Գենդերը՝ տոտալիտարիզմի՛ գործիք – գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով, բայց վտանգը չի անցնի քանզի այլ օրենքներ էլ կան հերթի դրված՝ ինչպես «Խտրականության դեմ օրենքը»…

Միջազգային «ականապատված» գենդեր բառը երեւի կփոխարինվի հայկական սեռ բառով – Օրենքի վտանգը չի անցնի սակայն, քանզի այլ օրենքներ կան հերթի դրված (ինչպես՝  «Խտրականության դեմ օրենքը»), որ հենվելով այս «անմեղացած» օրենքին՝  նույն վտանգներն է բերելու… Պետք է զգոն մնալ եւ զգոն պահել ազգը…

Ընդդեմ այլասերվածության երեւանյան երթից (քաղաքապետարանի շենքի մոտից դեպի կառավարության նստավայր) հետո համացանցում առավել մեծ թափով է ծավալվում «գենդերիզացիայի» (նույն գլոբալիզացիան է՝ մարդուն միասեռության կամ անսեռության դրդելու ոլորտում) դեմ պայքարը: Ուրախալի է, որ հատկապես երիտասարդներն են պաշտպան կանգնել այնպիսի ազգային ու բարոյական արժեքների, որոնցով պահպանվում է հայ մարդը եւ ընտանիքը, եւ ըստ այդմ՝ հայոց պետականությունը: Ովքեր են կանգնած «գենդերային» օրենքների հետեւում, արդեն պարզ է բոլորին, եւ առավել բացահայտվեց օրերս, եվրադրամաշնորհներից սնվող հ/կ-ների՝ եվրոպացիների համար Երեւանում կազմակերպած բողոքի ցույցից:

«Մենք դաստիարակված մարդիկ ենք եւ չենք պատրաստվում մտնել նրանց ննջարաններ ու տեսնել, թե ինչո՞վ են զբաղված: Բայց նաեւ չենք ուզում, որ նրանք իրավունք ունենան փողոց դուրս գալու եւ այդ ամենը ցուցադրելու այն մեծամասնությանը, ովքեր զզվում են դրանից եւ հակամարդկային համարում միասեռություն­ը»: «Ո՞վ է ասում կամ ո՞ր տրամաբանությունն է հուշում, որ մենք իրենց այդ իրավունքը պետք է ապահովենք: Ինչո՞ւ շատ ավելի լուրջ ձեւով չի պաշտպանվում երեխաների սոցիալական իրավունքը, բազմազավակության իրավունքը, ինչո՞ւ մայրերին արտոնություններ չեն տրվում, բայց միասեռականներին այլոց երեխաներին որդեգրելու եւ խեղելու իրավունքներն են ամրապնդվու­մ»: Այս կարգի տեսակետներ հնչեցին «Քաղաքակրթությունների երկխոսությու­ն» համաժողովում «Ընտանիք եւ կրթություն» թեմայով քննարկման ժամանակ: Այս ամենը ի պատասխան հակադարձվեց Անգլիայի ներկայացուցչին: Համաժողովում վրդովմունք արտահայտեց նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Անգլիայի ներկայացուցիչ Ադրիան Պապստը, հիմնական զեկուցողներից հետո խոսք խնդրելով, սկսեց խոսել նույնասեռ ընտանիքների իրավունքների մասին, թեպետ նշեց, որ նման ընտանիքներն ընտանիք դժվար է համարել: Այնուհանդերձ, նա կոչ արեց հարգել այդ մարդկանց իրավունքները ու ինչ-ինչ արտոնությունների մասին ակնարկներ արեց:

Անընդհատ հակասելով ինքն իրեն, ինչպես «քաղաքակիրթ» մարդուն է վայել, այս անգլոեվրոպացին մեկ խոսել է ընտանիքի զարգացման անհրաժեշտության մասին, մեկ միասեռականների իրավունքների պաշտպանության: Եվ նորմալ մարդու համար իրապես անհասկանալի է, թե ինչպես են այս թերզարգացածները, ասելիք չունեցողները ցանկանում իրենց ենթարկել բոլոր մարդ մնացած ու մարդկային խոսքը գիտակցող անձանց, փորձում են բոլորին ենթարկել իրենց երկակի-եռակի կամ քառակի ստանդարտներին:

«Խոսելով միասեռականների իրավունքների մասին, դուք մոռանում եք, որ կան նաեւ երեխաների իրավունքներ կամ, ընդհանրապես, բնության օրենքներ, որոնց դեմ չպետք է գնալ,- ասել է Արամ Սարգսյանը,- օրինակ, ես հիմա շատ հարմար կոշիկներ եմ հագել, բայց դուք ինձ տալիս եք այլ կոշիկ, ու երբ ես ասում եմ, որ դա իմ ոտքին փոքր է, ասում եք՝ ոչինչ, ավելորդ մասերը կկտրենք, բայց դու սրանով պիտի քայլես: Մի՞թե սա տոտալիտար մոտեցում չէ: Ինչո՞վ է պայմանավորված շահագրգռությունն այդ օրենքներն ընդունելու համար, ինչո՞ւ են մեծ գրանտներ տալիս դրանց համար, ինչո՞ւ են կառավարություններին գումարներ խոստանում, ովքե՞ր են այսպես պինդ կանգնած դրա հետեւում»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն էլ մայիսին ընդունեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» վիճահարույց օրենքը, որի դեմ պայքարին միացել են նաեւ քաղաքական ու հասարակական ուժեր:

Հետաքրքիր է, որ այս օրենքին զուգահեռ փորձում են առաջ մղել այն թեզը, թե այսօր հայ ընտանիքներում անպակաս է բռնությունը եւ «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը փորձում են կյանքի կոչել: Երբ դիտարկում ենք ամերիկյան, եվրոպական կամ ռուսական ընտանիքների կյանքը, ապա դավաճանությունն ու ծեծը, փոխադարձ բռնություններն ու կեղծ բարոյականությունը այնքան ակնհայտ են մեծամասնության մոտ, որ հեռադիտակի կարիք չի լինում, բայց չէ, սրանք այլ խնդիր ունեն լուծելու: Իսկ դա այն է, որ բոլոր երկրներում, բոլոր ազգերի մոտ պետք է այնպիսի կարգ ու կանոն լինի, ինչպիսին իրենց անբարո ու դաժան երկրներում է: Ավանդույթը ազգապահպան գործառույթ ունի, ուստի ազգասպանության լավագույն ձեւերից մեկը ավանդազրկումն է, ինչին էլ լծվել են եվրակամակատար այլ կազմակերպություններ եւս:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» է ստեղծվել, եւ սրանք մերթ ընդ մերթ կոչ են անում կառավարությանը կատարել խոստումը եւ ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: Անգամ հոկտեմբերի 1-ին նշել են «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օ­ր»-ը: Ազգեր մերժող եվրատերերը իհարկե ողջունել են «ընտանեկան բռնության դեմ ազգային օրը», երբ հենց այս դեպքում չկա ազգություն, բռնությունը ազգություն չի ճանաչում եւ դատապարտելի է յուրաքանչյուր բռնություն, անկախ այն բանից, թե որ երկրում է կատարվում եւ ում կողմից:

Դառնալով հայտնի՝ գենդերային օրենքի փոփոխությանը՝ «գենդեր», «գենդերային» չարչրկված եզրույթներով, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե իրոք, «գենդերը» դարձել է «ԱԺ պատգամավորների մղձավանջն ու ազգիս օրհասական վտանգը, որից ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել»: Թե ինչո՞վ է պայմանավորված, որ այս օրենքի փոփոխությանը միշտ ինչ-որ բան խանգարում է, ըստ պատգամավորի, դեռ հստակ չէ, բայց մեկ բան աներկբա է. «Մենք պիտի շատ պարզ լինենք օրենքի ձեւակերպումների մեջ, որպեսզի այն մտահոգությունները, որ հնչեցնում են հասարակական կազմակերպությունները, անկախ նրանից, թե որոշների մտահոգությունները մի քիչ չափազանցված են կամ բացարձակ օբյեկտիվ, հասկանանք ու շատ զգույշ լինենք»: Հայտնել է, որ հ/կ-ների մտահոգությունն այս խնդրում կիսում է եւ ինքն ու իր գործընկեր Էլինար Վարդանյանն առաջարկել են, որ, ընդհանրապես, «գենդեր» հասկացությունը հանվի եւ փոխարինվի «կանաց եւ տղամարդկանց իրավահավասարությու­ն» ձեւակերպմամբ, եւ պնդելու են այդ տարբերակը:

Վահագն Նանյան

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Գործադիրը հաշվի առնելով «գենդեր»-ի առաջացրած ընդդիմադիր ալիքը եւ փաստարկված բողոքները, երեկվա նիստում խոստացավ ԱԺ-ում քննարկման ժամանակ ուղղումներ անել՝ օրենքից հանելով այդ միջազգային «ականապատված» բառը՝ այն փոխարինելով հայկական սեռ բառով: Օրենքի վտանգը չանցավ սակայն, քանզի այլ օրենքներ կան հերթի դրված (ինչպես՝ «Խտրականության դեմ օրենքը»), որ հենվելով այս «անմեղացած» օրենքին՝ նույն վտանգներն է բերելու… Պետք է զգոն մնալ եւ զգոն պահել ազգը…

«Լուսանցք» թիվ 34 (297), հոկտեմբերի 25-31, 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։