Մեծն հայորդու բաղձանքը՝ հայրենիք վերադարձն էր. Սրբազան վերաթաղում – Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը… Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Հոկտեմբերի 7-ը հռչակել Նժդեհյան տոնի օր

Ահա եւ իմ վերջին խօսքը.

- Կ՛ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:

Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:

Զինուոր զաւակդ՝ Նժդեհ, 1937թ., Սոֆիա:

* * *

Նժդեհի մասունքը (ոսկորները) Ռուսաստանի Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի բերվեց հայրենիք, եւ 30 տարի առաջ՝ 1983թ. հոկտեմբերի 7-ին մասունքից մի մաս վերաթաղվեց Սյունիքի Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին: Մնացյալ մասունքն ամբողջական վերաթաղվել է (1987թ.) Սպիտակավոր վանքի բակում (Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր), որտեղից էլ հետագայում՝ մասունքից տարվել է Կապանի (Սյունիքի մարզ) նժդեհյան հուշահամալիր (2005թ.)՝ արձանագրելով վերաթաղման երրորդություն:

Համալիրի կառուցումը իրականացրել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Սերժ Մկրտչյանը, ով Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ ու մասնակցությամբ՝ բանակցելով Գարեգին Նժդեհի աճյունը հայրենիք տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյանի (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյանի, Ժորա Բարսեղյանի եւ այլոք) հետ, ստեղծել են հանձնաժողով՝ հիմնական մասունքից մի մաս նշյալ համալիրում վերաթաղելու համար: Նպատակը՝ հուշահամալիրին նա՛եւ ցեղակրոն հայի ու ցեղակրոնության ոգին փոխանցելն էր… եւ այն սրբատեղի դարձնելը:

«Լուսանցք»

Կգա՛ նաեւ Նժդեհի հոգու հանգստության օրը եւ «Նեմրութ, Սիփան ու Մասիս ձայն կտան իրար ու կասեն.- Է՛յ, հե՜յ, էլի Հա՛յ ենք, էլի Հայու՛նն ենք»:

Անձամբ Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին Գարեգին Ղազարյանից

«Սիրում եմ արիությունը գրչիդ, խոսքիդ ու սուրիդ։ Մեր օրերին պաշտպան մարդն ես եւ ինչ-ինչ մեծ առավելությամբ ինձ վրա»։ Ավետիս Ահարոնյան (Նժդեհին հղած նամակից)

Նժդեհն ամեն ինչ է արել, անում եւ անելու ի պետս մեզ (ու ոչ միայն մեզ), իսկ մենք, մե՛նք գոնե ի՞նչ ենք անում Նժդեհի համար (ինչքան էլ չզգա որեւէ անձնական  բարիքի կարիք) եւ ի վերջո՝ նախ ու էլի մե՛զ համար, ի շահ գոնե մեր պետականության…

Բաց դիմում

Հարգելի Սերժ Ազատի:

Տարվա բոլոր եղանակներն ու ամիսներն իհարկե հերոսապետինն են, սակայն նախընտրեցի դիմել Ձեզ հենց 9-րդ ամսին (2013թ. սեպտեմբերի 20), որը կրկնակի է խորհրդանշում հայոց նորագույն պետականության օրհնյալ ծնունդը՝ իր «երկվորյակ մարմիններո­վ» ու միացյալ նժդեհաշունչ ոգուժով։ Տասնյակ բազմարժան, արժանի եւ մինչեւ իսկ թերարժան հայկազուններ իրենց մնայուն նյութական հիմքուհետքն ունեն (տուն-թանգարանների տեսքով) ՀՀ եւ ԼՂՀ տարբեր անկյուններում։ Մյուս կողմից, համապատասխանաբար, գոյություն չունի, հորիզոնում էլ չի՛ երեւում այլ արժանեշատ մահկանացու-անմահ, որ թեկնածի այդպիսիք ունենալու ամենայն հայոց, եթե կուզեք, բոլոր սփռավայրերում։ Կամ՝ առնվազն մեն-մին, բայց իր համակողմանի ազգանպաստ ընդգրկումներով, եռաչափ-եռագույն գաղափարաժամանակային միտվածությամբ ինչպիսի՛ն անձնավորելու եւ ինքնանվանավորելու մայր հայրենիքի սրտում:

Այստեղ է, սակայն, որ առճակատ բախվում ենք մեր երկրի ու մեր ժամանակի, թերեւս, գլխավոր հարակարծությանը (պարադոքս). չկա հիմք ու հետքը հենց այդ ամենեցու՝ հիրավի վեհագույն հայորդի եւ Արարչորդի Գարեգին Նժդեհի, «Մենք հայ ենք» հայտնի հեռուստանախագծի 2009-2010թթ. համացանցային քվեարկությամբ «լավագույնների մեջ առաջինն» ընտրվածի, ում կյանք-սխրանքն ու կենսագործված սխրանալի (1.,2. հիանալի, զմայլելի) իդեալներին են անքակտելիորեն «եռակցված»՝ վերջին դարի հոլովույթում հայության անխտիր բոլոր (ներքոթվարկյալ) պետական կազմավորումների հիմնումը, գոյատեւումն ու իրավաժառանգորդումը։

Վերին ատյանի ճշմարտություն չէ՞՝ ի՞նչ է Նժդեհի ընդհանրացումը՝ բոլոր առարկաների դասագրքերի առաջին էջերում բազմեցնելի եւ բազմացնելի, արդարեւ փարոսացույց «Ինքնակենսագրությունից», եթե ընդհանրապե՜ս անվերապահ հավատ ենք ընծայում Նժդեհյան խոսքին (իսկ այլընտրանք իրոք չի՛ք, զի խոսքն այդ հաճախ է ինքնին արդեն մեծագործություններ ուղենշել, ինչպես հենց 1918թ. Դիլիջանի եկեղեցու բակից Ղարաքիլիսայի մարտադաշտ առաջնորդած հուրհրան-հրահրուն ճառը, ինչն ուղղակի «Նժդեհի արեւային ժամ» է կնքել պրոֆեսոր, մեր նորավուրց ու եզակի դիցազնի սրբաճյունի հայրենադարձման կազմակերպիչ Վարագ Առաքելյանը).  «1918, մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսեի ճակատամարտը. Ղարաքիլիսեի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությունը եւ հիմը դրեց Հայկական պետության»։

Եվ արդ (1.,2.) շարունակաբար՝ 1. Հայաստանի (առաջին, Արարատյան) Հանրապետություն (1918թ. մայիսի 28–1920թ. դեկտեմբերի 2, 1919թ. մայիսի 28-ին հռչակվել է Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանը՝ շուրջ 60 հազար քառ. կմ ընդհանուր տարածքով)։ 2. Ինքնիշխան Ղարաբաղ (Արցախ. 1917թ. դեկտեմբեր – 1920թ. մայիս, 1918թ. հուլիսին ձեւավորվել է Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը, 1920թ. մայիսի 25-ին ՀՀ դեկրետով հռչակվել է ՀՀ անբաժանելի մաս՝ մարզի կարգավիճակով)։ 3. Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն (1920թ. դեկտեմբերի 2–1922թ. մարտի 12)։ 4. Ինքնավար Սյունիք («հանրապետական իրավակարգո­վ». 1920թ. դեկտեմբերի 25 – 1921թ. ապրիլի 26, դեֆակտո հիմնադիր ղեկավար՝ սպարապետ Նժդեհ)։ Ըստ որում՝ Ինքնավար Սյունիքի Սահմանադրությունը, ապաեւ իրավահաջորդ Լեռնահայաստանի վերամշակվածը, հակառակ մեր արդի դասագրքերում, ցավոք, հարատեւող խորհրդայնամետ ամրագրումների, հայոց հանրապետականության առաջին գործող Սահմանադրություններն էին (Հիմնական օրենք)։ 5. Լեռնահայաստան (1921թ. ապրիլի 26 – հունիսի 1. ներառել է Սյունիքը, Վայոց ձորը, Արցախի եւ Նախիջեւանի մի մասը (Գողթն). նախարարապետ, արտաքին գործերի եւ զինվորական նախարար՝ Գարեգին Նժդեհ)։ 6. Հայաստան (1921թ. հունիսի 1 – հուլիսի 13. 1-ին նախարարի պաշտոնը Սիմոն Վրացյանին զիջած Նժդեհն անձամբ դեմ էր այս վերանվանմանը)։ 7. Հայկական ԽՍՀ (1922թ. մարտի 12 – 1990թ. օգոստոսի 4)՝ Անդրկովկասի ԽՍՀ Դաշնային Միության (աստ եւ այսուհետ՝ 1922թ. մարտի 12 – դեկտեմբերի 13), Անդրկովկասյան ԽԴՍՀ (աստ եւ այսուհետ՝ 1922թ. դեկտեմբերի 13 – 1936թ. դեկտեմբերի 5), ԽՍՀՄ (1922թ. դեկտեմբերի 30-ից) կազմերում։ Ընդ որում՝ Նժդեհի հեռանալուց հետո, առ 1929թ. ավելի քան 4700 քառ. կմ (ԼՂԻՄ-ի ունեցածից էլ մեծ տարածք), հիմնականում հենց ռազմավարանշանակ հարավային գոտուց, հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին, ինչպես նաեւ անպաշտպան միջատարածքի (անկլավ) է վերածվել ու 1992թ. բռնազավթվել անզուգական Արծվաշեն գյուղը, որն իրավունք չունենք մոռանալու… 8. Հայաստանի Հանրապետություն (1990թ. օգոստոսի 4 – 1991թ. սեպտեմբերի 23)՝ ԽՍՀՄ կազմում։ 9. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (1923թ. հուլիսի 7 – 1989թ. օգոստոսի 16)՝ Ադրբեջանական ԽՍՀ (մինչեւ 1988թ. հուլիսի 12-ը), Անդրկովկասի ԽՍՀԴՄ, Անդրկովկասյան ԽԴՍՀ, ԽՍՀՄ կազմերում։ 10. Լեռնային Ղարաբաղ (1989թ. օգոստոսի 16 – 1989թ. դեկտեմբերի 1. 1989թ. նոյեմբերից՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջանով եւ նրան միացած՝ Խանլարի շրջանի Գետաշեն ենթաշրջանով՝ ԽՍՀՄ կազմում, Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորված՝ ԽՍՀՄ կազմում /1989թ. դեկտեմբերի 1 -1991թ. սեպտեմբերի 2/)։ 11.Նախիջևանի ՍԽՀ՝ ինքնավարության իրավունքով Ադրբեջանի ՍԽՀ կազմում (1920թ. հուլիսի 28 – 1923թ. փետրվար)՝ Անդրկովկասի ԽՍՀԴՄ, Անդրկովկասյան ԽԴՍՀ, ԽՍՀՄ կազմերում, ցայդ՝ թրքամուսավաթական սվինների վրա բուսած Արաքսի Հանրապետություն կամ Հարավարեւմտյան Ադրբեջան (ներառել է եւ Շարուրը, Սուրմալուն, այլ հայավայրեր)։ Տվյալ խառնակ ժամանակներում նման մահմեդահիմն, կարճակյաց վարչասուբյեկտներ ինքնահռչակվել են մեր պատմական հայրենիքի այլ տարածքներում եւս։ 12. Նախիջեւանի Ինքնավար Երկրամաս (1923թ. փետրվար – 1924թ. փետրվարի 9)՝ Ադրբեջանական ԽՍՀ, Անդրկովկասյան ԽԴՍՀ, ԽՍՀՄ կազմերում։ 13. Նախիջեւանի Ինքնավար ԽՍՀ (1924թ. փետրվարի 9 – 1991թ. օգոստոսի 30)՝ Ադրբեջանական ԽՍՀ, Անդրկովկասյան ԽԴՍՀ, ԽՍՀՄ կազմերում։ 14. Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն (1991թ. օգոստոսի 30-ից)՝ Ադրբեջանական Հանրապետության կազմում։ Հուսանք եւ պարտավորվենք՝ սոսկ առայժմ (թեկուզ հենց այն պատճառով, որ Նժդեհի «փոքր հայրենիք­ի» վարչատարածքն է)։ 15. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետություն (1991թ. սեպտեմբերի 2-ից)։ 1994թ. հրադադարից ի վեր՝ դեֆակտո մոտ 11800 քառ. կմ տարածքով։ Դատապարտված ենք մշտահիշելու նաեւ դեյուրե տարածքը՝ շուրջ 12400 քառ. կմ (ներառյալ ԼՂ-ի բռնազավթված Շահումյանի շրջանը՝ Գետաշենի ենթաշրջանով հանդերձ, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների համապատասխան հատվածները)։ 16. Հայաստանի Հանրապետություն (1991թ. սեպտեմբերի 23-ից)։

Արմենոցիդի լայնաճարակ եւ տարածուն դրսեւորումներով առլեցուն միեւնույն հեկատոմբային 20-րդ դարում հայ պետականության զարմանալիորեն բազմատեսակ մարմնացումների ցանկն ամբողջացնելու համար (ընդսմին՝ առաջին անգամ) ներկայացնենք նաեւ մյուս հայառինչ վարչասուբյեկտները, ճիշտ է՝ մեծագույն մասամբ տեղահատվածային, կարճակյաց, երբեմն էլ ձեւական բնույթի. ա) դեֆակտո Թուրքահայաստանի գեներալ-նահանգապետություն (1915թ. ապրիլ – 1918թ. փետրվար. դեյուրե «Պատերազմի իրավունքով գրավված՝ Թուրքիայի մարզերի ժամանակավոր ռազմական գեներալ-նահանգապետություն»՝ Ռուսաստանի Կայսրության կազմում. 1916թ. հունիս – 1917թ. փետրվար, վերոնշյալ «Գրավված մարզերի գլխավոր կոմիսարիա­տ»՝ Ռուսաստանի Հանրապետության կազմում. 1917թ. ապրիլ – 1918թ. փետրվար. գլխավոր կոմիսարի 2-րդ տեղակալ՝ Յակով Զավրիեւ: Նժդեհն ինքը հայոց տարբեր, այդ թվում՝ իր ստեղծած եւ մարզած, կամավորական զորամասերի եւ ստորաբաժանումների կազմում գործուն մասնակցություն է ունեցել այդ իսկ մարզերի բնակավայրերի ազատագրմանը, որոնցից են Գյալարաշը, Բերկրի-Կալան, Շեյխ-Կարան, Վանը, Սիսյար-Դերեն, Ավասին, Շատախը, Սոքյանցը, Մոկսը, Սպարկերտը, Էվրիսը, Մագրեադը, Դատվանը, Բորիանը). բ) Վանի նահանգապետություն (1915թ. մայիսի 7 – հուլիսի 16, նահանգապետ՝ Արամ Մանուկյան): գ) Վասպուրականի իշխանություն (1917թ. հոկտեմբեր – 1918թ. ապրիլ, նախագահ եւ արտաքին հարաբերությունների վարիչ՝ Կոստի Համբարձումյան։ Իշխանությունը թողարկել է սեփական դերդրամ/փոխգիր). դ) Անկախ եւ Ազատ Հայաստան՝ Կարին (Էրզրում) մայրաքաղաքով (հռչակված Արեւմտահայոց խորհրդի եւ զորավար Անդրանիկի ներկայացուցիչ գնդապետ Թորգոմի (Արշակ Պաղտասարյան կամ Երվանդյան) գրավոր հայտարարությամբ. 1918թ. փետրվարի 12–26). ե) Միջագետքի Հայկական (Ռուբինյան) Հանրապետություն (Սիհուն (Սարոս) եւ Ճիհուն (Ջահան) գետերի միջեւ՝ մինչեւ ծով. հռչակված Մինաս Վերածինի (Գասապյան) կողմից. 1920թ. օգոստոսի 2 – դեյուրե 1921թ. հոկտեմբերի 20). զ) Կիլիկիայի Հանրապետություն («Ինքնավար Հայաստա­ն». 1920թ. օգոստոսի 4 – դեյուրե 1921թ. հոկտեմբերի 20. հիմնադիր վարչապետ՝ Միհրան Տամատյան). է) Հաթայի Հանրապետություն (երբեմնի հայահոծ Ալեքսանդրեթի սանջակում. 1938թ. օգոստոս – 1939թ. հուլիսի 29)։ Ինքնին հասկանալի է, որ այս վերջին 7-ի իրավատիրույթները ցայժմ բռնակցված են Թուրքիայի Հանրապետությանը։

Թույլ տվեք նկատել նաեւ, որ եթե մյուս մեծերի (այդ թվում՝ Կոմիտաս վարդապետի, ում անունը կրող, ինչ խոսք՝ կարեպետ ինստիտուտ-թանգարանը Ձեր նախաձեռնության շնորհիվ արդեն կյանքի է կոչվում) ժառանգության ուսումնասիրումը, դասաքաղումը, տարածումը, քարոզումը, համապատասխան ուղերձ-պատգամների կիրարկումը՝ միայն անհրաժեշտ են, ապա մեծամեծն Գարեգին Նժդեհինը (սկսած նրա հենց պարզ քաղաքական կենսագրությունից, որն ինքնապես օրինակելի, անդատելի ու անբաղդատելի կիրառական գաղափարախոսություն է)՝ միանգամայն բավարար հայոց եւ համայն մարդկության հավաքական իղձերի էացման ճամփին սերունդների նույնքան համամարդասիրական ջամբումի, որքանեւ ազգանվեր, հայրենատիրական արժեքների լույսով արգասալից կրթադաստիարակության երաշխավորման համար։

Անհամեմատ ավելին. հին թե նոր շատ (,) քաղաքակիրթ ազգեր, առանց, քավ լիցի, որեւէ հայասնապարծ չափազանցության, երազելով կերազեին Նժդեհին փոքրիշատե մատչող բազմահանճար եւ բոլորժամանակյա Դեմիուրգի սերելու եւ իրենց (,) պետությունների բախտն ու ապագան Նրա վարդապետությանը սերտահյուսելու մասին, աշխարհի վարչաքաղաքական քարտեզին սեփական գույնը դեռ չունեցող շատ ավելի շատ ազգություններ ու ժողովուրդներ էլ միաժամանակ փափագելով կփափագեին (ոմանք՝ լեզգիներ, թալիշներ, քրդեր, ասորիներ, դրուզներ՝ արդեն իսկ նաեւ զուգիմաստ անկատար ներկայով)՝ պետականություն կերտելու (վերականգնելու) սեպուհ (ի դեպ՝ Նժդեհի ինքնածածկանվան նրբիմաստներից է) նպատակով…

Ըստ այսմ էլ պատիվ ենք ունեցել ձեւակերպելու «Նժդեհի հանրաշահ միակության» հայտանիշը։

Այսուայնուհանդերձ, ցօրս ահա Նա այդպես էլ չի արժանացել հայրենի զուգապետության թող որ համեստագույն պուճախում կենտ մի անթանկ խուղակի՝ Իր կյանքին ու գործունեությանն աղերսվող ոգեղենիկ նշխարների գեթ չնչին մասի մեկտեղմամբ, ուր մնաց սպառսպուռ միսուարյուն ստանար օդում շատոնց թեւածող տեսլականը համահարիր՝ հզորազոր ու բազմաբովանդակ թանգարանի։

ՀՀ մայրաքաղաքում «Գարեգին Նժդեհի պետական (այժմ պիտի ասենք ավելին՝ համազգային) տուն-թանգարա­ն» բազմաճյուղ ու բազմագործառական համալիր հիմնելու հրատապ ու հարատապ խնդիր-խնդրանքով, դեռեւս 2012թ. մարտի 19-ին, պաշտոնապես դիմել ենք մշակույթի նախարարին, ավելի ուշ՝ նաեւ հանրային խորհուրդ (երկիցս էլ միջնորդված. նամակի պատճենը կցվում է)։ Առաջին խոստումնալից արձանգանքներին հաջորդել է գործնական՝ ոչինչը։ Բայց ես էլի հիմքեր չեմ տեսնում դժգոհելու, առավել եւս՝ նշկահելու. պաշտոնական եզրաբանությամբ՝ «սեղմ ժամկետու­մ» իսկ ավելի ու ավելի ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ է քաղաքական որոշում եւ՝ ամենաբարձր մակարդակով եւ՝ միմիայն։

Ահավասիկ, խնդրում եմ, վեհորե վեր կանգնելով գեթ Ձեզ եւ ոչ այնքան խոնարհ ծառայիս այնքա՛ն փոխհասկանալի նկատառումներից, կայացնել այդ բարեբեր որոշումը՝ նամանավանդ վարոհավելյալ առաջարկությունների ողջ ջոկածուրիկ «ջոկն էլ կյանքի ուղեգրով պարգեւատրելու» հայահայեցակետից։ Այլ կարծիք լինել չի կարող, եւ ինքներդ էլ, խնդրեմ, կեղակարծիք մի՜ ունեցեք, որ մեր վաղնջական հայրենաշխարհը, Նժդեհի առաջապահ աջով նրա մշտնջենական բարեշրջմանը նպատակաուղղված արքիմեդյան լծակները՝ հանձինս նորին բարձրություններ Արդարության եւ Ճշմարտության, վերջապես եւ առաջնապես իրարահաջորդելի սերունդներն անվերջ երախտապարտ կմնան Ձեզ։

Ավելորդ չեմ համարում, թեկուզ միակ նախադասությամբ, կենսարժեւորել նաեւ հայոց զինված ուժերի կայացման, անսակարկելի ձեռքբերումների գանձարանում Նժդեհի ներդրած ինքնաաճ՝ «բարձրատոկոսադրույք» ավանդը, ինչպես նաեւ ՀՀԿ-ի խորքային ծագումնաբանության պատմատրամաբանական ակունքներում նույն մեծամեծն Նժդեհի, որպես գաղափարասուն եւ պահանջատեր հիմնադիր նախահոր, Մասիս սրբազնասարի պես կանգնած լինելու փաստուփաստարկը։

Այս մեկնանկյուններից (1.,2.) էլ պիտի հայցեմ Ձեր դրական վերաբերմունքը հետեւյալ բազմարծարծ առաջարկություններն ի կատար ածելու ոչ պակաս էական գործերում. ա) Ձեր գլխավորած կուսակցության պատգամավորական խմբակցության միջոցով համապատասխան օրենսդրական լրացում կատարելուց հետո, ՀՀ նախագահիդ հրամանագրով, բացառիկ կարգով, գեներալիսսիմուս-սպայապետի (չշփոթել«սպարապետի» հետ) գերագույն զինվորական կոչում շնորհել Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյանին (Նժդեհ) (հետմահու). բ) հիմնադրվող ռազմական կաճառը (ակադեմիա) անվանակոչել մերազնյա թիվ 1 առաջնագիծ զինվոր (այս հատկադերում եւս՝ իր բազմակի վիրավորումներով՝ անմահացյալ) եւ վերջին օծյալ սպարապետ Գարեգին Նժդեհի՝ բոլոր առումներով նվիրական անունով, գ) Ձեր բարձր եւ անառարկելի միջնորդությամբ պարարտ հող նախապատրաստել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս իսկ 9-րդ ամսվա վերջին գումարվելիք եկեղեցական ժողովի օրակարգով նախատեսվող սրբադասման կարգի վերականգնման ծիրում Գարեգին Նժդեհին սրբացնելու համար (հօգուտ Նրա հրաշավետ հոգեւոր խոյանքի ընդամենն այս պաշտոնականացման պատմակշիռ կռվան կարող է ծառայել հարցի առանց այն էլ հարուստ նախապատմությունը՝ ի դեմս 1980-ական թթ-ից տակավին, տարբեր անհատների, խմբերի կազմակերպած եւ իրականացրած, Մայր Աթոռի տնօրինմանը հանձնված ստորագրահավաքների փաստաթղթանու). դ) Նժդեհի կյանքի եւ գործունեության, երկերի եւ գաղափարաբանության ուսումնասիրումն ընդգրկելՀՀ-ի, ԼՂՀ-ի, Սփյուռքի բոլոր տեսակների եւ աստիճանների կրթական հաստատություններում, բոլոր հումանիտար առարկաների ուսումնածրագրերում եւ դասագրքերում, միջառարկայական կապերի եւ այլ մեթոդական ձեռնարկներում. ե) միջոցներ չխնայել Նժդեհի գիտական կենսագրության եւ հիմնարար երկերի՝ առնվազն հիմնական միջազգային լեզուներով ըստ հնարավորին համահանճար թարգմանական հրատարակություններն ապահովելու եւ տարածելու (ներառյալ՝ համացանցով) համար. զ) ԼՂՀ Նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ համախորհուրդ սահմանել Գարեգին Նժդեհի անվան «Մարդկայնության, Ոգու եւ Արարման» համաշխարհային մրցանակ եւ ազգերի խաղաղ ու ստեղծարար մրցակցություն խորհրդանշող ամառային օլիմպիադաների անցկացման տարիներին (4 տարին մեկ) շնորհել քաղաքակրթության զարգացմանն առավելագույն նպաստ բերած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (անկախ գործունեության տեսակից)՝ նոբելյանինն էապես գերազանցող եւ ՀՀ դրամով արտահայտված պարգեւավճարով:

Հուսամ՝ համառ ու սնափառ անհամեստություն չի սեպվի այն իրույթի կարեւորումը եւս, որ այս եւ մյուս առաջարկները տարբեր հրապարակային խողովակներով եւ ամբիոններից ներկայացնում եմ («Հայոց աշխարհի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների­ն») դեռեւս 2001թ-ից ի վեր (1.,2.): Սույն ձեռնարկների արդյունավորումը, ի հավելումն մնացյալ բարերար հետեւանքների, միայն ու միայն կզորակցի ինչպես ազգային զինուժի, ողջ հայրենի պետության եւ համահայության աշխարհաքաղաքական կշռի եւ հեղինակության բազմապատկմանը, այնպես էլ Հայ Առաքելական Սուրբ Ուղղափառ Ընդհանրական Եկեղեցու բարոյահոգեւոր դիրքերի ամրապնդմանը, մաքրազօծմանը, էյկումենիկ դերաճին… Եվ այս ամենն ընդամենը նվազագույն բավարարն է: Մինչդեռ նժդեհավայել, ասել է թե՝ նախ փոխներդաշնակ ու արդարախնդիր խոսքուգործը, ըստ սահմանման, կարող է վերաբերել բացառապես պարտուպատշաճ առավելագույնին, որ բնուստ անսահմանն է. եւ մի՞թե, իրավ, բնության ու մարդկության մեջ եղե՞լ է կամ անգամ երեւակայելի՞ է, ներող լերուք, տո հենց ամենաբարձրապահ/անջ/ ոսկեծղի Օվսաննա՝ իր աստվածաշնչյան բոլոր /պարունակապես՝ մեծատառյալ-հատկանվանացած/ հիպոստասներով, որ հանկարծ ու շատ համարվի Նժդեհի համար (բոլոր առաջարկությունները՝ բազմակողմանի եւ լիարժեք հիմնավորումների զուգորդմամբ, Ձեզ եւ հանրությանը կներկայացվեն առանձին գրքով)։

Գարեգին Ղազարյան

Երեւան-Սյունիք

2013թ. սեպտեմբերի 20

Հ.Գ. - Հարկադրված եմ տեղեկացնել, որ Սյունիքի մարզպետարանը եւ «Հայաստան» հիմնադրամի գործադիր վարչությունը, ըստ էության, նույնպես ոչինչ են արել (չհաշված առաջինի հերթապահ խուսագրությունը, ներառյալ՝ երկրորդի քամահրական, օրինախախտ լռությունը) նույն 2012թ. համապատասխանաբար Ձեզ եւ գործադիր տնօրենին հասցեագրածս նամակներում եւ կից նյութերում շարադրված՝ սահմանամերձ 2 գյուղեր միավորող Նժդեհ համայնքի առաջնային ընկերատնտեսական կնճիռների հարթման ուղղությամբ։

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։