Ստրասբուրգը Հայաստանի մայաքաղաքը չէ… Ինչպեսեւ՝ Մոսկվան ու Վաշինգտոնը…

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը պատասխանում է «Լուսանցք»-ին

- Ինչպե՞ս է լինում, որ պետության փողերով սնվող-ապրող, ժողովրդի փողերով ճանապարհորդող ու այս ու այն երկրում ելույթներ ունեցող պատգամավորը պարբերաբար խայտառակում է ազգն ու պետությունը, բայց միշտ մնում է այդ սնող երակի վրա…

– Ցավոք, վաղուց է հայկական քաղաքական ոլորտը որդեգրել «քաղաքականությունը պոռնկություն է» գործելաոճը: Ցավոք, դա ընդունելի մատաղ է եղել թե՛ բոլոր նախագահների ու նրանց կազմած իշխանությունների, թե՛ բոլոր խորհրդարանական (նաեւ որոշ արտախորհրդարանական) ընդդիմությունների համար:

Ցավոք, այս քաղաքական պոռնկությունն էլ՝ առանց չակերտների աղճատել ու ապականել է մեր պետության ներքաղաքական կյանքը, ներազգային ու ներմարդկային հարաբերությունները: Եվ ցավոք, ազգային ամեն բառ ու բան տեղը հետզհետե զիջում է միջազգային աղբին ու կեղտին…

Եվ զարմանալ պետք չէ, զայրանալ եւ լուծել է պետք խնդիրը, որ այսօր միջազգային ատյանները հայատյացության կամ հայապախարակման կենտրոնների չվերածվեն թե՛ որոշ հայերի եւ՛ թե օտարների ու մեր թշնամիների կողմից…

Կապ չունի՝ ով է այսօր պետության նախագահը: Նրան առանց ապացույցների մեղադրելը, այն էլ օտարներին հաճոյանալու համար եւ նրանց իր երկրում ՝ մեղմ ասած՝ անպատվաբեր է եւ ստրկամտության ծաղրելի դրսեւորում: Դա հերոսություն չէ, հերոսը ապացուցում եւ հասնում է պատժի կատարմանը: Սա հերթական «ազգային» ու «հայրենասիրական» հեքիաթն է, որ հետաքրքիր է միայն տգետներին ու դավադիրներին…

Զարմանում եմ, թե ի՞նչ տրամաբանությամբ է ՀՀԿ-ական պատգամավորն իր հարց տալու իրավունքը զիջել մեկին (ում լավ են ճանաչում, ով ժամանակին էլ՝ թուրք եւ ադրբեջանցի եվրապատգամավորներից էր ստորագրություն հավաքել, որ Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկվեն…), այն էլ մի կարեւոր պահի, երբ Եվրոպայի սրտում երկրի նախագահը պետք է հիմնավորեր Արեւմուտք-Ռուսաստան արանքում Հայաստանի՝ բոլորի հետ երկխոսելու իրավունքները:

Ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ էլ Սերժ Սարգսյանին իմ միջազգային շփումներում եւ հանդիպումներում կամ տարաբնույթ համաժողովներում չեմ վարկաբեկել, չեմ նսեմացրել անպտուղ ու եսակենտրոն «փաստարկներով»: Հարցազրույցներիցս մեկում ասել եմ, այժմ էլ հավաստում եմ, որ անկախ այն բանից՝ ընդունում եմ երկրիս նապագահին, թե ոչ, կյանքովս կպաշտպանեմ նրա անձը, եթե օտար հողում ոտնձգություն լինի…

Իսկ ներքաղաքական կյանքում, ինչը շատերին է հայտնի, նրանց դեմ խոսել ու գործել եմ միշտ (իհարկե՝ փաստարկված), բայց ի՛մ երկրում եւ ի՛մ ազգի նպատակների համար: Այլոց այդ առիթը չեմ տվել անգամ ինձ անիրավացի կալանավորելուց եւ բանտարկելուց հետո (ասեմ որ՝ դիմել են ներսի ու դրսի որոշ իրավապաշտպաններ), անգամ մի քանի տարի առաջ իմ նկատմամբ իրականացված մահափորձից հետո դա չեմ արել (նորից են դիմել՝ իբր աջակցելու համար)…

Հայ արիները ցայսօր իրապես չեն ընդունվել ոչ իշխանությունների, ոչ էլ ընդդիմադիրների կողմից, իրականում մենք երկուսին էլ, որ նույն արժեհամակարգն ունեն, ընդդիմադիր ենք, բայց որեւէ քաղաքական ուժի դեմ որեւէ միջազգային ամբիոնից չենք խոսել… Ինչ է՝ մեր երկրում չկա՞ն ամբիոններ: Կամ՝ հայության համար են խոսու՞մ, թե՞ օտարի: Շուրջ 7-8 տարի է հայկական զլմ-ների մեծ մասը բոյկոտում է մեզ, բայց մենք որեւէ միջազգային կառույցի այդօրինակ հարցման պատասխան չենք տվել: Գիտենք, որ մեզ շատ սիրելուց չէ, որ հարցնում են…

Մեր քաղաքական, հասարակական եւ լրատվական ոլորտները, այնտեղ գործող կազմակերպությունների 90%-ից ավելին դրսի արժեքներն է դավանում եւ օտարի փողերով է դրանք քարոզում: Ամեն մեկն իր կողմից օտարի համար Հայաստանում ոտքի տեղ է անում: Սրան մի օր պիտի վերջ տրվի՞: Այս օտարամոլ ու գարշահոտ դուքյանը պետք է փակվի՞ վերջապես: Անկախ այն բանից, թե ով կխհոխորտա ներսում կամ դրսում…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։