Գրողների եւ կոմպոզիտորների միությունները նոր նախագահներ ունեն, նաեւ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ է ստեղծվել… Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս` նարնջով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄպաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք». Բաժանորդագրության համար դիմել…

Գրողների միությունը նոր նախագահ ունի

Երեւանում տեղի ունեցած Հայաստանի Գրողների միության համագումարում Գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը: Նա ստացել է 199 ձայն: Թեկնածուներից Հովիկ Հովեյանը հավաքել է 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4:

Գրողների միությունը ունի 520 անդամ:

Հայաստանի գրողների միությունն ստեղծվել է 1934թ. օգոստոսին: 1946թ. սեպտեմբերին տեղի է ունեցել միության 2-րդ համագումարը, վարչության նախագահ է ընտրել Ավետիք Իսահակյանը: Այնուհետեւ միությունը ղեկավարել են Էդվարդ Թոփչյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Անանյանը:

ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանին եւս համարում էին գրղների միության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկը, բայց նրա նախաձեռնությամբ ստեղծվել է մի նոր՝ «Հայ մտավորականների եւ մշակույթի գործիչների» խորհուրդ: Այդ խորհուրդն իր առաջին նիստում քննարկվել է Հայաստանում գործող ու գրանցված հեռուստաալիքների ծրագրերը, դրանք հիմնականում համարել է խիստ մտահոգիչ: Ցուցադրվող հաղորդումները, սերիալները, որոնք պրոպագանդում են օտար արժեքներ, վարկաբեկում են ազգային արժեքները, պետք է դադարեցվեն: Խորհրդի պատվավոր նախագահն է Երվանդ Մանարյանը, իսկ ստեղծման նպատակը՝ «իսկական մտավորականների համախմբումն է մի տեղ, նրանց՝ ովքեր հայտնվում է այնտեղ, որտեղ ժողովրդի ցավն է, ոչ թե միայն փակվում է սենյակում ու վեպեր գրում»:

Կոմպոզիտորների միությունը եւս նոր նախագահ ունի

Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորումե հ/կ-ն նոր նախագահ ունի: Կայացած ընտրություններում կոմպոզիտորները 43 ձայնով «այո» են ասել Արամ Սաթյանի թեկնածությանը: Միության արդեն նախկին նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ստացել է 41 ձայն, 2 թերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ կոմպոզիտորների միությունը արտահերթ համագումար անցկացրեց, ինչից հետո էլ կայացան ընտրությունները: Մինչ համագումարի մեկնարկը, կոմպոզիտորը լրագրողների հետ զրույցում չէր հստակեցրել իր պաշտոնում նորից առաջադրվելու հարցը եւ հայտարարել էր. «Բացարձակ չեմ քննարկում, կարող է առաջարկեմ, կարող է և` ոչ: Իմ նպատակը չէ միության նախագահը լինել, իմ նպատակն այն է, որ միությունը կարողանա ապրել: Հակառակ դեպքում, ես իմ երաժշտությունն ունեմ: Ես չեմ որոշում, որ մնամ, որոշողը միության անդամներն են»:

Վերջին շրջանում կոմպոզիտորները երկու թեւի էին բաժանվել (ինչպեսեւ՝ գրողները), ու երկուստեք վիրավորանքներ էին հնչում: Երիտասարդ կոմպոզիտորները արտահերթ համագումարին բաժանում էին բուկլետներ, որոնց վրա գրված էր, որ դեմ են նախագահ Ամիրխանյանի թեկնածությանը:
Կարեն Բալյան

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հավի կրծքամիս` նարնջով

 Բաղադրությունը – Կրծքամիս- 4 հատ, նարինջ – 1 հատ, բուսայուղ  – 100 գ, պաքսիմատ  – 150 գ, մանանեխ – 1 թեյի գդալ, օսլա – 1 թեյի գդալ, կարագ – 30 գ, սպիտակ պղպեղ, աղ:

Պատրաստման եղանակը – Հավի կրծքամսերը աղով, պղպեղով համեմել, բաժանել 2-ական մասերի, կես նարինջը քամել, լցնել դրանց վրա, մյուս կեսը պահել թանձրուկի համար: Այս թանձրուկն էլ պատրաստելու համար միմյանց խառնել մյուս՝ կես նարնջի հյութը, մանանեխը, կարագը:

Թանձրուկը եռացնել, ավելացնել աղ, սպիտակ պղպեղ, վերջում օսլան 2 ճաշի գդալ սառը ջրով բացել ու լցնել եռացող թանձրուկի վրա: Սա դնել մի կողմ, կրծքամսերը քամել, պաքսիմատով պատել ու տապակել բուսայուղով:

Անուշ լինի:

*  *  *

Շաբաթվա մարզական հեւքից –

«Տղամարդկային» միջադեպ՝ Արթուր Բաղդասարյանի եւԳագիկ Ծառուկյանի միջեւ

ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսին մասնակցում էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձեւի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները միաձայն վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Բաղդասարյանին: Քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր:

Օրերս մի միջադեպ եղավ, ինչը բացահայտեց, որ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասություն կա, որ նաեւ խորանում է: Սպասվում էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հրապարակային հայտարարությամբ հանդես կգա՝ կապված վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ: Բայց պատճառը միայն դա չէր:

Հիշեցնենք, որ Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանի ԱՕԿ նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Սկզբում ասվեց, թե «եղել է տղամարդկային բանավեճ՝  կապված վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրն իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»: Նշենք, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր:

Բայց Արթուր Բաղդասարյանի ընտրությունը վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնում դուր չի եկել Գագիկ Ծառուկյանին, ով իր թեկնածուն ուներ եւ նրան արդեն պատրաստվել էր «նշանակել» այդ գործին:

Չստացվեց, ու զայրույթը հենց օդանավակայանում էլ թափեց Արթուր Բաղդասարյանի գլխին՝ նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով: Վիճաբանողներին «բաժանողը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է եղել, եւ այդ ընթացքում, Ծառուկյանին ի պատասխան, վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահը, նկատել է թե՝ «առյուծ էիր, կատու դարձար»: Երբ այս «քաղաքակիրթ բանավեճը» տարածվեց, ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, թե «Հայաստանում չկա այնպիսի մարդ, որ համարձակվի բարձր տոնով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ: Կարծում եմ, ճիշտ կլինի դիմել Օլիմպիական կոմիտեի քարտուղարին՝ կատարվածի առնչությամբ առավել հստակ  պատասխան ստանալու համար»:

1in.am-ի լուրերն ավելի սուր էին. Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը թեժ կռվի ժամանակ իրար «մեր ու կնիկ» են հայհոյել: Հավաստի են այն տվյալները, թե բանը հասել է նրան, որ դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ, ովքեր նախագահի գալուց հետո արագ նստել են իրենց ավտոմեքենաները եւ հեռացել:

Միջադեպի մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, ով պետք է լուծում գտնի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

ՀԱՕԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ

Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ի գիտություն բոլորի, տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաեւ ֆեդերացիաների:

Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի, ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից, որեւէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի եւ ՀԱՕԿ-ի կանոնադրության, ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը: Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաեւ հանդիսանում է մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը:

Հ.Գ. – Կարծում ենք՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հակասությունները, ու դրան ավելացած՝ Արթուր Բաղդասարյանի հետ ընդհարումը, դարձան այս հայտարարության պատճառը, ինչը, հնարավոր է, դեռ այսքանով չավարտվի:

Առաջատարը «Արարատ»-ն է, որ շարունակում է զարմացնել

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 9-րդ փուլը: Երեւանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Կապանի «Գանձասար»-ի հետ՝ 2:2: Իսկ Երեւանի «Ուլիս»-ն առաջին հաղթանակը տարավ այս մրցաշարջանում՝ հաղթելով Երեւանի «Բանանց»-ին՝ 1:0: Երեւանի «Միկա»-ն սեփական դաշտում առաջին պարտությունը կրեց առաջնությունում՝ զիջելով Երեւանի «Արարատ»-ին՝ 0:1, իսկ Գյումրիի «Շիրակ»-ն իր հարկի տակ ջախջախեց Մարտունիի «Ալաշկերտ»-ին՝ 5:2:

Առաջնության աղյուսակը վստահ գլխավորում է «Արարատ»-ը՝ 8 խաղում վաստակելով 17 միավոր: Հաջորդում են «Փյունիկ»-ը՝ 13 միավոր, «Գանձասար»-ը եւ «Շիրակ»-ը՝ 12-ական: Հաջորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, իսկ մինչ այդ, հոկտեմբերի 23-ին, կկայանան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու պատասխան հանդիպումները:

Վարդան Մինասյանին փոխարինող են գտել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նա չի ցանկացել երկարացնել այն եւ ազգային հավաքականի մարզչի պաշտոնի հավակնորդ են համարում Աբրահամ Խաշմանյանին: Իսկ նախկին մարզիչը հայտնել է, որ պարզապես հետաքրքիր առաջարկներ է ստացել եւ ցանկանում է որեւէ մեկն ընդունել:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նամակով դիմել են Վարդան Մինասյանին՝ խնդրելով վերանայել իր որոշումը, վերադառնալ եւ շարունակել գլխավորել ազգային թիմը: «Մենք հարգում ենք մարզչի որոշումը, բայց կուզենայինք, որ նա հրաժարվեր իր որոշումից: 4 տարի մենք դժվար ճանապարհ ենք անցել Վարդան Մինասյանի հետ, կարողացել ենք ստեղծել համերաշխ թիմ, լինել միասնական ու պայքարել մեր թիմի հաղթանակների համար ու ուրախացնել մեր երկրպագուներին: Նրա գլխավորությամբ մեր թիմում ստեղծվել է լավ մթնոլորտ, մարդկային լավ հարաբերություններ: Մենք նաեւ պրոֆեսիոնալ լավ ճանապարհ ենք անցել իրար հետ եւ կուզենայինք շարունակելով մեր աշխատանքը միասին, նոր ընտրական փուլում միասին նվաճել եզրափակիչի ուղեգիրը: Խնդրում ենք, որ Վարդան Մինասյանը վերանայի իր որոշումը եւ շարունակի գլխավորել մեր թիմը: Մենք սպասում ենք մեր գլխավոր մարզչի որոշմանը», – ասված է հավաքականի ֆուտբոլիստների նամակում:

Հակոբ Առաքելյանը` «Սպորտակկորդի» արծաթե մեդալակիր

Հոկտեմբերի 18-26-ը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթանում են Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևից՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու եւ կարատե:

Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտում եւ հասավ եզրափակիչ, որում չափազանց լարված մրցակցությունում զիջեց ռուսաստանցի աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Իսաեւին: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Այսպիսով` մեր մարզիկը համաշխարհային հեղինակավոր այս ստուգատեսում, որը պայմանականորեն համարվում է մարտարվեստների փոքր օլիմպիական խաղեր, արժանացավ արծաթե մեդալի՝ բարձր պահելով հայկական սամբոյի պատիվը:

Հիշեցնենք, որ սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանը հաջող էր հանդես եկել նաեւ Կազանում անցկացված համաշխարհային Ունիվերսիադայում եւ արժանացել բրոնզե մեդալի:

Հաղթեցին միայն երկու քաշային կարգում

Արտաշատում 13-րդ անգամ անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի հուշամրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այս տարի այդ մրցումներին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի 142 երիտասարդ ըմբիշներ:

8 քաշային կարգերում մեր մարզիկներից հաղթեցին միայն 2-ում: Արմավիրցի Հայկ Բադալյանը լավագույնն էր 50 կգ քաշային կարգում, իսկ արտաշատցի Արթուր Հարությունյանը` 120 կգ-ում:

Մյուս քաշային կարգերում հաղթեցին Ռամազի Դարչիձեն (55կգ), Շոթա Ֆարթենաձեն (60 կգ), Օմարի Գուրջիձեն (66 կգ) , Տարզան Մայսուրաձեն (74 կգ), Նոդարի Քուրթարիձեն (96 կգ, բոլորն էլ Վրաստան) եւ ռուսաստանցի Ալիբեկ Այդինովը (84 կգ):

Հրաձիգները վերադարձան մեծ ավարով      

Ուկրաինայի Վիննիցա քաղաքում կայացած հրաձգության Ուկրաինայի երիտասարդական բաց առաջնությունում 6 հոգուց բաղկացած Հայաստանի հավաքականը վաստակեց 5 մեդալ եւ 2 գավաթ:

Մեր երիտասարդ հրաձիգ Հրաչ Բաբայանը հաղթող է ճանաչվել 2 վարժությունում: Նա միաժամանակ հռչակվել է առաջնության լավագույն հրաձիգ եւ արժանացել գավաթի:

Սուրեն Բերյանը նվաճել է 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալ: Լիլիթ Մկրտչյանը հաղթել է վազող թիրախ նորմալ վազք, 10 մ վարժությունում: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է 1-ին տեղը եւ պարգեւատրվել հատուկ գավաթով:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99               «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01              «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74               «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.