Հայաստանի նախագահը չի՛ կարող ծպտյալ թուրք, ռուս կամ եվրաամերիկացի լինել – Հայ արիներն ու ազգայնականները դե՛մ են նստակեցության ցենզը հանելուն…

Հայտնի է, որ Հայաստանի նախագահ ընտրվելու համար պետության մայր օրենքն ամրագրել է, որ առաջադրվող նախագահի թեկնածունին վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը պետք է պաշտպանած լինի: Այսինքն՝ գործող Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Հայ արիներն ու ազգայնականները, հաշվի առնելով մեր ազգի աշխարհասփյուռ վիճակը, չեն պնդում, որ ՀՀ նախագահն առհասարակ պետք է Հայաստանում ծնված, ապրած ու մինչ այդ բնակվողը լինի, հասկանալով, որ հայության սփյուռքյան հատվածը նույնպես պետք է որոշակի հնարավորություն ունենա մասնակցելու հայության հայրենիքի մի հատվածում առկա պետության նախագահի ընտրությանը: Հայությունն անբաժանելի է:

Սակայն, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ներկայացրել է առաջարկ, ըստ որի պետք է հանվի երկրի նախագահի թեկնածունին առաջադրվող՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթը: Արդյո՞ք այդ 10 տարվա ցուցանիշն իջեցնելու փոփոխությունն արվում է հօգուտ որեւէ անձի կամ անձանց, թե՞ սա հերթական ժողովրդավարական ու ժողովրդասիրական հակահայ ճնշումն է:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնել է, թե այդ առաջարկն ավելի վաղ արվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պարզապես փոխանցել է առաջարկը համապատասխան հանձնաժողովին՝ քննարկելու: Ստացվում է՝ սա ՀՀ նախագահի աշխատակազմի առաջարկը չէ, Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի առաջարկը չէեւ հերթական եվրապարտադրանքն է, որին, ի դեպ, դեմ չէ նաեւ ռուսական կողմը:

Այն պնդումները, թե փոխանցվելուց հետո չի նշանակում, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դրանց վերաբերյալ արդեն իսկ որոշում է կայացրել, պարզապես հանգստացնող խոսքեր են, քանի որ մեր երկրում հատկապես եվրապարտադրանքներն արագորեն օրենքի ուժ են ստանում: Նախագահին ներկայացվող առաջարկներում նստակեցության թեզը հանելու հետ քննարկում չի եղել միայն այն պատճառով, որ նստակեցության թեզը սահմանված է Սահմանդրությամբ: Իսկ սահմանադրական փոփոխություններ (բարեփոխումներ անվան տակ) արդեն իսկ նախատեսված են:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը խորը մտահոգություն են հայտնում մեր պետության դեմ հերթական քաղաքական-իրավական ճնշման առումով եւ կոչ անում երկրի իշխանություններին՝ կուլ չգնալ դրան, քանզի պետության նախագահի պաշտոնը միջազգայնացնելն արդեն իսկ բազմապատկում է այն կործանարար վտանգները, որոնք առկա են այդ նույն միջազգային պարտադրանքներով պայմանավորված (ազգայինի դեմ գործող):

Շուրջ 18-20 միլիոն հայությունից միայն 3-4 միլիոնն է այսօր Հայաստանում բնակվում (կամ՝ գրանցված) եւ նստակեցության ցենզը հանելը միայն վտանգավոր չի լինի, այլեւ՝ հակապետական ու հակազգային քայլ կդիտվի: Քանզի այսօր իսկ սփյուռքահայության ազդեցությունը կա Հայաստանում եւ այն հաճախ ուղեկցվում է որոշ երկրների իշխանությունների ցանկություններով պայմանավորված:

Իսկ նշյալ պաշտպանական դրույթի վերացմամբ Բրյուսելը, Վաշինգտոնն ու Մոսկվան վստահաբար սեփական տարածքներում բնակվող հայազգի (գուցե միայն ազգանվան «յան» վերջավորությամբ պայմանավորված) թեկնածուներին կառաջադրեն ու կպարտադրեն հայությանը, ինչն առանց այն էլ անում են անգամ ոչ սեփական թեկնածուների դեպքում: Հայ արիներն ու ազգայնականները չեն բացառում, որ այդ ժամանակ կարող են նաեւ թուրքահայերից առաջադրել իրենց թեկնածությունը եւ մի օր ու շատ ուշացած հայտնի դառնա, որ Հայաստանի նախագահը ծպտյալ թուրք է

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։