Ոստիկան–զինվորները՝ հանուն ալիեւյան կլանի
Ադրբեջանի նախագահի ընտրություններին զանգվածային բողոքի ցույցերից վախենալով՝ Իլհամ Ալիեւն ամիսներ առաջ 500 զինվորական է վարձել, ովքեր Ադրբեջանի ՆԳ նախարարության Ներքին զորքերում աշխատանքի են անցել՝ ընդլայնված ծառայության: «Faktxeber» ադրբեջանական գործակալությունը հաղորդում է, որ դա փորձել են գաղտնի պահել: Ադրբեջանի նախագահի ընտրությունները կկայանան 2013թ. հոկտեմբերի 9-ին: Այդ ոստիկան զինվորականների հետ 3-5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվել իսկ աշխատավարձը կազմում է 410 մանաթ (410 եվրո):
Եվ Ադրբեջանի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ նախագահի ելույթը ցույց է տալիս, որ նա բոլոր ադրբեջանցիների նախագահը չէ, եւ ապավինում է համազգեստով ոչ այնքան մեծ ենթաշերտին, որը պատրաստ է պաշտպանել իր շահերը: Նախորդ ընտրությունները կազմակերպվել էին 2008թ. հոկտեմբերի 15-ին եւ 2003թ.-ից գործող նախագահ Իլհամ Ալիեւն այդ պաշտոնում արդեն 2-րդ ժամկետն է անցկացնում: 2009թ. մարտին Ադրբեջանում հանրաքվե է կազմակերպվել Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու նպատակով, ըստ որի՝ միեւնույն անձը կարող է նախագահական պաշտոնը զբաղեցնել ավելի քան 2 իրար հաջորդող ժամկետով: ԵԽ Վենետիկի հանձնաժողովն այդ առումով ասել է. «Մեկ անձին նախագահի պաշտոնում բազմիցս ընտրվելու հնարավորություն տալը գնահատվում է որպես ժողովրդավարության զարգացման գործում մեկ քայլ հետ»:
Հայաստանի նախագահը ցնցեց Ադրբեջանը
Ներքին հակամարտություններն Ադրբեջանում նոր էին սկսում հասունանալ, երբ «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը Հայաստանի նախագահը հայտարարեց, թե մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ ընտրություններում Իլհամ Ալիեւը հաղթեր՝ հավելելով, որ «Հայաստանի համար եւ ոչ միայն մեզ համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, ապա գործող նախագահի հետ երկար բանակցային ճանապարհ ենք անցել, եւ գրեթե ուրվագծվել է արցախյան խնդրի լուծման ճանապարհը, եւ նրա ընտրվելը ձեռնտու է: Ճիշտ է՝ հիմա ես չէի ասի բանակցային գործընթացը շատ ակտիվ է, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել ու վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, կարծում եմ՝ մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է»:
Այս խոսքերը Ադրբեջանի նախագահի ընտրության շեմին կարծես կրակի վրա յուղ լցնել լիներ: Չուշացավ նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի արձագանքը. «Հատկանշական է, որ Հայաստանի նախագահի յուրահատուկ արշավը գրավում է Ադրբեջանում ոմանց ուշադրությունը: Միթե նրանց հայտնի չէ, որ Սարգսյանը երբեք անկեղծ չի արտահայտվում Ադրբեջանի մասին: Սակայն հարցը դա չէ: Այն ժամանակ, երբ ընդդիմությունը զբաղվում է «դոնկիխոտությամբ», Հայաստանի նախագահը կոնկրետ նպատակներ է հետապնդում՝ փորձում է համոզել սեփական հանրությանը, որ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Սակայն դա սուտ է: Ադրբեջանի 20% տարածքներն ավելի քան 20 տարի օկուպացիայի տակ պահող երկրի նախագահի նման անհեթեթ հայտարարությունները, բնականաբար, հետաքրքիր կարող են թվալ միայն նրանց, ովքեր կանխակալ դիրքորոշում են դրսեւորում այս հարցի նկատմամբ…»: Սրան արձագանքեց արդեն Հայաստանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը. «Պարոն Մամեդովի արձագանքը, իմ կարծիքով, բավականին ոչ ադեկվատ էր, ինչը, միգուցե, ադրբեջանական վերնախավի շրջանում տիրող նյարդային մթնոլորտի արդյունք է: Անճաշակ ու անտեղի զուգորդումներ, մաղձի ու հայհոյանքների հերթական բաժինը՝ համեմված վատ թաքնված սեփական թերարժեքության բարդույթով՝ ամեն ինչ համեմատել Հայաստանի ու հայերի հետ: Թեթեւ մտավարժանքի պարագայում անգամ բերված «փաստարկները» ուղղակի պայթում են պղպջակների պես: Մի խորհուրդ միայն. լավ կլիներ, որպեսզի Բարաք Օբամայի նամակները կամ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները մեկնաբանեին ամերիկացի կամ ռուս պաշտոնատար անձինք, այլապես մի փոքր ազնիվ չի ստացվում»: Սա նշվել էր այն մամեդովյան մարգարեությունների առթիվ, թե «Իլհամ Ալիեւը չունի Սերժ Սարգսյանի օժանդակության կարիքը, քանզի սատարում են այնպիսի առաջնորդներ, ինչպիսիք են Պուտինը, Օբաման եւ թյուրքալեզու առաջնորդները»…
Ընդդիմադիրներ եւ արձագանքներ
Ինչեւէ, առ այսօր մեր նախագահի խոսքերը դարձել են Ադրբեջանի իշխանական եւ ընդդիմադիր կողմերի քննարկման թեմաներից մեկը: Ընդդիմադիրները Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդունեցին որպես «ալիեւյան պարտության փաստ», իսկ հայաստանյան ընդդիմադիրներն այն գնահատեցին որպես «ադրբեջանցի ընդդիմադիրներին օգնություն»: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս արձագանքեց, թե նախագահի վերջին հայտարարությունն Ադրբեջանում օգտագործվում է Ալիեւի դեմ. «Չգիտեմ ինչ նպատակով է Սերժ Սարգսյանը նմանաբնույթ հայտարարություն արել, բայց եթե քաղտեխնոլոգիայի տեսանկյունից նայենք, եթե մենք ուզում ենք, որ այդ մարդակերը չընտրվի, ապա մենք պիտի բազմաթիվ նմանաբնույթ հայտարարություններ անենք: Ես հիմա նայում եմ ադրբեջանական զլմ-ներին՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը լուրջ ընդվզում է առաջացրել, հատկապես ընդդիմությունն է լավ օգտագործել»: Եվ դեռ օգտագործում է:
Թեկնածուները՝ ուռճացված բնակչության դեմ
Ինչեւէ, Ադրբեջանում մեկնարկել է նախագահի թեկնածուների քարոզչական արշավը, գրանցվել է 10 մարդ, որոնք էլ կմասնակցեն նախագահական ընտրություններին, գործող նախագահ Իլհամ Ալիեւը, «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեն, պատգամավոր Զահիդ Օրուջը, «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիեւը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւը, «Ազգային զարթոնքի շարժում» կուսակցության նախագահ Ֆարաջ Գուլիեւը, Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) թեկնածու Ջամիլ Հասանլին, «Ադալյաթ» կուսակցության նախագահ Իլյաս Իսմայլովը եւ «Ադրբեջանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն:
Արդեն մեծ աղմուկ կա Ադրբեջանի բնակչության թվի կեղծման առումով՝ մոտ 36%-ով: Սա հետաքրքրել է ԵԱՀԿ-ին, սակայն Բաքվին կարծես չի մտահոգել: 2013թ. հունիսին Ադրբեջանի ԿԸՀ-ի անդամ Ակիֆ Գուրբանովը նշել է. «Պետական վիճակագրական կոմիտեի զեկույցում երկրի բնակչության թիվը կազմում է 9 մլն. 356 հազ., ընդ որում՝ ավելի քան 6 մլն. 467 հազ. ունեն 20-ից բարձր տարիք: ԿԸՀ-ի զեկույցում, սակայն, ընտրողների թիվն արդեն 4 մլն. 986 հազ. է: Թվերի միջեւ կա 1,5 մլն.-ի տարբերություն»,- որտե՞ղ են այդ ընտրողները, հարցնում են ընդդիմադիրները: Ադրբեջանի ԿԸՀ-ի նախագահ Մազահիր Փանահովը վերջնականապես հայտարարել է, որ հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 4,986,298 անձ՝ երկրում 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների թիվը չափազանցնելով նվազագույնը 1,8 մլն,-ով կամ 36%-ով: Հայտարարվել է նաեւ 19-30 տարեկանների թիվը՝ 2,15 մլն., ինչն ըստ բողոքող կողմի՝ երկրի քաղաքացիների թիվը չափազանցրել է արդեն 63%-ով:
Մի շարք թեկնածուներ հայտարարել են, որ Ադրբեջանում բնակչության թվի չափազանցմանն ուղղված կեղծարարությունը կատարվում է իշխանության հրահանգով, որոնք «ժողովրդագրական գերազանցության» գործոնն օգտագործում են ՀՀ եւ ԼՂՀ դեմ տեղեկատվական պատերազմում: Նախագահ Ալիեւը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, թե «Ադրբեջանի բնակչությունն աճում է, իսկ Հայաստանինը՝ նվազում», եւ դա, իր խոսքերով, «Ղարաբաղյան հակամարտությունում Բաքվին սպասվող հաղթանակի բաղադրիչներից մեկն է»: Իրականում, Ադրբեջանի բնակչության եւ զինված ուժերի թվի գերակայություն եղել է նաեւ պատերազմի տարիներին: Չնայած դրան՝ մարտի դաշտում հաղթանակը նվաճեցին հայ զինվորները.- ընդվզել են ադրբեջանական ընդդիմադիրները:
Տարբեր թվեր են ներկայացվում նաեւ Ադրբեջանում ծնելիության տվյալների մասով, ինչը եւս չափազանցված է: Պաշտոնական թվերն այնպիսին են, որ թույլ են տալիս «հաշվի առնել Ադրբեջանի բնակչության հարյուր հազարավոր վիրտուալ քաղաքացիներին, որ իրականում գոյություն չեն ունեցել»: Իրականացվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում նախկինում բնակված ադրբեջանցիների «կրկնակի հաշվարկ՝ նրանց այժմ հաշվում են ըստ բնակության վայրի եւ այն բնակավայրի, որտեղ նրանք ապրել են մինչեւ 1994թ»: Իրականում, հաշվարկները ցույց են տալիս, որ Ադրբեջանի բնակչության թիվը պետվիճկոմիտեի կողմից չափազանցված է 3,5 միլիոնով եւ հազիվ գերազանցի 5,8 միլիոնը:
Այս նախընտրական թոհուբոհում հայտնի է դառնում, որ մեր հարեւան կոչվածները լուրջ խնդիրներ ունեն ոչ միայն տնտեսական ռեսուրսների առումով (երկրի տնտեսական համակարգն էլ հիմնված է բացառապես «նավթային» պաշարների վրա), այլեւ՝ մարդկային ռեսուրսների մեծ խնդիր ունեն, ինչը քողարկելով փորձում են նաեւ զինուժի ուռճացվածությունը թաքցնել:
Ընտրություններին կմասնակցեն նաեւ հայե՞ր
Մի հետաքրքիր միջադեպ եւս գրանցվեց այս նախընտրական շրջանում: Բաքվում ուժայինները բերման են ենթարկել քաղաքացու, ով Ադրբեջանից մեկնած հայ փախստականներին օգնել է վերականգնել փաստաթղթերը: Ադրբեջանի ԱԱ նախարարության աշխատակիցները որոշ ժամանակով բերման են ենթարկել Բաքվի բնակիչ Ալիուլլա Ահմեդաղա օղլու Ջեբրայիլովին եւ նրա որդուն: Ձերբակալվածներին քրեական պատասխանատվության են ենթարկել ՌԴ՝ ազգությամբ հայքաղաքացիների համար փաստաթղթեր պատրաստելու պատճառով, ովքեր խորհրդային տարիներին ապրել են Ադրբեջանի ԽՍՀ–ում: Հաղորդվում է, որ այդնպատակով «Հյուսիսային Կովկասում ապրող Ռուսաստանի քաղաքացիների եւ իր որդու հետ հանցավոր դավադրության մեջ է մտել սկսած 2000թ.»: Ադրբեջանի անվտանգության մարմինները վստահեցնում են, որ «այդ Ջեբրայիլովը մայրական գծով հայ է»: Նրան մեղադրում են Ադրբեջանի ԽՍՀ-ում բնակված հայերի ակտիվ աշխատանքային գործունեությունը հաստատող «կեղծ աշխատանքային գրքույկների եւ այլ փաստաթղթերի պատրաստման մեջ»:
Իսկ մեղադրվողը «Ադրբեջանական ազգերի ժողով»-ի անդամ է, եւ հարցը գուցե քաղաքական երանգներ ստանա: 1979թ. անցկացված վերջին նախակոնֆլիկտային մարդահամարի համաձայն՝ Ադրբեջանի ԽՍՀ–ի տարածքում բնակվում էր ավելի քան 475 հազ. հայ: 1988-1990թթ. ադրբեջանցի ազգայնամոլների կազմակերպած ջարդերի եւ էթնիկ զտումների հետեւանքով Ադրբեջանի ԽՍՀ–ի բոլոր հայերը վտարվել են իրենց տներից (բացառությամբ Արցախում բնակվող հայերի, որտեղ հայկական բնակչության վտարման փորձն ավարտվեց Ադրբեջանի պարտությամբ): Հայ փախստականներից շատերը (սպանվածների մասին էլ չենք ասում) չեն կարողացել իրենց հետ դուրս բերել փաստաթղթերը, իսկ Ադրբեջանի պետական կառույցները չեն պատասխանել ազգությամբ հայ քաղաքացիների հարցումներին:
Այսպես ադրբեջանական նախընտրական քարոզարշավը առնչվում է բոլոր ոլորտներին, անգամ հասել է դպրոցներ: Բաքվում, Սումգայիթում եւ երկրի այլ մարզերում աշակերտներին բաժանել են Իլհամ Ալիեւի 2003-2013թթ. գործունեության մասին պատմող գրքույկներ, ինչը շատ նման է խորհրդային տարիներին ԽՍՀՄ «գենսեկ» Բրեժնեւի «Մալայա Զեմլյա»-ի եւ այլ «գրական գործերի» (սեփական գործունեության մասին) տարածմանը կրթօջախներում… Բնականաբար, երեխաները գրքույկները որպես ընտրական քարոզչական նյութ կտանեն տուն ընտանիքի մեծահասակ անդամների համար, որոնք հնարավոր ընտրողներ են. նշել են ընդդիմադիրները՝ հավելելով, որ գրքույկների բովանդակությունը չափազանց քաղաքականացված է, երկրի ձեռք բերված արդյունքները վերագրված են բացառապես Իլհամ Ալիեւին:
Ադրբեջանում ընդդիմությունը ոչ միայն բողոքում է, այլեւ ցույցեր է անցկացնում, ինչը իհարկե ոստիկանության արգելանքներին է հանդիպում, նաեւ արգելափակվում են ճանապարհները:
Բաքուն միակ արժանի եւ հաղթելու ունակ թեկնածու է համարում գործող նախագահ Իլհամ Ալիեւին, իսկ հիմնական ընդդիմադիր թեկնածուն, ով կարող է հակադրվել՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի թեկնածու Քամիլ Հասանլին է համարվում, ում ուղղությամբ նախագահական ընտրություններին ընդառաջ հեռուստաբանավեճում՝ թեկնածուներից մեկը՝ «Ժամանակակից Մուսաֆաթ» կուսակցության անդամ Հաֆիզ Հաջիեւը ջրով շիշ էր նետել, երեւի հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ» բաժնում



