԱՊՀ տարբեր կառույցների գործունեությունների քննարկումները: Այս համապատկերում Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ռուսաստան, այցն աշխատանքային էր: Սոչիում Հայաստանի ղեկավարը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նստաշրջանին: Նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների ընթացքի արծարծումներից բացի, քննարկվել են նաեւ մեզ համար կարեւոր՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդման ու կատարելագործման, ռազմական բաղադրիչի զարգացման, մասնավորապես՝ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծման հնարավորությունների ու ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման մեխանիզմների վերաբերյալ հարցեր:

Սոչիում էին նաեւ Հայաստանի այլ պաշտոնյաներ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ովքեր մասնակցեցին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման ընթացքին եւ հաստատեցին Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նախագծերը, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեն, մինչեւ 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագիրը, ինչպեսեւ սիրիական եւ դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հետագա քայլերը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում ստանձնած Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ամփոփել է համագործակցության շրջանակներում ընթացիկ հարցերն ու առաջիկա քայլերը: Այսպես՝ Մոսկվան անցնում է գործի գլուխ: ՀԱՊԿում ՌԴ նախագահությունը կօգտագործվի ոչ միայն ԱՊՀի շրջանակներում, այլեւ Մաքսային միության կյանքի կոչման հարցում:

Եվ Եվրամիություն Եվրասիամիություն հակամարտությունը մտնում է նոր փուլ:

Արեւմուտքը առաջին կտրուկ արձագանքներից հետո կարողացավ սառը դատել եւ Հայաստանի նկատմամբ չկիրառվեց «կամ-կա­մ»-ի տարբերակը: Անգամ նշվեց, որ գուցե այլ պայմանավորվածություններով, բայց Հայաստանի հետ կնախաստորագրվի Ասոցացման փաստաթուղթը: Մեր երկիրը կմնա Արեւելյան գործընկերության ակտիվ մասնակիցը:

Սա թերեւս անսպասելի էր Մոսկվայի համար, որտեղ գրեթե վստահ էին, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը կարգելափակի Երեւանի եվրաուղղությամբ ջանքեր: Սակայն ինչպես նշեցինք, թե Բրյուսելը, թե Վաշինգտոնը հասկացան հայկական կողմի դժվարին կացության մեջ հայտնված լինելու վիճակը:

Այս ամենը հասկանում է նաեւ ՀՀ նախագահը, եւ փորձելով շարունակել Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքական գիծը, նա կարճ ժամանակում կարողացավ ՀՀ համապատասխան պաշտոնյաների միջոցով Արեւմուտքին ներկայացնել ստեղծված իրավիճակը:

Իսկ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահը բարձրաձայնեց, որ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ ընդունում են հայտարարություններ՝ իհակադրություն ՀԱՊԿ որոշումների, չնայած Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման կողմնակիցն է եւ այն համարում է անդամ պետությունների անվտանգության երաշխիք: Երեւանը հանդես է գալիս անդամ երկրների ինքնիշխանության եւ անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման եւ արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից:

Սերժ Սարգսյանը պարզորոշ նշել է, որ միշտ ընդգծել է, թե համատեղ աշխատանքի արդյունավետության եւ կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումը ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից: Հայաստանը մշտապես եւ ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, քանի որ ելնում է դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից եւ հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից: Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական:

Այդուհանդերձ, ըստ նախագահ Սարգսյանի, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասով, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Բերել է ընդամենը մեկ օրինակ. անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը, եւ տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաեւ համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում եւ ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: Հասկանալի է, որ խոսքը թյուրքալեզու միջինասիական երկրների մասին է, որ բացի ԱՊՀ անդամ լինելուց նաեւ համաթուրքական դաշինքի անդամներ են եւ այնտեղ էլ են ստանձնել պարտավորություններ:

Լավ է, որ այս մասին ասվեց հենց այն ժամանակ, երբ մեր դաշնակից Ռուսաստանը Հայաստանի առջեւ պայմաններ դնելով (հատկապես Արցախի հարցում) այնպիսի իրավիճակ ստեղծեց, որ համաձայնություն ստացավ Մաքսային միությանը միանալու առումով: Բայց Մոսկվան ցինիկաբար ոչ միայն զինեց ու պայմանավորվածություններ ձեռք բերեց ոչ ԱՊՀ անդամ եւ Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ, այլեւ որեւէ պարտադրանք չի կիրառում համաթուրքական դաշինքիԱՊՀական երկներին զերծ պահելու հակահայ հայտարարություններից: Ըստ էության, սա էլ նկատի ունենալով, ՀՀ նախագահը նշել է, թե բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն, բայց ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, կազմակերպության հեղինակության դեմ: Հատուկ շեշտվել է, որ այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների համապատկերին: Եվ ափսոս, որ չի հնչեցվել այն հարցը, որը հասունանում է այսքան խոսքերից հետո. եթե Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ, ապա ՀԱՊԿ անդամ միջինասիական երկրները, ըստ առկա պայմանագրերի, Հայաստանին են օժանդակելու՞, թե՞ համաթուրքական դաշինքում այլ բնույթի պայմանավորվածություններ ունեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:

Փոխարենը, ՀՀ նախագահն ասել է, թե անփոփոխ է մնում կազմակերպության նպատակաուղղվածությունը ՄԱԿ-ի, նրա մասնագիտացված ստորաբաժանումների եւ անվտանգության հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Կարեւոր է, որ ՀԱՊԿ-ն այսուհետ եւս հավատարիմ մնա տարածաշրջանային ու գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատման ուղղությանը: Ընդ որում, արդարացված կլիներ այն, որ այս ոլորտում փոխգործակցությունը կառուցվեր այդ կազմակերպությունների կողմից ՀԱՊԿ-ի հանդեպ դրսեւորվող վերաբերմունքին համաչափ:

Արման Դավթյան «Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.

«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.