…Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ՀՀՇ վարչության նախագահ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով համաձայնություն ստացվեց ԱԺ–ից:
…Դատախազական ո՞ր համակարգի օրոք էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
…Սա ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի այն ժամանակները, երբ «ապացույցների թագուհին» ինքնախոստովանական ցուցմունքներն էին»:
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – …Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունը, Հայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում…
* * *
Նորընտիր գլխավոր դատախազը եւ նախկինների անցյալը
Աժ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրվել Գեւորգ Կոստանյանը: Ըստ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի, առաջադրված Կոստանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ էին 3-ը: Նորընտիր դատախազի արձագանքն այսպիսին էր. «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար, շնորհակալություն եմ հայտնում ՀՀ նախագահին՝ բարձր վստահության համար: Կառուցում ենք մեր Հայաստանը միասին»:
Եվ շուտով պարզ կլինի, արդյո՞ք կառուցում ենք մեր Հայաստանը, թե ապակառուցողական հին գործուռույթներն ավելի զորեղ են: Հուսանք, որ կկառուցենք եւ կանցնենք առաջ:
Բայց այլ կարծիք ունեցողներ էլ կան: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը ցանկանում է կոնկրետ դեպքերի անդրադառնալ, որոնք պատճառ են դարձել, որպեսզի հասարակությունը չվստահի գլխավոր դատախազին ու իրավական համակարգին. «Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը համակարգում մեծ տեղ է տալիս իր ծանոթ-բարեկամներին, անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ինչ-ինչ հարցեր լուծելու համար դիմում է օրենքով գողերի կամ թաղային հեղինակությունների աջակցությանը: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը պատրաստ է քաղաքական հայացքների համար անձին վերագրել այս կամ այն հանցագործությունը: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը, ունենալով գոնե բավարար իրավական գիտելիքներ, քաղաքական դրդապատճառներով պաշտպանում է այնպիսի մեղադրանք, որ թվում է, թե իրեն հարգող ցանկացած իրավաբան պարզապես կհրաժարվեր այդպիսի զավեշտալի իրավիճակի մեջ ընկնելու հնարավորությունից: Անընդունելի է, երբ գլխավոր դատախազը ընտրությունների փուլում քրեական գործ հարուցելու սպառնալիքով ստիպում է գյուղապետերին աշխատել իր նախընտրած կուսակցության համար: Անընդունելի է, երբ անձը վախենում է դիմել իրավապահ մարմիններին, այդ թվում՝ դատախազությանը, քանի որ վստահ չէ, որ մի քանի րոպեների ընթացքում տուժողի կարգավիճակից չի հայտնվի մեղադրյալի կարգավիճակում: Եվ այս դեպքում, հավատացեք ինձ, «բավարար» ապացույցների հարցը շատ հմտորեն եւ արագ լուծվում է: Անընդունելի է, երբ իրական հանցագործը րոպեների ընթացքում էլի դատախազության թեթեւ ձեռքով մի քանի րոպեի ընթացքում մեղադրյալի կարգավիճակից հայտնվում է տուժողի կարգավիճակում եւ նրա դեպքում էլ բավարար ապացույցների հարցը շատ հմտորեն լուծվում է»:
Ըստ այս եւ այլ պատգամավորների, «անընդունելի»-ների շարքը հնարավոր է այսպես շարունակել՝ երբ իրավունքների պաշտպանության համար բողոքող, պայքարող քաղաքացուն մեկ էլ հանկարծ վերագրվում է մի այնպիսի հանցագործություն, որը, ըստ «կարած, իրար կպցված մեղադրանքի», նա կատարել է հեռավոր անցյալում, բայց «արի ուտես, որ հանցագործությունը շատ օպերատիվ բացահայտվում է այն փուլում, երբ անձը հանդես է գալիս բողոքողի կարգավիճակում»:
Նորընտիր գլխավոր դատախազին այլ բաներ եւս լսեցրին ԱԺ-ում, այն, որ պետք է զերծ մնալ նախկինի սխալներից՝ այս բարդ ու պատասխանատու աշխատանքը ազգային նվիրումով կատարելու համար: Մամուլն էլ հիշեցրեց նախկին ՀՀ դատախազների եւ նրանց կիրառած քաղաքական հետապնդումների մասին: ՀՀ 1-ին գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանի օրոք էլ սկսվեցին քրեական մեղադրանքները քաղաքական գործիչների հանդեպ: 1994թ. մեղադրանք առաջադրվեց ՀՅԴ ներկայացուցիչներին ահաբեկչական «Դրո» կառույց ստեղծելու համար: Դատարանում այդ կապը չապացուցվեց: Չնայած իշխանափոխությունից հետո ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այլ ձեւակերպում տվեց՝ «որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված» ազատ արձակվեցին դաշնակցականները, ինչը ցայսօր որպես գործոն պահում է նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունը, ասենք՝ «նոր փաստերի եւ իրավիճակների ի հայտ գալով պայմանավորված»: Ամեն դեպքում՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը տապալվեց: Իսկ նախկին գլխավոր դատախազի հաջորդ մեղադրանքը քաղաքական գործիչների հանդեպ առաջադրվեց 1996թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո, երբ ընդդիմության ղեկավարությամբ մարդկային զանգվածները գրոհեցին ԱԺ շենքն ու բռնություն գործադրեցին իշխանության ներկայացուցիչների հանդեպ: Պատգամավորի մանդատից զրկվեցին ԱԺՄ խմբակցության անդամներ Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը, Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ-ական (հիմա՝ «Ժառանգություն») պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
ՀՀ 2-րդ գլխավոր դատախազը Հենրիկ Խաչատրյանն էր, ով 1 տարի էլ չպաշտոնավարեց եւ գուցե դա էր պատճառը, որ աղմկոտ քրեական գործեր չհարուցվեցին, քրեական մեղադրանքներ չեղան քաղաքական գործիչների նկատմամբ: Իսկ գլխավոր դատախազը սպանվեց իր աշխատասենյակում: Պաշտոնական վարկածով մարդասպանը նրա տեղակալն էր: Բայց շրջանառվում էր վարկած, որ սպանությունից անմիջապես առաջ դատախազի սենյակ վերջինը մտել է Աղվան Հովսեփյանը: Ով էլ այն ժամանակ հայտնեց, թե ճիշտ հակառակը՝ սպանությունից անմիջապես առաջ դուրս է եկել սենյակից:
ՀՀ 3-րդ գլխավոր դատախազը արդեն Աղվան Հովսեփյանն էր: Կարժ ժամանակ հետո նա ԱԺ-ում էր՝ ՀՀՇ վարչության նախագահ, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ ձերբակալելու հարցով ու ստացավ համաձայնությունը:
Այս դատախազական համակարգում էր, որ ընդամենը 1 օրում (ավելի ստույգ՝ շուրջ 15 ժամում) ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք առաջադրեց, ոստիկանությունը բերման ենթարկեց, դատախազությունը մեղադրանքը ներկայացրեց եւ դատարանը դատավճիռ կայացրեց, ու Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կալանավորվեց ու տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Այս «արագացված» մեղադրանքն էլ ազգամիջյան թշնամանքի քարոզն էր իբր, բայց հանրությունը, Հայաստանում եւ Սփյուռքում, այդ ձերբակալությունն իրավամբ քննարկեց մեզանում ամրագրվող համասեռականների ու մարդկանց համարակալման դեմ հայ արիների ու նրանց ղեկավարի պայքարի համապատկերում:
Հաջորդ աղմկոտ գործը, որ առնչվում է Աղվան Հովսեփյանի հետ՝ կապված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ: Այստեղ էլ նա պահանջեց պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնությունը: Աղվան Հովսեփյանի օրոք տեղի են ունեցել այլ աղմկահարույց քաղաքական, քրեական սպանություններ (նաեւ պաշտոնյաների եւ այլ՝ ներառյալ հոկտեմբերի 27-ը եւ մարտի 1-ը): Իսկ դրանց մեծ մասը դեռ սպասում է բացահայտման:
Այս ամենը ժառանգել է 4-րդ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ով էլ հայտարարեց, թե «կառուցում ենք մեր Հայաստանը միասին»: Իսկ կառուցելու համար ամուր հիմքեր պետք է դրվեն:
Ինքնախոստովանությունը՝ «ապացույցների թագուհին»
Սակայն այդ ամուր հիմքերը ինչպես պայմանավորված են անձերի գործունեությամբ, այնպես էլ օրենքների հստակությամբ եւ արդարությամբ: Իսկ փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել է, որ «նոր Քրեական դատավարության օրենսգրքով պետությունում կմահանա քրեական արդարադատությունը»: Իսկ այդ նոր օրենսգրքի ընդունումը հրատապ է, սակայն առաջարկվող նախագծում առկա են հոդվածներ, որոնք լուրջ խնդիր կառաջացնեն պետության համար. ասում են նաեւ նախկին պաշտոնյաների փաստաբանները: «Թերություններից առավել մտահոգիչը ցուցմունքների դեպոնացման ինստիտուտի «ներմուծումն» է նոր Քրեական դատավարության օրենսգիրք: Պարզ ասած՝ «դեպոնացում» նշանակում է ցուցմունքների սառեցում, դատաքննության ժամանակ՝ ապասառեցում եւ ներկայացում: Այդ ինստիտուտը վկայի կամ տուժողի ցուցմունքների դեպքում ընդունելի է: Մասնավորապես, եթե խոսքն, օրինակ, վերաբերվում է անձանց, ովքեր ծանր հիվանդության պատճառով կարող են չապրել մինչեւ դատաքննություն, իսկ նրանց ցուցմունքներն անհրաժեշտ են՝ որոշակի փաստական հանգամանքներ ապացուցելու համար»:
Ըստ որոշ մասնագետների, մեղադրյալի ցուցմունքների դեպոնացումն անընդունելի է, այն ուղղակի հրահրում է, որ մեղադրյալներին «ծեծեն, ջարդեն՝ ինքնախոստովանական ցուցմունք ստանալու համար, այսինքն՝ ուղղակի վերադարձ է դեպի Վիշինսկու ժամանակները, երբ «ապացույցների թագուհին» ինքնախոստովանական ցուցմունքներն էին»: Այսպես, մեղադրյալը նախաքննության ընթացքում տալիս է ինքնախոստովանական ցուցմունք, որը «տանում են դեպոնացման», եւ այս նորամուծությունը մեղադրյալի պարագայում անթույլատրելի է, քանի որ եթե լինի ինքնախոստովանական ցուցմունքը, ապա որեւէ ապացույցով այլեւս չի կարող հերքվել կամ հիմնավորվել այն: Սրա հետեւանքով միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքը զարգացնելու փոխարեն հետզարգացում կլինի, եւ քննիչները կձգտեն բոլոր մեղադրյալներին ստիպելով ձեռք բերել ինքնախոստովանական ցուցմունքներ:
Ներկայում այնպիսի իրավիճակ է, որ, որպես կանոն, դատարանները հիմք են ընդունում անձանց նախաքննական ցուցմունքները, անգամ եթե դրանք կորզվել են ճնշումների հետեւանքով, եւ դա դրվում է մեղադրական դատավճռի հիմքում, որ նույնպես խորհրդային ժամանակների ժառանգություն է: Մինչդեռ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում այդ ինստիտուտը գոյություն չունի. նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը որեւէ կերպ չի կարող դրվել մեղադրական դատավճռի հիմքում, եթե դատարանում, բաց դատաքննության ժամանակ անձը չի պնդում փաստերը, որը ներկայացրել է նախաքննության ժամանակ: Տվյալ պարագայում անիմաստ է դառնում մինչդատական վարույթում մարդկանց վրա ճնշում գործադրել, ծեծել, ուժ, հոգեբանական ճնշում գործադրել՝ ցուցմունքներ կորզելու համար: Այսպես՝ ծանր, առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքի դեպքում չի պահանջվում հիմնավորել կալանավորելու մասին միջնորդությունը: Այստեղ արդեն կան լուրջ կոռուպցիոն ռիսկեր, իսկ նախագիծը կազմողները պետք է դա հասկանան, այլապես կարելի է անմեղ մարդուն ծանր մեղադրանք առաջադրել, տանել դատարան՝ դատական վերահսկողությունը բացառելով կալանավորել:
Այս ամենը եւս ինչպես նորընտիր գլխավոր դատախազի, այնպես էլ նորանշանակ Միասնական քննչական մարմնի ուշադրության կենտրոնում պետք է լինեն, որպեսզի եւ՜ միասին կառուցենք մեր Հայաստանը եւ՛ իսկապես Մե՛ր Հայաստանը կառուցենք:
Կարեն Բալյան եւ Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



