Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր… – Տրանսպորտի սակագինը կփորձեն թանկացնել ձմռանը… – Անքննարկելին – Արտագաղթի պատճառները… – Մովսիսյանի՞ն ինչ մեղու կծեց…

Հոգեւորական կենսաթոշակառունե՞ր

Հոգեւոր ոլորտի ներկայացուցիչներն այժմ աշխատանքային օրենսդրությունից դուրս են: ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտել նրանց եւս բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության՝ կենսաթոշակային համակարգից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը: Ժողովրդական ընդունված խոսք կա, թե «հոգեւորականին պահում է ժողովուրդը», սա արդեն անցյալում է, եւ քաղաքացիական հասարկության պայմաններում, սահմանադրական հանրապետության պայմաններում հոգեւորականները պետք է հնարավորություն ունենան պաշտպանվել օրենքով: «Մենք ունենք հսկայական թվով հոգեւորականներ, ովքեր փաստացի դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից: Նրանք ոչ միայն չեն կատարում վճարումներ սոցիալական պաշտպանության համակարգին, այլ նաեւ հետագայում, երբ կարիքն են զգալու սոցիալական պաշտպանության համակարգից օգտվելու, փաստորեն, իրենց կատարած աշխատանքին համարժեք, չեն ստանալու անհրաժեշտ կենսաթոշակ: Մինչեւ հիմա ոչինչ չի արվում՝ նրանք ոչ աշխատանքային պայմանագիր ունեն, ոչ գրանցված են որպես աշխատողներ, որեւէ վճարում չեն կատարում սոցիալական ապահովության հիմնադրամին: Քանի որ հոգեւոր դասը զբաղվածության ոլորտում հիմա մեծ կշիռ է զբաղեցնում, դա նշանակում է, որ մենք եկեղեցու հետ այդ հարցը գոնե քննարկելու անհրաժեշտություն ունենք: Չեմ ասում, որ պետությունը այնքան մխրճվի հոգեւոր կյանքի մեջ, որ փորձի բոլոր հարցերին կարգավորում կամ միջամտություն ցույց տա, բայց գոնե իրավունքների պաշտպանության տեսակետից մենք կարծում եմ, մտածելու բան ունենք»,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Իսկապես՝ Աստծուն ծառայելը այլ բան է, եկեղեցի աշխատանքի գնալը՝ մի այլ բան: Ուրեմն՝ աշխատավորների միջեւ տարբերություն դնելը արդեն ճիշտ չէ: Պետության առջեւ աշխատավորն աշխատավոր է, ու արտոնյալներ չպետք է լինեն: Եվ եկեղեցին պետությունից բնավ դուրս չէ:

Անի  Մարության

Կփորձեն թանկացնել ձմռանը

Տրանսպորտի սակագնի թանկացման դեմ պայքարը շարունակում է մնալ առաջնային քննարկվող թեմաներից մեկը: Թեման «եռացող» պահող երիտասարդ նախաձեռնողները ակնարկում ու նախազգուշացնում են ուղեվարձի թանկացման դեմ ավելի ուժգին պայքարելու մասին: Քաղաքապետարանը դանդաղ տեմպերով փորձում է թանկացման համար անվիճելի հիմնավորումներ գտնել ու դրանք ձեւակերպել: Այս ձեւակերպումն էլ կոչել է «ներքաղաքային տրանսպորտի սակագնի ձեւավորման հանձնաժողովի քննարկումներ», որին արդեն հասցրել են չհավատալ:

Հանձնաժողովի անդամներին բաժանվել է հաշվարկը, որն արված է 1 ամսվա կտրվածքով: Այդ հաշվարկն էլ արվել է շարժակազմի 1 ամսվա ծախսերի մասով: Եվ 1 միկրոավտոբուսը 1 ամսվա կտրվածքով շահագործելը 1 մլն. 45 հազ. դրամ է կազմում: Իհարկե, հաշվարկը քաղաքապետարանինն է, ուստի չի բացառվում, որ ծախսերը ուռճացված լինեն: Սա հասկանալով եւ բողոքի առիթ չտալու համար քաղաքային իշխանությունը փորձում է հիիմնավորումները մանրամասն թվերով ներկայացնել, բայց դա եւս արդեն որակում է ստացել՝ «թվանկարչությամբ հիմնավորել թանկացումը»:

Ընդդիմադիր քաղաքաական ուժերը փորձով համոզված են, որ իշխանությունները տրանսպորտի սակագինը կբարձրացնեն ձմռանը: Ուստի, նրանք էլ են կարծում, որ պետք է պատրաստ լինել հանրությանը ակտիվ գործողությունների մղելու: Եվ ոչ միայն նրանք, այլեւ բոլոր պայքարող կողմերը համոզված են, որ նորից պայքար կսկսվի, եթե թանկացումը պարտադրեն: Այն ժամանակավոր հաջողությունը, որ ունեցավ հասարակությունը, վերջնական չէ:

Իսկ համոզվածությունը, որ կբարձրացնեն սակագինը, այն է, թե ավելի ցուրտ ժամանակահատվածում իշխանությունները հույս ունեն խուսափել բարդություններից, մարդկանց ընդվզումներից: Մի քանի անգամ այդօրինակ փորձեր հաջողել են, հատկապես, երբ քայլերն արվել են Նոր տարվա շեմին: Ձմռանը եթե անգամ բողոքի փորձ արվի, ապա «բնության օգնությամբ» երկարատեւ քաղաքացիական ակցիաների չեն վերածվի:

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանությունները տրանսպորտի սակագինը փորձեցին բարձրացնել ամռանը (150 դրամ), սակայն հասարակական ճնշման եւ «Վճարում ենք 100 դրամ» ակցիաների արդյունքում ստիպված եղան կասեցնել որոշումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է տրանսպորտի խնդրին համակարգված լուծում տալ եւ ստորագրել է կարգադրություն տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարությունը հաստատելու մասին:

Կառավարությանը եռամսյա ժամկետում հանձնարարվել է մշակել եւ հաստատել տրանսպորտի ոլորտի ազգային անվտանգության եւ ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2014-2017թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

Կարեն Բալյան

Անքննարկելին

ԱԺ-ոմ պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարել է, որ, ըստ ՌԴ միգրացիոն ծառայության, 2013թ. 9 ամսում Վերին Լարս անցակետով ՌԴ է ժամանել ՀՀ 160 հազ. քաղաքացի: Պատգամավորի խոսքերով, կառավարության քաղաքականությունը երկրից դուրս է մղում հարկատուներին: Դրան նպաստում են օրենքներում հաճախակի փոփոխությունները: Մասնավորապես՝ 5 տարում շահութահարկը փոխվել է 42, ստուգումների մասին օրենքը՝ 43, ԱԱՀ-ի մասինը՝ 67 անգամ: «Մեղք չի՞ փոքր բիզնեսը»,- հարց է հղել պատգամավորը:

Շատ կուզեինք լսել Արամ Մանուկյանի թեկուզ մոտավոր դիտարկումը այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք այդ 160 հազ.-ն էլ զբաղված է եղել փոքր բիզնեսով, արդյո՞ք այդ 160 հազ.-ը ճարահատ է լքել երկիրը, նրանցից քանի՞սն են ամռանը անթալիաներում հանգստացել, քանի՞սն են ռսի սպիտակ մորթը տեսել ու գնացել դրա հետեւից, քանի՞սն են խաբվել՝ ծովը ծնկներից կարծելով, քանի՞սը կամք չեն ունեցել սեփական երկրում սեփական ձեռքերով ինչ-որ բան փոխելու:

Բայց պատգամավոր Մանուկյանի մտահոգությանը լիովին համամիտ ենք. 160 հազ. մարդ լքել է երկիրը, ու 160 հազ. չէ, 1-ն էլ լիներ, սարսափելի մեծ թիվ է մեզ համար: Եվ երկրի իշխանությունները պարտավոր են ամեն հնարավոր-անհնար քայլ ձեռնարկելու՝ արտագաղթը կասեցնելու համար:

Այս ամենով հանդերձ, մի բան հաստատ է. մեր մեծ հայրենիքից մնացած վերջին հատվածը թողնել-գնալը, բոլոր օբյեկտիվ պատճառներով անգամ, մեղմ ասած՝ ներում չունի: Ու եթե հանկարծ մի օր մեր կամքն էլ տեղի տա, թող ներում չունենանք նաեւ մենք: Որովհետեւ հայրենիքը կորցրել ենք մշտապես գնալով: Տանուլ տանք նաեւ այս վերջի՞ն բեկորը: Դավաճանությու՜ն է: Շա՛տ մեղմ ասած:

Մովսիսյանի՞ն ինչ մեղու կծեց

Հոկտեմբերի 20-ին, գյուղաշխատողի օրվա առիթով կազմակերպված համաժողովին, անհամբեր սպասում էի, թե երբ է խոսելու հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսիսյանը: Նա այն երկար տարիների պաշտոնյան է, ով անպատմելի գիտելիքների պաշար ունի մեր երկրի գյուղատնտեսության, ջրային տնտեսության, բնապահպանության… մասին եւ թվային ու տվյալային հսկայածավալ փաստերի է տիրապետում: Ու երբ նրան ինչ-որ բան ես հարցնում, միշտ պատրաստ է՝ «ոտքի վրա» կարող է կենդանի ու հետաքրքրաշարժ պատմություններ հիշել, թվեր, դեմքեր, դեպքեր՝ ամենայն ճշգրտությամբ ու մանրամասներով: Մի խոսքով, քայլող հանրագիտարան է:

Ինչեւէ, մեկ էլ ելույթ ունեցավ ու պատմեց, որ սովետի տարիներին մի գիրք է կարդացել, որտեղ գրված է եղել, որ աշխարհի ամենահանրահայտ հողագործները կորեացիներն են, ու շարունակեց. «Հպարտությամբ տեսա, որ մենք երկրորդ հորիզոնականում ենք»: Դահլիճը ծափ տվեց:

Լավ, պարոն Մովսիսյան, մեր մարզպետները, պաշտոնյաները, տարատեսակ ասոցիացիաների ղեկավարներն ու ֆերմերները հաստատ չգիտեն ու չէին էլ կարող իմանալ սեփական պատմության ճշմարտությունը (իսկի հայոց պատմության՝ մանավանդ սովետի թվերից եկած մասնագետները «չգիտեն») ու, նրանց պարագայում բնական է, որ պիտի երջանկանային աշխարհում երկրորդը լինելու փաստից: Բայց Դու՜ք հո գիտեք եւ մեկ անգամ չէ, որ ինձ տված հարցազրույցներում վկայել եք, որ Հայկական լեռնաշխարհն է վայրի ցորենի, խաղողագործության, գինեգործության բնօրրանը: Դու՜ք հո գիտեք հազարավոր աշխարհահռչակ գիտնականների, ովքեր վկայել են այդ մասին եւ Հայկական լեռնաշխա՜րհը համարել երկրագործության մեկնարկատեղը անհիշելի ժամանակներից:

Սովետի տարիների գրքերում հանրահայտ հողագործները կորեացիները չէ, ովքեր ասես կարող են լինել, ռուսների համեմատ բոլորն էլ լավ հողագործներ են: Հակագիտական գրքերը չէ, որ ինձ զարմացնում են, զարմացած եմ Ձե՜ր հրճվանքից:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։