Երբ Հայաստան այցելածն է բնիկ հային խորհրդատու – Իսկ բնիկ հայը Սիոնը չի սրբացնում, այլ՝ Արարատը – Եկեղացական որոշ ծառայամիտներ դեռ պնդում են, որ կրոնն է հային ստեղծել…

Հայաստանյայց առաքելական եկեղեցու անունից այս անգամ էլ մի հայտարարություն տեր Ասողիկ քահանան է արել՝ թե հայ աթեիստը հայ չէ: Այս տեսաhոլովակը դրված է YOUTUBE.COM-ում եւ կոպիտ արձագանքների է արժանացել: Ամենամեղմերից է՝ «այս դեմքը մտքներիդ պահեք, որտեղ տեսնեք քարով խփեք՝ թող փախնի ստորին Երուսաղեմ…»: Հասկանալի է, որ «վերին Երուսաղեմ» ուղարկում են, երբ մարդ հոգին է ավանդում, բայց «ստորին Երուսաղեմ» ուղարկելն առաջին անգամ պատահեց: Կան նաեւ նման մեկաբանություններ. «Իսկ ինչ վերաբերվում է ԱԶԳ-ին՝ ասում ես ՀԱՅ ու վերանում են կողքի բոլոր նշանակությունները…»:

Սա այն է, ինչ պարբերաբար ասում են հայ արիները, որ ՀԱՅ-ը որպես տեսակ, որպես արարչածին բնական ԱԶԳ՝ վեր է կրոնական, քաղաքական, սոցիալական եւ բոլոր այլ որակումներից ու պետք է դառնա բոլորի միասնանալու արմատ-ակունքը: ՀԱՅ-ը մարդատեսակ է, որ ունի ծագում-գեն եւ բնօրրան-հայրենիք, ազգարմատ եւ ազգային պատկանելություն, յուրահատուկ ինքնություն եւ էություն, առաքելություն եւ առաքինություններ, եւ այս ամենը չեն կարող ստորադասվել կրոնական կամ քաղաքական համոզմունքների առջեւ: ՀԱՅ-ն է ստեղծել իր հավատը, գաղափարներն ու մտածողությունը, եւ երբ հատկապես կրոնական ուղղվածությամբ են բնորոշում ՀԱՅ-ին, այն էլ օտարադավան ու օտարի Աստծո դավանանքի սկզբունքներով կրոնի, ապա այդ կրոնը մարդկային անհատական պաշտամունքից երբեք չի կարող ազգային հավատի հիմք ծառայել, ազգային հոգե-մարմնական լիցքեր հաղորդել, քանզի անհատական աստիճանից չի բարձրանում ազգային մակարդակի:

Կրոնով ազգամերժությունը՝ նաեւ վտանգ է հայ մարդու ո՜չ միայն ազգային, այլեւ՜ մարդկային որակների հայանպաստորեն դրսեւորման համար: Հայն այսօր ոչ միայն աթեիստ է, քանզի չի տեսնում օրվա կրոնի աստվածասիրությունը, նաեւ ճարահատյալ ծպտյալ է ու իսլամադավան, որ չկոտորվի նորեն, որոշ երկրներում նաեւ այլակրոն է՝ օտարական կյանքի պարտադրանքի բերումով, բայց դա չի նշանակում թե հայ մարդու գենը մերժելի է զուտ քրիստոնեական պատճառաբանությամբ: Այդ գենն է ստեղծում կրոններ կամ գաղափարախոսություններ, բայց ո՜չ երբեք՝ հակառակը:

Ֆ/բ իր էջում Արթուր Մինասյանը աթեիստների անունից գրել է, որ «տեր Ասողիկի հայտարարությունը հակաիրավական է՚, հավելել է, թե «եթե իրավական կողմը  թողնենք ու փորձենք հասկանալ՝ ինչ ասել կուզի Ասողիկը, զավեշտալի բան է ստացվում. փաստորեն, «հայ» ասվածի մեջ նա դնում է ոչ միայն ազգության, այլեւ՝ կրոնի տարր: Ճիշտ այնպես, ինչպես եզդիների դեպքում է»: (Եզդիներն ու քրդերը նույն մարդատեսակն են, բայց արեւապաշտ եզդիները իսլամացած քրդերին այլազգ են համարում,- խմբ.):

Այնուհետեւ հոդվածագիրը հետեւություն անելով քահանայի խոսքերից՝ ասում է, որ չիզոլացված, կրոնական պայմանականություններից ազատ հայը «գեր-հայ» է, «բնական է, որ կոռուպցիայի մեջ թաթախված, փակ, համայնքային-հոտային մտածողությամբ առաջնորդվող հոգեւորականը չի կարող ողջունել չիզոլացված, «գեր-հայ»-ի գոյությունը, քանի որ դրանով հարցականի տակ է դրվում իր իսկ գոյության ֆունկցիոնալ նշանակությունը: Այդ իսկ պատճառով առաջ է քաշվում մաքիավելիական հայտնի սկզբունքին նման «ով մեզ հետ չէ, մեզանից չէ» կարգախոսը»: Հատկանշական է, որ դեռ ապրիլին, տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հայտարարությունից մեկ շաբաթ անց՝ նույն հաղորդաշարի այլ՝ «Եկեղեցու մոդեռնիզացում» հաղորդման ժամանակ» տեր Եսայի քահանա Արթենյանը ասել է, որ կրոնով չի որոշվում հայ լինելը՝ կարծես կանխել ցանկանալով Ասողիկի արած հայտարարության ազդեցությունը. «Ես ուզում եմ ընդգծել այս հանգամանքն ու ասել, որ եկեղեցին երբեք չի ասում, որ եթե դու հայ ես, բայց մուսուլման, դու հայ չես, եթե դու հայ ես ու ավետարանական եկեղեցուց, դու հայ չես: Սա պաշտոնական դիրքորոշումն է ուզեք, թե չուզեք»:

Իսկ ազգագրագետ եւ կրոնի հարցերով փորձագետ Հրանուշ Խառատյանը ֆ/բ իր էջում մեկնաբանելով Ասողիկի հայտարարությունը, ասում է, որ «դա նորություն չէ, այլ արդեն հազարամյակից ավելի գոյություն ունեցող թեզ, որի կյանքի կոչման հետեւանքով հայ ժողովուրդը միլիոնավոր հայեր է կորցրել»: Արեւելյան Հայաստանում Պարսկաստանի քաղաքական թելադրանքներին ենթակա եւ նրանից հովանավորվող հայկական կաթողիկոսությունը մի քանի հարյուրամյակ բյուզանդական Հայաստանի հայերին՝ թե «հայ չեք լինի քաղկոդոնիկ դառնալով» սպառնալիքներով, ամեն ջանք գործադրել է նրանց հայկական ինքնությունը ոչնչացնելու,- գրել է ազգագրագետը՝ նշելով, որ այդ հայերին անվանում էին «հայ-հոռոմ», «ծաթ հայեր»:

Վերլուծության մասնակիցները հայտնել են, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ամեն ջանք գործադրեց հայությունից օտարելու հայ մնալու ցանկություն ունեցող հայ քաղկեդոնիկներին… Եթե նույնիսկ նրանք համառորեն հայախոս կամ հայալեզու կրոնական սպասարկում ունեին:

Թեմային մասնակից դարձած Հակոբ Բադալյանը նշել է, որ Ասողիկի հայտարարությունը կրոնապետության հայտ է, բայց շատ վտանգավոր կլինի, եթե սա եկեղեցու դիրքորոշումը դառնա, հատկապես, երբ նկատի առնեն ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները, երբ «համահայկական պոտենցիալի համախմբումը դառնում է ավելի ու ավելի մեծ անհրաժեշտություն»: Աշխարհահռչակ երգիչ, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը նախագահ Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցից առաջ եւ Ֆրանսիայում նրա հետ հանդիպմանը բարձրացրել էր մահմեդական հայերի Հայաստան գալու, հայրենիքում նրանց ընդունելու հարցը:

Ու մինչ վերլուծաբանը գրում է, որ առայսօր իշխանությունն ու եկեղեցին գործել են ուս-ուսի, «Արմենիա» հեռուստաընկերությունը կրոնական խնդիրների համակողմանի լուսաբանման շրջանակներում «Մարդկային գործոն» հաղորդման եթերում Նազենի Հովհաննիսյանի շուրթերով ասվում է. «Հայ առաքելական եկեղեցի ու վերջակետ, քանի որ ստորակետով այս ցանկը շարունակելը կարող է մեզ փակուղի բերել»:

Այս բուռն արձագանքը, որ ամիսներ առաջ եղած հեռուստահաղորդման նորովի վերլուծության նյութ դարձավ, այն բանից հետո էր, երբ համացանցում հրապարակվեց, որ «Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը աթեիստներին հայ չի համարում»: Թեման արծարծող աթեիստները անգամ պահանջել են, որ «Ասողիկը ներողություն խնդրի իրենցից, քանի որ, ըստ նրանց, նա վիրավորել է հայ ազգի մի զգալի մասին ու ազգը պառակտելու փորձ է անում»:

Երեւի աղմուկն ստացվել էր, քանզի տեր Ասողիկը մեկնաբանել է իր աղմկահարույց հայտարարությունը. «Սոցիալական ցանցերում եւ զլմ-ներում քննարկումների առիթ դարձած տեսանյութը հարցազրույցից ընդամենը մեկ միտք է, մեկ ձեւակերպում է, որն ունի հսկայական մեկնաբանություն կապված այդ արտահայտության հետ: Տեսանյութում առկա մեկնաբանությունը ներկայացնում է, թե ինչու եւ ինչ փաստերի հիման վրա է արված այդ պնդումը: Ես չգիտեմ ով եւ ինչ նպատակով տեսանյութը այդպես աղավաղել է եւ դրել շրջանառության մեջ: Եթե ամբողջական մեկնաբանությունը մարդիկ լսեին, այդպիսի հիմար տեսակետներ եւ տգետ կարծիքներ չէին շրջանառի: Այդ աղավաղված տեսանյութը լրատվամիջոցները շրջանառում են անհասկանալի պատճառով. դա ոչ ազգասեր, ոչ հայրենասեր մարդկանց կողմից է հրահրված, որովհետեւ ժամանակներն այնպիսին են, որ ամեն ինչ մարդիկ փորձում են գտնել եւ նպատակուղղված կերպով աշխատել, ինձ համար ամեն երեւույթ այդպես ոտքի վրա չի մեկնաբանվում, ավելի խորը նշանակություն ունի կապված հոգեւոր կյանքի հետ»:

Այսպես է արձագանքել քահանան՝ աթեիստների ներողության պահանջին: Խոսելով հայի իր բանաձեւի մասին՝ նա նշել է, որ այն հայը, ով որ հեռու է հայ հոգեւոր արժեհամակարգից, նա չի կարող լինել հայ, չի  կարող ծառայել Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին, որովհետեւ դարեր շարունակ մեր հավատքը նույնականացել է մեր ինքնության հետ, դեռեւս 5-րդ դարում Եղիշեն ասում էր, որ քրիստոնեությունը դարձավ հայի ինքնությունը, հայի մաշկի գույնը եւ քրիստոնեական արժեհամակարգը ստեղծեց մեր ազգային, հոգեւոր մշակույթը, եւ դրա վրա կառուցվեց մեր ինքնությունը, եւ այսօր ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են իբրեւ հայ քրիստոնյա ժողովուրդ, որ մեծ ավանդ ունի քաղաքակրթության մեջ:

Այստեղ չենք կարող արդեն մենք չհարցնել, այդ ինչպե՞ս է, որ ընդամենը 2 հազար տարվա պատմությունը կարող է որոշել բազմահազարամյա հայի հավատը, ինքնությունը, մաշկի գույնը ու էլի վերոթվարկյալ բաները, իսկ ասենք՝ 5-10 հազար տարվա (էլ չասենք՝ ավելի) ազգային հավատը, Հայ Աստվածների պաշտամունքը… չի կարող որոշել: Հայի գենը, լեզուն հավատն ու ինքնությունը եւ բոլոր այլ բնորոշիչները վաղուց են որոշվել եւ ի վերուստ, արարչածին հայ տեսակն իր աստվածային համակարգով ի բնե կա՝ հուդա-քրիստոնեությամբ չի կերտվել հայը, եւ այդ քրիստոնեասնապարծության սխալն է, որ շարունակում է կործանել հային՝ որպես տեսակ, Հայքը՝ որպես աստվածների բնակատեղի…

Եվ այլեւս անիմաստ է հնչում Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցու հուդա-քրիստոնեական կրոնի հետեւորդի այն խոսքերը, որ «եթե մեկը ուրանում է այդ արժեհամակարգը, ուրանում է այն բարոյական սկզբունքները, որով դարեր շարունակ հայ ընտանիքն են կերտել, հայ հասարակությունն են ստեղծել, բնականաբար նա չի կարող հայ կոչվել, որովհետեւ եթե նա չի ընդունում  հայ ժողովրդի ստեղծած մշակույթը, գրականությունը, արվեստը, ինչպես կարող է հարազատ լինել իր հայրենիքին, ժողովրդին եւ ծառայել Հայաստանի շահերին»: Անգամ եկեղեցու անվանումն է հստակ ասում, որ քրիստոնեական կրոնի հետեւորդներն ընդամենը Հայաստան այցելած են (մի օր էլ կեռանան), ովքեր հրի ու սրի մատնեցին իրապես հայոց հավատը, արժեհամակարգն ու ամեն բան, եւ այսօր խոսել քրիստոնեության եւ հայի նույնականացումից՝ կարող է միայն ծիծաղ առաջացնել…

Քահանան նշել է, որ աթեիզմը գիտական թեզիս է, ինքնության հետ ոչ մի կապ չունի, եւ չկա անաստված մարդ, բոլոր մարդիկ էլ հավատացյալ են. «Աթեիստ ասվածը լրիվ ուրիշ գաղափարախոսություն է, այն նույն հայն էր, որը 20-ականներին եկեղեցիներն էր ջարդում, հոգեւորականներ գնդակահարում, ազգի մեջից թշնամիներ որոնում… ուղղակի պիտի մարդ հասկանա եւ փորձի բառերի իմաստն ընկալել, ոչ թե զգացմունքային արտահայտություններ անել»…

Իսկ 301-ին, երբ տասնյակ հազարավոր հայեր կոտորվեցին ոչ հայ (ասորի կամ պարթեւ) Գրիգորիսի (ում խավարիչ ասելու փոխարեն լուսավորիչ են հռչակել) թիկունքից մտած հռոմեական ու հայ ազգադավ որոշ զինվորների կողմից, հարյուրավոր հուշարձաններ ու տաճարներ ավերվեցին, գրքեր եւ մատյաններ այրվեցին հայոց տասնյակ հազարամյակների գրավոր պատմությունը ոչնչացնելով, հայոց հզոր թագավորությունն անկում ապրեց ու հայը հայրենիքի զգալի մասը կորցնելով՝ միայն մի քանի անգամ պետականության շունչը զգաց, եւ այն էլ վերջին ժամանակներում, երբ հասկացավ Սիոնի պաշտամունքի վնասը ու վերադարձավ Արարատի պաշտամունքին…

Ինչ վերաբերում է մահմեդականություն ընդունած համշենահայերի հայ լինել-չլինելու մասին կարծիքին, նշյալ քահանան հարցը անպատասխան թողեց. «Ինքներդ պատասխանեք՝ հայը ով է, ինչին է ծառայում, ինչի կրող պիտի լինի, եւ ինչպես պետք է արտահայտի ինքնությունը: Եթե մեկը չի տիրապետում հայերեն լեզվով ստեղծված արժեքներին, եւ պատրաստ չէ իր անձը զոհաբերելու, ես կխուսափեմ այդ անձին հայ կոչելուց: Հայը ունի հստակ կառուցվածք, նկարագրություն, եթե դրան չի համապատասխանում, ես չեմ կարող այդ մարդուն հայ համարել, ինչ ուզում է լինի: Ոտքի վրա չեմ կարող ասել, այդ հարցին կարող են պատասխանել հիմնավոր, երբ մեկնաբանություն լինի ինչ-որ լսարանում, հարցազրույցում»…

Սա էլ կթողնենք առանց մեկնաբանության, քանզի ամեն բան պարզ ու քրիստոնեաբար (ընթերցողին խնդրում ենք ուշադրություն դարձնել հոգեւորականի բառապաշարին՝ ուղղված ոչ քրիստոնյա հային,- խմբ.) ասված է հայի գենետիկ-ծինաբանական ինքնության դեմ:

Քուրմ Արմոգ, Հայ Արիական Միաբանության

Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչ

* * *

– Բազմիցս ենք նշել քրիստոնեության՝ ապազգային կրոն լինելու, հրեադավանություն քարոզելու, հայկական ազգայինն անտեսելու եւ մարդկանց անհիմն հնազանդեցնելու մասին: Ներկայացրել ենք նաեւ քրիստոնեության մուտքը Հայոց հողում՝ ավերով ու ավարով… 2003թ. Հայ Արիական Միաբանությունը հենվելով բազմաթիվ ուսումնասիրությունների ու իրողությունների վրա, դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու Հայաստանյայց առաքելական եկեղեցու (տվյալ ժամանակի կաթողիկոսի) դեմ՝ ավելի քան 1700 տարի կատարված քրիստոնեական բարբարոսությունների ու խարդավանքների մեղադրանքով:

Բայց դեռ լռություն է… Անգամ չի արծարծվում մեղադրանքը, մերժում եւս չի տրվել:

Մեղադրանքն է՝ հայության հանդեպ Ցեղասպանության փաստը, գենետիկ (մարմնական), հոգեւոր, մշակութային, հայրենիքի կորստի եւ այլ առումներով…

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։