Պահանջ՝ հանուն անվտանգության
Մերձավորարեւելյան լարված եւ բռնկուն իրավիճակը, Կովկասյան տարածաշրջանի պայթյունավտանգ հեռանկարը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերները «Լուսանցք»–ին ստիպում են մի շարք հիմնախնդիրների պարբերաբար ու հետեւողական անդրադառնալ: Ամենակարեւորներից է Հայաստանի ու հայության պաշտպանության, անվտանգության հարցը: Սա հիրավի համազգային գերխնդիր է, որը պիտի լուծվի նախ եւ առաջ մեր պետության ազգային անվտանգության կառույցի կողմից:
Ինչքան էլ քաղաքական նկատառումներով «հալածանքներ» լինեն այս ծառայության նկատմամբ, միեւնույնն է, սա է Հայաստանի Հանրապետության (Արցախը վերամիավորված) եւ սփյուռքահայության անվտանգության մայր-կառույցը: Լավ, թե վատ, սա ունենք: Եվ պետք է այս ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հոգա ինչպես մե՛ր պետության, այնպես էլ համահայկակա՜ն անվտանգության մասին:
Սա միայն բարի ցանկություն չէ, այլ անհրաժեշտ պահանջ, որ թելադրում են միջազգային իրավիճակը եւ հնարավոր ծավալումներից բխող վտանգները: Այդ վտանգների մասին է հենց մեր թերթը պարբերաբար ու հետեւողականորեն բարձրաձայնում:
Բայց օրերս «Հայկական ժամանակ»-ը լուր հրապարակեց, որ «ԱԱԾ-ից դուրս գաղտնալսող մի մարմին է հայտնաբերվել, որի թիկունքում խոշոր օլիգարխ է կանգնած»: Սա ցնցող լուր էր եւ անչափ վտանգառատ: Այն ավելի վտանգավոր է դառնում, երբ ԱԱԾ-ն չի արձագանքում կամ բացատրություն չի տալիս: Իսկ հրապարակավ բացատրությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ, ինչպես վերը նշեցինք, եւ՛ հայաստանահայությունը եւ՛ սփյուռքահայությունը պետք է վստահ լինեն մեր պետության ազգային անվտանգության հայենակենտրոն (ոչ թե մարդակենտրոն) լինելու մեջ:
Ըստ հրապարակված լուրի, իրազեկ աղբյուրները հայտնում են, որ բոլորովին վերջերս ԱԱԾ–ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող միմարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է մի այլընտրանքային խոշոր օլիգարխ, սույն ցանցի գործունեության մեջ ներգրավված են եղել ԱԱԾ նախկին եւ ներկա աշխատակիցներ, եւ ավելին, ԱԱԾ–ի կողմից պետպատվերով գնված որոշ թանկարժեք, հզոր գաղտնալսող սարքավորումներ չգիտես ինչպես հայտնվել են այդ նշված ոչ պետական մարմնի տրամադրության տակ:
Երբ մարդիկ խոսում են, որ ՀՀ ազգային անվտանգության համակարգում «ծառայություններ»կան ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ Ռուսաստանի, ՄիացյալՆահանգների, այս կամ այն եվրոպական պետության կամ Իսրայելի համար… շա՛տ մտահոգիչ է հնչում, բայց «հասկանալի» է լինում, որ ԿԳԲ–ական համակարգից մնացած ու եվրաջատագով նոր կադրերից կարող են դեռ «խաղեր տվողներ» լինել: Բայց որ ոմն մի օլիգարխ կարող է ԱԱԾ–ն սեփականաշնորհել… Այլեւս անվտանգության համակարգի մասին խոսելը դառնում է գրեթե հումորային ժանրից:
Իսկ հրապարակված նյութում նշվում է, թե նույն աղբյուրները հայտնում են, որ այս գործի շրջանակներում այժմ 3 հոգի պահվում են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում (որ հայտնի է որպես ԿԳԲ-ի «պադվալ»): Նրանցից ցուցմունքներ են վերցված, սակայն քրեական գործ պաշտոնապես հարուցված չէ եւ որեւէ ձեւով արձանագրված չէ, որ վերոնշյալ 3 հոգին այժմ գտնվում են ԱԱԾ-ում: Գործն ամբողջությամբ պատրաստ է եւ կարող է ցանկացած պահի ընթացք ստանալ:
Եթե նշված է, որ գործը «կարող է ընթացք ստանալ», ապա պետք է«կարող է» հասկացությունը արագ փոխարինել «արդեն ընթացք է ստացել»-ով, եւ հրատապ պետք է ազգային անվտանգության համակարգը ապաօլիգարխացնել-ապասեփականաշնորհել ու վերադարձնել պետությանը: Իսկ վերադարձնելով պետությանը, պետք է նաեւ հուսալ, որ համակարգը կմաքրվի վերոնշյալ պետությունների ծախուների «խուժանություններից», եւ Հայաստանն ու հայությունը կունենան հիրավի հայկական անվտանգությամբ մտահոգ հայրենակենտրոն եւ ազգանպաստ լուրջ կառույց:
Հայկ Թորգոմյան
Հ.Գ. – Զարմանալի է նաեւ առերեւույթ սառնասիրտ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի կեցվածքը, ով կառավարության շենքի առջեւ բողոքող մարդկանց բացահայտ կոպտեց: Բողոքը Մաքսային միությանը մեր երկրի միանալու դեմ էր: Անկախ իրավիճակից, ԱԱԾ ղեկավարը պիտի վեր կանգի ամեն ինչից եւ օրինակ ծառայի, ու եթե հրապարակավ վիրավորող կա՝ նրան միայն օրենքով պիտի պատասխանատվության ենթարկի:
Փոխել պետական համակա՞րգը, թե՞ պետական մտածողությունը
Չեն դադարում լուրերը, թե նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 2-րդ ժամանակաշրջանից հետո, այլեւս չի կարող առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, ուստի ցանկանում է սահմանադրական բարեփոխումներով պետական կարգը դարձնել խորհրդարանական, նախագահականի փոխարեն: Այդ դեպքում, ըստ լուրերը տարածողների, գործող նախագահը կարող է խորհրդարանական ընտրություններում ապահովել ՀՀԿ–ի նոր հաղթանակը եւ, դառնալով Հայաստանի վարչապետ, մնալ փաստացի ղեկավարը երկրի:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն գործում է եւ հերթական նիստում մշակվել է 14 կետանոց հայեցակարգ: Հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը հայտնել է, որ այդ հայեցակարգային կետերն արդեն իսկ թույլ են տալիս ենթադրել, թե Սահմանադրության որ դրույթներն են փոփոխության ենթարկվելու: Դրանք կուսումնասիրվեն ու կներկայացվեն: Իսկ զլմ-ներին տված իր մեկնաբանություններում Գերագույն դատարանի նախկին նախագահ, առաջին սահմանադրական հանձնաժողովի անդամ Տարիել Բարսեղյանը նշել է, որ «կառավարման համակարգը հիմա փոփոխելու ոչ մի անհրաժեշտություն չկա… Չկա նաեւ որեւէ պատճառ՝ անհրաժեշտ փոփոխությունները նախագահի անձի հետ կապելու…Ոչ մի նախագահ չի կարող Սահմանադրությունը իրեն հարմարեցնել»:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



