Խոնարհում ունեմ (Ուրիշ էր ՍոսՍարգսյանը) -Ու Սովետին երեւի այս մի բանի համար պետք է շնորհակալություն ասեմ, որ «եկավ» ու Մեծ Հային Ստեփանավանից բերեց Երեւան… (Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Խոնարհում ունեմ

Ինձ չեմ դասում այն լրագրողների շարքին, ովքեր վառվում են մշակույթին առնչվող թեմաների մասին գրելու ցանկությունից: Մի քիչ շատ եմ հողեղեն ու շատ սիրուն պատմություններ եմ տեսնում թվերի մեջ: Մասնագիտական գործունեությանս 15 տարիներին մտավորականների հետ հազվադեպ եմ հարցազրույցներ արել տպագրելու նպատակով.  Մտավորականի մասին իմ պատկերացման նշաձողը բա՛րձր է, դրա համար էլ աշխատել եմ այդ տիրույթում չաշխատել:

Ուրիշ էր Սոս Սարգսյանը: Նրա հետ երազում էի խոսել, հարցազրույց անել, նրա մասին գրել: Բայց չարեցի՝ բաց թողնելով բազմահազար հնարավորություններս: Բազմահազար եմ ասում, որովհետեւ նա երբեք ոչ ոքի չէր մերժում, հանդիպում էր, խոսում էր, սիրահոժար էր, պարզ էր, հայ էր, հայ մարդ էր…

Չարեցի ու՝ միայն մեկ պատճառով: Շատերի համար գուցե անհեթեթ, բայց ինձ համար՝ լուրջ պատճառով. չգիտեի հանդիպելիս նրան ինչպես դիմել: Պարոն Սարգսյա՞ն: Երկրային կհնչեր, ինքն ինձ համար երկրային չէր: Վարպե՞տ: Ընդունված ու կարծես ճիշտ արտահայտություն է, բայց ես այն ոչ մի կերպ չեմ կարողանում ականջիս «նստեցնել»: Պարզապես Մեծ հա՞յ ասեի: Լավ է, բայց շատ է այսօր չարչրկվում այդ արտահայտությունը, եւ համեստ մարդուն դա կարող էր բառի շահարկում թվալ… Տարբերակները շարունակեցի մտածել, ու… հանդիպումը չկայացավ…

Մի անգամ նույնիսկ երբ արդեն հաստատ որոշել էի հանդիպել, մտքումս հարցերը տվեցի, պատասխանները երեւակայեցի, առավոտյան կրկին մտածեցի.- ինչպե՞ս դիմեմ, որ միանգամից հասկանա, որ ինքն ինձ համար այն Մտավորականն է, ում խաղացածն ու ապրածը նույն միջուկում է, ում բանավոր ու գրավոր խոսքը սարեր-ձորեր չեն, ում ասածն ու արածը նույնն է, այնքա՛ն հայկական է, այնքա՛ն հայկական:

Բայց… կռիվ ունեի հետը: Դեռ…մի ամբողջ հավերժություն ունեմ էդ կռիվը: Որ սկսվում էր «Ձորի Միրո­ն» նայելիս ու շարունակվում մինչեւ ֆիլմի հաջորդ դիտումը: Ախր ինչի՞ կրակը թուրքի բերանը չխոթեցիր: Էդ կինո չէր, կյանքն էր մեր, թուրքին մշտապես չսատկացնելու մե՛ր կերպը:  Որ հետո պիտի ստիպեր դաժանորեն խիզախել ու… կրկին նահապետ դառնալ ու… կրկին չսատկացնել:

Ձեր մեծահոգությա՜ն հետ կռիվ ունեմ այսօր էլ, Մե՜ծ Հայ…

Զարմանք ունեմ նրան ուղղված: Կինոյում՝ աղավնիներ, կյանքում՝ աղավնիներ, թռցնու՛մ էր ու նայում թռիչքին նրանց:

Ձեր վայելքի հետ կռիվ ունեմ այսօր էլ, Մե՜ծ Հայ: Գեղեցկությունն էդչափ վայելե՞լ կլինի՝ կարծես ոչ մեկի բաժին չթողած…

Ապշանք ունեմ նրան ուղղված: Դպրոցական տարիներին հոր առած վերարկուի հոտը չէր մոռացել: Էդպես զգացողությու՛ն կլինի, շիտակությու՛ն անափ:

Ձեր մաքրության հետ կռիվ ունեմ այսօր էլ, Մե՜ծ Հայ…

Հարգանք ունեմ նրան ուղղված: Էն տարիներին առաջարկ ստացավ, բայց բոլորի պես Մոսկվա չգնաց, ռուսների համար չխաղաց (ի՛ր խոսքերն են), ի՜ր ժողովրդին բան ուներ ասելու:

Ձեր հայությա՜ն հետ կռիվ ունեմ այսօր էլ, Մե՜ծ Հայ…

Ու պատկառանք ունեմ նրան ուղղված, որ դերասան էր ու չէր խաղում: Գյուղացի Համբոն էր ու չէ՛ր խաղում, Հեղնարի Մկրտիչն էր ու չէ՛ր խաղում, ձորերի Միրոն էր ու չէ՛ր խաղում, դարբին Մկրտիչն էր ու չէ՛ր խաղում…

Չէ՛ր խաղում: Մեծերը չե՛ն խաղում: Մեծերն ապրում են ու տեր լինում իրենց լավ ու վատ ապրվածին: Ու Սովետին երեւի այս մի բանի համար պետք է շնորհակալություն ասեմ, որ «եկավ» ու Մեծ Հային Ստեփանավանից բերեց Երեւան: Ինքը հողին կարոտ մնաց, հողի հոտին կարոտ մնաց, բայց մենք ունեցանք նրան:

Ձեր կարոտի հետ կռիվ ունեմ այսօր էլ, Մե՜ծ Հայ… Էդ կարոտը է՛հ, որտեղի՛ց է գալիս…

Ձեր կարոտի առջեւ խոնարհում ունեմ:

Հայի՜ կարոտի:

Հայկակա՜ն կարոտի:

Հայորե՜ն կարոտի:

Մե՜ծ կարոտի:

Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

Լուսանկարը՝ «Մեդիամաքս»/Կարեն Հովհաննիսյանի

Թերթն ուղարկում էի տպագրության, երբ վերջին պահին որոշեցի փոխել նախօրոք ընտրված լուսանկարները: Պետք էր մեկ լուսանկար, այն մեկը, որ կպատկերեր Մտավորականին՝ իր հանգիստ, բայց, միաժամանակ, փոթորկվողի էությամբՀամացանցում երկար փնտրտուքից հետո գտա այդ լուսանկարը: Ցանկացա զանգել, տեղադրելու թույլտվություն խնդրել: ժամին նայեցի: Ուշ էր: Բայց չդիմացա, եւուղարկեցի տպագրության: Շնորհակալություն ու հեղինակին խնդրում եմ չնեղանալ:

…1942 թվականին հորս տարան ռազմաճակատ: Յոթ երեխայի տեր մարդուն… Տեսա՞ք: Բարեւ, ընկեր Ստալին, յոթս էլ քեզ առվողջություն ենք ցանկանում: Բա՛հ…

* * *

Պատերազմ է, բնական է, որ ամեն ինչի պակասություն կա. ուտելիքի, հագնելիքի…տաքության: Ու ես ոտնաման չունեմ: Կարգին ոտնաման չունեմ, էդ պատճառով էր, որ անձրեւը, ինձ թվում էր, թե ի հեճուկս ինձ էր թափվում, թե իմ անձնական թշնամին է՝ դաժան, անխիղճ: Ուզում է ինձ աշխարհքից վերացնել: Իրականում, մի ամբողջ պատերազմ ու հետո էլ իմ ոտքերս թաց էին: Էս մեր ժամանակներում ինձ ո՞վ կհասկանա, հիմա ո՞վ է բոբիկ, որ… …Դպրոց չհասած, արդեն ոտներս ջրի մեջ ճպճպում էին: Դասարանում մարմնովս մեկ կպչում եմ բարձրաբոյ, սեւ ներկած թիթեղյա վառարանին՝ մեջքս չորացնում: Իսկ ոտներս… Հո չե՞մ կարող դասարանի առաջ բոբկանալ, թե ինչ է, ոտներս տաքացնում եմ: Մինչեւ դասերի վերջը մի քիչ ցամաքում էին, էն էլ իմ մարմնի, այսինքն՝ խեղճ ոտներիս հաշվին:

Հատված Սոս Սարգսյանի «Ոտնամաններ»-ից

* * *

Դագաղը տարել են բազմահազարանոց հրապարակ, որտեղ դիակառքն էր սպասում: Ամբոխը ծափահարում էր: Դագաղը մեքենան չդրեցին, ձեռքերի վրա էին տանում…

Մոտ մեկուկես ժամում նրան Օպերայի մոտից հասցրեցին Պանթեոն: Ամբողջ ընթացքում ամբոխը ծափահարում էր: Ամբողջ ընթացքում թաղման թափորի հետ քայլում էին Հայաստանի նախագահը, կառավարության անդամները: Կիզիչ արեւի տակ՝ սեւ կոստյումներով: Վեց կիլոմետր…

Երթեւեկությունը լայն պողոտաներում կանգնեցված էր։ Տների պատուհաններից, տրոլեյբուսներից մարդիկ ծափահարում էին։

Եվ այդ մեկուկես ժամվա ընթացքում ոչ մի բղավոց, ոչ մի հատուկ ազդանշան։

Ո՞վ պետք է մահանա Ռուսաստանում, որպեսզի նրան մեկուկես ժամ ձեռքերի վրա տանեն։ 33 տարի առաջ նման մարդ կար։ Վլադիմիր Վիսոցկուն ձեռքերի վրա թեկուզ մինչեւ Մագադան կտանեին։

Ռուսաստանում ո՞վ պետք է մահանա, որ մեր նախագահը ժամից ավելի դագաղի հետեւից քայլի: Եթե նա անգամ գնա, ապա պատուհանները կփակեն, դիտահորերն էլ ամուր կփակեն, քաղաքը կդատարկեն…

Պանթեոնում նախագահը (ՀՀ-ի,- խմբ.) կրկին լուռ էր։ Ելույթներ չեղան։ Դագաղն իջեցրին։ Մարդիկ լուռ մոտենում էին՝ մի կտոր հող նետելու համար։

Կարծես թե բահերը պետք չեկան…

Ռուսաստանից ոչ ոք չկար ԽՍՀՄ ժողովրդական արտիստին հրաժեշտ տալու ժամանակ։

Ոչ պաշտոնյաներ, ոչ ստեղծագործական միությունների անդամներ… Երկրի իշխանությունների վարքն աշխարհում ընկալվում է որպես երկրի վարք։

Ցավոք…

Ալեքսանդր Մինկին, «Մոսկովսկի կոմսոմոլե­ց»

* * *

Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու…

Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությունից : Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթեւամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…

Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:

Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտավորականի համար չի կարող լինել՝ «վերեւի-ներքեւի» կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողություն է:

Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…

* * *

Հոգիս չառած, միտքս չառնես, Աստված:

Դրա մասին եմ մտածում, որ միտքս տեղում լինի, բեռ չդառնամ որեւէ մեկի համար, ցավ չդառնամ…

Սոս Սարգսյանի մտքերից

«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.