Հայաստանի շահը՝ առանց այլընտրանքի – Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ եւ եվրոպական ու ռուսական հակամարտության միջով…

Չնայած այն փաստին, որ շարունակվում են Հայաստանի՝ Մաքսային (ՄՄ) միությանը միանալու շուրջ ներազգային ու միջազգային տարաձայնությունները, եվրոպական կողմը կարծես վերջնականապես հաշտվում է այդ իրողության հետ, հասկանալով, որ Երեւանն այլ ելք չուներ՝ Մոսկվայի հետ հարաբերություններում:

«Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց իհարկե պետք է հաշվի առնենք նաեւ ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»,- ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստի մեկնարկից առաջ ասել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության՝ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Նիստի շրջանակներում հայ եւ եվրոպացի գործընկերները քննարկել են Եվրոպական քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, առեւտրատնտեսական եւ երկկողմ հարաբերությունների ապագային առնչվող հարցեր: «Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ այստեղ քննարկել ենք քաղաքական բարեփոխումներից մինչեւ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված խնդիրներ»,- նշել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ իրենք մանրամասն ուսումնասիրել են բոլոր հարցերը, բայց դրանք ավելի մանրամասն կքննարկվեն Վիլնյուսի գագաթնաժողովում: Նա չի բացառել, որ Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի. «Ես հիմա չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ ՀՀ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ նշել է, որ ներկայումս գործընկերների հետ գտնվում են քննարկումների փուլում, որպեսզի գտնեն ապագա համագործակցության առավել արդյունավետ շրջանակը:

Երեւանը եւս պատրաստում է  փաստաթուղթ ստորագրելու, բայց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չի խոսել այդ մասին, իսկ էկոնոմիկայի նախարար Ավանեսյանը հրաժարվեց ասել, թե խոսքը ինչ փաստաթղթի մասին է. «Այսօրվա դրությամբ փաստաթղթի անունը դեռ չեմ կարող տալ, քանզի դեռ քննարկումների փուլում ենք»: Ըստ նրա՝ այն հաջողությունները, որոնց հասել է Հայաստանը եւ այն բարեփոխումները, որոնք իրականացվել են ԵՄ-ի աջակցությամբ, այդ բազայի հիման վրա էլ կստեղծվի այն փաստաթուղթը, որը նախագծելու է ՀՀ-ԵՄ ապագա համագործակցության շրջանակը:

Այսպես թվում է, թե ԵՄ-ի եւ ՀՀ-ի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը նպաստավոր կլինի Ասոցացման համաձայնագրի (ԱՀ) ստորագրման համար: Բայց որքանով է Մոսկվան գոհ, որ պաշտոնական Երեւանին հաջողվում է շարունակել իր արտաքին փոխլրացնող քաղաքականությունը, քանի որ հաստատ այլ կարծիք ուներ, երբ առաջ ընկած ՄՄ-ի խնդիրներն էր կարգավորում:

Հայաստանի հետ Արեւելյան գործընկերության անդամ Ուկրաինան էլ է ընտրություն առջեւ՝ դեպի Եվրամիությու՞ն, թե՞ Մաքսային միություն: Սակայն, եթե Երեւանը դեռեւս հաջողում է փոխլրացնող քաղաքականության մեջ, ապա Կիեւը դանդաղում է: «Ուկրաինան չի կարող համատեղել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ՄՄ շրջանակում ինտեգրացիայի հետ»,- հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նրա խոսքով՝ տարբեր համաձայնագրեր վավերացնելու պատրաստակամության մասին ուկրաինական ղեկավարության հայտարարությունները բացի զարմանքից, ոչինչ չեն հարուցում:

Հետաքրքիր տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահը, որ «Հայաստանը որեւէ կերպ չի կարող մտնել ՄՄ՝ ո՜չ վաղը, ո՜չ վաղը չէ մյուս օրը, ո՜չ այս տարի,ո՜չ էլ անգամ մյուս տարի՜»: Բելառուսի ղեկավարը կարծում է, որ ՄՄ՝ Հայաստանի մտնելու համար պետք է հստակեցնել նաեւ Ադրբեջանի կարծիքը: Հիմա Մինսկում են ինչպես նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, ովքեր երեւի կարձագանքեն: ԱՊՀ միջինասիական երկրներից՝ ոչ հայանպաստ դիրքորոշումներ արտահայտելուց դժգոհել է արդեն ՀՀ նախագահը, ինչը նույնպես սրել է իրավիճակը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։