Երբ ստամոքսի ու ուղեղի կապը չկա – Տրանսպորտի սակագինը չպե՛տք է թանկանա…

Մի առիթով ասել ենք, որ Հայաստանում տնտեսությունը տրամաբանված չէ, եւ տրանսպորտային տնտեսությունը բացառություն չէ: Այս պարագայում, առանց գույները խտացնելու, ողբալի է երեւանյան տրանսպորտի վիճակը: Որովհետեւ տրամաբանությունը հիմնված է գծատիրոջ ախորժակի վրա

Հանրային լսումներին դեմ է քաղաքապետարանը եւ միայն հանձնաժողովի միջոցով աշխատելուն է կողմնակից: Այսպես է քաղաքապետարանն արձագանքել «Իրազեկ եւ պաշտպանված սպառո­ղ» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանի առաջարկին: «Լուսանցք»-ը գրել է, որ հանձնաժողովը ստեղծվել է ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման նպատակով, այն էլ այնպիսի կազմով, ովքեր հաստատ սպառողի շահերի պաշտպանները չեն: Հ/կ նախագահը վստահ է, որ խնդրի լավագույն լուծումը հանրային լսումներն են. «Կազմված հանձնաժողովից եւ դրա գործունեությունից հետո իմ տպավորությունները հակասական են: Մյուս առաջարկներիս թվում էր, որ ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները քննարկելուց առաջ կազմվի հաշվարկ-հիմնավորում: Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ չափորոշիչներին: Բայց նիստի ընթացքում հենց սկզբից սկսեցին քննարկել չափորոշիչները: Բացասական կողմերից մեկն էլ այն էր, որ առաջարկներիս համաձայն էր միայն հանձնաժողովի 1-2 անդամ, ընդդիմադիր կողմը չկար: Տրանսպորտի սակագնի փոփոխության հարցը նիստի ընթացքում չի քննարկվել, սակայն ես պնդելու եմ, որ չբարձրան­ա»:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ, ով նույնպես ընդգրկված է հիշյալ հանձնաժողովում, նշել է, որ առաջին նիստից տպավորությունները վատ են: Իր առաջարկները նույնպես չեն ընդունվել. «Առաջարկել եմ, որ նախ քննարկվի բեռնվածության հարցը: Ինձ համար կարեւոր չափորոշիչը մեքենայի բեռնվածությունն է, ինչքանով է բեռնված, ինչքան մարդ է տեղափոխում: Չանցավ այդ առաջարկը: Որպեսզի գոյանա ուղեվարձի գինը, դրա համար պետք է տեղափոխված ուղեւորների քանակը բազմապատկենք էդ արժեքով ու բաժանենք ծախսերի վրա, այսինքն՝ առաջին չափանիշը քանակն է: Սա է իմ տրամաբանություն­ը»:

Քաղաքապետարանը փորձել է պատասխանել նաեւ տրանսպորտի սակագնի դեմ հանդես եկող ակտիվիստներին: Պատասխանը հրապարակել է հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը: Նա իհարկե մանրամասն ներկայացրել է ստեղծված հանձնաժողովի աշխատանքները, սակայն դրանից պարզ է դառնում, որ գնի կամ այլ հաշվարկային ցուցանիշի վերաբերյալ քննարկում չի եղել, քանի որ խնդիրը հանձնաժողովի օրակարգում չի եղել ի սկզբանե: Իսկ քաղաքապետարանը բնակչությանը հուզող խնդրի հետ կապված նախաձեռնել է հստակ գործընթաց եւ քանիցս վստահեցրել է, որ հանձնաժողովի նպատակն ու առաքելությունը առաջարկ ներկայացնելն է, որը հետագայում կդրվի մշակվող իրավական ակտի հիմքում, իսկ տվյալ իրավական ակտի նախագիծն այդուհետ կներկայացվի հանրային քննարկման: Իր առաքելությունից դուրս հանձնաժողովին ոմանց կողմից այլ գործառույթներով այսպես ասած «օժտելը», հանձնաժողովի նախագահի համոզմամբ ընդամենը հանրությանը ապատեղեկացնելու եւ մոլորության մեջ գցելու պարզունակ փորձ է:

Հայտարարությունում ասված է, որ որոշ հռետորների կողմից պարբերաբար հանրությանը մատուցվող սակագնային ցուցանիշների ծագումնաբանությունն է անգամ անհայտ. «Եթե անգամ տվյալ անձիք իրենց որեւէ կերպ պարտավորված չեն համարում օժանդակել հանձնաժողովի աշխատանքներին, ապա առնվազն տարրական մասնագիտական էթիկան պահանջում է, որ հանրությանը գրավոր ներկայացնեն այն հաշվարկները, որոնցից ծնվում են այդպիսի «ցանկալի» սակագները»:

Մեկ բան, ըստ հանձնաժողովի, ակնհայտ է. ոմանք կրկին փորձում են երկխոսությունը տանել հակամարտության, քաղաքակիրթ քննարկումները՝ անհանդուրժողականության, «անգամ հայտարարվում է ոլորտը կոլապսի բերելու մասին: Տվյալ անձիք չեն խորշում կիրթ մարդուն ոչ բնութագրող բառապաշարով համեմվող կոչեր հնչեցնելուց, համայնքային իշխանությանը անվանարկելու գնով ինքնահաստատվելու փորձերի­ց»:

Իսկ ակտիվիստներին խորհուրդ է տրվում պահպանել վարքի տարրական կանոններն ու գիտակցել, որ ինքնահաստատման ճանապարհին անհարկի պիտակավորումներ շռայլելով, հանցագործներ եւ բթամիտներ գոչելով հնարավոր չէ մոտենալ բաղձալի հանգրվանին: Ոչ պակաս կարեւոր է, բոլորին տեսանելի, որ սադրիչ կոչերով հանդես եկողները նույն այն անձիք են, ում համար բացարձակ տարբերություն չկա, թե ինչին է վերաբերում քննարկվող նյութը:

Քաղաքապետարանը եւս վստահեցնում է, որ տրանսպորտի ոլորտի բնականոն աշխատանքի ապահովումը իրենց ամենօրյա գործառույթն է, «էժան պոպուլիզմով առավել սրտացավ երեւալու ոմանց փորձերը» ակնհայտորեն նեղանձնական նպատակներ են հետապնդում: Ավելին, իրավիճակն էլ ավելի վատթարացնելու մղումով ոմանց անթաքույց չարամտությունն ինքնին խոսում է այն մասին, որ դրանք հեռահար նպատակներ հետապնդող գործողություններ են ու, որ այդ ամենն արվում եւ արվելու է՝ անկախ գործընթացի ելքից:

Սա առավելապես քաղաքական մեկնաբանության նման է հնչում, ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ հանձնաժողովի հրապարակային խոսքը, սակայն դա որեւէ կապ չունի այն հիմնավորումների հետ, որոնք տվել ու տալիս են մասնագետները, որ տրանսպորտի սակագինը կարող է եւ չթանկանալ: Քաղաքական որոշ գործիչների կամ թանկացման դեմ հանդես եկող ակտիվիստների հարցը չեն քննարկում մարդիկ, այլ իրենց կենցաղային ծանր պայմաններում նոր թանկացումների վտանգը:

Հանրային խորհրդի ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը եւս անդրադարձել է հասարակական տրանսպորտի ներկայիս վիճակին ու նախատեսվող գների բարձրացմանը:

«Հասարակական տրանսպորտի գների բարձրացման պատճառ չկ­ա»,- ասել է նա, ու համոզված է, որ թանկացման լուրջ հիմքեր չկան, պարզապես գծի տերերն ուզում են գերշահույթ ստանալ. «Վճարում ենք 100 դրամ» հասարակական նախաձեռնության քայլերը ողջունելի է՝ որպես քաղաքացիական հասարակության ձեւավորման լուրջ քայլ, եւ հիմա մասնակիցներին առաջարկում է, որպեսզի իրենց պայքարը շարունակեն, քանի որ տրանսպորտի գների բարձրացման հարցը կրկին օրակարգում է: Հնարավոր է, որ քաղաքապետարանում ասեն, որ հոգնել են, այս անգամ չեն բողոքի ու նորից դարձնեն 150 դրամ»:

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի վիճակին, ապա Հանրային խորհրդի անդամը կարծում է, որ հարկավոր է ներմուծել ոչ թե մեծ չափի, այլ փոքր ավտուբուսներ, որպեսզի խուսափենք խցանումներից. «Տեսնում եք, թե ամեն փոքր առիթից ինչ մեծ խցանումներ են առաջանում եւ եթե ավտուբուսների չափերը մեծ լինեն, ապա տեղաշարժվելն էլ դժվար կլինի: Կարծում եմ, որ Երեւանում պետք են փոքր ավտոբուսներ կամ բարձր միկրոավտուբուսներ, որոնք ավելի հարմարավետ են: Բայց անկախ այս ամենից, կարծում եմ, որ տրասնպորտի գները բարձրացնելու անհրաժեշտություն չկա: Եթե գծի տերերը գլուխ են կոտրում, որ իրենց գծերից չզրկվեն, եւ ամեն ինչ անում են, որ մի հատ էլ ավել գիծ ձեռք բերեն, դա նշանակում է, որ այն շահութաբեր է ու հիմա էլ գերշահութաբեր դարձնելու կարիք չկա»:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը այս առումով ասել է, որ քաղաքային տրանսպորտը գահավիժելով հասել է նախավերջին հանգրվանին՝ մոտենալով հոգեվարքին: Հանրապետությունում տրասնպորտի նկատմամբ տրամաբանված տնտեսական քաղաքականություն չի վարվում եւ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, որ կառուցեն մետրոպոլիտենի նոր կայարաններ. «Մենք պահանջում ենք զարգացնել էլեկտրատրանսպորտը: Էլեկտրատրանսպորտի երեք տեսակ կա՝ մետրո, տրոլեյբուս եւ տրամվայ: Մադրիդում, օրինակ, վերջին 5 տարում 74 կմ մետրո է կառուցվել: Մենք Մադրիդ չենք ու չենք էլ կարող այդքան կառուցել, բայց 20 տարում գոնե 1 կայարան կարող էինք ու պարտավոր էինք կառուցել»:

Սպառողների կարծիքով՝ տրանսպորտը մղձավանջային վիճակում է: Ըստ «Հասարակական պաշտպաննե­ր» միության նախագահ Արամ Գրիգորյանի, դա հատուկ ծրագրված քաղաքականություն է. «Էդպես են անում, որ ասեն տրանսպորտի վիճակը վատ է, պետք է գինը բարձրացնենք, որ որակը լավացնենք, այնինչ կարելի է 100 դրամով որակյալ տրանսպորտ ապահովել, 85 դրամով կարող ենք որակյալ երթուղային նստել, մի փոքր ավելի դրամով՝ ավտոբուս»:

Մի առիթով ասել ենք, որ Հայաստանում տնտեսությունը տրամաբանված չէ, եւ տրանսպորտային տնտեսությունը բացառություն չէ: Այս պարագայում, առանց գույները խտացնելու, ողբալի է երեւանյան տրանսպորտի վիճակը: Որովհետեւ տրամաբանությունը հիմնված է գծատիրոջ ախորժակի վրա: Ու քանի որ մեր գծատերերը, դարձյալ առանց գույները խտացնելու, հիվանդ են, կշտանալու ազդակը ուղեղներին չի հասնում: Բնականաբար, ուղեղներն էլ չեն թելադրում նրանց համապատասխան գործողությունները: Սա՛ է պատճառը: Ելքը գծատերերին ու նրանց տերերին բուժելը չէ (անբուժելի է ու հարկատուներիս վրա՝ լրացուցիչ բեռ), այլ՝ բոլորին փոխելը: Ու դա կարելի է անել շատ արագ՝ մեկ բռունցքով: Ցավոք, դեռ բռունցքով…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։