Հունաստանի օրը չընկնենք – Միայն թե եվրապարտատոմսեր տպելու մոլուցքով չտարվենք… Կայացավ «Արմթեք-2013» բարձր տեխնոլոգիաների համաժողովը…

Հունաստանի օրը չընկնենք

Լավ է իհարկե, որ Հայաստանի կառավարությունը եվրապարտատոմսերի վաճառքից եկած գումարով միանգամից մարեց ռուսական 500 մլն դոլար վարկը եւ, ընդ որում, մարեց ամբողջությամբ: Թե չէ Ռուսաստանն այդ վարկի պատճառով մեր քթից բռնած ինչ իմանաս ինչեր էր ուզելու: Տնտեսական լեզվով ասած՝ տարեկան 44 մլն դոլար ավել վճարելուց պրծանք: Ավելի պարզ՝ Հայաստանը վաղաժամկետ եւ փաստորեն ամբողջությամբ մարեց ռուսական վարկը, ավելի ստույգ՝ 500 մլն դոլար վարկի մնացորդը՝ 440 մլն դոլար, որը ներառում է ինչպես մայր գումարի մնացորդի, այնպես էլ հաշվարկված տոկոսների պարտքը: Եվ այդ վարկը մարվեց հենց սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի հաշվին։ Հիշեցնենք, որ վարկը Ռուսաստանից վերցրել էինք 2009 թ.՝ 15 տարի ժամկետով, լիբոր+3 տոկոսադրույքով։ Եվ սկսած այս տարվանից պետք է տարեկան մոտ 44 մլն դոլար վճարեինք մայր գումարի մարման նպատակով։ Քաղաքական լեզվով էլ ասած՝ մենք տվեցինք պարտքը մի երկրի, որ հարյուրավոր միլիոններ ներեց աֆրիկյան երկրներին, բայց իր այսպես ասած ռազմավարական Հայաստանի պարտքը չներեց: Ու թե այդ լիբոր+3-ն էլ 15 տարում վրաներս ինչ կնստեր, պարզ չէ:

Զուգահեռ մի խնդիր էլ կար. բանն այն է, որ ՀՀ-ն միջազգային ֆինանսական կառույցների կողմից (ումից ՀՀ-ն վարկեր է վերցնում) արդեն իսկ դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին: Սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները դադարեցնում են Հայաստանին արտոնյալ պայմաններով փոխառությունների տրամադրումը, ինչն էլ իր հերթին ընդգծում էր եվրապարտատոմսերի թողարկման անհրաժեշտությունը։ Այլ կերպ՝ քանի որ Հայաստանն այլեւս արտոնյալ պայմաններով վարկեր չի ստանալու ոչ Արժույթի միջազգային հիմնադրամից, ոչ Համաշխարհային բանկից, ոչ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունից (եթե նախկինում այդ կազմակերպությունները վարկ տրամադրում էին, որպես կանոն, 10 տարի արտոնյալ մարման ժամկետով, 0,75% տարեկան տոկոսադրույքով, ապա 2007թ. սկսած արտոնյալ վարկերը նվազում են, սկսում են ավելի թանկ պայմաններով առաջարկել), պետք է ինքնուրույն ֆինանսավորում հայթայթեր։ Սրանով էլ բացատրվում է եվրապարտատոմսերի թողարկումը:

Դրանք, ի դեպ, շատ արագ սպառվեցին: Սեպտեմբերի 18-ին թողարկվեցին, եւ սեպտեմբերի 30-ին ամբողջ գումարը տեղափոխվեց ՀՀ կառավարության հաշվեհամարներին: Եվրապարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդրողներ՝ աշխարհի բոլոր ֆինանսական կենտրոններից։

Համենայնդեպս, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը այդ է ասում, որ մենք կախված չենք 1 կամ 2 ներդրողից: Ներդրողների 42%-ը ԱՄՆ-ից է, 23%-ը՝ Մեծ Բրիտանիայից, 17%-ը՝ մայրցամաքային Եվրոպայից, ներդրողներ կան նաեւ աշխարհի մյուս ֆինանսական կենտրոններից։ Պահանջարկը կազմել է 2,7 մլրդ դոլար, թեեւ հետո հայտերը հասել են 3 մլրդ դոլարի։ Արդյո՞ք ՀՀ-ից գնորդներ չկան: Պատասխան չեղավ:

Թե ինչպես է ծախսվելու այդ 700 մլն-ը, դա էլ է հայտնի: 1. Արդեն ասացինք՝ ռուսական վարկն է մարվելու: 2. Գործադիրը որոշեց նաեւ ՀՀ ԿԲ-ում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ՝ բյուջետային վարկերի տրամադրման, մարվող գումարների մուտքագրման եւ նոր վարկերի տրամադրման գործառնություններն առանց նախահաշվի սպասարկելու նպատակով։ ԿԲ-ին կտրամադրվի 60,828,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ մինչեւ 2020թ. սեպտեմբերի 15-ը մարման ժամկետով, տարեկան 7% տոկոսադրույքով, առանց գրավի, վարկի հիմնական գումարը վարկի մարման վերջնաժամկետում միանվագ մարելու, իսկ հաշվարկվող տոկոսները յուրաքանչյուր օրացուցային տարվա մարտի 15-ին եւ սեպտեմբերի 15-ին՝ սկսած 2014թ. մարտի 15-ից, մարելու պայմանով։

3. «ՓՄՁ ներդրումնե­ր» ունիվերսալ վարկային կազմակերպությանը՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով կտրամադրվի 3,900,000 հազ. դրամ բյուջետային վարկ՝ դարձյալ նույն կերպ մարելու պայմանով։ Վարկային այս կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ վարկառուի վարկային պարտավորության ապահովման նպատակով կիրառվում է շահառուների նկատմամբ ենթավարկի պահանջի իրավունքի

(ներառյալ ապահովման միջոցի նկատմամբ վարկառուի իրավունքը) գրավադրում, ընդ որում 50 մլն դրամ եւ ավելի ենթավարկերի դեպքում գրավադրումը կատարվում է նախքան ենթավարկի տրամադրումը, իսկ մինչեւ 50 մլն դրամ կազմող ենթավարկերի դեպքում վարկառուն պարտավոր է գրավադրումը կատարել ֆինանսների նախարարության պահանջի դեպքում՝ եթե ծրագրի ընթացքում վարկառուի ֆինանսական վիճակը վատթարանում է։

4. «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության­ը» կուղղվի 1,950, 000 հազ. դրամ։

Մնացյալն էլ, ըստ Դավիթ Սարգսյանի, կուղղվի պետական պարտքի կառավարմանը։

Գանք այլ հարցի. փաստորեն մենք ռուսական պարտքը մարելու համար պարտք արեցինք: Ռուսական պարտքը, ճիշտ է, տվեցինք, բայց այդ 700 մլն-ն էլ մնաց մեր շլինքին, որը 2020թ. արդեն 1 մլրդ է դառնալու: Հետո ինչպե՞ս ենք մարելու այդ 1 մլրդ-ը, չհաշված մեր մյուս արտաքին պարտքերը: Այստեղ է, որ մտավախություն կա: Պարտատոմսեր տպելը վատ բան չէ, բայց արդյո՞ք դրա ռիսկայնությունը հաշվարկված է մեր տնտեսական տեղաշարժերի եւ հնարավոր ծավալումների համապատկերում: Մտավախություն չկա՞, որ Հունաստանի օրը ընկնենք: Ճիշտ է, Հունաստանը մեր օրին չէր, բայց մեզնից վատ վիճակում է արդեն: Իսկ ամեն ինչ սկսվեց նաեւ այն բանից հետո, երբ պարտատոմսեր տպելն ու պարտք տալը նրա համար թմրանյութի պես մի բան դարձավ: Արդյունքում հայտնվեց կրախի առաջ: Մենք կդիմանա՞նք գայթակղությանը, թե կթողարկենք, կներարկենք (պարտքը մարենք), հետո նորից կթողարկենք եւ այլն՝ գործնականում չպակասեցնելով մեր արտաքին պարտքի չափը, դեռ ավելին՝ ավելացնելով։ Դավիթ Սարգսյանը հստակ երաշխիքներ չտվեց, որ այդպես չի լինի: Ավելին՝ չբացառեց, որ ապագայում կարող են կրկին թողարկումներ իրականացվել, բայց տրամաբանական համարեց, որ դա 7 տարի հետո կարվի։ Իսկ գուցե այդ 7 տարին հենց 2014թ. գա՞: Այս դիտարկան պատասխանն էլ օդում մնաց:

Կամ՝ ասում են, որ մեր արտաքին պարտքի չափը ռիսկային չէ, քանզի ՀՆԱ-ի 50 տոկոսին չի հասել: Ի՛նչ է, որ 49,9% լինի, ռիսկային չի լինելու՞: Ի՞նչ երաշխիք, որ վաղը մեր պարտատերեը մեզ դեֆոլտի առաջ չեն կանգնեցնի: Ինչպե՞ս ենք կառավարելու մեր պարտքերը: Սրանք հարցեր են, որոնց շուրջ պաշտոնյաները խոսում են, բայց ոչ թե այն մասին, թե ինչպես են կառավարելու, մարելու, նոր պարտքեր չկուտակելու, այլ որ՝ «մարելու ենք շատ հանգիս­տ»: Այստեղ հիշեցի հայտնի անեկդոտը՝ դե դու հիմա հանգիստ քնիր, թող պարտատերը մտածի: Ափսոս, որ մեր պարտքերը անեկդոտի ժանրից չեն:

Աստղինե Քարամյան

Կայացավ «Արմթեք-2013» բարձր տեխնոլոգիաների համաժողովը

Հոկտեմբերին Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ «ԴիջիԹեք Էքսպո – 2013» ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց «Արմթեք – 2013» ՀՀ բարձր տեխնոլոգիաների 6-րդ ամենամյա համաժողովը: Այն նպատակ ուներ աջակցել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումն ու ներդրումների հետագա աճը: Համաժողովը հնարավորություն տվեց հայտնաբերել գործարար նոր հնարավորություններ, ստեղծել ընդլայնված մասնագիտական ցանց:

Ավելի քան 200 հոգի մասնակցեցին, ելույթ ունեցան պետական մարմինների, գիտական ու կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ ՀՀ-ից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Եվրոպայի, ԱՊՀ եւ այլ երկրներից, նաեւ վերազգային կազմակերպություններից (Rostelecom, IBM, Cisco, D-Link, Mentor Graphics, National Instruments, UNIDO եւն):

Համաժողովում քննարկումներ եղան «Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ-ում՝ վերջին զարգացումները եւ հաջողության պատմություննե­ր», «Հետազոտություններ, նորարարություն եւ մասնագիտական զարգացու­մ», «Մարտահրավերներ, հնարավորություններ եւ հաջողության գործոննե­ր» թեմաներով: Ստորագրվեցին հուշագրեր՝ տեխնոլոգիական ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ նոր նախաձեռնությունների շուրջ համագործակցության վերաբերյալ:

Այս ոլորտը մեր երկրում այն եզակիներից է, որտեղ համեմատաբար ապահովված է բարձր աշխատավարձը, բայց քանի որ դա էլ ցածր է այլ երկրների համեմատ, ուղեղների արտահոսք կա, իսկ դա կարող է դանդաղեցնել հետագա զարգացումը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։