Շատ քրիստոնյա հայ հոգեւորականներ իրենց պահվածքով ապացուցում են, որ նրենց համար կարեւորը եւ առաջնայինը կրոնն է, այլ ոչ թե հարազատ արյունը: Կրոնները մարդուն դիմազրկում են, դարձնում ստրուկ, ուրացող: Եվ առաջնային է դառնում ոչ թե ազգությունը, այլ՝ կրոնը: Հայը դառնում է ոչ թե հայ քրիստոնյա, այլ՝ քրիստոնյա հայ: Կրոնները լվանում են մարդկանց ուղեղներն այն աստիճանի, որ այունակիցները հրաժարվում են միմյանցից, որովհետեւ նույն եկեղեցու հետեւորդ չեն:
Նախկինում ավելի նկատելի էր քրիստոնեական տարբեր ճյուղերի հետեւորդ հայերի տարանջատումը: Իհարկե, հայ առաքելականներն այսօր էլ չեն ընդունում հայ կաթոլիկ, բողոքական, ավետարանչական կամ այլանուն քրիստոնյաների հայապատկան լինելը, բայց ստիպված թաքցնում են՝ ընդհանուր հուդա-քրիստոնեական էկումենիկ եղբայրությանը չբորբոքելու մտայնությունից:
Արդեն ասել ենք, որ եկեղեցին Հայաստանյայց է, քանզի Հայաստան աշխարհ է այցելել այլ երկրից, այլածին նպատակներով՝ հրեա առաքյալների դավանանքը դարձրել է հայ առաքելական:
Եվ հիմա, համարելով իբր թե հայը պետք է լինի առաքելական եկեղեցու հետեւորդ, մյուս եկեղեցապատկան քրիստոնյա հայերին մի կերպ է տեղավորում «սիրիր մերձավորիդ» պատվիրանի մեջ:
Այլ բան է, որ էկումենիկ եղբայրությունը դեմ չէ, որ այլակրոն հայերը չտեղավորվեն սիրիր մերձավորիդ տեսության մեջ, քանզի, ըստ իրենց տեսության՝ նրանք հայեր չեն: Այս սին մտածողությամբ հայեր չեն ոչ միայն մահմեդական կամ կրիշնայական ու բուդդայական հայերը, այլեւ՝ հայոց հավատի հետեւորդ արիադավան-հեթանոս հայերը: Այս վերջինն արդեն ո՛չ միայն հոգեւոր ցնորամտություն է:
Մի անգամ՝ հայ արիների եւ հայ առաքելական եկեղեցու որոշ հուդայակերպ ներկայացուցիչների խոսակցության ժամանակ, եկեղեցականն անմիջական զրույցի բռնված խոստովանել է, որ եթե գա մի պահ ու իրենք այլեւս չտիրապետեն Հայաստանի հոգեւոր ոլորտին, ապա իրենց համար ավելի լավ կլինի, որպեսզի եհովայի վկաները ստանձնեն այդ հոգեւոր իշխանությունը, քան՝ հայ արիականները՝ հեթանոս հայերը (իհարկե հայապաշտ եկեղեցականներ եւս կան մեր երկրում, ինչը չի կարելի չնկատել ու չգնահատել):
Նշված դեպքը առաջին հայացքից է զարմանալի թվում: Բայց շատ տրամաբանական ու եհովապաշտական խոստովանություն է: Ի վերջո, եհովայի վկաները նույն Բիբլիա-Աստվածաշնչի հետեւորդներն են, նույն հուդա-քրիստոնեական ուսմունքի քարոզիչները, հավատում են նույն Եհովա աստծուն եւ ընդունում են հրեա առաքյալների ու մարգարեների կյանքն ու կրոնական տեսությունները:
Երեւի հենց այս պատճառով էլ մի հոդվածում նշել էի, որ եթե խոսենք հայ իրականության մեջ առկա աղանդավորական շարժումներից, ապա բացի արիադավան-հեթանոսներից՝ մնացյալը աղանդավորականներ են, այդ թվում՝ հայ առաքելական եկեղեցու հետեւորդները:
Պատճառն այն է, որ նրանք առաջին աղանդավորական կառույցն են Հայաստանում, քանզի ոչինչ չունենալով՝ հենվեցին հայոց հին եւ միակ հավատի տոների ու ծիսական արարողությունների վրա, անգամ տոնական օրերն ու ավանդույթները սեփականեցին, միայն անվանափոխեցին ու իմաստափոխեցին (ուրեմնեւ՝ իմաստազրկեցին) դրանք, իրենց եկեղեցիներն էլ կառուցեցին արիական տաճարների ավերակների վրա... Քրմերից շատերին ու նրանց ուսյալ զավակներին էլ ահաբեկելով եկեղեցականներ դարձրեցին, քանզի Հայաստանում չունեին արմատ եւ հիմնասյուն, իսկ ներխուժածի կերպարը խարանի պես առկա էր: Անգամ մինչեւ 12-րդ դարը Հայոց երկրում դեռ գործում էին «Արեւորդյաց համայքներ»… Իսկ 19-րդ դարում մեր բանաստեղծների մի փաղանգ՝ Դանիել Վարուժանի գլխավորությամբ, հեթանոս հավատը երգեցին, ինչը հետո ամրացավ ու Վահագնազոր երդում դարձավ Գարեգին Նժդեհի Ցեղակրոն ուսմունքով: Այսօր էլ հայի համար ընկալելի է Գառնո տաճարի զորավոր տեսքը, հմայքը, հայոց հավատադարձի տեսլականը:
Հայը ազգատեսակ եւ մարդատեսակ է, ով ունի ծագում, ինքնություն, հավատ եւ հայրենիք-բնօրրան: Եվ այդ հայը կարող է ծնել գաղափարներ, մշակութային արժեքներ, կրոններ կամ այլ բան, բայց թվարկյալները չեն կարող ծնել ազգ: Ասենք՝ կրոնը, այն էլ օտարադավան, չի՛ կարող հայ ծնել (անգամ՝ օծել), քանզի հայ տեսակը գենետիկ երեւույթ է եւ տիեզերածին է:
Մինչդեռ գտնվեցին նաեւ այսպես կոչված հայ պատմաբաններ, որ բարբաջեցին, թե հայը ազգ է դարձել քրիստոնեության ընդունումիվ հետո… Չհասկանալով, որ կրոնամոլությամբ օտարին, հատկապես մեր թշնամուն լուրջ կռվան են տալիս, քանզի ըստ նրանց՝ հայ ազգը ձեւավորվել է շուրջ 1800 տարի առաջ… Այսինքն մինչ այդ եղած բոլոր հայկական պետությունները, պատմությունները, մշակութային արժեքները եւ ամեն բան ազգային չեն եղել… Լավ է, որ արագ կանխվեց այսօրինակ դատարկաբանությունն ու կրոնադավությունը ազգային արժեհամակարգի նկատմամբ…
Այս իրականությունը շատ քիչ եկեղեցականների է հասկանալի (ում համար էլ հասկանալի է, ձեռնտու չէ ասելը): Շատերի համար հոգեւորականի կյանքը լոկ աշխատանք է, դրամ աշխատելու «հոգեմարմնական» միջոց…
Մինչդեռ ամեն հայ հոգեւորականի համար պիտի երդման պես բան լինեն Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերը. «Ես քրիստոնէութիւնն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին»:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ