Հայաստանը չպե՛տք է հրաժարվի փոխլրացնող քաղաքականությունից – Ինչքան էլ հերքեն արեւմտյան եւ ռուսական կողմերը, այլեւս հստակ է, որ Արցախի հարցը դարձնում են կռվախնձոր՝ Երեւանի դիրքորոշումը սասանելու համար…

Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որը ՀՀ համար կարեւորվում է 2 հանգամանքով: ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լիագումար նստաշրջանի շրջանակում ամփոփեց Հայաստանի նախագահության 6 ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում: Հիշեցնենք, որ ԱԳ նախարարը դեռ ավելի վաղ հայտարարել էր, թե ՀՀ գերակայությունները ձեւավորելիս փորձել են համատեղել ԵԽ կարեւոր օրակարգային եւ ՀՀ համար առաջնային հարցերը, որոնք քննարկվել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդի հետ Երեւանում: Նշենք, որ ԵԽ-ն ունի 2 կանոնադրային մարմին՝ Նախարարների կոմիտե եւ խորհրդարանական վեհաժողով: Նախարարների կոմիտեն ԵԽ ղեկավար եւ որոշումներ կայացնող մարմինն է, կազմված է անդամ պետությունների ԱԳ նախարարներից: Նախարարների կոմիտեի նախագահությունը փոխվում է տարեկան 2 անգամ: Անդամ երկրները այդ կոմիտեի նախագահությունը ստանձնում են 6 ամիս ժամկետով:

Մյուս կարեւոր հանգամանքը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որում նա ներկայացրեց ՀՀ-ում կատարված ու կատարվելիք բարեփոխումները, ներքին ու արտաքին հիմնախնդիրները, Արցախի խնդրի կարգավորման եւ տարածաշրջանին վերաբերող այլ խնդիրներ: Նախագահը պատասխանեց նաեւ ԵԽԽՎ նստաշրջանի պատգամավորների հարցերին: Դրանք առավելապես հայ-թուրքական եւ արցախյան հիմնախնդիրներին էին վերաբերում եւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն:

Մեր պետության ղեկավարը եւս մեկ անգամ հավաստեց, որ Երեւանը վարում է փոխլրացնող արտաքին քաղաքականություն եւ չի պատրաստվում գործընկերներից որեւէ մեկից հրաժարվել: Մաքսային միությանը անդամակցելուց առաջ եվրոպական Արեւելյան գործընկերության համագործակցության շրջանակներում մասնակից կողմերը համաձայնել էին, որ անդամակցումը չի կարող սահմանափակել մասնակից երկրների՝ այլ կառույցներին անդամակցումը կամ դրանց հետ համագործակցելը: Եվ Երեւանը առաջնորդվելով փոխլրացնող քաղաքականությամբ՝ պատրաստ է ստորագրել նաեւ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես դա արել է Մաքսային միության դեպքում: Իսկ եթե եվրոպական գործընկերները շարունակեն պնդել, որ Մաքսային միության կանոնակարգը հակասում է Ասոցացման համաձայնագրի եվրոպական ազատ տնտեսական համագործակցության համաձայնագրին, ապա Հայաստանը պատրաստ է Վիլնյուսում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասի առումով արդեն ընթանում են բանակցություններ:

Բանակցություններ են ընթացել նաեւ Երեւանում: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդունել է ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Քննարկվել են ԵԽ-ի հետ ՀՀ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի՝ տեղական ժողովրդավարության զարգացման միջոցառումների իրականացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տարածքային կառավարման նախարարության եւ ԵԽ հայաստանյան գրասենյակի մասնագետներն առաջիկա օրերին կհստակեցնեն նշված բաղադրիչների շրջանակում առաջնահերթությունները եւ կսկսեն համատեղ աշխատանքը՝ ներգրավելով նաեւ ԵԽ մասնագետների: Անդրադարձել են նաեւ ԵԽ-ում ՀՀ նախագահության ընթացքում անցկացվելիք միջոցառումներին, մասնավորապես այս ամիս Երեւանում կայանալիք ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ղեկավարների հանդիպմանը, հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում ԵԽ տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նստաշրջանին Հայաստանի պատվիրակության մասնակցությանը վերաբերող հարցերին:

Արեւմուտքի գործնական կապերը ՀՀ հետ շարունակվում են բազմակողմանի զարգանալ, չնայած Մաքսային միությանը վերաբերող բազմաթիվ հարցերին: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը եւս կարեւորել է այդ կապերը՝ նշելով, որ Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է եւ այնտեղ էլ ունի պարտավորություններ: «Հայաստանն ինքն է կայացնում որոշումներ, եւ Միացյալ Նահանգներն ու իր գործընկերները շարունակելու են աշխատել Երեւանի հետ»,- հավելել է դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ՀՀ մաքսային ոլորտում բազմաթիվ մարտահրավերներ է տեսնում եւ մտադիր է աշխատել ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի հետ: Կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշել է, թե տարօրինակ ոչինչ չի տեսնում այն բանում, որ Մաքսային միություն գնացող ՀՀ-ն մաքսային բարեփոխումներ է անում ԱՄՆ-ի օգնությամբ. «Մենք քավորությամբ չենք իրականացնում, համապատասխանեցնում ենք մեր օրենսդրությունը Մաքսային միության եւ Եվրամիության այն դրույթների հետ, որոնք հակասության մեջ չե­ն»:

Սակայն, ինչքան էլ հերքեն արեւմտյան եւ ռուսական կողմերը, այլեւս հստակ է, որ Արցախի հարցը դարձնում են կռվախնձոր՝ Երեւանի դիրքորոշումը սասանելու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկատվությունը, թե ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ԼՂ-ի հետ մաքսային սահմանի անցկացում էր ենթադրում: «Առանց մեկնաբանությա­ն»,- նրա խոսքերը փոխանցել է «Նովոստի-Արմենի­ա»-ն: Նա միաժամանակ բացատրել է, թե ինչու դեռ հրապարակված չեն ԵՄ հետ Ասոցացման եւ ԵՄ հետ «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրերի տեքստերը. «Կա միջազգային պրակտիկա: Բանակցային գործընթացի ընթացքում ու մինչեւ նախաստորագրումը փաստաթղթերը չեն հրապարակվում, քանի որ բանակցությունների ընթացքում մշտապես փոփոխություններ են լինում, հայտնվում են նոր ձեւակերպումներ, եւ նպատակահարմար չէ ամեն անգամ թարմացված տեսքով հասարակությանը ներկայացնել փաստաթուղթ­ը»:

Այդ փաստաթղթում կան նաեւ լավ դրույթներ, որոնք բխում են Հայաստանի շահերից, սակայն, կան կետեր, որոնք տեխնիկապես հակասում էին Մաքսային միությանը, եւ եվրոպական կողմը չի ցանկանում նախաստորագրել փաստաթուղթն այն տեսքով, որով այն համաձայնեցվել է: Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը համարում է, որ եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ապա ԼՂՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ,  պիտի ճանաչվի: Իսկ ԵՄ-ն կարծես պահանջել է ՀՀ-ից մաքսային սահման դնել ԼՂՀ հետ: Հիմա ինչպե՞ս կլուծվի հարցը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ պատասխանատուները վերջերս հայտարարեցին, թե Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման դեպքում չի կարող գործել կոլեկտիվ անվտանգության համաձայնագիրը, քանի որ այն ստորագրվել է Հայաստանի հետ: Հիմա Մաքսային միությունը կճանաչի՞ Արցախի Հանրապետության փաստացի անկախությունը:

Ինչ մնում է այն հարցին, թե եթե ՀՀ-ն մտնի Մաքսային միություն, ապա Հայաստանի ու Արցախի միջեւ կարող է մաքսային սահման առաջանալ, ապա դա բացառում են եւ՛ ՀՀ-ում եւ՛ ԼՂՀ-ում: Ավելին՝ պետք է պնդել, որ նույն միության մեջ են եւ՛ ՀՀ-ն եւ՛ ԼՂՀ-ն: Եթե Հայաստանը գտնվելու է նույն մաքսային տարածքում, ինչ այլ անդամ երկրները, ապա դա նշանակում է, որ այդ երկրները կամ Արցախը ճանաչում են որպես միության 5-րդ անդամ, կամ էլ ՀՀ ամբողջական մաս:

Այլապես պետք է հրաժարվել եւ Մաքսային միությանը միանալուց եւ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց:

Ադրբեջանը զգալով Արցախի դե-ֆակտո ճանաչելու այս վտանգը, ամեն ինչ անում է Հայաստանի ինտեգրման գործընթացը ձախողելու համար եւ բացահայտ խաղեր է տալիս Մոսկվայի հետ: Սա նկատում են նաեւ Արեւմուտքում: Իսկ Երեւանը կրկին հայտարարեց Մաքսային միությանը միանալու եւ հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձեւավորմանը մասնակցելու մտադրության մասին: Ինչպեսեւ՝ Վիլնյուսում՝ ԵՄ եւ Արեւելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում Ասոցացման մասին համաձայնագիրը եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրելու ցանկության մասին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.