Արցախը՝ բանակցային կողմ
…պետք է լինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, եւ Հայաստանը կարող է լինել երաշխավոր կողմ…
Այսօր դարձյալ անհանգիստ է Մերձավոր Արեւելքում, իսկ այդ տարածաշրջանի իրադարձությունները, առավել եւս փոփոխությունները միանշանակ առնչվում են նաեւ Հայաստանին: Հատկապես, երբ գործընթացներում ներգրավված են Թուրքիան եւ Ադրբեջանը եւս: Իսկ մեզ համար արտաքին կարեւորագույն խնդիրն այսօր Արցախի անկախության ճանաչումը կամ Հայաստանի հետ վերամիավորումը արձանագրելն է: Ինչի հապաղումը նոր խնդիրներ է առաջացնում հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր նավթատնտեսական գործարքներով ճնշումներ բանեցնել Արեւմուտքի, վերջերս նաեւ Հայաստանի ռազմավարական գործընկեր համարվող Ռուսաստանի վրա:
Պետք է արձանագրենք, որ հայկական կողմը սկսել է երկխոսության նոր ձեւաչափի մասին խոսել: Եթե Բաքուն նոր ձեւաչաձ ասելով նկատի է ունենում համանախագահ երկրների կազմը փոխելը կամ հակամարտության լուծումը այլ միջազգային կառույց տեղափոխելը, ապա Երեւանում եւ Ստեփանակերտում ձեւաչափի փոփոխությունը տեսնում են հակամարտող կողմերի տիրույթում: Օրինակ՝ նշվում է, որ պետք է լինի ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություն, եւ Հայաստանը կարող է լինել երաշխավոր կողմ:
Չնայած Մաքսային միության բարձրացրած միջազգային աղմուկին, արցախյան հիմնահարցը միշտ մնում է համաշխարհային ուշադրության եւ քննարկման կենտրոնում: Բացի այդ, խնդրի հետ կապված հայտարարություններ եղան եւ՛ ՆԱՏՕ-ի, եւ՛ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ Սերժ Սարգսյանին ուղերձ հղելու տեսքով: Վերջինիս ուղերձում կոչ էր արվում առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները ու համանախագահների հետ ժամանակ եւ ունակություններ գտնել՝ դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց, «քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: ՆԱՏՕ-ն եւս ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում:
Բայց ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում այսօրինակ հայտարարությունները հերթական են համարում, ինչը ոչ մի առաջընթացի չեն հանգեցնում: Դրա համար Արցախի քաղաքական ուժերը արդեն ավելի հստակ են արտահայտվում, որ այդ նշյալ երկխոսությունը պետք է դառնա արցախա–ադրբեջանական, ինչպես նախկինում էր, հակամարտության հենց սկզբից: Արցախցիները հայտարարում են, թե ի վերջո, հարցը Հայաստանին չի առնչվում, Երեւանը չի որոշում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշում եւ հարցին լուծում կտա միայն Արցախ–Ադրբեջան երկխոսությունը:
Արցախցիները նաեւ հստակեցրել են, որ որեւէ փոխզիջման դեմ են, իսկ նախ եւ առաջ անհրաժեշտ է խոսել ԼՂՀ բնակչության անվտանգության մասին: Եվ փոխզիջումները կարող են առնչվել միայն Արցախի բնակչության անվտանգությանը:
Բանակցային գործընթացը կառուցողական հունով կընթանա միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը վերջ դնի իր ապակայունացնող մոտեցումներին ու փոխզիջումների գնալու կամք դրսեւորի. հայտարարել են նաեւ իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի պատասխանատուները: Նրանք մեղադրել են, որ Ադրբեջանի քայլերի պատճառով են բանակցությունները հայտնվել փակուղային վիճակում, ուստի Բաքուն ինքը պետք է կամք դրսեւորի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Հայաստանում նույնպես կարծիք է ձեւավորվում, որ բանակցային գործընթացի կարեւորագույն քայլերից մեկը պետք է լինի Արցախի՝ բանակցային սեղան լիիրավ վերադարձը, եւ առանց դրա դժվար է լուրջ ակնկալիքներ ունենալ: Անգամ հույս է հայտնվել, որ ամերիկացի նոր համանախագահը գործուն ջանքեր կգործադրի հենց այս հարցը լուծելու գործում:
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ԱՄՆ-ի մի քանի նահանգների ու քաղաքների վարչական մարմինների կողմից արդեն իսկ նոր թափ է հաղորդել խնդրի լուծմանը: Վերջերս նաեւ Արցախի Հանրապետություն օտարերկրյա այցելողների թիվն է մեծացել, չնայած այն հանգամանքին, որ Բաքուն մերթ ընդ մերթ ներկայացնում է Արցախ այցելող օտարերկրացիների «սեւ ցուցակ»: Օրերս բրիտանացիներն են այցելել Արցախ, ինչը ողջունել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբ հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսի եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանի հետ: Վերջերս նման այցեր եղել են եվրոպական այլ երկրներից նույնպես՝ Դանիայից, Գերմանիայից եւ այլն:
«Լուսանցք»-ը միշտ է բարձրաձայնել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստն արձանագրելու մասին, բայց գոնե մինչ այդ պետք է ճանաչել հայկական 2-րդ հանրապետության անկախությունը, ինչը Արցախի՝ բանակցային կողմ լինելու հանգամանքը միանշանակ կդարձնի:
Եվ այսօրինակ խոսակցությունները Հայաստանում եւ Արցախում արդեն հաճախակի են դարձել:
Արտակ Հայոցյան
Երեւանը ռուս–ամերիկյան երկխոսությանը կողմ է
«Հայաստանը ողջունում է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները»,- ՀԱՊԿ գագաթաժողովում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա խոսել է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերի մասին եւ նշել, որ այն դրսեւորվել է հատկապես վերջերս մերձավորարեւելյան զարգացումների ընթացքում. «Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը եւ Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը եւ սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար»:
Պաշտոնական Երեւանը հակամարտության առաջին իսկ օրերից հանդես է գալիս դրա շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին՝ համազգային երկխոսության հիման վրա, եւ այդ կապակցությամբ կողմ է, որ միջազգային հանրության, մասնավորապես՝ Սիրիայի հետ հարեւան պետությունների դերը պետք է լինի հենց այդ երկխոսության աջակցության մեջ՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը: Այս համատեքստում էլ ՀՀ նախագահը միանշանակ ողջունել է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
* * *
Հայաստանը ձգտում է ընդլայնել արտաքին կապերը եւ ցանկանում է Համագործակցության Շանհայի կազմակերպությունում (ՇՀԿ) դիտորդի կարգավիճակ ստանալ: Ուստի՝ ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցների աջակցությունը: ՇՀԿ-ն 2001թ. հիմնադրված տարածաշրջանային կազմակերպություն է, որի անդամներ են 6 երկրներ. Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան: Եվս 5 երկրներ՝ Աֆղանստանը, Հնդկաստանը, Իրանը, Մոնղոլիան եւ Պակիստանը, դիտորդի կարգավիճակ ունեն, իսկ Բելառուսը, Թուրքիան եւ Շրի Լանկան «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակով են:
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ» բաժնում



