Ցավոտ կետեր – Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Մեր ներկայիս երկիրն էլ փոքր է, ու հիմնականում գյուղերը սահմանամերձ են…

Սկիզբը՝թիվ  28-31-ում

Որ սողանքների դեմ պայքարը համակարգված չէ եւ, ըստ այդմ, անարդյունավետ, փաստ է: Արդեն տարիներ է ուսումնասիրում եմ այս թեման: Հակիրճ՝ պատկերն այս է. ասենք սողանքային երեւույթ է երկաթուղու տարածքում. ռուսական կողմն ասում է՝ իր գործը չէ, նույնը՝ քաղաքաշինության, նույնը՝ արտակարգ իրավիճակների նախարարության մասով, մինչեւ՝ վրա է հասնում վտանգը: Ի դեպ, կառավարությունն ընդունում է այս դիտարկումը, եւ վերջերս էլ իրավիճակը շտկելու համար սողանքային աղետի կառավարան հայեցակարգ ընդունեց: Թե ինչքանով դա կնպաստի խնդրի լուծմանը եւ ինչքանով կհստակեցվեն պատկան մարմինների լիազորությունները, ցույց կտա ժամանակը: Բայց, մասնագետները համակարծիք են, շտապել է պետք, այլապես կարձանագրենք անդառնալին: Հաղարծնի օրինակը մեջբերեմ, որ ամենավտանգավորներից է այսօր: Հաղարծնի սողանքը դեռ ամբողջությամբ չի դրսեւորել իրեն, դեռ թեթեւ է քանդվում է, բայց եթե լրիվ շարժվի, ապա Աղստեւի ամբողջ հունը կփակի, նաեւ՝ գյուղ տանող ճանապարհը՝ բացասական անուղղակի հետեւանքներն էլ հավելած:

Մասնագետները պնդում են նաեւ, որ մեր երկրի տարածքը շարունակում է սողանքավտանգ լինել, որովհետեւ ինչ-որ բան կառուցելուց առաջ երկրաբանների կարծիքը հաշվի չի առնվում: Տարիներ առաջ էլ ու հիմա էլ մասնագետներն ասում են՝ որ օրինակ, Ագարակից մինչեւ Վրաստանի սահման 69 սողանքային օբյեկտ ունենք, որոնք վտանգավոր են։ Վերջիններիս համար հարկավոր է հակասողանքային միջոցառումներ կիրառել, որից հետո միայն ճանապարհը ասֆալտապատել, որովհետեւ կառուցածը մեկ տարի անց գուցեեւ քանդվի։ Ասում են, բայց նրանց լսող չկա: Տարբեր մասնագետները գերվտանգավոր տարբեր կետեր են նշում, բայց համընկնումներ կան՝ Աղստեւի հովիտը, Պարզ լիճը կամ լճի տարածքը, Դիլիջանում որոշ կետեր, Կապանում նաեւ, Օձունում: Կա խնդիրը:

Լուծման ձեւեր էլ տվել են հայ գիտնականները: Բայց կրկին լսող չկա: Մինչեւ 1990թ. կառավարությունը հատուկ ուշադրություն էր դարձնում, գումար էր տալիս սողանքների դեմ պայքարելու համար, եւ, ինչպես մասնագետներն են ասում, արդեն հասել էինք այն մակարդակին, որ մեր խոշոր սողանքներից մեկը՝ Դիլիջանի սողանքը, 1990-ականների դրությամբ ամբողջ Խորհրդային Միությունում ամենաուսումնասիրվածն էր։ Ավելին՝ մեր ուսումնասիրությունների մեթոդը, ծրագրերը ընդունվեցին ԽՍՀՄ կառավարությունում որպես օրինակ բարդ տարածքներում ուսումնասիրություններ կազմակերպելու համար։ Տեխնիկայի, գործիքների տեսակետից շատ էինք հետ մնացել, բայց փոխարենը մեր մտավոր ներուժն էր այդ տարիներին հզոր: Ու տեխնիկայի պակասը չխանգարեց, որ խանդոտ Մոսկվան վերցներ մեր օրինակը: Որոշվեց, առաջին սողանքը, որին պետք է ուշադրություն դարձվեր, լինելու էր Դիլիջանինը եւ Հաղարծնինը, որից հետո մասնագետների ուշադրությունը կսեւեռվեր Կապանին եւ Օձունին: Բայց գործը, արդեն բոլորիս հասկանալի պատճառներով, կիսատ մնաց։

Հիմա նույն տարածքներում կրկին սողանքներ կան, բայց լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն կա, որովհետեւ այդ տարածքների սողանքների ծավալներն էլ են փոխվել:

Տարիներ առաջ էր նաեւ, որ հայ գիտնականները հայտնագործեցին «Հույսիտ» կոչվող պոլիմերային-հանքային բաղադրանյութը: Ասվում էր, որ երբ կիրառվի դա, առնվազն 25%-ով կմեծանա գյուղատնտեսական մշակաբույսերի (բանջարանոցային, պտղատու՝ շուրջ 30 տեսակի) բերքատվությունը, տնկիների կպչողականությունը կհասնի 95%-ի։

Բաղադրանյութի որոշ տեսակներ խիստ անհրաժեշտ են նաեւ սողանքների, փլուզումների, ջրողողումների եւ այլ՝ այդ բնույթի երեւույթների դեմ պայքարելիս, ինչպես նաեւ ջրապահպան պատնեշներ կառուցելու ժամանակ։ Առաջարկվող բաղադրանյութը, ջրամբարներում, ջրահավաքներում, ջրատարներում եւ ջրատեխնիկական այլ կառույցներում տարածված ջրակորուստն էապես կանխելուց զատ, մեծապես կիրառելի է ստորգետնյա ավտոճանապարհներում, ջրատարներում (օրինակ՝ Որոտան-Արփա-Սեւան) ջրաթափանցման վտանգավոր երեւույթների դեմ։ Բացի այդ, «Հույսիտ»-ը մեր գիտնականները համարեցին մի մեկուսիչ, որ կարող է թունանյութերի ու ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների անվտանգության երաշխավոր դառնալ։ Հիշում եմ, մեզ մոտ դրանով հետաքրքրվողներ չեղան (խոսքը ծավալայինի իմաստով է), փոխարենը այդ բաղադրանյութով հետաքրքրվեցին ուզբեկները, ովքեր համեմատելով մեր, իրենց, հոլանդացիների եւ բելգիացիների մշակած այդ կարգի նյութերը, եզրակացրել էին, որ մերն ավելի արդյունավետ է («Լուսանցք»-ում մենք առիթ ունեցել ենք մանրամասն զրուցելու «Հույսիտ»-ի «մեղավոր» գիտնականի հետ)։

Հետո՝ այս պատմությունն էլ այստեղ կանգ առավ:

Շարունակեցինք սողանքի դեմ պայքարի՝ բնակիչների տեղահանման եղանակը, ինչը անարդյունավետ է հենց պետության իսկ տեսակետով ու ազգային անվտանգության տեսակետից: Միայն 2007թ.. պետբյուջեից հատկացվեց 215 մլն դրամ, որ հիմնականում ուղղվեց Կոտայքի մարզի Ողջաբերդ, Վայոց ձորի Մարտիրոս եւ Սյունիքի Քարահունջ բնակավայրերին։ Նույն 2007թ. ընդունվեց սողանքային տարածքներում կատարվող աշխատանքների համակարգման հայեցակարգը։ Խստացվեց սողանքային գոտիների բնակիչներին աջակցություն տրամադրելու կարգը. վտանգված գոտու բնակիչների տեղափոխվելուց հետո այդ տունը պետք է անպայման քանդվեր. որպես կանխավճար տրվում էր փոխհատուցման գումարի 60%-ը, մնացած 40%-ը հատկացվում էր տան քանդման մասին վկայող փաստաթուղթը ներկայացնելուց հետո։

Սա արվում էր վտանգված տարածքների տների փլուզման հետագա վտանգներից խուսափելու համար։ Պետական աջակցության չափը որոշվում էր ըստ ընտանիքների անդամների թվի։ Ասենք՝ Ողջաբերդից 197 ընտանիքների տեղահանումը սկսվել էր դեռեւս 1997թ.-ից։ Առավել վտանգված գոտու 70 ընտանիքներից մինչ՝ 2004-2005թթ. տեղափոխվել էր 59-ը։

Քարահունջում սողանքային գոտում բնակվող ընտանիքները 11-ն էին այդ տարիներին։ Նրանք ցանկության պարագայում կարող էին բնակարաններ գնել նաեւ հարեւան գյուղերում։ Մի խոսքով, ընդամենը տեղափոխման խնդիր, որ համալիր չի լուծում խնդիրը: Սողանքի դեմը չենք առնում, իսկ սողանքը տարածվում է, ընդլայնվում՝ ներառելով նորանոր տարածքներ:

Ասել կուզի՝ բնակավայրի տեղափոխումը միայն ժամանակավոր, այն էլ՝ կարճատեւ կտրվածքով է հարց լուծում, իսկ մենք չունենք այնքան տարածք, որի մի մասը կորցնելը չնկատելու տանք: Էլ չենք խոսում այն բնակավայրերի մասին, որոնք սահմանամերձ են եւ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն: Մեր երկիրն էլ փոքր է, ու հիմնականում գյուղերը սահմանամերձ են:

Ի դեպ, մեր ազգային անվտանգության ռազմավարության դրույթներում նույնպես սողանքի մասին խոսք կա: Սա մի փաստ է, որ բնութագրում է երկրում սողանքային վիճակը: Թե այստե՞ղ ինչ է առաջարկվում, կխոսենք հաջորդիվ:

Բայց մի բան հստակ է: Պետբյուջեով բնակիչների տեղափոխման համար հատկացված այդ միլիոնները, ըստ մասնագետների, եթե կիրառվեր սողանքի դեմ պայքարի համար, գուցե այդ պահին ավելի ծախսատար լիներ, բայց հեռանկարում հաստատ պետությանն ավելի էժան էր արժենալու:

Արմենուհի  Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։