Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային… «Տղամարդկային» միջադեպ՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ… ՀԱՕԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ…

Տայի՛ն-տայի՛ն, մի պատվոգիր էլ տղին տային

Հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրեց մի շարք ֆերմերների, գյուղատնտեսության աշխատանքին նպաստողների, բայց Գագիկ Ծառուկյանին չհիշեց եւ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը հայտնեց, թե «վիրավորված է, որ տղուն մի հատ վկայական չտվին… 200 մլն. Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է… Այդ ո՞ր մայրը լինի, որ չվիրավորվի, եթե որդին կարող է միլիոններ նվիրել կարկտահարված մարզին, ու մի հատ վկայականի չարժանանա՞, այդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի, թեեւ ինձ ասում են՝ լռի, վերեւում Աստված բարի է: Մեռնեմ Աստծուն»: Նա իր համար էլ էր վիրավորվել. շատ գործ է անում, օրինակ՝ բանակին 60 դրամով 1000 տոննա կարտոֆիլ է մատակարարելու. «Բայց «ոչ մի բանի չարժանացա, իսկ համաշխարհային կառույցից ստացել եմ պլատինե աստղ, նոր եմ եկել Կիեւից…18 գյուղնախարար եմ փոխել, բայց այսօր չեն ուզում, որ ես ինչ որ տեղ երեւամ»: Հայտարարեց նաեւ, որ առաջիկայում հրավիրելու է ֆերմերների միության համագումար, ու հրաժարական է տալու, «երբ 15 տարի Ֆերմերների միության փոխնախագահն է եղել, 3 տարի՝ արդեն նախագահն է: Գյուղնախարարությունն անգամ չի փորձել նրա հետ քննարկել, թե որ ֆերմերին կամ գործարարին պարգեւատրել»: 2 օր հետո փոշմանեց ու ասաց, որ դեռ հրաժարական չի տալու:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոր հայտարարությանը գյուղնախարարությունը մեկնաբանություն չտվեց: Իսկ 1-2 օր անց նոր լրատվություն տարածվեց, թե Ռոզա Ծառուկյանը, ով նախկինում որդուն պաշտպանելու համար մեղադրել է Սերժ Սարգսյանին հարկերը կազինոներում վատնելու մեջ, այժմ՝ արդեն չի մեղադրում: Եվ ստացվում է, բարկությունը միայն գյուղնախարարի վրա է կուտակված, ով որդուն գյուղնախարարության պատվոգրով անգամ չպարգեւատրեց:

Ռոզա Ծառուկյանը, իր խոսքերով, նախանձ կին չէ. «Ուզում եմ բոլորին էլ պարգեւատրեմ: 10 մարզում ունեմ ֆերմերների կառույց եւ իրենց նախագահը, կոմիտեի անդամները, բայց մերոնցից ոչ ոք տեղյակ չէր, որ 70 ֆերմերի պատվոգիր եւ ոսկե մեդալ տվեցին: Ֆերմերները բոլորը հավաքվել են՝ ինձ հարցնում են՝ մենք արժանի չէի՞նք, որ մեզ չեն գնահատել»: ՕԵԿ-ական նախարարի վերաբերմունքի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում. «Չգիտեմ, ի՞նչ քաղաքական բան պիտի լինի… Ինչի Ծառուկյանը էս երկրի թշնամին ա՞, նրան լավ էլ հարգում են: Մնացածը թողնում եմ ձեր դատին»:

Հետո երբ այդ նույն քաղաքական ենթատեքստում տիկին Ծառուկյանին հիշեցրեցրել են օդանավակայանում իր որդու եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի միջեւ տեղի ունեցած վեճը, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի՝ իր որդու հասցեին «առյուծից մուկ դառնալու» դիտարկումը, նա ասել էր, որ ոչնչից տեղյակ չէ. բերքահավաքի սեզոն է, եւ ինքը դաշտերում է լինում այս սեզոնին, մամուլ էլ չի կարդում:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հետ ջերմ ձեռքսեղմումին, տիկին Ծառուկյանն այլեւս նախագահի «վատնած հարկերը» չի հիշում, … որովհետեւ «նախագահի աջակցությամբ» արդեն կարող են հայրենական մեղրն արտահանել եվրոպական երկրներ: «Ամեն ինչ հրաշալի է, գերազանց է: Ես նախագահի կողմից բարձր գնահատականի միշտ արժանացել եմ: Նախագահին շնորհակալություն հայտնեցի, որ մենք հասանք մեր նպատակին եւ ստացանք այն կարեւորագույն փաստաթուղթը, որի հիման վրա մենք կարող ենք մեղր արտահանենք արտերկիր: Մեզ մնում է լաբորատորիան նորմալ մասնագետներով ապահովենք եւ մեր մեղրն իր բարձր որակով կունենա իր ուրույն տեղը Եվրոպայում: Չէ-չէ, հարաբերությունները շատ լավ են նախագահի հետ»,-ասաց ԲՀԿ ղեկավարի մայրը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրագրողը նրանից հետաքրքրվել էր, թե ճի՞շտ են այն կարծիքները, որ Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը պատասխանել էր. «Շատ էլ լավ ենք անում: Եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան Մոնտե Կառլոյում խաղա՞ն…»:

Բայց շրջանը չի փակվում, ու նորից վերադառնում ենք նույն կետին: Մեր գործարարները զզվեցնում են իրենց «բարեգործություններով»: 60 դրամով 1000 տ կարտոֆիլ է միանգամից տալիս բանակին, ու դա համարում է արժանահիշատակ գործ ու դիմացը մեդալ եւ պատվոգիր ուզում: Բանից անտեղյակին կարող է թվալ, թե իրոք բարեգործություն է, 60 դրամն ի՛նչ է որ: Բայց եթե հաշվեն, թե այդ 60-ը քանիսի դեմն է փակել սեփական կարտոֆիլը միանգամից իրացնելու, պատկերը կփոխվի: Սա ամենահասարակ օրինակն է, որ մեջբերում ենք երեւացնելու համար մեդալի մյուս կողմը: Իսկ եթե այլ օրինակներ էլ բերենք, որոնք մեդալի եզրերն էլ ցույց կտան, իրավիճակը լրիվ այլ գույն կստանա: Տարօրինակ գործելաոճ ունի տիկին Ծառուկյանը, որոշ սփյուռքահայերի է նման, բիզնես է անում ու լավությունից խոսում: ՕԵԿ-ն աչքիս լույսը չէ, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու պիտի ֆերմերների պարգեւատրելու համար թույլտվություն հարցներ տիկին Ծառուկյանից, ինչ է, թե վերջինս ֆերմերների ասոցիացիայի նախագահն է: Ես ժուռնալիստների միության անդամ չեմ, բայց դա ինձ չի խանգարում հոդվածներ գրել… առանց ժուռնալիստների միությունից թույլտվություն ստանալու: Զավեշտալի իրավիճակ, որում միշտ հայտնվում է Ռոզա Ծառուկյանը, քանզի կողքինները նրան երբեք խորհուրդ չեն տալիս հարուստ ու պատվարժան տիկնոջ կեցվածք դրսեւորել:

Աստղինե Քարամյան

«Տղամարդկային» միջադեպ՝ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ

ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի արտահերթ կոնֆերանսին մասնակցում էին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձեւի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները միաձայն վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրեցին Արթուր Բաղդասարյանին: Քննարկվեցին նաեւ կազմակերպչական հարցեր:

Օրերս մի միջադեպ եղավ, ինչը բացահայտեց, որ Արթուր Բաղդասարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասություն կա, որ նաեւ խորանում է: Սպասվում էր, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հրապարակային հայտարարությամբ հանդես կգա՝ կապված վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ: Բայց պատճառը միայն դա չէր:

Հիշեցնենք, որ Բրյուսելից Երեւան ժամանող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին միջադեպ է գրանցվել ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանի ԱՕԿ նախագահ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ:

Սկզբում ասվեց, թե «եղել է տղամարդկային բանավեճ՝  կապված վոլեյբոլի ֆեդերացիայի հետ: Բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ, նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրն իր մեքենայով հեռացել է՝ մնալով իր կարծիքին»: Նշենք, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր:

Բայց Արթուր Բաղդասարյանի ընտրությունը վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնում դուր չի եկել Գագիկ Ծառուկյանին, ով իր թեկնածուն ուներ եւ նրան արդեն պատրաստվել էր «նշանակել» այդ գործին:

Չստացվեց, ու զայրույթը հենց օդանավակայանում էլ թափեց Արթուր Բաղդասարյանի գլխին՝ նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով: Վիճաբանողներին «բաժանողը» ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է եղել, եւ այդ ընթացքում, Ծառուկյանին ի պատասխան, վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահը, նկատել է թե՝ «առյուծ էիր, կատու դարձար»: Երբ այս «քաղաքակիրթ բանավեճը» տարածվեց, ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց, թե «Հայաստանում չկա այնպիսի մարդ, որ համարձակվի բարձր տոնով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ: Կարծում եմ, ճիշտ կլինի դիմել Օլիմպիական կոմիտեի քարտուղարին՝ կատարվածի առնչությամբ առավել հստակ  պատասխան ստանալու համար»:

1in.am-ի լուրերն ավելի սուր էին. Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը թեժ կռվի ժամանակ իրար «մեր ու կնիկ» են հայհոյել: Հավաստի են այն տվյալները, թե բանը հասել է նրան, որ դիմավորելու եկած պաշտոնյաները մի քանի րոպե շարունակ չեն կարողացել զսպել երկուսին էլ, ովքեր նախագահի գալուց հետո արագ նստել են իրենց ավտոմեքենաները եւ հեռացել:

Միջադեպի մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, ով պետք է լուծում գտնի ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

ՀԱՕԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ

Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ի գիտություն բոլորի, տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաեւ ֆեդերացիաների:

Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի, ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձեւի ազգային ֆեդերացիա եւ ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կողմից, որեւէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի եւ ՀԱՕԿ-ի կանոնադրության, ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը: Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաեւ հանդիսանում է մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը:

Հ.Գ. – Կարծում ենք՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հակասությունները, ու դրան ավելացած՝ Արթուր Բաղդասարյանի հետ ընդհարումը, դարձան այս հայտարարության պատճառը, ինչը, հնարավոր է, դեռ այսքանով չավարտվի:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.