Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում (ԲՀԿ-ի տվայտանքները)… Մեռա՛ծ են ՀԱԿ-ի հին կարգախոսները… ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմելու…

Ի՞նչ կա թաքնված քաղաքական ենթատեքստում

Որ Գագիկ Ծառուկյանը դեռ քաղաքատնտեսական տվայտանքների մեջ է, այդպես էլ չի կողմնորոշվում՝ ընդդիմադի՞ր լինել, թե՞ նորից մտնել քաղաքական կոալիցիա, ակնհայտ է: Նրա կողմից նաեւ ԱԺ-ում է շարունակվում արձանագրվել «անգործություն»:

Ո՛չ ընդդիմադիր, ո՛չ էլ իշխանություն քաղաքական ձեւն այդպես էլ ԲՀԿ-ի «հագով» չեղավ:

Այս կազմակերպության ղեկավարը չմասնակցեց սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը կայացած պետական որեւէ միջոցառման, անգամ պաշտոնական ընդունելության ժամանակ, երբ ներկա էին բազմաթիվ կուսակցապետեր, հասարակական ու մշակութային գործիչներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ եւ օտարերկրյա դիվանագետներ, նա չկար: ԲՀԿ-ականները եւս առանձնապես ակտիվ չէին այդ օրը: «Ինչո՞ւ Ծառուկյանը չէր մասնակցում պետական տոների­ն» հարցին՝ ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանց. «No comment», իսկ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե «պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնու­մ»:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին՝ Սարդարապատում կայացած միջոցառմանը, «բազմազբաղ» Գագիկ Ծառուկյանը այնուամենայնիվ հասցրեց ներկա լինել, եւ անգամ կանգնել նախագահությունում՝ Սերժ Սարգսյանի կողքին:

Ինչեւէ, ասում են, որ ԲՀԿ-ի պատգամավորների մեծ մասը անգամ տեղյակ չէ՝ ի՞նչ է անելու կառույցն առաջիկայում: Քաղաքական աշնան օրերին այս կազմակերպությունը չի շտապում քաղխորհրդի նիստեր գումարել, իսկ ամառվա ընթացքում, ըստ մեր տեղեկությունների, ընդհանրապես նիստ չի եղել: Արդյո՞ք ԲՀԿ-ն պատրաստվում է թեժ աշնանը եւ ի՞նչ կեցվածք է որդեգրել, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը տվել է հերթական խուսափողական պատասխանը. «ԲՀԿ-ն միշտ պատրաստ է, պատրաստվելու ինչ-որ խնդիր չկա, թե աշնանը ինչ պիտի ավելի թեժ լինի, էդ կգա ժամանակը, կտեսնենք, իսկ ընդհանրապես ԲՀԿ-ն թեժությունից չի խուսափել: Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել յուրաքանչյուր լուրջ հարցի ժամանակ, ԲՀԿ-ն իր դիրքորոշումը ունեցել է, իր քայլերով ցույց է տվել իր դիրքորոշումը»:

Մամուլն այլեւս արձանագրեց, որ «ԲՀԿ-ում ապատիկ վիճակ է՝ իրենց իսկ նշած քաղաքական թեւի համար», որը իբր զբաղված է քաղաքական թեւն ուժեղացնելու, ՀՀԿ-ի նման գործադիր մարմին ստեղծելու համար, որն էլ կուսակցությունը կգաղափարայնացնի եւ որոշումներ ընդունելու, կատարելու գործը կվերցնի իր վրա: Սակայն այստեղ էլ որեւէ էական տեղաշարժ չկա, եւ այդ թեւի որոշ ներկայացուցիչներ չեն բացառում, որ մի՝ իրենց համար հստակ պահի, դուրս կգան ԲՀԿ-ից:

Մաքսային միության հարցում եւս հստակ չէ այս կուսակցության դիրքորոշումը: «Այս միությունը տնտեսական պայմանագրի շրջանակների կազմակերպություն է, հետեւաբար՝ դրան միանալ-չմիանալու՝ փաստաթուղթը ստորագրել-չստորագրելու հարցը կարող է դիտարկվել միայն մի տեսանկյունից՝ ՀՀ-ն, այդ պայմանագրին միանալով, ունենալո՞ւ է կոնկրետ, իրատեսական, տնտեսական շահ, թե՞ ոչ,- ասել է կուսակցության մամուլի խոսնակը՝ շարունակելով,- եթե՝ այո, ուրեմն անհրաժեշտ է միանալ, եթե՝ ոչ, ուրեմն պետք չէ միանա­լ»: Նա, այս մասին նախօրոք իրենց չտեղեկացնելը «զարմացնող հար­ց» է համարել, արդյո՞ք իրենց հետ չարժեր խորհրդակցել, արդյո՞ք իրենք, որպես ծավալով 2-րդ խորհրդարանական ուժը, չպիտի մասնակցեին որոշման կայացման քննարկումներին:

Այս արդյոքների պատասխանը թերեւս մեկն է: Ըստ մեր տեդեկություններիԳագիկ Ծառուկյանը գրեթե վստահ է եղել, որ ինքն է լինելու Հայաստանի ներկայացուցիչը Մաքսային միությունում, ինչը՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ հարաբերություններում ավելի կամրապնդեր նրա ֆինանսա-տնտեսական վիճակը: Բայց կարծես այդ ներկայացուցիչը Կարեն Կարապետյանն է լինելու:

Ինչեւէ, ԲՀԿ-ն ակտիվ չէ նաեւ սիրիական կամ իրանական հակամարտության, որ նույնպես սերտորեն առնչվում Հայաստանին, նաեւ՝ սիրիահայերի խնդիրների առումով: Իսկ ԵԽԽՎ նստաշրջանում Զարուհի Փոստանջյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված սադրիչ հարցին, թերեւս հասկանալի արձագանքեց միայն մեր մեկ այլ եվրապատվիրակ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ զարմացած են այդօրինակ վարքագծից ոչ միայն Հայաստանում, այլեւ ԵԽԽՎ այլ երկրների ներկայացուցիրները, անգամ այն եվրապատգամավորները, որ հայերի նկատմամբ բացասական են տրամադրված:

Հենց այս պատգամավորն էլ՝ մեկնաբանելով կառավարության կողմից ԲՀԿ խմբակցության պատգամավորների՝ 2014-ի հունվարից Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձերը 75 հազ. դրամ սահմանելու օրենսդրական նախաձեռնության մերժումը, նորից հիշեցրեց, որ ԲՀԿ-ն դժգոհ է վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունից: Պատգամավորը նաեւ խոսել է այն մասին, որ վարչապետը մերժել է նաեւ իր եւ Էլինար Վարդանյանի նախաձեռնությունը, որը վերաբերում էր աղմկահարույց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքում առաջարկվող փոփոխությանը: Նա նշել է, թե հստակ հրահանգ կա՝ մերժել ԲՀԿ կողմից ներկայացված որեւէ օրենսդրական նախաձեռնություն. «Անգամ եթե մենք հանդես գանք նույն առաջարկով, ինչ ծրագրում է անել կառավարությունը, միեւնույն է՝ նրանք կմերժեն նաեւ դ­ա»:

Արդյո՞ք միայն ԲՀԿ-ի հարցում է, որ կառավարությունն ընտրել է կոմպրոմիսի չգնալու աշխատելաոճը: Պարզ չէ: Բայց ո՜չ միայն այս կուսակցության անդամների կարծիքով է, որ կառավարության գործերում քաղաքական ենթատեքստն է գերիշխում: Շուտով աշնանային թեժացում ասվածը պետք է որ ընթացք ստանա, այնժամ գուցե պարզ կլինի՝ ո՞վ, ի՞նչ եւ որքա՞ն քաղաքական ենթատեքստեր ունի ի դերեւ հանելու:

ԱրմանԴավթյան

Մեռա՛ծ են հին կարգախոսները

ՀԱԿ-ը որոշակի կազմակերպչական գործերից հետո պատրաստվում է ակտիվանալու: Ներքաղաքական «խայտառակ իրավիճակի եւ իշխանության գործած հանցագործություններ­ի» վերաբերյալ ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը դա է նախանշում: Հիշում ենք, որ այսօրինակ կոչերով, «մոնղոլ-թաթարական իշխանության» դեմ պայքարով էր առաջնորդվում ՀԱԿ-ը, ինչը մի պահ մոռացավ, երբ խորհրդարանական ընտրություններ էր եւ պետք է դեռ կուսակցության չվերածված դաշինքը 7% ընտրաձայն հավաքեր: Իսկ հիմա կարելի է նորից հիշել նախկին կոչերը: Հատկապես, որ «Ժառանգություն»-ը տապալվեց ընդդիմադիր դաշտում, իսկ Զարուհի Փոստանջյանը Եվրոպայում տապալեց իր կուսակցությանը, ԲՀԿ-ն այդպես էլ ընդդիմություն չդարձավ, ինչպես ՀՅԴ-ն, ուստի ՀԱԿ-ը տեսնում է հին ու նոր անելիքներ: Այլապես կշարունակվեն այն զրույցները, թե «ՀԱԿ-ի  ղեկավարությունը ներկա ստանալու» խնդիր է դեռ լուծում ԱԺ-ու­մ»

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու քաղաքականության ասպարեզում իր  «գործերի կառավարի­չ» Լեւոն Զուրաբյանը փորձում են ամեն անել «ջրի երեսին մնալու» համար, եւ այսօր առկա հնարավորությունը՝ ընդդիմադիր դաշտում առաջանալու, բաց չեն թողնի: Իհարկե, այստեղ ՀԱԿ-ին այլ վտանգներ են սպասվում Արարատ Զուրաբյանի հայտարարած՝ հին ՀՀՇ-ի վերաստեղծմամբ, եւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ու Սասուն Միքայելյանի հայտարարած՝ նոր քաղաքական ուժի ձեւավորմամբ: Իհարկե, դժվար է այսօր ակնկալել առաջխաղացում, բայց կան ուժեր, որ ՀԱԿ-ի՝ կուսակցություն դառնալուց հետո, փորձում են վերականգնել ՀԱԿ քաղաքական դաշինքը, որի անդամ են եղել նաեւ իրենք: Բայց սրանք ընթացիկ հարցեր են, եւ ՀԱԿ-ի ճանապարհն ընդդիմադիր ոլորտում այժմ բաց է: Իշխանություններն էլ կարծես դեմ չեն, քանի որ այս ընդդիմության դեմ բավականին «մատերիալ» ունեն: Չնայած նույն իշխանություններն արմատական ընդդիմության առաջատար տիտղոսի համար միշտ էլ լարված պայքար են նախատեսում…

ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը «բուրժուադեմոկրատական հեղափոխությա­ն» առումով, թերեւս արդեն վարկաբեկվեց ներքին կազմակերպական անհանդուրժողականության պատճառով եւ մի իրավիճակ է, որ նոր հեղափոխական կոչեր ու կարգախոսներ են պետք, որպեսզի ընդդիմությունը համախմբվի Տեր-Պետրոսյանի կամ Զուրաբյանի շուրջ: Խոսքը նաեւ հանրահավաքային զանգվածներին է վերաբերում, որ գնում են ցանկացած հավաքի: Բայց կարծես՝ այստեղ եւս հին խնդիրներ ունի ՀԱԿ-ը:

ԿարենԲալյան

* * *

ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա չի կազմելու: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում դեսպան նշանակվելուց հետո Դաշնակցությունը իշխանության հետ կոալիցիայի մաս կազմի: Դաշնակցական պատգամավորի դեսպան նշանակվելու հանգամանքը որեւէ կերպ չի կաշկանդելու կուսակցությանը. «Եթե անհամատեղելի իրավիճակ լինի, ապա դա չի հանդուրժի ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ Վահան Հովհաննիսյանը»:

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։