Ցավոտ կետեր. Սողանք. բնության ճիչը մարդու ականջին – Սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը…

…Հայաստանում սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին: Այս իմաստով կարելի է նշել, որ գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձեւով առնչվում է տնտեսական գործունեության հետ: Այստեղից պարզ է դառնում, որ սողանքների ժամանակին հայտնաբերումը եւ դրանց դեմ պայքարի միջոցները կարեւոր են…

Սկիզբը՝ թիվ 28-32-ում

Եթե սողանքի մասին խոսք կա նույնիսկ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում, ուրեմն՝ վիճակը լուրջ է:

Սա փաստ է, որ բնութագրում է երկրում սողանքային պատկերը: Դեռ 2010թ. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված՝ քաղաքաշինության նախարարության ծրագրում ասված է, որ՝ «Հայաստանի տարածքը հանդիսանալով ամբողջությամբ սեյսմավտանգ՝ բնութագրվում է նաեւ վտանգավոր  արտածին երկրաբանական պրոցեսների (սողանքներ, փլուզումներ, քարաթափեր, սելավներ եւ այլն) լայն տարածվածությամբ ու տեխնածին երեւույթների զարգացվածությամբ: Վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներն ու տեխնածին երեւույթները մեծ վնասներ են հասցնում հանրապետության տնտեսությանը, սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը: Այդ իսկ պատճառով վտանգավոր երկրաբանական պրոցեսների ու տեխնածին երեւույթների ուսումնասիրությունը, կանխատեսումը եւ կանխարգելումը կարեւոր են տարածքների  պահպանման եւ ռացիոնալ օգտագործման, մարդկանց անվտանգության ապահովման եւ շրջակա միջավայրի  պահպանման համար»: Ըստ այդ փաստաթղթի, վտանգավոր արտածին երկրաբանական պրոցեսներից իրենց տարածվածությամբ ու  ազդեցությամբ առավել աղետալի են սողանքները, որոնք անընդհատ զարգացող եւ «իրենց ծավալներով մշտական աճող վտանգի աղբյուր»: Մեր երկրի տարածքում կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտված է 2504 սողանքային տեղամաս: Դրանք ընդգրկում են շուրջ 1220 քառ. կմ մակերես, որը կազմում է հանրապետության տարածքի 4,1%-ը: Հանրապետության 233 համայնք կամ բոլոր համայնքների 25,2%-ը գտնվում են սողանքային տարածքներում, ճանապարհների 236 կմ-ն ու երկաթգծի 4,8 կմ-ն վնասված եւ քանդված են սողանքներից:

Նկատի ունենանք, փաստաթղթում ընդգծվում է, որ «հանրապետությունում սողանքային աղետի դեմ համակարգված, հետեւողական քաղաքականության եւ համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել է մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը, դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը եւ սպառնում է ազգային անվտանգությանը»: Բացատրությունը շարունակությունում տրվում է. սողանքային երեւույթներն իրենց տարածվածությամբ եւ զարգացման ակտիվությամբ՝ 1. մեծ վնասներ են հասցրել եւ շարունակում են հասցնել բնակավայրերի բնակելի տներին եւ շինություններին, ենթակառուցվածքներին ու այլ կենսաապահովման  օբյեկտներին, տարածքների բնապահպանական վիճակին, 2. սպառնում են սողանքային տարածքների բնակիչների կյանքին ու առողջությանը, երկրի, նաեւ հարեւան երկրների հետ հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը. 3. սողանքային տարածքների՝ հատկապես բարձրլեռնային եւ սահմանամերձ  բնակավայրերի ամայացման, պատմամշակութային արժեքների ավերման, բնակչության աղքատացման, տարահանման, արտագաղթի, մարդկային զոհերի պատճառ են դառնում, 4. խոչընդոտում են համայնքների կայուն զարգացմանը, բնակչության աճին: Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի չափերով սողանքային աղետները լրջագույն այն գործոնների շարքին են դասվում, որոնցով պայմանավորված է հանրապետության կայուն եւ անվտանգ զարգացումը: «Հետեւաբար,- ասված է փաստաթղթում,- սողանքային աղետի դեմ պայքարը, որպես քաղաքաշինական անվտանգության ռազմավարական ուղղություն, անհրաժեշտ է մշտապես ընդգրկել պետական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում եւ համակարգված մոտեցմամբ հետեւողական լուծումներ տալով՝ աստիճանաբար կանխել վտանգներն ու նվազեցնել ռիսկերը, մշտական հսկողություն իրականացնելով՝ ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ժամանակին արձագանքել եւ հակազդել սպասվող վտանգներին»:

Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանի տարածքի տնտեսական յուրացման պայմաններն այնպիսին են, որ բնակավայրերի մեծ մասը, հաղորդակցության ուղիները եւ ընդհանրապես ենթակառուցվածքները գտնվում են գետահովիտներում: Հայաստանում սողանքների զգալի մասը զարգացած է գետահովիտների ստորին լանջերին: Այս իմաստով կարելի է նշել, որ գոյություն ունեցող սողանքների գերակշռող մասն այս կամ այն ձեւով առնչվում է տնտեսական գործունեության հետ: Այստեղից պարզ է դառնում, որ սողանքների ժամանակին հայտնաբերումը եւ դրանց դեմ պայքարի միջոցները կարեւոր են: Եվ ինչքան շուտ հայտնաբերվի սողանքի առաջացումը, այնքան դրա կանխարգելումն ավելի արդյունավետ կլինի ու պակաս ծախսատար: Եվ պետությունն էլ կիմանա, որ միջոցները նպատակային է տալիս, ոչ թե խնդրի՝ տվյալ պահին լուծման թելադրանքով: Պետությանը մնում է մեր մասնագետների հետ խորհրդակցել ու ընտրել սողանքների դեմ պայքարի ձեւերը՝ պասիվ, թե ակտիվ: Ու քանի որ մասնագետներն ասում են, որ ամեն սողանք հարկ է դիտարկել առանձին, եւ սողանքների համար անհնար է ընդհանուր դեղատոմս դուրս գրելը, մնում է որոշել՝ որ տարածքի սողանքի դեմ պայքարի որ եղանակն է ձեռնտու:

Պասիվ միջոցառումները կանխարգելիչ բնույթի են: Դրանց նպատակն է սահմանափակել սողանք առաջացնող պատճառները, բացառել մթնոլորտային եւ վերգետնյա ջրերի մուտքը, տարածքում ծանր ու  արագընթաց տրանսպորտի երթեւեկությունը: Ակտիվ միջոցառումները, որ ավելի աշխատատար են, ավելի որոշակի են նաեւ. օրինակ՝ հեռացնել ստորերկրյա ջրերը ցամաքուրդային համակարգերով: Պետք է հենապատ կառուցել, բայց այդ հենապատի հիմքը պետք է իջեցնել սահքի մակերեսից ավելի խորը, իսկ պատի մեջ թողնել ցամաքուրդային անցքեր: Կամ՝ կարելի է նաեւ սողանքների ապարների ամրությունը, ավելի ստույգ՝ դիմադրողականությունը բարձրացնել ու դրա համար գործածել կապակցող նյութեր (շատ երկրներում ընդունված է էլեկտրաքիմիական եղանակը): ԱՊՀ շատ տարածքներում էլ կիրառվում է նախկին՝ սոսնձի ու ցեմենտի օգնությունը:

Մի խոսքով, հոդվածաշարն ամփոփելով, ընդգծենք՝ խնդրի լուծման տարբերակները տարբեր են, մնում է համալիր աշխատել՝ ընդ որում՝ տարակարծիք մասնագետների հետ միասնական խորհրդակցելով, միջոցները գտնելով ու հեռահար նպատակն ունենալով, այն է՝ մենք այնքան հող չունենք, որ մեզ բնակավայրերը տարաբնակցնելու  շռայլությունը թույլ տանք:

Առավել եւս՝ եթե այդ բնակավայրը սահմանամերձ է ու պետության համար ռազմավարական նշանակություն ունի:  Սա այն ամենաթանկն է, որի համար կարելի է նաեւ միջոցներ հայթայթել ու ամենեւին էլ՝ ոչ դրսից կամ վարկի ձեւով: Սա արդեն քննարկման այլ թեմա է, բայց վստահ եմ, հասկացողները հասկացան՝ խոսքն ինչի մասին է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 33 (296), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։