Ներքին քաղաքականության արտաքին ձեռքը – Արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…

…ՀՀ եւ աշխարհասփյուռ հայության գործոնը առկա է ոչ միայն հայ քաղաքական դաշտում գործող ուժերի ծրագրերում, այլեւ՝ Հայաստանում իրենց շահերը հետապնդող երկրների քաղաքական ծրագրերում: Եվ այսպես է, որ արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում…

Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը դարձել է մեր քաղաքական դաշտի տարաձայնությունների կամ համաձայնությունների առաջնային թեման: Գոյություն չունի նման միություն, ընդվզում են ընդդիմախոսները, պարզապես ծրագրում են այդպիսի բան ստեղծել, իսկ ահա Եվրակառույցները կան եւ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրվի առանց փոփոխությունների: Անգամ ասողներ եղան, թե Մաքսային միությունում վերջում մնալու են միայն Հայաստանն ու Ռուսաստանը:

Սակայն հակառակ տեսակետը արտահայտողները պնդում են, որ Մաքսային միությանը միանալը չի խանգարում դեպի Եվրոպա մերձեցմանը, ինչպեսեւ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Նշում են, որ Հայաստանը իրավունք չունի հակազդել այս կամ այն համաշխարհային բեւեռին, եւ պարտավոր է հավասարակշռող քաղաքականություն վարել: Ինչը արտաքին բնագավառում արդեն իսկ կիրառվող փոխլրացնող քաղաքականությունն է:

Այս տարաձայնությունները նոր թափ կարող են ստանալ, եթե Վիլնյուսում եվրոպացիները չհամաձայնվեն Հայաստանի որոշման հետ եւ չստորագրեն Ասոցացման փաստաթուղթը: Բայց, ըստ ամենայնի, ցայսօր արտահայտված մտքերի տրամաբանության, եվրակառույցների պատասխանատուները Մաքսային միությանը միանալու որոշումը համարել են Մոսկվայի կողմից Երեւանի վրա ճնշման հետեւանք եւ որոշել շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ:

Խմորումները քաղաքական դաշտում նաեւ ներքին բնույթի են: Հատկապես ԲՀԿ-ի անդամներից շատերին այլեւս ձեռք չի տալիս՝ ոչ իշխանություն ոչ ընդդիմություն տարբերակը, եւ «խորտակվող նավը լքելու» տրամադրությունները շատանում են:

Խորհրդարանական մյուս ուժերից ՀՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը դեռ փնտրտուքների մեջ են, եւ առայժմ ընդդիմադիր առաջամարտիկ լինելու պայքարը կիսասառած վիճակում է:

Ընդդիմադիր համարվող Դաշնակցության ներկայացուցիչներն էլ հերթով  պաշտոններ են ստանում՝ Վահան Հովհաննիսյան, Արամայիս Գրիգորյան, նշվում է նաեւ Հրայր Կարապետյանի Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակվելու մասին: Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը կամ ՀՅԴ ղեկավար կազմի մյուս անդամները մեկնաբանություններ չեն անում: Պարզվում է, որ ՀՅԴ-ն քաղաքական որոշում է կայացրել՝ այս փուլում չխոսել: Իսկ իրականում ինչպիսի բացատրություններ էլ տան, հասարակության կողմից դրանք չեն ընկալվի, ու պարզապես լռում են:

Ամեն դեպքում արտաքին ազդեցությունները շարունակում են գերակշռել մեր ներքաղաքական կյանքում: Սա էլ ազդում է քաղաքական ուժերի քայլերի տրամաբանության վրա: ՀՀ կառավարական պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) 2013թ. տարեկան համաժողովի աշխատանքներին եւ քննարկել առաջիկա տարիներին այդ կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները: ՀԲ ղեկավարների հետ քննարկվել են նաեւ ՀՀ զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր: Անդրադարձել են ԱՄՀ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:

Սա Արեւմուտքի ուղղությամբ տարվող քաղաքականության հետեւանք է, ինչը իշխանությունները փորձում են ամեն կերպ պահպանել եւ կայուն տնտեսական քաղաքականությա՛մբ պահպանել ազդեցությունը ներքաղաքական կյանքում:

Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Քննարկվել են Հայաստանում եւ Արցախում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, հայկական երկու հանրապետություններում համահայկական ծրագրերի ընթացքը:

ՌԴ հայերի միության գործունեությունը վստահաբար վերահսկվում է ՌԴ իշխանությունների կողմից եւ կատարած աշխատանքները Հայաստանի կամ Արցախի հզորացմանն ուղղված՝ գրվում է Մոսկվայի «հաշվին»՝ միշտ առավելապես ծառայեցվելով քաղաքական նպատակով:

ՀՀ եւ աշխարհասփյուռ հայության գործոնը առկա է ոչ միայն հայ քաղաքական դաշտում գործող ուժերի ծրագրերում, այլեւ՝ Հայաստանում իրենց շահերը հետապնդող երկրների քաղաքական ծրագրերում:

Եվ այսպես է, որ արտաքին ազդեցությունը դեռեւս գերակշռում է մեր ներքաղաքական կյանքում:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 33 (296), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։