3-րդ երեխայի համար՝ 1 մլն դրամ – Մնում է հավելել միայն, որ մեր երկրում ծնելիությունը խրախուսելու ձեւերը պետք է շատացնել…

Պետք է խրախուսման ձեւերը շատացնել – Դա մեզ համար անվտանգության խնդիր է

Հաջորդ տարվա հունվարի 1-ին եւ դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ծնողներին/ընտանիքին վճարվում է երեխայի ծննդից հետո, իսկ մյուս մասով ձեւավորվում է ընտանեկան դրամագլուխ: 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան պարագայում միանվագ նպաստի չափը 1 մլն դրամ է, որից կվճարվի գումարի կեսը, իսկ մյուս 500 հազ. դրամը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: 5-րդ եւ հաջորդ երեխայի ծննդյան պարագայում նպաստի չափը 1,5 մլն դրամ է, որից կվճարվի 500 հազ. դրամը, իսկ 1 մլն-ը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: Ընտանիքը կարող է ունենալ մեկից ավելի ընտանեկան դրամագլուխ՝ պայմանավորված ընտանիքում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով:

Այդ դեպքում, յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ: Եթե ընտանիքը պետական աջակցության իրավունքը ձեռքբերում է ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու հանգամանքով եւ ծնված յուրաքանչյուր երեխայի հերթական համարով նախատեսվում է պետական աջակցության տարբեր չափ, ապա անկախ ընտանիքում նրանց հերթական թվից, պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ պահի համար սահմանված պետական աջակցության ավելի բարձր չափով:

Օրինակ՝ եթե ընտանիքում ծնվում է զույգ երեխա, որի արդյունքում երեխաների թիվն ընտանիքում երեք երեխայից դառնում է 5 (4-րդ երեխայի համար նախատեսվող պետական աջակցության գումարը 500 հազար է, իսկ 5-րդ երեխայինը՝ 1 մլն դրամ), ապա յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվում է 1 մլն դրամ պետական աջակցություն:

Ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Բայց պետք է օգտագործվի միայն անկանխիկ եւ հետեւյալ ուղղություններով՝

1. Պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի (կամ այդ ընտանիքի անդամի) համար նոր բնակարանի գնման, կառուցման համար կամ բնակարանի ձեռք բերման նպատակով տրամադրված եւ հիփոթեքով ապահովված վարկի տոկոսադրույքների եւ մայր գումարի մարում:

2. Ընտանիքի անդամի՝ ուսումնական  հաստատություններում ուսումնառելու ընթացքում ուսման վարձավճարի վճարում:

3. Ընտանիքի անդամի՝ բժշկական օգնության դիմաց վճարում կամ առողջության ապահովագրության դասով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների ապահովագրության նպատակով ապահովագրավճարի վճարում:

Ընտանեկան դրամագլխի վրա հաշվեգրվում են տոկոսներ, որոնց չափը եւ հաշվարկման կարգը սահմանվում են պետական աջակցության տնօրինողի եւ բանկի միջեւ կնքված համապատասխան պայմանագրով: Պետական աջակցության տնօրինողը, պայմանագրով սահմանված ժամկետում, կարող է կանխիկ ստանալ եւ տնօրինել ընտանեկան դրամագլխի վրա հաշվարկված տոկոսները: Այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ընտանեկան դրամագլխին, որին եւս հավելագրվում են տոկոսներ:

Ի դեպ, մեկ կարեւոր դրույթ է ամրագրել պետությունը: Այն է՝ ընտանեկան դրամագլուխն ամբողջությամբ ենթակա է վերադարձման, եթե երեխան տեղավորվել է մանկատանը կամ տրվել է որդեգրման:

Երեխան չափահաս դառնալուց հետո դրամագլուխը եւ դրա վրա հաշվեգրված տոկոսները կարող է անխոչընդոտ տնօրինել՝ առանց որեւէ սահմանափակման (բացառությամբ օրենքով եւ բանկի հետ կնքած պայմանագրով նախատեսված սահմանափակումների):

2014թ. պետբյուջեի մասին օրինագծով երեխայի ծննդյան միանվագ նպաստի նպատակով հատկացվել է շուրջ 8,565 մլրդ դրամ՝ 42.333 երեխաների համար: Ընդ որում կանխատեսվել է, որ ընտանիքում ծնված 1-ին, 2-րդ երեխաների թիվը կկազմի 35.733, 3-րդ եւ 4-րդ երեխաներինը 6.244, իսկ 5-րդ եւ հաջորդող երեխաներինը՝ 356:

Մնում է հավելել միայն, որ մեր երկրում ծնելիությունը խրախուսելու ձեւերը պետք է շատացնել: Դա մեզ համար անվտանգության խնդիր է: Միայն պարզ չի դառնում, թե ինչու երկրորդ երեխայի ծննդյան պարագայում գումարն այդպես էլ չի բարձրանում 50 հազար դրամի սահմաններից: Չէ՞ որ մինչեւ երրորդ երեխան երկրորդին դեռ պահել է պետք: Սա բացթողում է, որ անհապաղ պիտի շտկվի:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.