Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը… Միխեիլ Սաակաշվիլուն՝ մեր կողմից… Գոյություն ունի վրացերեն լեզու եւ միայն ա՛յն կունենա պետական կարգավիճակ…

Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի հայաթափման հույսերը

Ըստ Թուրքիայի, Ադրբեջանի, ու Վրաստանի վերնախավի որոշ տրամադրությունների, այս երկրներում հույս են փայփայում, թե Հայաստանի բնակչության թիվը՝ կապված ներկայիս արտագաղթի հետ, այնքան կնվազի, որ հայերը հետզհետե, իրենք իրենց կդատարկեն Հայաստանը…

Իսկ հեռացած հայերն էլ կբռնեն այլազգիների հետ ձուլման ճանապարհը, եւ դա էլ կազդի հայերի ընդհանուր թվաքանակի վրա:

Լրջորեն քննարկվում են նաեւ հայերի արտագաղթին նպաստող կազմակերպությունների գործունեությանը նպաստելու եւ ներգաղթը կանխելու խնդիրները: Թուրքիան նման գործունեություն ծավալել է իսրայելական կազմակերպությունների հետ՝ Մերձավոր Արեւելքի հայության արտագաղթը դեպի Եվրոպա եւ ԱՄՆ կազմակերպելու համար:

Եվ այսօր զգալիորեն կազմաքանդվել են Լիբանանի եւ Իրանի հզոր ու կազմակերպված գաղթօջախները, իսկ սիրիահայերը դարձան քաղաքացիական կռիվների թիրախ:

Հայաստանում եւ Սփյուռքում պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդրին եւ համարձակ քայլեր ձեռնարկեն ինչպես արտագաղթը կանխելու, այնպես էլ ներգաղթը շահագրգռելու ուղղությամբ:

Միայն Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը չի կարող համազգային խնդիրներ լուծել, եթե համագործակցությունը միակողմանի լինի՝ հայաստանյան: Սփյուռքյան ազգային կառույցները պետք է ցույց տան ազգային այն դիմագիծը, ինչի մասին խոսում են ամեն օր…

* * *

Միխեիլ Սաակաշվիլի.- «Մենք այն եզակի երկրներից ենք (ես հպարտանում եմ դրանով), որը դիմակայեց Ռուսաստանի լայնամասշտաբ գրոհներին: Մենք նաեւ միակն ենք, որ պահպանեց պետականությունը, անկախությունը եւ փրկվեց, չնայած այն բանին, որ մեզ վւա հարձակվել էր ուժեղ ռուսական բանակը: Նրանք մեզ ռմբակոծում էին 200 ինքնաթիռներով, Սեւծովյան նավատորմով, եւ 10 հազարավոր վարձկաններով: Այդ ամենին դիմակայեց մեր անկախությունը  եւ պետականությունը:

Եկեք չվտանգենք խաղաղությունը:

Մենք փրկվեցինք, որովհետեւ միասնական էինք եւ օգնում էր աշխարհը: Հուսով եմ աշխարհը էլի կշարունակի անել դա, երբ մեզ վրա կրկին այդպիսի ճնշումներ կիրառվեն»:

Միխեիլ Սաակաշվիլուն՝ մեր կողմից.- Աբխազիան եւ Հարավային Օսիան անկախացան Վրաստանից, ու սա չտեսնել որպես տարածքային մեծ կորուստ եւ անկախության սասանում, առնվազն կուրություն է: Իսկ վրացական ապրանքաշրջանառությունը պարզապես կորավ ռուսական հսկայածավալ շուկայից… Այսինքն՝ կորավ մեծ կապիտալ ու նաեւ՝ բազում գործարարական կապեր… Որ այսօր տքնում են վերագտնել:

Ինչ մնում է ռուսական զինուժին դիմակայելուն. Մոսկվան իր նպատականերին հասնելուց եւ վրացական անկանոն բանակը ջարդելուց հետո հեռացավ անելու բան չունենալով այլեւս… Աջարիայի եւ Ջավախքի անկախության (պարզ է՝ ի վնաս Վրաստանի) հարց առաջացնելով էլի կգա Ռուսաստանը… ու ոչ միայն նա, դիցուկ՝ Հայաստանը:

Գոյություն ունի վրացերեն լեզու եւ միայն ա՛յն կունենա պետական կարգավիճակ

Ինչպե՞ս է վերաբերվում նախագահության թեկնածուն Ախալքալաքի շրջանային ժողովում Եվրոպական խարտիան վավերացնելու եւ հայոց լեզվին տարածաշրջանայինի կարգավիճակ շնորհելու հարցի բարձրացմանը:

Հարցին այսպես պատասխանեց նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն, ինչը նաեւ համավրացական կարծիք է. «Խորհրդարանում դեռ չկա այդ հարցը, դրա համար պետք է, որ շրջանային ժողովը գործի օրենքի շրջանակներում: Համարում եմ, որ Վրաստանում գոյություն ունի վրացերեն լեզուն եւ այն է ունենալու պետական կարգավիճակ, իհարկե հայերեն լեզուն, ինչպես նաեւ ուրիշ լեզուները, որոնք տարածված են Վրաստանում, պետք է պահպանվեն, բայց մենք բոլորս այստեղ պայմանավորվեցինք, որ բոլոր հայերը սովորելու են վրացերեն, որպեսզի նրանք կարողանան ազատ շփվել, իրենց երեխաները կարողանան սովորել վրացական բուհերում, որպեսզի ակտիվ ներգրավված լինեն վրաց հասարակական կյանքում:

Բնական է, հայ երեխաները կիմանան իրենց հարազատ լեզուն, բայց վրաց լեզուն իմանալն անպայման է առաջին հերթին Վրաստանի հայ բնակչության համար, որպեսզի ձեր երեխաները, մեր երեխաները, տաղանդավոր հայ երեխաները չմնան վրաց քաղաքական-հասարակական կյանքից դուրս, միայն այն պատճառով, որ վատ են տիրապետում վրացերենին»:

Թբիլիսին երբեք չի գնա հայերին ընդառաջ, ջավախքահայերի ազգային խնդիրներին լուծում չի տա… անգամ եթե դա եվրաորոշում է: Սա պետք է հստակ իմանալ եւ… ըստ այդմ գործել:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 33 (296), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։