Սկիզբը՝թիվ 28-30-ում
Մեր երկրում մեծացել է սողանքների հավանականությունը: 2007թ. ՀՀ տարածքում գրանցվել է սողանքի 7 դեպք, որից 2-ը՝ Տավուշում, 1-ը՝ Լոռիում: 2008թ. գրանցվել է սողանքի 5 դեպք, որից 1-ը՝ Լոռիում: 2009թ. արձանագրվել է սողանքի 9 դեպք, որից 3-ը՝ Տավուշում: 2010թ. գրանցվել է սողանքի 19 դեպք, որից 9-ը՝ Տավուշում, 6-ը՝ Լոռիում: 2011թ. գրանցվել է սողանքի 10 դեպք, որից 5-ը՝ Տավուշում, 2-ը՝ Լոռիում: Սողանքային երեւույթների աշխուժացմանը հետեւում են քարաթափումները, սելավները:
Ինչու՞ է բնությունն անհաշտ դարձել: Պատճառները մի քանիսն են՝ ընդ որում՝ նաեւ մարդկային գործոնը չբացառող: Եթե ասեմ, որ միայն 1990-2005թթ. Հայաստանը կորցրել է մոտավորապես 6300 հեկտար անտառ, ինչի արդյունքում զգալիորեն մեծացել է սելավների եւ սողանքների հավանականությունը, եւ այսօր մեր երկրի տարածքի մեկ երրորդը գտնվում է սողանքավտանգ գոտում, ամեն ինչ ավելի պարզ կդառնա: Ինչեւէ՝ փաստ է, ունենք ակտիվացող սողանքներ ու հարկ է մտածել դրա դեմ պայքարի արդյունավետ եղանակի մասին:
Իսկ կա՞ այդ եղանակը, որովհետեւ այսօր ամբողջ աշխարհն է դրա դեմ պայքարում: Մասնագետները այս հարցին պատասխանելուց առաջ նախ անդրադառնում են այն խնդրին, թե ինչի հետեւանք է սողանքը: Այս աղետը զարգանում է տարբեր հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում: Սողանքի առաջացման պատճառներն են ջրով հագենալու հետեւանքով գետնահողի բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, երկրաշարժի եւ այլ ուժեղ պայթյունների հարուցած ցնցումները: Այսինքն՝ սողանքից կարող են տուժել բնակելի եւ արդյունաբերական կառույցները, տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարները, հանքերը եւն: Բառիս բուն իմաստով՝ իսկական չարիք: Բայց դա միայն մեզ մոտ չէ: ԱՄՆ-ում, օրինակ, սողանքների հասցրած տարեկան վնասը մոտ 1 մլրդ դոլար է կազմում։ Ի դեպ, սա էլ տարեցտարի աճելու միտում ունի: Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում սողանքների պատճառով ավելի շատ մարդիկ են մահանում, քան երկրաշարժի: Այստեղ ամեն տարի սողանքի զոհ է դառնում 25 մարդ, որը շատ ավելի է երկրաշարժերից զոհվածների թվից։ Իսկ Ճապոնիայում, որի կղզիները տարաբնույթ աղետների՝ երկրաշարժ, հրաբուխ, ջրհեղեղ ու փոթորիկ, մշտական թիրախ են, սողանքներից զոհվածների թիվը կազմում է բոլոր աղետներից զոհվածների 40-50%-ը։ ՀՀ-ում էլ սողանքներից խաթարված են Սյունիքի մարզի Կապան քաղաքի Արփիկ, Կավարտ, Համլետավան, Անդրանիկաշեն, Բաղաբուրջ, Գեղանուշ արվարձանների, Վայոց ձորի մարզի Չիվա, Ագարակաձոր, Մարտիրոս, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Տավուշի մարզի Հովք, Հաղարծին, Մարտունի գյուղահամայնքների բնակելի տները, հաղորդակցության ուղիները, էլեկտրական ու կապի սյուները եւ այլն։ Միայն 2003թ. ՀՀ տարածքում գրանցվել է 18 սողանքային մարմինների ակտիվացում: Համաշխարհային բանկի «Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցում այլ տվյալներ են ներկայացվում։ Ըստ դրանց, ՀՀ-ի սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը շուրջ 122 հազար հա է, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 4.1%-ը. բնակավայրերի 35%-ը սողանքավտանգ վայրերում է: Սողանքների հետեւանքով վնասվում են 233 համայնքներ, որը համայնքների ընդհանուր թվի 25%-ն է կազմում։ 100-ից ավելի համայնքներում նկատվում է սողանքների զգալի ակտիվություն, որոնց հետեւանքով վնասվել են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ եւ կենսապահովման օբյեկտներ, որը ներառում է 1744 հա կամ ընդհանուր բնակելի տարածքի 5.2%-ը, 240 կմ ճանապարհներ կամ մայրուղիներ կամ ընդհանուրի 3.2%-ը, 4.8 կմ երկաթգիծ կամ ընդհանուրի 0.5%-ը: Բացի այդ՝ ՀՀ կեսից ավելին սելավավտանգ է, հատկապես միջին բարձրության լեռնային շրջաններում. հեղեղները սպառնում են նաեւ Երեւան, Կապան քաղաքներին եւ մերձակա շրջաններին։ ՀԲ-ն Հայաստանը դասել է բազմաթիվ աղետների ենթակա առաջին 60 երկրների շարքը: Սողանքային երեւույթներից մեր երկրի սոցիալ-տնտեսական կառույցներին հասցված ուղղակի վնասը, համաձայն սողանքային տեղամասերի 2004թ. գույքագրման տվյալների, 43 մլն դոլար է կազմել։
Կարեւոր մի հանգամանք կա սակայն. մեր, ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջեւ սողանքային հարցում մի էական տարբերություն կա. եթե ԱՄՆ-ում ու Ճապոնիայում դա առավելապես բնության աղետ է, ապա ՀՀ-ում, եւ՛ մեր եւ՛ արտերկրի մասնագետների հավաստմամբ, սողանքների առաջացման պատճառ է նաեւ անտառահատումների մեծ ծավալը: ՀԲ-ն գրում է, որ «ապօրինի անտառահատումները տեղական անտառները վերածել են անտառազուրկ տարածքների»: Վերոհիշյալ տվյալը, որ բերեցինք 1990-2005թթ. կտրվածքով, ցավալի է այն առումով, որ զարգացել է նաեւ այն տարիներին, երբ արդեն չենք ունեցել էներգետիկ ճգնաժամ: «Ցավալիորեն, 2005թ. հետո էլ կանգ չառան», սա էլ հավելում է ՀՀ փրկարար ծառայությունը՝ միաժամանակ նշելով, թե անապատացումն սպառնում է մեր երկրի տարածքի 80%-ին, իսկ խիստ անապատացումը՝ 50%-ին։
Այս ամենը ենթադրում է, որ մենք կարող ենք կանխարգելել սողանքը, եթե խելամիտ վարվենք: Այլընտրանք չկա, որովհետեւ եթե զարգացած երկրների բյուջեների վրա մեծապես ազդում են այդ աղետները, ապա ՀՀ-ի բյուջեն դրանք պարզապես քայքայում են: Բայց չէ որ այդ վնասը միայն տնտեսական չէ, բա մարդկային տառապանքները:
Ընդհանուր պատկերին մի գիծ էլ ավելացնենք. տասնամյակներ առաջ հսկայական գումարներ են ծախսվել Հայաստանի սողանքավտանգ տարածքներն ուսումնասիրելու համար, սակայն արդեն համարյա պատրաստի լուծումները երբեւէ կիրառում չեն գտել։ Հասկանալի է, որ անկախանալուց հետո մեր երկրի կառավարությունը երկար ժամանակ համապատասխան միջոցներ չի տրամադրել այս ոլորտին։ Անկեղծ լինենք՝ չի կարողացել տրամադրել։ Բայց հետո դա իրեն ավելի թանկ է արժեցել, մարդկանց են տեղափոխել, ու դա ոչ թե խնդիրն է լուծել, այլ՝ մեկ այլ խնդիր էլ է ավելացրել՝ ասենք գյուղ է դատարկվել: Հայաստանի պարագայում սա ճիշտ չէ, մենք այնքան տարածքներ չունենք, որ մեզ գյուղի տեղափոխման շռայլությունը թույլ տանք: Հետո՝ չմոռանանք, որ ՀՀ–ի համար գյուղերը ռազմավրական նշանակության են:
Զուգահեռ՝ մասնագետները հավելում են, որ յուրաքանչյուր սողանք յուրահատուկ է, պետք է դիտարկվի առանձին։
Մի խոսքով, բոլոր սողանքների համար ընդհանուր «դեղատոմս» հնարավոր չէ առաջարկել:
Տեղական եւ արտերկրի տարբեր մասնագետների ու փորձագետների հետ զրույցներից հետո հանգել եմ այն եզրակացության, որ խնդիրը լուծելուց առաջ նախ պետք չէ վախենալ ճշմարտությունը խոստովանելուց: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի սողանքների ճնշող մեծամասնությունը մարդու ներգործության հետեւանք է։
Բանն այն է, որ հաճախ, առանց մասնագիտական լուրջ հետազոտությունների եւ հաշվարկների, ճեղքում ենք սարերն ու բլուրները, կառուցում ճանապարհ ու երկաթուղի, շենք ու շինություն: Առանց չափազանցության՝ մենք բզկտում ենք մեր հողը՝ խախտելով բնական հավասարակշռվածությունը: Դրա հետեւանքով էլ բնությունը պատժում է մեզ: Ասել, թե քայլեր չենք ձեռնարկում աղետի դեմ պայքարելու համար, սխալ է: Սակայն փաստ է՝ որ ցայսօր անարդյունավետ են այդ պայքարի ձեւերը:
Շարունակելի
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



