Արտագաղթը ազգի բնավորությունը չէ՛

Արտագաղթը մեր առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից է ու պատահական չէ, որ բոլոր նախընտրական ժամանակահատվածներում նախագահի, պատգամավորության կամ ավագանու թեկնածուները խոսում են այս խնդրից, նույնիսկ խոստանում ներգաղթ կազմակերպել՝ ամենատարբեր հիմնավորումներով:

Բայց հարցը նոր չէ մեր հանրության համար: Եղել է դարեր առաջ էլ, խորհրդային ժամանակում էլ: Սա համաշխարհային պատկեր է, ինչը համառորեն չենք նկատում ոմանք: Արտագաղթը փաստելով այդ ոմանք փորձում են արտագաղթելը ներկայացնել «ազգային առանձնահատկությու­ն», անգամ որոշ էթնոսոցիոլոգներ կամ հոգեբաններ են «լուրջ» վերլուծություններ անում…

Աշխարհի ամենահայրենասեր սփյուռքն ունեցող ազգը չի կարող արտագաղթը արյան մեջ կրել, չկա՛ նման բան: Այս ձեւակերպումը սին է, պիղծ է: Աշխարհասփյուռ հայության հատվածները բոլոր սերունդներում երազում են հայրենադարձության մասին, ու սա եւս գաղտնիք չէ:

Պարզապես չհաջողված պետական համակարգը կամ ոչ ազգային պետական իշխանական վերնախավը չպետք է խառնել հայրենիքի (Հայաստանի) ու հայի մտածելակերպի, արտագաղթի հարցերի հետ:

Այո՛, դժվար է եւ կան հուսահատ արտագաղթողներ եւս, նաեւ անարդարությունից զայրացածներ: Բայց իմանում ենք չէ՞, թե օտար ափերում ինչով են զբաղված, ում առջեւ են քոծություն անում ու մի կերպ օրվա հացով ապրում: Բայց նույնը հայրենիքում չեն անում՝ ամո՜թ է, բարեկամներն ինչ կմտածեն, բա հարեւաններն ինչ կասեն… Է հիմա էլ են ասում, իսկ ասվածը Հայաստանից Ռուսաստան կամ Ամերիկա վազելով է հասնում:

…Երբ արտագաղթում էին արցախյան պատերազմի տարիներին, դա ի՞նչ բացատրություն ուներ… Հետո եկան հայրենիք, թե որոշել են դրսում աշխատած փողերը հայրենիքում ներդնել… Հետո դարձան մեծահարուստներ… Հետո ազատամարտիկի վկայականներ գնեցին ու դարձան հայրենիքը երբեք չլքած հերոսներ ու պետության տերեր…

Սրանք նորից կարտագաղթեն, եթե նոր պատերազմ լինի: Գուցե պե՞տք է, որ լինի… Այս անգամ ինքնամաքրվենք՝ առանց հետո սխալվելու իրավունքի: Համ էլ նոր հայապատկան տարածքներ կազատագրենք…

Միայն իսկապես ազգային ու իրավական պետությունը կդառնա հայության հավաքատեղին (ինչպես ասում ենք՝ հողահավաք եւ ազգահավաք), արտագաղթը ներգաղթով փոխարինելով:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։