Անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված Նունե Եսայանի տոնական համերգը մեր երկրի պետբյուջեին արժեցել է 54 մլն 691 հազար 400 դրամ: Այս գումարը կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է մշակույթի նախարարությանը, վերջինս էլ այն տրամադրել է «Նունե Եսայան» բարեգործական հ/կ-ին:
Ճշտենք նորից, այս 136 հազար դոլարով ֆինանսավորվել են ոչ թե այդ օրվա մեր երկրի տոնական միջոցառումները, այլ հենց Նունե Եսայանի համերգը: Ֆինանսավորվել է «քաղաքացիական հասարակության տեղեկացվածության եւ հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում» ձեւակերպմամբ:
Սա այն Նունե Եսայանը չէ՞, որ «Դլե յաման» էր երգում «կոժից շորերով» կամ Սայաթ-Նովա՝ պորտը բաց: Կաշվե շորեր հագնելը անպատվաբեր չէ բնավ, պորտը բաց էլ կարելի է, բայց երգացանկն է ճիշտ ընտրել պետք: Հակառակ պարագան խոսում է բեմական կուլտուրայի բացակայության մասին:
Սա այն Նունե Եսայանը չէ՞, որ իր անունից խոսելու փոխարեն հայ ժողովրդի անունից Թուրքիայում թյուրքին ձեռք էր մեկնում: Լավ էր չբռնեցին, խայտառակ էինք լինելու:
Հիմա այս Նունե Եսայա՞նն է բարձրացնում իմ «տեղեկացվածությունը արվեստի ոլորտում»: Իմ՝ հարկատուիս հաշվին, փաստորեն, նրան Երեւանում մի լավ բնակարանի գումար են տվել եւ այդ մասին չեն հարցրել ինձ՝ հարկատուիս: Գուցե արվեստն ինձ համար բոլորովին այլ եզրույթ է, որը ոչ մի կերպ չի նույնանում այս երգչուհու երգարհեստին:
Ես, ում համար երկրի անկախությունն այլընտրանք չունի ու ամեն աստծու օրը պայքար է դիմանալու, որ հանկարծ չկոտրվի, անկախության տոնին կուզեր լավ համերգ վայելել: Լավ, թող մի երգ էլ Նունեն երգեր, բայց ի՞նչ է նշանակում ամբողջ օրվա գլխավոր համերգը նրան վստահել: Արվեստի մասին հանրությանն ուրիշ տեղեկացնող չգտա՞վ կառավարությունը:
Իսկ երգչուհին պարզվում է, վիրավորված է լրագրողներից, որ փիս-փիս բաներ են գրում: Մինչդեռ նա ինքն իրեն չի խոստովանում, որ լրագորղը հանրության կարծիքն արտահայտողն է: «Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված… Ընդհանրապես ոչինչ չեմ ցանկանում խոսել ոչ գումարների, ոչ դրանց արժանի լինել, չլինելու մասին: Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դուր չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»,- news.am-ի թղթակցին նեղացած ասել է նա:
Երգչուհին լրատվամիջոցներից նեղացած է, բայց ասելիքը կասի հեռուստաընկերություններով: Այսինքն՝ ըստ նրա, հեռուստաընկերությունը լրատվամիջոց չէ եւ այնտեղ լրագրողներ չեն աշխատում:
Կամ՝ ինչու՞ է վիրավորվում, ինքն իր գործն է անում, լրագրողներս էլ՝ մեր գործը, իսկ մեր գործը անարդարությունը վերհանելն է:
Որովհետեւ անկախության տոնը նաեւ իմ, նրա, մյուսի անկախության տոնն է ու ես, նա, մյուսը իրավունք ունենք ասելու, թե ինչ ենք ուզում վայելել այդ օրը:
Եվ արվեստի ոլորտում հանրության տեղեկացվածությունը բարձրացնողը պետք է որ լավ հասկանար, որ այդ դժգոհությունն իր անձի դեմ չէ, այլ՝ երեւույթի, որ փակում է արվեստի ոլորտում իրապես ասելիք ունեցողների բերանը եւ նրանց լսել ցանկացողների ականջները:
Մի խոսքով, մինչեւ անկախության հաջորդ տոնը դատապարտված եմ մնալ արվեստի այս շրջանակում:
Միայն թե մյուս տարի չասեմ՝ «Մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»:
Անի Մարության
* * *
Թատերական փառատոնն սկսվեց
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բրիտանական «1927» թատրոնի «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացմամբ ազդադարվեց «ՀայՖեստ-2013»-ի մեկնարկը:
11-րդ «ՀայՖեստ»-ը հանդիսատեսին ներկայանում է նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»-ով: Փառատոնի ընթացքում հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ՝ Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Իրանից, Ռուսաստանից եւ այլն: Նշանավոր ներկայացումներից են Օսկարաս Կարշունովասի թատրոնի «Միրանդա» ներկայացումը՝ ըստ Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի (Լիտվա), «1927» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Կենդանիները եւ երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը, Սթրինբերգի «Ֆրեկեն Ժյուլիե» ներկայացումը՝ Վալմիերայի դրամատիկական թատրոն (Լատվիա), Յոզեֆ Բոյսի անվան թատրոնի «Ուզբեկ» մոնո ներկայացումը (Ռուսաստան), ինչպես նաեւ ,,Cantieri Teatrali Koreja,,-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը (Իտալիա):
Փառատոնին կմասնակցեն թատերախմբեր ոչ միայն արտերկրից, այլ նաեւ Երեւանից ու Հայաստանի մարզերից, մասնավորապես՝ Գյումրիից, Եղեգնաձորից:
Երեւանյան թատրոններից փառատոնի հիմանական ծրագրում հանդես կգան Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Երեւանի պատանի հանդիսատեսի, «Փոքր» եւ «Միհր» թատրոնները:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



