Զորիբալայանական անտողատակ տողերն ու դրա հետեւանքները – Որ անցնեն աղերսագրերի ու թղթե շերեփի ժամանակները…

Զորի Բալայան հայ մտավորական, հրապարակախոսը բաց նամակ ուղղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ նամակն անմիջապես որակվեց իբրեւ «նամակ ռուսաց թագավորին», իբրեւ աղերսագիր, խնդրագիր: Պարույր Հայրիկյանն անգամ Զորի Բալայանին համարեց լավ հրապարակախոս, բայց ոչ հայ մտավորական: Զորի Բալայանը նամակին ընդդիմացողներին պատասխանեց հակիրճ, իբր թե դեմ խոսացողները նամակը չեն կարդացել:

Ինչեւէ, մենք կարդացինք: Կարդացինք տող առ տող, տառ առ տառ՝ հասկանալու համար՝ ինչ է գրել ռուսաստանյան նախագահին հայ գրողը, ինչ է ուզում հայ գրողը, իր իսկ խոսքերով՝ «Ալեքսանդր Առաջինի ե՛ւ Ժառանգորդից, ե՛ւ Հաջորդից (մեծատառ Ժ-ն ու Հ-ն Զ. Բ.-ինն են,-խմբ.)՝ Վլադիմիր Վլադիմիրովիչից»:

Վերջապես ի՞նչու է հայ գրողը Գյուլիստանի պայմանագրից անտեղի մեջբերումներ անում («հավերժական ժամանակների համար» ստորագրված պայմանագիր. կարծես Ռուսաստանն ու Պարսկաստանն այլ բան պիտի ուզեին), ի՞նչ նպատակով, ի՞նչ ուժերի անուղղակի կամ ուղղակի դրդմամբ, հիմնական մեկնաբանությունը թողնում ենք ընթերցողին:

* * *

Վաղուց այսպիսի ներազգային աղմուկ չէր եղել Արցախի եւ, առհասարակ, ազգային շահերի պաշտպանության հետ կապված: Եվ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վերհանեց ազգայնորեն աղմկելու անհրաժեշտությունը:

Հիմնականում այդ նամակը որակվեց հայտնի ձեւակերպմամբ՝ «նամակ ռուսաց թագավորին», եւ բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ ու մշակույթի ներկայացուցիչներ այդ նամակը հենց աղերսագիր կոչեցին: Դրա բովանդակությանն ընդդիմադիրներն ասում էին, որ նամակին «սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության ու մտածելակերպի տեր մանկլավիկները»: Անգամ համուզմունք էին հայտնում, թե «նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ եւ անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել տրամաբանական ավարտին՝ կառուցելով լիարժեքորեն ազատ ու ինքնիշխան հայկական պետությու­ն»: Այլապես, ըստ ընդդիմախոսների, խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի 1-ին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլեւ Հայաստանի ինքնիշխանությունը: Այսպես սկսվեց հակընդդեմ բացախոսությունը, ինչը միանգամայն համահունչ էր բաց նամակի էությանը. «Ղարաբաղի խնդի­ր»-ն ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»:

Պետք է արձանագրենք, որ Զորի Բալայանի բաց նամակում շատ պատմա-քաղաքական փաստեր ու վերլուծություններ կան, որոնք իսկապես կարեւոր են ու ճշմարիտ, դրանցից մի քանիսը ստորեւ կներկայացվեն: Բայց դրանք ակնհայտ փաստեր ու պատմություններ են եւ նորից մեկ անգամ էլ շարադրելն ու ներկայացնելը այնքան էլ հրատապ խնդիր չէր… Հատկապես անհասկանալի է, թե ինչու է այդ ամենը գրվում «ռուսաց» նախագահին:

«Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը,- ասում է հայ հրապարակախոսը եւ հավելում,- Այս նամակի հիմքում ընկած են նշումներ՝ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի, Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակն սկսել նրա բառերով. «Գորբաչովի, եթե չասենք՝ մեր ողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես «Ղարաբաղի խնդի­ր»: Մինչդեռ, դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է­…»…

Հենց այստեղից էլ հասկանալի է դառնում, որ նամակում բերված բոլոր հայանպաստ պատմական իրադարձությունները թերեւս երկրորդական են, ըստ էության՝ ամեն բան ասված է այս մի քանի տողում. Արցախի խնդիրը Ռուսաստանի խնդիրն է, եկե՜ք տեր կանգնեք ձեր հողերին…

Չմոռանանք, որ 1988-ի ընթացքում էլ նման եղբայրաբարեկամական առաջարկ եղավ (երեւի Զորի Բալայանը համահեղինակներից էր). եթե Արցախը չի կարող վերամիավորվել հայրենիք-Հայաստանին, ապա թող միանա մայրենիք-Ռուսաստանին՝ էլի հիշեցնելով Գյուլիստանի պայմանագիրը…

«Ե՜վ Սոբչակը, ե՜ւ Սախարովը ուշադիր, գիտնականի պես, ինչպես ասում են մատիտը ձեռքին ուսումնասիրել են Գյուլիստանի (1813թ.) եւ Թուրքմենչայի (1828թ.) դաշնագրությունները: Խոսքն առաջին հերթին այն մասին է, որ Մոսկվայի (1921թ. մարտ) եւ Ղարսի (1921թ. հոկտեմբեր) պայմանագրերի արդյունքում այն տարածքը, որի մեծ մասի վրա կազմավորվեց բացարձակ նոր, ըստ էության թուրքական հանրապետություն, պատմականորեն պատկանում էր Հայաստանին: 1639թ. այն անցել էր Իրանին, իսկ 1813թ. Գյուլիստանի պայմանագրից հետո Պարսկաստանից անցավ Ռուսաստանին: Ընդ որում, պահպանվեցին բոլոր հայկական եկեղեցիները, պատմության եւ մշակույթի հուշարձանները: Նորագույն պատմության մեջ ռուսաստանյան ղեկավարներից Դուք թերեւս առաջինն էիք, ով, եթե հիշողությունս չի դավաճանում, 2006թ. բարձրաձայնեց պատմական ճշմարտությունը գործուն կերպով պաշտպանելու անհրաժեշտության մասին: Որպես Ձեր ծրագրի շարունակություն, արդեն նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք ստեղծվեց «ի վնաս Ռուսաստանի պատմության նենգափոխման ավելի ու ավելի ագրեսիվ փորձեր­ի» հակազդման հատուկ հանձնաժողով»,- նշվում է բաց նամակում:

Այսինքն այն փաստը, որ հազարամյակներ շարունակ, եւ այժմ էլ՝ Արցախը բուն հայկական տարածք է ու Հայաստան աշխարհի անբաժան մասը, այնքան էլ տպավորիչ չէ, եւ Պուտին-Մեդվեդեւ անհուսալի զույգը պետք է սեւեռվի Ռուսաստան-Պարսկաստան երկկողմ ձգտումների վրա… Չնայած այն փաստին, որ բերված է նույն նամակում, թե «Ստալինի եւ Աթաթուրքի կողմից ստեղծված, էությամբ թուրքական Ադրբեջան հանրապետությունը մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքու­մ», միեւնույնն է, գրող-հրապարակախոսը չի կարողանում կտրվել իր ռուսամոլուցքից եւ, ստացվում է, Հայաստանի այդ տարածքը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերից հետո ներառված էր Ռուսաստանի կազմում:

«Իսկ Ելցինը՝ ավելի վատթար. ո՜չ Բելովեժյեում, ո՜չ Կրեմլում, ո՜չ մահվան սնարում այդպես էլ չհասկացավ, որ 1991թ. բոլորովին էլ Ռուսաստանի նախագահ չէր դարձել: Նա ՌՍԴԽՀ նախագահն էր, իր կետագծված ու պայմանական խորհրդային սահմաններով: Դուք ինքներդ մի անգամ Ձեր ելույթում հստակ նշեցիք. «Ռուսաստանն, ըստ էության, վերանվանվել էր ԽՍՀՄ-ի, բայց դա չի նշանակում, թե դադարել էր Ռուսաստան լինելուց»: Այսպիսին է ճշմարտությունը, որը վերացական չէ: Շոշափելի է: Տվյալ դեպքում կարելի է նույնիսկ ձեռքով դիպչել նրան: Դա Գյուլիստանի պայմանագիրն է, որը ներկայացնում է 9-ամյա պատերազմի հանրագումարը: Նրա 11 հոդվածներում ամփոփված է 2 պետությունների՝ Ռուսաստանի եւ Պարսկաստանի ողջ աշխարհաքաղաքական սկզբունքը…»:

Նամակագիրը կարծես չի բավարարվում ռուս-պարսկական հարաբերությունների «պատմական արդարությա­ն» վերականգնման մտքից եւ շարադրում է. «Պարսից գահի Բարձր Հաջորդների անունից. Ռուսական կայսրության սեփականությունն են ներքոնշյալ խանությունները՝ Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենտի, Կուբիի, Բաքվի եւ Թալիշի խանությունը իր այն հողերով, որոնք ներկայումս գտնվում են Ռուսական կայսրության իշխանության տակ (գործնականում ամբողջը, չհաշված ներկայիս Ադրբեջանի տարածքը, որը թուրքերն ստեղծեցին Մոսկվայում եւ Ղարսում)… Այնպես որ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ստացվում է, որ ես Ձեզ դիմում եմ, բացի ամենայնից, նաեւ որպես հենց իր՝ Ալեքսանդր Առաջինի ե՜ւ Ժառանգորդի, ե՜ւ Հաջորդի: Եկեք հիշենք պատմությունը. 1812թ. (1 տարի անց կնքվելու է Գյուլիստանի պայմանագիրը)»:

Այնուհետեւ գրողն ընկնում է հուշերի գիրկը. «Հիշում եմ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ, թե ինչպես Դուք, արդեն որպես Ռուսաստանի նախագահ Հայաստան կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի ժամանակ, Երեւանի պետական համալսարանի դահլիճում մեջբերում կատարեցիք Պետրոս Մեծից, Ձեր կողմից հավելելով. «Ասված է՝ արված ­է»: Բառերը, որ մեջբերեցիք, Պետրոս Առաջինը գրել էր 1724թ. նոյեմբերի 10-ին, երբ ղարաբաղյան կոնկրետ հոգեւոր, ռազմական առաջնորդներին եւ կառավարիչներին ցուցաբերել էր «կայսերական բարեհաճություն եւ շնորհավորանք ողջ հայ ժողովրդին»: Քանզի այն ժամանակներում (եւ առհասարակ մինչեւ Հոկտեմբերյան հեղափոխությունը) պատմական անհեթեթություն էր Ղարաբաղը դիտարկել Հայաստանից անջատ»:

Բայց նորից Հայաստանից անանջատ Ղարաբաղի թեման փոխարինվում է, բայց այս անգամ արդեն միայն ռուսական կողմի «պատմական ճշմարտությամ­բ». «Ռուսաստանը եւ Պարսկաստանը պայմանագիր ստորագրեցին հավերժական ժամանակների համար: Կարեւոր մանրամասն. Ալեքսանդր Առաջինի կողմից ստորագրված Գյուլիստանի դաշնագրում հստակ որոշված է Կասպից ծովի ճակատագիրը «բոլոր ժամանակներու­մ»: Տերը մեկն էր՝ Ռուսաստանը: Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման լուծումը ձեռնտու էր նաեւ Իրանին:

Իհարկե Իրանին ձեռք չի տա Կասպից ծովի ավազանի ռուսական միայնակ տնօրինումը, ինչը, ըստ նամակագրի, նշանակում է՝ «հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ», միայն Ռուսաստանն իրավունք ունի «Ղարաբաղի խնդիրը» իրենը համարել: Թե չէ ի՞նչ է նշանակում՝ «Բացի Ռուսիո Տերությունից ոչ մի այլ տերություն Կասպից ծովում չուներ ռազմական դրոշ… Ինչպես տեսնում ենք, Կասպից ծովը պատերազմից առաջ էլ պատկանել է Ռուսաստանին: Հիմա Կասպից ծովում ծածանվում են 5 դրոշներ»…

Նշենք, որ սա ռուսական զավթողականության պաշտպանության քարոզ է առավելապես, քան՝ հայկական շահերի առաջքաշում:

Այնուհետեւ, քամահարանքով արտահայտվելով «նոր պատմական հանրություն-խորհրդային ժողովուրդ» կոչվածի, եւ նրանց կողմից հայերի նկատմամբ կատարած անարդարությունների մասին, նամակում նշված է. «Այդպես Ղարաբաղը հատելով տվեցին Ադրբեջանին: Ի՞նչ տարբերություն, թե որտեղ է: Այդ պահին պետք էր հաճոյանալ Սովետների սրտալի բարեկամ Թուրքիային»: Իսկ չէ՞ որ կարող էր որպես օրինակ բերել նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ ահռելի ու բազմաշրջան Գարդմանքը (Ելիզավետապոլի գավառի մի մասը): Եվ ոչ միայն դրանք… Այդ ամենը, 1813թ. սկսած գտնվում էր Ռուսաստանի կազմում: Եվ այդ ողջ տարածքի վրա, ներառյալ թալիշների, քրդերի, թաթերի, բուդուխների, խրիզների, խինալուգների եւ այլ ազգերի ու ազգությունների պատմական հողերը, ստեղծվեց ըստ էության միասնական թուրքական Ադրբեջան հանրապետությունը, որտեղ այդ բոլոր եւ այլ մահմեդական ժողովուրդներ, որոնք դարերով ապրել էին իրենց հայրենիքում, բռնի կերպով ուծացվեցին, մանավանդ՝ Ալիեւ ավագի կառավարման տարիներին: Իսկ ի՞նչ կատարվեց այն տարածքում, որն աշխարհագրական ամենայն մանրամասնություններով ու մանրուքներով նշված է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերում: Ինչպե՞ս այդ տարածքում հայտնվեց միութենական հանրապետություն, որն Աթաթուրքն առաջարկեց կոչել «Ադրբեջանի թուրքական հանրապետություն»: Այդ անվանումը չստացվեց: «Փոխարենը, 1974թ. աշնանը, ավերելով ու զավթելով Կիպրոսի տարածքի 40%-ը, ի հիշատակ Աթաթուրքի երազանքի, այն անվանեցին «Կիպրոսի Թուրքական հանրապետություն»: Եվս մի կրկնություն. գործնականում ողջ Հարավային Կովկասը պաշտոնապես գտնվում էր Ռուսաստանի կազմում»:

Սա հենց այն մեխն է, որի մասին խոսեցինք նյութի վերեւում: Հարավային Կովկաս, որպես այդպիսին, մեզ համար չկա: Հայերի համար կա՝ Կովկաս, Հայկական բարձրավանդակ եւ Մերձավոր Արեւելք հաջորդող տարածքներ: Այդտեղ մի անգամ չէ, որ Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին: Բայց Զորի Բալայանի համար սա հոգ չէ, նա շարունակում է. «…«Ազերբայջան» տերմինի դիմաց գրված է «ծայրագավառ Պարսկաստանի հյուսիսում»: Այնտեղ կա Պարսկաստանի քարտեզը: «Ազերբայջան» բառը գրված է ոչ այնտեղ, որտեղ այսօր նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ն է, այլ Քուռ գետի աջ ափից ավելի ներքեւ: Դրանից հյուսիս կա Ղարաբաղ, կա Թալիշ, կա Շիրվան, իսկ Ազերբայջան չկա: Հյուսիսային մասում մի քանի ծայրագավառներ են, դրանցից մեկն էլ Ազերբայջանն է (Ադերբեյջան): Ընդամենը 36 կարճ տող… Հարկ է հիշել եւ այն մասին, որ այդ ամբողջ աշխարհագրությունը գտնվել ու հիմա էլ գտնվում է (այդ նույն թուրքերի ու քրդերի ժառանգների հետ միասին) Արաքսի ու Քռի աջ ափերից դեպի հարավ, այսինքն՝ Ռուսաստանի սահմաններից դեպի հարավ, Իրանի տարածքում: Իսկ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը ստեղծեցին, ինչպես արդեն ասել եմ, դեպի ավելի հյուսիս, հիմնականում հայկական պատմական տարածքում, որը մտնում էր Ռուսաստանի կազմի մեջ: Կարծում եմ, չկա ավելի անհեթեթ, եթե չասենք՝ վտանգավոր բան, քան թույլ տալ քաղաքական գործիչներին չարաշահել «կատարված փաստ­ի» չարաբաստիկ սինդրոմը: Իբր, գնացքն արդեն մեկնել է: Այդ դեպքում ինչպե՞ս վարվել «պատմական ճշմարտությա­ն» հետ, «ի վնաս Ռուսաստան՝ պատմությունը նենգափոխելու ագրեսիվ փորձերի՚ դեմ պայքարի հե­տ»:

Դժվարությամբ համեստորեն արձանագրենք, որ «Ռուսաստանի սահմաններից հարավ» կամ «Պարսկաստանի սահմաններից հյուսիս» Բնական ու Պատմական Հայք-Հայաստանի տարածքն է հիմնականում, այն ժամանակներից, որ Ռուսաստանի թոզն անգամ չկար… Բայց ոչ մի անգամ չի նշվում Հայաստանի ներկայիս սահմաններից արեւմուտք ընկած մեր բնա-պատմական տարածքները…

Հիմա իր նման ասենք. «Ինչպե՞ս վարվել այս պատմական ճշմարտության հե­տ»…

Մենք, գոնե չմեղանչենք արդարության դեմ, եւ նշենք, որ նամակում ասված է. «Ճիշտ է, մեր դեպքում խոսքը ոչ միայն պատմության նենգափոխման մասին է, այլեւ ուրիշի հայրենիքը նենգորեն ու բարբարոսաբար զավթելու մասին, երբ հիշենք 1921թ. Մոսկովյան պայմանագրի նախօրեն: Հոգեվարքի մեջ գտնվող Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրած ամեն ինչ, կորցրած կայսրության կարգավիճակը, շահադիտաբար առաջինը ճանաչելով խորհրդային իշխանությունը, պատվիրակություն է ուղարկում Մոսկվա՝ բոլշեւիկների հետ բանակցելու: Գործընթացը ղեկավարում էր ազգությունների ժողկոմ Ստալինը: Պակտը ստորագրեցին մարտի 16-ին: Դեռ մարտի 4-ին «Ազգությունների կյանք­ը» պարբերականում Ստալինի տեղակալ Սաչկոն իր շեֆի թելադրանքով գրեց տեքստ՝ ուղղված հայ ժողովրդին: Շատ եմ խնդրում Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ուշադիր հետեւել այդ հրեշի մտքի ընթացքին: Կուսակցության անունից եւ հանուն համաշխարհային հեղափոխության հաղթանակի Սաչկոն, նույնն է թե Ստալինը, «կոչ է անում Հայաստանի­ն» ռուս-թուրքական պայմանագրին նվիրված գալիք կոնֆերանսում «զոհաբերել ե՜ւ իր նախկին տարածքները, ե՜ւ իր ժողովրդի այն հատվածը, որը մնացել է Թուրքիայու­մ»: Ասացեք խնդրեմ, Դուք երբեւէ նման մի բան լսած կա՞ք՝ «զոհաբերել սեփական ժողովրդի մի հատվածը»: Իսկ չէ՞ որ դա տեղի էր ունենում այն արյունոտ ժամանակներում, երբ հենց Թուրքիայում դեռեւս շարունակվում էր հայերի ցեղասպանությունը: Երկար տարիներ ոչ ոք կարգին չգիտեր, թե ինչ էր խոսվել Մոսկովյան կոնֆերանսի կուլիսներում: Միայն մի քանի տասնամյակ անց, Ստալինի մահից անմիջապես հետո, թուրք պատմաբան Բայքլօղլին, հղում կատարելով պատվիրակության ղեկավար Յուսիֆ Բեյզեմին, «Աթաթուրքը Անատոլիայու­մ» գրքում գրելու էր. «1921թ. փետրվարի 22-ին Ստալինի հետ առաջին հանդիպման ժամանակ նա մեզ խոստացավ օգնել զենքով, փողով, կենդանի ուժով (եւ կատարեց իր խոստումը… մեկ բեռնատար ոսկով, զենքով եւ զինամթերքով, Ֆրունզեի գլխավորությամբ, ով բարեկամական այցով ուղեւորվեց Թուրքիա: Իսկ հայկական հարցը,- ասաց Ստալինը,- դուք արդեն լուծել ե­ք»…

Նամակագիրը «ռուսաց թագավորի­ց» հարցնում է. «Գիտի՞ արդյոք Ռուսաստանը, որ այդ զենքը օգտագործվեց հայերի դե­մ», ինչը շա՛տ տարօրինակ է, անգամ… Իսկ չգիտի՞ Զորի Բալայանը, որ վերջերս զանգվածային որնչացման զենք վաճառեց Ռուսաստանն Ադրբեջանին, գուցե հարցնի՛, արդյո՞ք Պուտին-Մեդվեդեւ զույգը գիտի այս մասին… Եվ այսքան ստալինա-աթաթուրքական մեջբերումներ անողը չգիտի՞, որ պուտինա-էրդողանա-ալիեւյան համագործակցություն եւս կա, որ հաստատ Հայաստանի, առավել եւս Արցախի օգտին չէ…

Արցախի հարցը հորով-մորով-գյուլիստանով անելով՝ նամակի հեղինակը տխրում է, թե՝ «Բացարձակապես ոչինչ չփոխվեց Նախիջեւանում: Ավելի վատացա­վ»: Անգամ վերջերս հազարավոր խաչքարերի ու հուշարձանների կոտորածն է հիշել եւ էլի նման բաներ: Նաեւ չի մոռացել հիշեցնել, թե «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչ էր տեղի էր ունենում 1988թ. փետրվարի 29-ի երեկոյան: Այդ ժամերին Սումգայիթում դեռեւս շարունակվում էր հայերի կոտորածը: Եվ Գլխավոր քարտուղարը Գորբաչովը Քաղբյուրոյի նիստի ընթացքում խնդրեց ՊՆ Յազովին բոլորի ներկայությամբ կրկնել այն, ինչ նախորդ օրն իրեն էր պատմել երես առ երես, թե ինչպես են այնտեղ սպանում… Ներեցեք ինձ այս նատուրալիզմի համար եւ մի մտածեք, թե ես հեռանում եմ «ոչ թե Ղարաբաղի, այլ Ռուսաստանի խնդիր» թեմայից: Ամեն ինչ իրոք շատ պարզ է ու հասկանալի: Հայկական հսկայական պատմական տարածքը (ողջ Ղարաբաղի Խանությունը Գյուլիստանի երկրամասի հետ, Նախիջեւանի Խանությունը, Ելիզավետպոլի գավառը եւ այլ տարածաշրջաններ) ուղիղ 200 տարի առաջ, 9-ամյա պատերազմից եւ Գյուլիստանի դաշնագրից հետո Պարսկաստանի կազմից անցան Ռուսաստանի կազմ»: Այստեղ մնում է հիշենք ոջիլի մասին անեկդոտը, երբ որեւէ կենդանու մասին խոսելիս նշվում է, թե նրա վրա լինում է ոջիլ ու… ոջիլի մասին է միայն խոսվում: Իսկ «կովկասյան թաթարներ­ի» կամ «ադրբեջանական թաթարներ­ի» մասին խոսելիս, պատմաբաններին թողած, օրինակ է բերվում Լենինը, ով «նրանց կոչում էր կովկասյան թաթարներ», որպեսզի տարբերեին կովկասի մահմեդականներին Ղրիմի մահմեդականներից («Ղրիմի թաթարների­ց»):  

Իսկ այդ թուրք-թաթարները «ոչ առանց Ստալինի օգնության հաշիվները մաքրեցին Գյուլիստանի պայմանագրի արդյունքների հետ: Նույնը արվեց արդեն Թուրքմենչայի պայմանագրի արդյունքների հետ: Կարսի մարզը, Արդահանը, Սարիղամիշը իսկույն անցան Թուրքիային: Այդ ժամանակ Անդրկովկասի մահմեդականների մեծամասնությունը, մանավանդ թուրքերը փաստորեն գտնվում էին թուրքական «Մուսավաթ» կուսակցության ազդեցության տակ: Եվ այն ժամանակ ոչ ոք չկարողացավ հասկանալ, թե ինչու հանկարծ առանձնակի դաժան նենգությամբ, անհավատալի արագությամբ վերսկսվեց հայերի հիմնավոր եւ լայնորեն կազմակերպված կոտորածը՝ այժմ արդեն Բաքվում, Գանձակում (Ելիզավետպոլ, Կիրովաբադ), Շուշիում, որպեսզի վերջնականապես կտրեին Իրանը եւ նախկին իրանական հողերը Ռուսաստանից: Այդպիսին էր ոչ միայն Թուրքիայի, այլեւ Արեւմուտքի գերխնդիրը: Չէ՞ որ Թուրքիան այդ ամենը կազմակերպում էր բացեիբաց, անգլիացիների եւ գերմանացիների օգնությամբ: Հազար անգամ կրկնելու եմ, որ այն ժամանակ այդ ամենը տեղի ունեցավ այսպես ասած՝ Ռուսաստանի իրավաբանական տարածքում: Հենց միայն այդ հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ գլխավոր հարվածը, ինչպես միշտ էր տեղի ունենում, առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի դեմ, որին, կրկնում եմ, պետք էր վերջապես ու վերջնականորեն կտրել, պոկել Հարավային Կովկասից»: Այն ինչ արդեն նշել ենք, չկրկնենք՝ Ռուսաստանին Կովկասի ժառանգորդ հռչակելու առումով, բայց չենք կարող չասել, որ մի նոր հասկացողություն է առաջ քաշվել, այն է՝ հայկական հողերը «Ռուսաստանի իրավաբանական տարածք» են…

Եվ ահա Մոսկվային այդ «իրավաբանական տարածք­ի» զավթողի դեմ հրահրելու ծիծաղելի քայլեր են արվում. «Եվ այնժամ, երբ ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը, որ արդեն հասցրել էր ատոմային ռումբեր նետել Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա, աշխարհով մեկ հայտարարեց. «Թուրքիան ԱՄՆ-ի ամենաարեւելյան սահմանագիծն է: Թուրքիան ԱՄՆ-ի հիսունմեկերորդ նահանգն ­է»: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում սկսվեցին «Կոմունիզմի մեծ կառույցները», եւ Թուրքիան պարտավորեցրեց «դուստր-հանրապետության­ը», ինչպես կոչում էր Ադրբեջանին, շինարարական իրարանցման քողի տակ, հետպատերազմյան սովի խորապատկերին, Ղարաբաղի, Նախիջեւանի, Գարդմանքի (Ելիզավետպոլի գավառ) հայ շինարարներին քաղցրաձայն կոչել աշխատանքի Սումգայիթի քիմիական կենտրոնի, Մինգեչաուրի ՀԷԿ-ի եւ այլ շինարարություններ: Հիմա արդեն լավ հայտնի է, թե ինչպիսի ճակատագիր էր սպասվում այդ հայազգի «կոմունիզմի շինարարների­ն», եւ ինչով դա ավարտվեց 1988թ. փետրվարի 26-29-ին Սումգայիթում, 1988թ. մայիսի կեսերին Շուշիում, 1988թ. սեպտեմբերի 17-ին Խոջալուում, 1988թ. հոկտեմբերին Կիրովաբադում, 1990թ. հունվարի 13-20-ին Բաքվում: «Կոմունիզմի կառույցներու­մ» չմնաց ոչ մի հատիկ հայ: Ջարդեր, ցեղասպանություն, կոտորած, որոնք Գորբաչովը անվանեց պարզապես «խուլիգանություն»…

Հետաքրքիր է, իսկ Պուտինն ի՞նչ է դա անվանում, երբ աջակցում է Ադրբեջանին ժամանակակից զենքեր վաճառելով: Անկարայի ու Բաքվի հետ իր տնտեսական ծրագրերն ընդլայնելով: Ի՞նչ է մտածում, երբ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից Բաքուն Ռուսաստանին վտարում է, իսկ Երեւանն իր հաշվին դեռ պահում է ռուսական ռազմաբազան Հայաստանում… Եվ արդյո՞ք այսքանից հետո կարիք կար Վլադիմիր Վլադիմիրովիչին հիշեցնել, «թե պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ում եւ Ղարաբաղում քանի գեներալներ, մարշալներ, Խորհրդային Միության հերոսներ, այդ թվում նաեւ կրկնակի հերոսներ, Փառքի շքանշանի լիակատար ասպետներ կային, եւ որքան էին դրանք Ադրբեջանում»: Իսկ ի՞նչ է, Մոսկվան չգիտի՞, որ «Թուրքիայում ուրախանում էին, որ Ադրբեջանը, ինչպես Աթաթուրքն էր երազում, արդեն կայացել է որպես պետություն, եւ որ հեռու չէ այն ժամը, երբ բաց կլինեն ճանապարհները դեպի հյուսիս, որտեղ տեղադրված են հյուսիսկովկասյան մահմեդական հանրապետությունները: Դեպի Արեւելք, որտեղ Կասպից ծովից այն կողմ գտնվում են միջինասիական մահմեդական հանրապետությունները: Եվ նույնիսկ հայացք էին գցում Ալթայի վրա, Յակուտիայի վր­ա»… Թե՞ այսօր էլ գլխի չեն ընկնում, որ ինչպես Թուրքիայում եւ Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանի լայնածավալ տարածքներով են «ուծացման, թուրքացման (կամ՝ թաթարացման,- խմբ.) ճանապարհով» շարժվում ռսի թյուրքական բարեկամները…

Այնպես որ, իզուր են այն հիշեցումները թե՝ «Դուք կարծում եք պատահակա՞ն էր, որ Թուրքիան, դեռեւս 1921թ. գործածելով Ստալինին, հասավ նրան, որ նորաստեղծ Ադրբեջանին հանձնվի Նախիջեւանը՝ «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի»: Պատահական չէր եւ այն, որ շուտով փափուկ բարձ դնելով Իրանի շահնշահի գլխի տակ, տիրացավ (հսկայական միջոցների գնով) մի կտոր տարածքի Արաքսի աջ ափում: Այդպիսով նա մոտ 10 կիլոմետրանոց սահման ձեռք բերեց Նախիջեւանի հետ: Եվ կարծում եք պատահակա՞ն էր, երբ Ալիեւը, լինելով ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի 1-ին տեղակալ, որը, բացի ամենայնից, տնօրինում էր նաեւ տրանսպորտը, ցանկացավ «իր ճանապարհ­ը» գցել Նախիջեւանից դեպի այսպես ասած «մայրցամաքային» Ադրբեջան: Չէ՞ որ դա արվեց միայն նրա համար, որ Հայաստանը (եւ Ռուսաստանը նույնպես) կտրեն Իրանից: Բոլորովին պատահական չէր եւ այն, որ Հայաստանն Իրանին կապող Մեղրու շրջանը թուրքական վարչապետն անվանեց «Անիծյալ սե­պ»: Ինչպեսեւ պատահական չէր, որ տխրահռչակ Պոլ Գոբլն առաջարկում էր այդ նույն «անիծյալ սեպ­ի» դիմաց Հայաստանին տալ Ղարաբաղը: Չեմ կարծում, թե ղարաբաղյան կարգավորման հարցով Մինսկի խմբի միմյանց փոխարինող համանախագահները տեղյակ են այն ամենին, ինչի մասին խոսում եմ: Պատահական չէր եւ այն, որ դանդաղ, բայց հաստատուն ազատվում էին այսպես կոչված փոքր ժողովուրդների­ց»:

Ռուսաստանն ինքն է այսօր մի մեծ ձուլարան եւ «այսպես կոչված փոքր ժողովուրդներ­ի» ոչնչացման կենտրոն, այնպես որ հաջորդ հարցը եւս անիմաստ է հնչում. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, դե ինչպե՞ս այս ամենից հետո Մինսկի խմբի Ձեր գործընկերների հետ գեթ մեկ վայրկյան կարող եք մտածել Ղարաբաղը Թուրքիային տալու մասին: Մի՞թե պարզ չէ, թե ինչ կկատարվի Ղարաբաղի հետ անմիջապես եւ Ռուսաստանի հետ՝ որոշ ժամանակ անց: Կյանքը վաղուց ցույց է տվել, թե ամբողջ ժողովուրդների ինչպիսի հրեշավոր աղետի է հասցրել Գյուլիստանի դաշնագրի էության, իմաստի, հումանիզմի սրբապղծումը, դաշնագիր, որին նույնիսկ պարտված կողմը, մանավանդ տարիներ անց, վերաբերվել է եւ փիլիսոփայաբար, եւ՜ ճշտված մարտավարությամբ: Ռուսաստանն իր սահմաններն ամրապնդեց, ունենալով այնպիսի պատվար, ինչպիսին Հայաստանն է: Իսկ Իրանն, ըստ էության, ազատվեց այն տարածքից, որտեղ վխտում էին իր դարավոր թշնամիները: Տեսեք, թե ինչպիսի համառությամբ են թուրքերն ու ադրբեջանցիները պարզապես պղծում Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերի արդյունքները: Նրանք դա անում են լկտիաբար: Եվ այդ ցինիզմը շարունակվում է մինչեւ օրս…»:

Իսկ «մինչեւ օր­ս» ասվածում արդյո՞ք Վլադիմիր Վլադիմիրովիչը չի «տեղավորվում»: Այն էլ ինչպես: Եվ Գյուլիստանից ուղիղ 200 տարի անց պետք չէր նոր Գյուլիստան սարքելու փորձ անել: Եվ ի՞նչ իմաստ ուներ այդ ընթացքում հիշեցնել, թե՝ «Դժվար չէ գուշակել, թե ինչու պանթուրքիզմի այդ չարագուշակ ծրագիրը սկսեց մշակվել եւ կենսագործվել հենց 1993թ.: Դա, ինչպես հայտնի է, ռուսական հասարակության մեջ անհավատալի պառակտման եւ քաոսի տարին էր: Եվ օգտվելով իրավիճակից, իրարանցումից, խառնաշփոթից, պանթուրքիստները հենց 1993թ. Բիշքեկում անցկացրեցին նախկին ԽՍՀՄ տարածքում ապրող թուրքալեզու ժողովուրդների համագումար: Եվ այնտեղ բացարձակ բացեիբաց խոսվեց ոչ թե Իրանի, ոչ թե իսլամական կոնգրեսի, ոչ թե ինչ-որ իսլամական կրոնական կազմակերպությունների, այլ միայն ու միայն Անկարայի, Թուրքիայի, պանթուրքիզմի գործուն մտադրության մասին՝ իրենց ազդեցությունը տարածելու Ռուսաստանի մահմեդական տարածաշրջանների վրա: Վստահաբար կարող եմ ասել, որ դարերով Ռուսաստանում ապրած մահմեդական ժողովուրդներից ոչ մեկը ելույթ չունեցավ Ռուսաստանի դեմ, քրիստոնյաների դեմ: Եթե ինչ-որ բան էլ կար, ապա, որպես կանոն՝ դրսից կազմակերպված սադրանք էր. «Գորշ գայլե­ր», «Ազգայնական շարժման կուսակցություն», «Ընտանեկան օջախ Թուրան» եւ այլն: Այդ մասին լավ գիտեն հայերը: ՀՀ-ում առհասարակ երբեք արմատ չի գցի ոչ հակասեմիթը, ոչ հակաիսլամիստը, ոչ մոլի կոսմոպոլիտը»:

Մի հարց տանք հրապարակախոսին. արդյո՞ք վելիկոռուսական շովինիզմը կամ պանսլավոնական ռասիզմը ինչ-որ կերպ տարբերվում է այսօրվա նեոօսմանիզմից կամ նեոպանթուրքիզմից… Իսկ թուրքական «գորշգայլերի» կամ ռուսական «սափրագլուխների» ու նմանների տարբերությունը ո՞րն է: Հակահայ չե՞ն երկուսն էլ: Երբ նամակում նշվում էր «Թուրքիա եւ Ադրբեջան՝ մեկ լեզու, մեկ հավատ, մեկ արյու­ն» կարգախոսով են առաջնորդվում, արդյո՞ք նամակագիրը չէր հիշում անգամ սովետակա տարիներին ռուս-ուկրաինացի-բելառուս սլավոնական նմանատիպ տարբերակը, թե՞ դա անտեսանելի էր ռուսասերների համար: Այժմ դա խախտվել է, բայց միայն այն բանից հետո, երբ ռուս ասվածը (իրականում ոչ մի մաքրարյուն ռուս չկա այլեւս) որոշել էր սովետների քայքայումից հետո սլավոնիզմը փոխարինել վելիկոռուսիզմով:

Ի վերջո, Գյուլիստանը հիշվեց իբր «Ղարաբաղի խնդիրը՝ Ռուսաստանի խնդի­ր» հիմնավորելու համար, սակայն պետք է հիշեցնենք, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օրեր անց հռչակած անկախությունները անմիջապես ճանաչած մեր եղբայր համարվող Ռուսաստանը առ այսօր չի ճանաչել Արցախի անկախությունը: Էլ ուր մնաց՝ Հայաստանի հետ վերամիավորումը ճանաչեր: Գուցե սպասում էր հենց այս օրվա՞ն, որ Ռուսաստանի հետ միանալու հարցը բարձրանար…

«20 տարի է անցել Մինսկի խմբի հիմնադրումից: Եվ այդ ամբողջ ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների ամեն մի նոր սերունդ ապարդյուն փորձում էր հասկանալ, տվյալ կոնկրետ դեպքում՝ «ինքնորոշում» եւ «տարածքային ամբողջականությու­ն» երկընտրանքի անհեթեթությունը: Դե «ինքնորոշումը» դեռ հասկանալի է: Բայց ո՞վ է որոշել խորհրդային հանրապետությունների պատմական սահմանները: Միասնական պետությունում, ինչպես արդեն ասել ենք, դրանք պայմանական էին: Չէ որ Հելսինկյան համաձայնագրերի վերջնական արձանագրությունը բոլոր հանրապետությունների, ամբողջ ԽՍՀՄ-ի անունից 1975թ. օգոստոսին ստորագրել է մի մարդ՝ Լեոնիդ Բրեժնեւը: Այնպես որ, եթե պետք է խոսել տարածքային ամբողջականության մասին, ապա խոսք կլինի բացառապես ամբողջ ԽՍՀՄ-ի 22 միլիոն 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին, որի մեջ մտնում էին բոլոր 15 հանրապետությունները: Եվ եթե մեզ թույլ տանք խոսել յուրաքանչյուր հանրապետության իրական տարածքի մասին, այդ թվում եւ՜ ՌՍՖԽՀ-ի, եւ՜ Հայաստանի, եւ՜ Ադրբեջանի, ըստ էության անհրաժեշտ է նոր «Հելսինկի»:

Եվ, ըստ երեւույթին, այդ նոր «Հելսինկին» պետք է «Գյուլիստան» կոչվի…

Բայց Զորի Բալայանը համառորեն «բացում» է ՌԴ նախագահի հիշողությունը՝ հայտնելով, որ «Սումգայիթում եւ Բաքվում հայերի ցեղասպանության կազմակերպիչների եւ կատարողների դեմ արդար դատ չեղավ: Դատավարություններն ընթանում էին Մոսկվայում եւ ԽՍՀՄ այլ քաղաքներում: Սակայն մինչեւ հիմա պարզ չէ, թե ով հրաման տվեց դադարեցնել դատալսումները: Անհավատալի ցինիզմ կար եւ նրանում, որ շուտով բոլոր մարդասպանները ազատ արձակվեցին եւ Ադրբեջանում բարձրացվեցին ազգային հերոսների աստիճանի: Սումգայիթի եւ Բաքվի զոհերի ողբերգությունը նաեւ նրանում է, որ նրանք համարյա բոլորը Ղարաբաղի նախկին բնակիչներ էին կամ նրանց սերունդներ: Դրանք մարդիկ էին, որոնք կորցրել էին իրենց հայրենիքը, որն այսօր-վաղը, եթե ոչինչ չձեռնարկվի, կդառնա թուրքական: Եվ այնժամ (սա գուցե ամենակարեւորն է իմ բաց նամակում) Ռուսաստանի սահմանները կանցնեն սրտիս հարազատ Ռյազանի մարզով (ես ավարտել եմ Ռյազանի բժշկական ինստիտուտը)»:

Սա արդեն ապշեցուցիչ է… Հիշողության կորստով ապրող Պուտինը ուզի-չուզի՝ ուշքի կգա Ռյազանի մարզի պատմությունից հետո… Բայց շարունակենք. «Դրանից վախենում են եւ իրանցիները, որոնք արդեն բացեիբաց սպառնում են Բաքվին վերանայել Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերը: Ուրմիա նահանգից պառլամենտի պատգամավորը պաշտոնապես նախազգուշացրեց Ադրբեջանի առաջնորդներին (որոնց երկիրը, նրա խոսքերով, գոյություն ունի ընդամենը 22 տարի՝ 1991թ.), որ եթե նրանք չհրաժարվեն իրենց հակաիրանական գործողություններից, ապա պառլամենտը կվերանայի 2 պայմանագրերն էլ: Եվ միաժամանակ ավելացրեց. «Եթե հանրաքվե անցկացվի ադրբեջանցի այն բնակիչների շրջանում, որոնք համաձայն Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի պայմանների անջատվել էին Իրանից, ապա նրանք կքվեարկեն այն բանի օգտին, որ նորից մտնեն Իրանի կազմ: Իսկ պատճառը մեկն է՝ միայն թե մի բան պատահելու դեպքում չհայտնվեն Թուրքիայու­մ»:

Եվ ահա, հայ գրողը խիստ անհանգստանում է. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ եմ խնդրում Ձեզ, եկեք ձեռքը սրտին դրած, անկեղծորեն եւ բացորոշ մտորենք այն դիլեմայի շուրջ, թե այդ ինչ փոխզիջման մասին կարող է խոսք լինել, եթե վաղը հանկարծ Մինսկի խումբը վճռի վերջապես ասել իր վերջնական խոսքը: Չէ՞ որ ըստ պատմական ճշմարտության տրամաբանության, եթե իսկական փոխզիջման մասին ենք խոսում, ապա մեր կոնկրետ դեպքում պետք է նկատի ունենալ նաեւ ողջ հայկական Նախիջեւանը (ողջ ինքնավար հանրապետությունը), Շահումյանի շրջանը, Ելիզավետապոլի գավառը, հայ մարշալների եւ գեներալների լեգենդար գյուղ Չարդախլուն եւ շատ այլ տարածաշրջաններ: Մի՞թե ինչ-որ մեկը ձեռքերը հուսահատ տարածելով կասի, թե Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում արդեն հայեր չկան, այդ իսկ պատճառով էլ խնդիր չկա: Նորից հիշենք Ստալինին. «Չկա մարդը, չկա խնդիր­ը»:

Եվ ահա, հերթական հայափրկիչ ծրագրով, «ռուսաց ցար­ը» պետք է գա եւ փրկի հայկական տարածքները, որոնք, ըստ Զորի Բալայանի «Ռուսաստանի իրավաբանական տարածքներն» են:

Հեղինակն, այնուամենայնիվ չի մոռացել մի բան էլ նշել իր սրտի հանգստության համար, որ այդ հողերը ռուսապատկան են, բայց գոնե պետք է ասվի, թե հայկական են. «Ստալինի եւս մեկ նենգամտությունն էր «իր» սահմանադրության մեջ Ղարաբաղն անվանել միայն Լեռնային: Այդպես ավելի հեշտ եւ «տրամաբանական» էր անհեթեթ սահմաններ անցկացնել՝ ողջ Ղարաբաղը ահռելի ցածրադիր տարածքներից կտրելու համար: Գիտե՞ք, արդյոք, որ ողջ Ելիզավետապոլի գավառի, Գյուլիստանի երկրամասի եւ շատ տարածաշրջանների բնիկ տերերը խոսում են ղարաբաղյան բարբառով: Եվ այդ ահռելի տարածքի վրա ադրբեջանցիների կողմից խորհրդային ժամանակներում, կրկնում եմ, քանդվել են հազարավոր հայկական եկեղեցիներ ու տաճարներ, թալանվել ու վերացվել են հազարավոր գերեզմանոցներ, միլիոնավոր խաչքարեր եւ տապանաքարեր օգտագործվել են որպես շինանյութ: Բայց, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հողն էլ հո մնացե՞լ է հայկական: Նրա մեջ է մեր ժողովրդի էությունն ու հոգի­ն»:

«Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի խախտումով արդեն այն ժամանակ նենգափոխում էին պատմությունը, չիմանալով, որ չափազանց բարձր է խաթարումներ չընդունող պատմական ճշմարտության գինն ու չափը: Եվ հաշվի առնելով, որ, ինչպես նույն Ռուսոն է ասել, «դեպի ճշմարտություն տանող ճանապարհը մեկն ­է», մենք բոլորս պետք է վերադառնանք այն միակ ճանապարհին, որն իր սկիզբն էր առել Ղարաբաղյան Գյուլիստանից: Պայմանագիրը, կրկնում եմ, ստորագրվել է հավերժական ժամանակների համար: Իսկ Ժամանակը, ի տարբերություն Տարածության, միայն մեկ չափում ունի՝ անցյալից ապագա, եւ անընդհատ հիշեցնում է մեզ. «Եթե դուք գործուն կերպով չմտածեք ապագայի մասին, ապա այն պարզապես չեք ունենա»:

Մեր կողմից ասենք, որ ԺԱՄԱՆԱԿԻ եւ ՏԱՐԱԾՈւԹՅԱՆ մեջ ոչ միայն Արցախն ու ներկայիս Հայաստանը, այլեւ ամբողջ Հայկական լեռնաշխարհը հայինն է ու միայն հայինը: Իսկ գյուլիստանները կամ մոսկվաները, բրյուսելները կամ վաշինգտոնները անցողիկ են, ինչպես հպանցիկ քամիները: Հիշեք՝ Զորի Բալայան եւ բոլոր նման մտածողներ. «Մենք կանգու՜ն ենք մեր լեռները պես, դուք հողմերի պես կկորչե՜ք վայրագ…»:

Արամ Ավետյան եւ Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 33 (296), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։