– Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին – …որ հենց հայի փողերով էլ գնած զենքերով կարելի է հայերի վերջը տալ…
– Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին – …բայց միեւնույնն է, Ստամբուլում հայի վաստակն ի վերջո թուրքին է ծառայում…
– Արտահանումն ու ներմուծումը նվազել են – «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն Հայաստան է փոխադրել է…
Թուրքիայի բյուջեն՝ Հայաստանի բյուջեի հաշվին
Ամեն անգամ միտս է գալիս թուրքի ասած՝ «Հայի հետին խելքն իմը լիներ» թեւավոր խոսքը, երբ նկատում եմ, որ էլի կան հայեր, որ հիանում են թուրքով ու Թուրքիայով, անգամ ճղճիմաբար աղաղակում, թե էնքան լա՛վ են ընդունում իրենց այդ թուրքերը, որ անընդհատ գնում են առեւտուր անելու կամ իրենց հանգիստը վայելելու…
Իսկ ո՞ր երկրի բյուջեն լցնեն՝ այդպիսիներից հրաժարվի: Այն էլ այն երկրի պետական քսակը, որտեղ լա՛վ են հասկանում, որ հենց հայի փողերով էլ գնած զենքերով կարելի է հայերի վերջը տալ:
Վերջերս նորից թուրքական ապրանքների մասին խոսք եղավ եւ «Ջերմատնային ասոցիացիա» հ/կ տնօրեն Պողոս Գեւորգյանը հայտարարեց. «Ներկրված բանջարեղենի միջոցով կարող է դիվերսիա կատարվել մեր երկրում: Թուրքիայից ներկրվում է ոչ միայն վնասակար բանջարեղեն, այլեւ ներկրված ապրանքից ցեցը տարածվում է Հայաստանում. բանանի արկղերով են ներկրվում բանջարեղենը, ֆերմերն էլ միայն այդ արկղերն է օգտագործում, ու դա տարածվում է»: Նրա տեղեկություններով՝ ցեցը հասել է Կոտայքի մարզ: Դրա դեմ բուժանյութն արժե 1000 դոլար. «Դե արի՝ խեղճ ֆերմեր ու գնիր»:
Թուրքիայից ներկրված բանջարեղենը էժան է վաճառվում, դրա համար մարդիկ դա են գնում. «Ներկրողները հարկ չեն տալիս, 500 դրամով թուրքական պոմիդորը վաճառում են, եթե հարկ մուծեն, պետք է նրանց վրա 400 դրամ նստի, ստացվում է, որ Թուրքիան բարեգործությո՞ւն է անում»- հարց է ուղղել հ/կ-ի տնօրենը, որով նաեւ հասկացնում է, որ պետք է ուշադիր լինել ու ըմբռնել կատարվածը: Բացի այդ, ըստ մասնագետի, գազի բարձր գինը բերեց ջերմոցների քանդմանը եւ մարդիկ նաեւ աշխատանք կորցրեցին ու իրենց օրվա շահույթը:.
Նշենք, որ ջերմատերերը եւ «Ջերմատնային ասոցիացիա»-ի տնօրենը Հայաստանի ջերմոցային տնտեսությունը փրկելու համար պահանջում են չեղյալ հայտարարել գյուղնախարարության որոշումը, որով թույլատրվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից գյուղմթերք ներմուծել:
Այսօր շատերն են արդեն անդրադառնում Թուրքիայից ու Ադրբեջանից մթերքի ներկրման արգելանքը հանող գյուղնախարարի որոշմանը, քանզի սա իսկապես կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար: Որովհետեւ մեր երկիրը այս երկու հարեւանների հետ սառը պատերազմի մեջ է եւ այդ արգելքի կասեցման հետեւանքով հնարավոր է ԳՁՕ–ացված (գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ) կամ այլ վտանգավոր հավելումներ պարունակող սննդամթերք ներկրվի մեր երկիր, ու այս անգամ թուրքերն ու ադրբեջանցիները ամեն հարց լուծեն առաց զենքի գործածության:
Թուրքիան չի ստորագրել ԳՁՕ-ներին վերաբերող կոնվենցիայի տակ. ԳՁՕ-ները արգելված չեն Թուրքիայում եւ չեն էլ հրաժարվի դրանով կերակրեն հայերին: Իսկ հիվանդ սննդից հիվանդությունների մեջ ներծծված հայերից ոչ մի վնաս էլ չի սպասվի:
Քանի որ ՀՀ-ն Համաշխարհային առեւտրային կազմակերպության անդամ է, իրավունք չունենք արգելել ներմուծումը Թուրքիայից ու Ադրբեջանից, ինչից էլ «խեղճացել» է գյուղնախարարությունը… Բայց այս հարցի լուծումը կարելի է այնպես կազմակերպել, որ ներմուծվող ապրանքների հարկումը կատարվի պատշաճ կերպով եւ թուրքական ու ադրբեջանական ծագում ունեցող ապրանքի համար գործեն հատուկ բարձր հարկեր, ինչը եւ կկասեցնի ներմուծումը: Այսպիսով գոնե Հայաստանի կառավարությունը իր բյուջեի հաշվին չի լցնի Թուրքիայի բյուջեն:
Սա Ադրբեջանում խնդիր չէ. այնտեղ դատել էին խանութի տիրոջը միայն այն բանի համար, որ նրա խանութում «Գրանդ Քենդի»-ի կոնֆետ էր եղել: Թուրքիայում դա առավել հեշտ են կարգավորում…
Թյուրքական տարրը իր պետական շահը միշտ գիտի, եթե մոռանա էլ, պետությունն ամեն գնով հիշեցնում է: Իսկ մեզնից շատերը անձնականին են վազում՝ վտանգելով եւ՛ իրենց անձ եւ՛ մեր պետությունը:
Ի դեպ, «Լուսանցք»-ը երբ նախորդ տարի հրապարակեց Թուրքիայից ներկրված ԳՁՕ–ացված լոլիկի լուսանկարները (արգելանքի ժամանակ է անգամ ներկրվել), գյուղնախարարությունը իրեն ճղեց, թե ՀՀ ԳՁՕ–ացված լոլիկ չի բերվում, այն էլ՝ Թուրքիայից: Մենք, իհարկե, հավատացինք մեր աչքերին: Իսկ գյուղնախարարը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի «Օրինաց երկիր» կուսակցությունից է: Ու էդպես էլ օրենքի երկիր են կառուցում:
Հավելենք՝ նույն ընթացքում թուրքական ԳՁՕ–ացված կարտոֆիլը Ջավախքում էր իրացվել, որը կարող էր նաեւ Հայաստան թափանցել:
Արման Դավթյան
Իրական պատմություն՝ թվացյալ հաղթանակի մասին
Մի հայ նստած է լինում Ստամբուլի սրճարաններից մեկում: Ներս է մտնում մի թուրք ազգայնամոլ եւ նստում ուղիղ հայի դիմաց: Նայելով տղամարդու արտաքինին, նա անմիջապես հասկանում է, որ դիմացինը հայ է: Այդ ժամանակ կանչում է մատուցողին եւ բարձրաձայն ասում, որ բոլորին հյուրասիրում է խմիչքով, բացի հայից: Հայը նայում է թուրքին, ժպտում եւ ասում շնորհակալություն: Թուրքը զարմանում է, մի անգամ էլ է կանչում մատուցողին ու էլի բարձրաձայն ասում, որ բոլորին հյուրասիրում է խմիչք, բացի հայից: Հայ տղան այս անգամ էլ է ժպտում ու ասում շնորհակալություն: Այսպես շարունակվում է մի քանի անգամ:
Վերջում, երբ հայն արդեն գնում է, կատաղած թուրքը կանչում է մատուցողին ու հարցնում. «Լսի, ես քանի անգամ այդ հային վիրավորեցի, բոլորին հյուրասիրում էի, բացի իրենից եւ ինքն ինձ շնորհակալություն էր հայտնում, դու գիտե՞ս ով էր այդ մարդը»: Մատուցողը պատասխանում է. «Իհարկե գիտեմ, մեր սրճարանի տնօրենն է»:
Առաջին հայացքից զվարճալի այս իրողությունը փոքրիկ հաղթանակ է ընկալվում, բայց միեւնույնն է, Ստամբուլում (կամ ներկայիս Թուրքիայի տարածքում) յուրաքանչյուր հայի վաստակն ի վերջո թուրքին է ծառայում եւ Թուրքիայի բյուջեի մեծացման օգտին է, որի զգալի մասը ռազմական ծախսեր են… Այսօր էլ ոչ միայն այնտեղ բնակվող, այլեւ հայաստանահայեր եւ սփյուռքահայեր հարստացնում են այդ երկրի բյուջեն՝ կա՛մայնտեղ աշխատանք կատարելով կա՛մ թուրքական ապրանքներով Հայաստանը ողողելով…
Արտահանումն ու ներմուծումը նվազել են
2013թ. հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Հայաստան է փոխադրել է 2.050,0 հազ. տոննա բեռ, ինչը 9,5%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013թ. հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311,0 հազ. տոննա՝ 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազ. տոննա բեռ՝ 19,2%-ով նվազելով 2012թ. հունվար-օգոստոսի հետ համեմատ:
Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1.024,3 հազ. տոննա՝ նվազելով 4,8%-ով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը եւ մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել եւ արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



