Ժամն է հատուցման

«Ժամն է հատուցման»  

Շուտով գարուն կգա,
Շուտով էլ ձյուն չի գա…
Ու կբացվեն դարպասները ձնե
Լեռների վրա մեր սահմանների,
Ու քաջերը, որ այնտեղ կանգնած
Հալեցնում էին ձյունն իրենց տաք շնչով,
Կշարժվեն առաջ՝ նահատակների
Վառ հիշատակի ու արյան կանչով.
Անգութ ուղեղով,
Կարմիր աչքերով,
Հայի վեհ սրտով…
Երիտասարդներ կշարժվեն առաջ,
Դեպի հայտնին և անհայտը տանող դժվար ճամփեքով,
Եվ դեռ կխոսվի այս մասին երկար
Ինչպես հատուցման վեհ ժամից առաջ,
Ու պիտ մռնչա թշնամին անզոր.
Անգութ ուղեղի թրատող հրից,
Կարմիր աչքերի ծակող կաթիլից,
Հայի վեհ սրտի արիության
Եվ ուժի պայթյունից…
Երիտասարդներ մի բռունցք դարձած
Պիտի արշավեն ճամփեքով արնոտ,
Բացելով նորը, շարժվելով անվախ, փոխելով միմյանց,
Որից ծիլ կտա Ցեղի տաք շունչը
Հայոց թաց հողում,
Որից կմղվեն նորերը առաջ՝
Դեպի հատուցո’ւմ:
Հատուցման ժամը գալու է, հիշե’ք:

Արմեն Ավետիսյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։