Երբ հայտարարվեց նորաստեղծ Միասնական քննչական մարմնի մասին, հասկանալի էր, որ Հայաստանը կունենա նոր գլխավոր դատախազ: Իհարկե, հետաքրքիր է, որ նորաստեղծ քննչական մարմինը դեռ պետք է հավաստի իր գոյության իրավունքը: Եվ դա պետք է հավաստվի նախ գործով: Կարեւոր գործեր կան պարզաբանելու ինչպես դատախազական, այնպես էլ ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային եւ այլ ոլորտներում: Եվ միասնական քննչական մարմնի ստեղծումը իրապես կարող է կենտրոնացնել եւ համակարգել նույն գործառույթներն ունեցող ծառայությունների աշխատանքները:
Բայց շատերը նույն մտավախությունն ունեն, արդյո՞ք նախկին գլխավոր դատախազը կարող է վեր կանգնել սեփական ցանկություններից եւ կազմակերպել համակարգումը: Չէ՞ որ նրա օրոք էլ մնացին գործեր, որ դեռ պարզաբանման կարիք ունեն կամ շատերի կարծիքով՝ որոշների լուծումներն էլ կողմնակալ են եղել: Կխանգարի՞ այս ամենը Աղվան Հովսեփյանին, թե՞ կկարողանա միավորել քննչական մարմինների գործունեությունը: Արդյո՞ք այն կբերի նոր մոտեցումներ եւ քննչական ծառայության լիարժեք անկախություն: Գնահատականների հարցում կսպասենք:
Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված նոր քննչական կառույցի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովը գործնականում որոշ փոփոխություններ կբերի այնուամենայնիվ, սակայն իրավաբանորեն որեւէ բան դժվար թե փոխվի: Ըստ մասնագետների, քննչական գործերն այսօր էլ կախված են դատախազությունից, անկախ մարմին լինելը հարաբերական է, քանի որ Սահմանադրությամբ եւ դատախազության մասին օրենքով հենց դատախազությունն է հսկողություն իրականացնում ինչպես հետաքննության, այնպես էլ նախաքննության վրա: Պետք է սրա՛նք նախ տարանջատել:
Նշանակում է, միասնական քննչական կառույցին թեկուզ ձեւականորեն, բայց օրենքի սահմաններում պետք է հսկի դատախազությունը: Սա կարող է արտոնյալ վիճակում դնել գլխավոր դատախազին: Իսկ ոստիկանության, ՊՆ–ի կամ ՊԵԿ–ի քննչական ծառայությունների տարանջատ, հախուռն աշխատանքը գուցեեւ վերանա, միաձուլվի մեկ ընդհանուր մարմնի մեջ, բայց մի մարմնի՝ որում կա արտոնյալ վիճակում հայտնված դատախազական համակարգ: Միասնական քննչական մարմինը գուցե կունենա տարբեր վարչություններ, որոնք առավել միասնական ու համակարգված կգործեն, ինչը թերեւս հետագայում հասկանալու հարց է:
Իշխանությունները մեծ սպասելիքներ ունեն այս նորաստեղծ մարմնից, նրանց ասելով միավորվելու են ՊԵԿ-ի, ոստիկանության եւ ՊՆ-ի քննչական մարմինները, որպեսզի առավել ապահովվի նրանց անկախությունը՝ գերատեսչական տարբեր խնդիրներ տարբեր ձեւերով լուծելու ճանապարհին, կլինի մի հակակշիռ, որ թույլ կտա ավելի լավ քննություն իրականացնել: Նշվում է, որ սա գերկառույց չի լինելու, այլ սովորական քննչական աշխատանք է լինելու՝ որոշակիորեն ավելի անկախ, քան նախկինում էր, իսկ վերահսկողության առումով ոչինչ չի փոխվում:
Ի դեպ, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն չեն մտնելու այս նոր կառույցի մեջ, թեեւ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ հետագայում քննարկեն նաեւ այս գերատեսչությունների հարցը:
Ամեն դեպքում կա՛մ նորաստեղծ այս կառույցը դեռ լուրջ փորձություն ունի անցնելու, կա՛մ՝ ստեղծվել է մեկ անձի աշխատանքի համար:
ՆարեՄշեցյան
* * *
Մի պարտքով՝ մեկ այլ պարտք – Պահանջարկը կազմել է 2,7 մլրդ դոլար, թեեւ հետո հայտերը հասել են 3 մլրդ դոլարի…
Կառավարության երեկվա նիստում որոշվեց, որ եվրապարտատոմսերի վաճառքից ստացված գումարից Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ մարելու է ռուսական վարկը: Ավելի ստույգ՝ Հայաստանը վաղաժամկետ մարում է Ռուսաստանից վերցրած 500 մլն դոլար վարկի մնացորդը: 440 մլն դոլար կտրամադրվի այդ նպատակով, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Եվ այդ վարկը մարվելու է հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլար եվրապարտատոմսերի հաշվին: Մարվում է այն վարկը, որ Ռուսաստանից 500 մլն դոլար պարտք էինք վերցրել 2009թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր + 3 տոկոսադրույքով: Եվ ՀՀ-ն սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեր մայր գումարի մարման նպատակով:
Եվրապարտատոմսերը ձեռբերել են 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից: Ներդրողների 42%-ը ԱՄՆ-ից է, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ Մայրցամաքային Եվրոպայից, ներդրողներ կան նաեւ աշխարհի մյուս ֆինանսական կենտրոններից: Պահանջարկը կազմել է 2,7 մլրդ դոլար, թեեւ հետո հայտերը հասել են 3 մլրդ դոլարի: Պարտատոմսերի թողարկումը հաջող է եղել, բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը:
Փաստորեն, ստացվում է, որ մեր երկիրը մի պարտքով մեկ այլ պարտք է մարում, ե արդյո՞ք դա վտանգավոր չէ: Մանավանդ, եթե հաշվի առնենք այն, որ 2020թ. արդեն մեր երկիրը 1 մլրդ դոլար պարտք է մարելու (700 մլն դոլարը՝ տոկոսներն էլ հետը): «Հանգիստ եղեք,- ասաց նախարարը,- մենք չենք համարվում բարձր պարտք ունեցող երկիր, դա այն դեպքում է, երբ պարտքը հասնում է ՀՆԱ-ի 50%-ին, բայց անգամ այս պարտատոմսերի թողարկումով մեր պարտքը չի հասնում 50%-ի: Իսկ 1 մլրդն էլ մարելու ենք շատ հանգիստ»:
Մտավախություն չկա՞, որ այդ եվրապարտատոմսերը մեր երկրի տնտեսության համար թմրանյութի պես մի բան կդառնան: Այն է՝ թողարկենք, ներարկենք (պարտք մարենք), հետո նորից թողարկենք եւ այլն՝ գործնականում չպակասեցնելով մեր արտաքին պարտքի չափը: Ի պատասխան նախարար Դավիթ Սարգսյանը չբացառեց, որ ապագայում կարող են կրկին թողարկումներ իրականացվել, բայց տրամաբանական համարեց, որ դա 7 տարի հետո կարվի:
Ի դեպ, գազի գնի սուբսիդավորման ուղղությամբ եվրոպարտատոմսերից ստացված գումարներից չեն տրամադրվելու:
Սակայն այստեղ կան որոշ բացեր, որոնց մասին չխոսվեց, բայց որոնց «Լուսանցք»-ը չի անդրադառնում տեղի սղության պատճառով: Դա կանենք հաջորդիվ:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



